Հազարամյակներով անառիկ ու անմատչելի Սյունիքի դարպասները փորձում են բացել մեր դարավոր թշնամու՝ թուրքի առջեւ. մարզպետ Հունան Պողոսյանն ասելիք չունի՞

15.11.2020 18:08
18212

Հարգելի պարոն Պողոսյան

Երկու տարի առաջ՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, Ձեզ՝ մարզպետի կարգավիճակով, ընդունեցինք Սյունիքում, ընդունեցինք ամենայն ջերմությամբ, անկեղծությամբ եւ սրտաբացությամբ:

Առաջին իսկ օրվանից ձգտեցինք հնարավորինս սատար լինել սյունիքանպաստ Ձեր նախաձեռնություններին:

Ձգտեցինք հնարավորինս չեզոքացնել Ձեր գործունեությունը խոչընդոտելու,  Ձեզ վարկաբեկելու՝  առայօր չդադարող արշավը:

Քանիցս նույնիսկ աչք փակեցինք Ձեր գործունեության եւ անգործունեության այն դրսեւորումների հանդեպ, որոնք ակնհայտորեն սյունիքանպաստ չէին եւ վերապահումների տեղիք էին տալիս:

Մտածում էինք, որ Սյունիքին լիարժեքորեն ինտեգրվելու ճանապարհին եք, ու ամեն ինչ ողջամիտ հունով է ընթանում…

Սակայն ազգովի հայտնվեցինք կրիտիկական այնպիսի հանգրվանում, որ երեկվա գործելակերպը (ե՛ւ մեր, ե՛ւ Ձեր) ոչ միայն անթույլատրելի դարձավ այլեւս, այլեւ վնասակար՝ Սյունիքի ու Արցախի եւ առհասարակ հայոց պետականության համար:

Վերհիշենք երկու փաստ:

Առաջին. Հայաստանի, Ռուսասատանի եւ Ադրբեջանի ղեկավարների  կողմից  2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, որը միջպետական պայմանագրի արժեք ունի, 9-րդ կետով հռչակում է՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

 

Երկրորդ. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն օրերս «Իրավունք» թերթին տված հարցազրույցում նշեց. «Ռուսաստանի կոնկրետ դիրքորոշման, իսկ առանձին դեպքերում գործողությունների արդյունքում է նաեւ, որ հնարավոր եղավ կանխել ադրբեջանաթուրքական զորքերի կողմից Սյունիքի ուղղությամբ Հայաստան հնարավոր ներխուժումը…»:

 

Երկու այդ փաստարկը հավելյալ անգամ ցույց  են տալիս, որ Սյունիքը հայտնվել է լինել-չլինելու պատմական ջրբաժանում:

Մի կողմից, ինչպես տեսնում ենք, թուրքը չի թաքցնում Սյունիք մտնելու իր երազանքը, մյուս կողմից՝ մեր կոտրած ձեռքով ստորագրում ենք մի փաստաթուղթ, որով փորձ է արվում Սյունիքի տարածքով (երկու ուղղությամբ) միջանցք տրամադրել թուրքին՝ դրանով իսկ վտանգելով մեր սրբազան երկրամասի՝ ամենահայոց բնօրրաններից մեկի՝ Սյունիք-Զանգեզուրի ապագան:

Հազարամյակների ընթացքում սելջուկը, թաթարը, թուրքը երազել են նվաճել Սյունիքը, բայց ոչ մի անգամ նրանք չեն հաջողել: Մի քանի օր առաջ էինք մեկ այլ առիթով նշել՝ այստեղ Պոմպեոսի ու Շապուհի զորքերն են ջախջախվել, այստեղ թուրք ասկյարների զորագնդեր են գլխատվել…

Եվ այդ ամենը՝ շնորհիվ սյունեցու աստվածատուր հերոսական էության,  սյունեցու բնածին ռազմիկ էության:

Իսկ հիմա… Հիմա ինչ-որ տխրահռչակ եւ կասկածելի ակտով՝ ստորագրված նման լիազորություն չունեցող մարդու կողմից, փորձում են Սյունիքով  եւ հատկապես երկրամասի հարավով՝ Մեղրու տարածքով, կանաչ ճանապարհ բացել Երկիր Նաիրին մեզանից խլած, մեկուկես միլիոն հայի արյունը խմած, հային պատմական իր բնօրրանից զրկած թուրքի առջեւ:

Այդ ամենը մեծ տագնապի տեղիք է տվել ոչ միայն Սյունիքում եւ Արցախում, ոչ միայն ողջ Հայաստանում, այլեւ աշխարհասփյուռ հայության շրջանում, անգամ  Հայաստանի ճակատագրով մտահոգ տասնյակ օտար երկրներում: Եվ բոլորն անհանգստանում են վերահաս աղետի համար, մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպես է Մեղրու ճակատագիրը կանխորոշող պայմանագրային դրույթն անսպասելիորեն հայտնվել ուրացողների երկնած փաստաթղթում: Այո, բոլորը խոսում են, ճչում, ցավ արտահայտում, մտահոգվում, ելքեր մատնանշում հայոց պետականությանը եւ Սյունիքին սպառնացող իրավիճակից դուրս գալու համար…

Չեք խոսում սակայն Դուք՝ Սյունիքի թիվ 1 պետական պաշտոնյայի աթոռը զբաղեցնող անձնավորությունը:

Չեն խոսում Սյունիքի համայնքների ղեկավարները եւ մարզի մյուս պաշտոնյաները:

Չեն խոսում Սյունիքից ընտրված խորհրդարանականները:

Պատգամավորներին հասցրել ենք խոսք ուղղել, հիմա էլ Ձեզ ենք դիմում: Ի՞նչ է կատարվում Ձեզ հետ, ինչո՞ւ եք լռում եւ սեփական կարծիք արտահայտելուց խուսափում՝ դրանով իսկ թողնելով թաքնվածի տպավորություն: Եվ դա այն ժամանակ, երբ Ձեր գլխավորած երկրամասի ապագային առնչվող ու բախտորոշ հարց է հայտնվել օրակարգում: Ինչո՞ւ եք այնպիսի տպավորություն թողնում, որ Ձեր զբաղեցրած աթոռն ավելի եք կարեւորում, քան մեր երկրամաս-հայրենիքի ճակատագիրը:

Անկեղծորեն՝ չենք ուզում հավատալ, որ վճռորոշ այս պահին, հանուն Ձեր անձնական ապահովության, Սյունիքի հետ չեք:

Մեր հանդիպումների ժամանակ քանիցս հպարտացել եք Ձեր՝ մշեցի նախնիներով, Ձեր՝ մշեցու շառավիղ լինելով: Եվ դա տեղին էր, քանզի Մուշը հերոսների երկիր է եղել, Մուշը փառքի երկրամաս է եղել հայոց մեջ: Եվ եթե Ձեր երակներով մշեցու արյուն է հոսում, ապա ինչպե՞ս կարող եք անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Սյունիքի շուրջ:

Ու եթե Ձեր չհիմնավորված լռությունը շարունակվի, ապա, ներող եղեք, Դուք պետք է ժամ առաջ հեռանաք հազարավոր նահատակների արյամբ սրբագործված այս երկրամասից: Հակառակ դեպքում կնշանակի, որ ինքներդ եք Ձեր իսկ ձեռքով ուրացողի խարան դաջում սեփական կերպարի վրա:

Մինչ Դուք վերջնականապես կսրբագրեք Ձեր վարքը ստեղծված իրավիճակում ու կհստակեցնեք Ձեր դիրքորոշումը,  մի քանի խորհուրդ ենք բարեկամաբար մեկնում Ձեզ:

Նախ՝ Մեղրին հայոց համար բացառիկ ռազմավարական տարածք չէ սոսկ, Մեղրին միայն հայրենիք չէ մեզ համար, որի տարածքով թուրքին միջանցք տրամադրելը ստույգ սպառնալիքներ կառաջացներ Սյունիքի լինելության եւ ընդհանրապես հայոց պետականության համար: Մեղրին բիբլիական տարածք է, աստվածաշնչյան միջավայր:

Այդտեղով են Աստվածորդու առաքյալներ Սուրբ Թադեոսն ու Սուրբ Բարդուղիմեոսը Քրիստոսի սրբասուրբ կանթեղը հասցրել Հայոց աշխարհ: 

Այնպես որ՝ ոտնձգություն կատարել Մեղրու հանդեպ, նշանակում է մեղք գործել Աստո հանդեպ եւ հավերժորեն՝ սերնդեսերունդ, մնալ անեծքի տակ:

Այնուհետեւ՝ Սյունիքի պատմության մեջ՝ Սիսակ նահապետի ժամանակներից սկսած, չի եղել դեպք (հատուկենտ բացառությամբ), որ Սյունիքի ղեկավարը (առաջնորդը)՝ լեռնաշխարհի համար վճռական պահերին անտարբեր հայեցողի կեցվածք ընդունի կամ ձեւ անի, թե իբր ոչինչ տեղի չի ունենում: Ասացինք՝ հատուկենտ օրինակներ ունենք, որ Սյունիքի տվյալ պահի ղեկավարը դավաճանել է Սյունիքին եւ սյունեցուն: Նրանցից միայն մեկի օրինակը բերենք: 1170 թվականին, երբ Սյունիքի լինել-չլինելու հարցն էր ծառացել (սելջուկներն էին գրոհում), Սյունիքի վերջին թագավոր, անիծյալ Հասան Խաչենցին կամ Գեռաքարեցին գիշերը՝ գաղտագողի, դուրս եկավ պաշարված Բաղաբերդից ու փախավ Սյունիքից՝ երկրամասը հանձնելով բախտի քմահաճույքին:

Անկեղծորեն՝ չենք ուզենա, որ Հասան Գեռաքարեցու պժգալի կերպարի վերահառնում տեղի  ունենա Սյունիքի համար մի նոր ու ոչ պակաս վճռորոշ պահի:

Ի  դեպ, մինչեւ փախչելը, Հասանն ուներ (ըստ պատմիչների) «կտրիճ» կամ «ուժեղ ձեռք» հորջորջումը: Եվ այդ «կտրիճը» կամ «ուժեղ ձեռքը» Սյունիքը տարերքի հորձանուտ նետեց ամենաօրհասական պահին: Որքանով հիշում ենք՝ Ձեզ էլ՝ նշանակման ժամանակ, «ուժեղ ձեռք» էր անվանում երկրի ղեկավարը:

Եվ հետո, սյունեցու տեսակը, թույլ տվեք ասել, հայի առանձնահատուկ տեսակ է, որի համար հայրենիքից վեր ոչինչ չկա ու չի կարող լինել:

Չգիտենք, Մեղրի մտնելիս երբեւ Ձեզ ցո՞ւյց են տվել կամ նկատե՞լ  եք, որ մայրուղու ձախ մասում լեգենդար Փարամազի (Մատթեոս Սարգսյանի) հուշակոթողն է խոյանում:

Գիտե՞ք, թե այդ սյունեցու-մեղրեցու համար ինչ ասել էր Մեղրի, Սյունիք եւ Հայաստան:

1915 թ. հունիսի 2-ին, երբ Ստամբուլի Սուլթան Բայազետի հրապարակում կախաղան էին բարձրացնում մեղրեցի Փարամազին (20 հոգու հետ միասին), նրան դատավճռից խուսափելու բացառիկ հնարավորություն ընձեռեցին. պայմանը հետեւյալն էր՝ հրաժարվել Հայաստանը երկրպագելուց, հրաժարվել Թալեաթին դատապարտելուց եւ հայերին քաջալերելուց: Բայց Փարամզը գերադասեց մեռնել՝ կախաղանի հարթակից բացականչելով՝ «Կեցցե՜ Հայաստան, կեցցե՜ Հայաստան»…

Ահա այսպիսի սխրանքներով է հյուսված սյունեցու արժեհամակարգը, որը, կարծում ենք, պիտի որ ներծծված լինի նաեւ Ձեր՝ Սյունիքի մերօրյա ղեկավարի ներաշխարհի մեջ:

Եվ այսօր՝ առասպելական Փարամազի հուշարձանից մի քանի հարյուր մետր հարավ ընկած տարածքով, ցեղասպան թուրքին միջանցք ենք ուզում տրամադրել:

Դեռ չենք խոսում Գորիսի տարածքով ակնկալվող միջանցքի մասին, որը շատ ռիսկային կարող լինել, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը:

Եվ այդ ամենը (նմանատիպ բազմաթիվ օրինակներ եւս) Դուք պարտավոր եք հիշել այսօր, քանզի դա է իրական ու արժանապատիվ սյունեցու հոգեկերտվածքը, դա է իրական Սյունիքը… Ուրիշ Սյունիք չկա, եթե նույնիսկ մի քանի հոգի համաձայն չլինեն մեզ հետ եւ հայհոյանքների հերթական տարափը  շաղ տան…

Ուրեմն՝ ի՞նչ ենք ակնկալում ձեզանից:

  1. Նախ՝ քանի դեռ պետական մակարդակով չենք կարողացել ապահովել Գորիս-Կապան ավտոմայրուղու անվտանգությունը, մարզի համայնքապետերի, մարզի ոստիկանների, մարզպետարանի պատասխանատու աշխատողների, մարզի մյուս ղեկավարների հետ կազմակերպել պարեկապահակային ծառայություն՝ սկսած Թասի լեռնանցքից մինչեւ Կարմրաքար ընկած հատված: Ինքներս էլ կմիանանք Ձեր գլխավորած պարեկապահակային ծառայությանը:  Հիշեցնում ենք՝ 1990-ականներին  թուրքը հայ ընտանիքներ է առեւանգել այդ տարածքում. թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի:

Միեւնույն ժամանակ կամ զուգահեռաբար՝ Հայաստանի զինված ուժերի եւ Հայաստանի ոստիկանության հետ համատեղ քայլեր պիտի ձեռնարկել այդ գործը պետական հիմքերի վրա դնելու, իսկ սահմանագլխի գյուղերում կազմակերպելու շուրջօրյա հերթապահություն:

  1. Հրապարակավ հայտնեք Ձեր դիրքորոշումը խայտառակ կապիտուլյացիայի ակտի եւ հատկապես հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ: Հավատացեք,  Ձեր անկեղծությունը բարձր կգնահատի սյունեցին, եւ Դուք կմտնեք Սյունյաց աշխարհի փառքի տարեգրության մեջ, եթե կարողանաք արտահայտել սյունեցիների ընդհանրական հայրենաապաշտ տրամադրությունը:

Եվ, այդուհանդերձ, եթե Դուք նպատակահարմար չգտնեք սեփական դիրքորոշման մասին բարձրաձայնել, ապա գոնե Տաթեւի վանքում կամ մեկ այլ տեղ հրավիրեք մարզի բնակավայրերի ներկայացուցիչների համագումար եւ մշակեք սյունեցիների ընդհանրական դիրքորոշումը կապիտուլյացիայի ակտի եւ հատկապես այդ փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ:

Եթե ի վիճակի չլինեք ձեռնարկելու նաեւ այդ քայլը, ապա Սյունիքի մարզում կամ ըստ համայնքների, Հայաստանի գործող օրենքներին համաձայն, կազմակերպեք տեղական հանրաքվե հետեւյալ հարցադրումով՝ «Հարգելի սյունեցի, դուք ուզում եք, որ Սյունիքի դարպասները բացվեն ցեղասպան ու մարդակեր թուրքի առջեւ»:

Եթե դա էլ ի վիճակի չլինեք անել, ապա, ներող եղեք, պետք է հեռանաք Սյունիքից եւ հնարավորինս շուտ…

Ոչ ավելորդ անգամ հիշեցնում ենք՝ Դուք սովորական մարզի ղեկավար չեք ու ոչ էլ սովորական պաշտոնյա, Դուք փառապանծ եւ հերոսական Սյունիքի մարզպետն եք, Դուք հնարավորություն ունեք հավերժորեն մտնելու Սյունիքի պատմության մեջ՝ իբրեւ ընդօրինակման արժանի կերպար: Եվ ուրեմն՝ վերջ տվեք չհիմնավորված ու անհասկանալի լռությանը: Դուք իրավունք չունեք կաշկանդված մնալ սեփական աթոռով ու անձնական խնդիրնեով եւ ձայն չբարձրացնել հանուն հայոց պետականության ողնաշար հանդիսացող Սյունիքի անձեռնմխելիության:

Հիշո՞ւմ եք, թե պատերազմական օրերին վարչապետի գորիսյան այցից րոպեներ անց ինչպիսի խանդավառությամբ էիք մարզի կամավորականներին ոտքի հանում, հայ-ադրբեջանական երբեմնի խորհրդային սահմանի երկարությամբ խրամատներ փորելու գործընթաց ձեռնարկում, թեեւ թշնամին դեռ Ջաբրայելում էր:

Այնպես որ՝ Դուք կարող եք վերստին ցուցաբերել նման ակտիվություն եւ  նախաձեռնողականություն ու Ձեր ձեռքը վերցնել Սյունիքի լինելիության համար պայքարի դրոշը:

Դարեր շարունակ Սյունիքն է թիկունք եղել հայոց պետականությանն ու ինքնիշխանությանը, իսկ հիմա, որքան էլ տարօրինակ է, նույն հայոց պետության օրվա առաջնորդների թեթեւ ձեռքով վտանգվում է Սյունիքի ապագան:

Հերոսական մեր լեռնաշխարհն արժանի չէ նման դաժան հեգնանքի:

Շտապեք հստակեցնել Ձեր տեղն ու դերը մեր հինգհազարմյա պատմության ամենավճռական ու ամոթալի այս իրավիճակում, եւ, համոզված եղեք, հազարավոր սյունեցիներ կկանգնեն Ձեր դրոշի ներքո: Եթե նույնիսկ Ձեզ պաշտոնանկ անեն սեփական դիրքորոշում արտահայտելու կամ խղճի մտոք գործելու համար, ապա, հավատացեք, Դուք պատմական այս պահին ծնունդ առնող երեւելիների շարքը կդասվեք:

Եվ վերջում՝ ո՞ւմ պիտի դիմեինք մեր երկրամասի համար բախտորոշ այս պահին, եթե ոչ Ձեզ՝ Սյունիքի թիվ 1 պետական պաշտոնյային: Ուրեմն եւ՝ տեր կանգնեք պատմության եւ ճակատագրի կամոք Ձեզ վերապահված դերին…

 

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

15 նոյեմբերի 2020 թ

 

 

 

 

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51