ՀՀ զինված ուժերում սկսել է ուսումնական տարին, որ տեւելու է մինչեւ դեկտեմբերի վերջին շաբաթը

26.02.2016 10:40
3130

Հարցազրույց Սիսիանի զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի հետ


Այցեքարտ

Ծնվել է 1973 թվականի ապրիլի 29-ին Գյումրիում՝ մանկավարժների ընտանիքում: Ավարտել է Հովհաննես Շիրազի անվան N36 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Այնուհետեւ սովորել եւ 1995 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն բազմաբնույթ ուսումնարանը, համազորային մասնագիտությամբ, զինվորական ծառայության է անցել 1995 թվականից որպես դասակի հրամանատար: 2004-2006 թվականներին սովորել է Մոսկվայի համազորային ակադեմիայում: Որպես զորամասի հրամանատար ղեկավարել է մայրաքաղաքային գունդը, Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանը, Ստեփանակերտի առանձին հրաձգային գունդը, իսկ այժմ Սիսիանի զորամասի հրամանատարն է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ մեկ դուստր, երկու որդի:


- Պարոն գնդապետ, փետրվարի 15-ին նշանավոր օր էր բանակի համար, զինվորական միտինգներով ու հանդիսավոր երթերով մեկնարկեց նոր ուսումնական տարվա առաջին փուլը: Ինչ ասել է՝ ուսումնական տարի զորքի, բանակի համար, ի՞նչ խնդիրներ են դրված այս ուսումնական տարվա շրջանակում, եւ ե՞րբ է ավարտվելու տարին:

- Ուսումնական տարվա առաջին փուլի մեկնարկով զորամասերում սկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները, այս ամենի արդյունքում կրթվում է հայ զինվորը որպես հայրենիքի պաշտպան, կատարելագործվում են նրա գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում մարտունակությունը: Ուսումնական տարվա մեկնարկը տրվում է նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ, ի մի են բերվում ձեռքբերումները, վերհանվում բացթողումները, որոնց վերացման համար նոր խնդիրներ են դրվում սպաների եւ կրտսեր հրամանատարական կազմի առջեւ: Ուսումնական տարվան նախորդում է նախապատրաստական ժամանակաշրջանը, որի ընթացքում բանակը համալրվում է նոր զինվորներով, կարգի է բերվում ուսումնական բազան, ինչ զորամասին անհրաժեշտ է լինելու ուսումնական պրոցեսի ընթացքում: Ուսուցումը, որ փետրավարի 15-ից սկսվել է, հրատապ անհրաժեշտություն է բանակի համար: Այսօր մեծ հաշվով իրականացնում ենք երկու խնդիր՝ ուսուցում եւ սահմանների պահպանության: Եթե ուսուցումը ձեւական բնույթ է կրում, դա վաղ թե ուշ բերելու է ձախողման: Մինչդեռ, այսօր բանակն իր առջեւ կարեւոր ու կոնկրետ խնդիրներ է դնում եւ լուծում: Եթե զինվորը դիպուկ է կրակում, հակառակորդին լռեցնում, դա միմիայն ուսուցման շնորհիվ է: Մենք անցած տարի առաջնագծի բարելավում ունեցանք մի այնպիսի տեղանքում, որ ուժերի հարաբերակցությունը փոխեց հօգուտ մեզ: Ցավոք սրտի, զոհ ունեցանք, բայց բազմապատիկ դժվարություններ պատճառեցինք մեզ խանգարող հակառակորդին: Դա հենց այնպես տեղի չունեցավ. զինվորին չես կարող ասել՝ գնա՝ կռվիր: Նրան պիտի նախապատրաստես, ասելս այն է, որ ուսուցումը մեր զինված ուժերի ամենակարեւոր բաղադրիչն է: ՀՀ զինված ուժերում սկսել է ուսումնական տարին, որ տեւելու է մինչեւ դեկտեմբերի վերջին շաբաթը՝ երկու փուլով:

- Որքանով տեղյակ ենք, նոր ուստարին ունի այլ շեշտադրում:

- Այդպես է, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով տարին հայտարարված է հրամանատարական պատրաստության տարի, որի ընթացքում կատարվելիք միջոցառումների ցանկը, դրանց խտությունը եւ բովանդակությունն այնպիսին են, որ, անշուշտ, դրական ազդեցություն են ունենալու հրամանատարների պատրաստության որակի  բարձրացման վրա: Իսկ միայն պատրաստված հրամանատարն է կարող ենթականերին ուղղորդել ճիշտ ճանապարհով: Խորհրդանշական է տարին, որ անցնելու է «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:

Մեր զորամասն էլ իր առջեւ խնդիր է դրել՝ սկսած ջոկի հրամանատարից, որ հրամանատարական կազմի ամենաստորին օղակն է, մի քանի կարգ բարձրացնել հրամանատարների դաշտային վարժվածությունը, նրանց մասնագիտական ունակությունները, հայրենասիրական ոգին: Պիտի ասեմ, որ մեր զորամասում կան բոլոր պայմանները հաջողություններ արձանագրելու համար: Արդեն իսկ անցած տարում ունեցանք լուրջ հաջողություններ եւ սահմանների ամրապնդման, եւ զինվորների բարոյահոգեբանական վիճակի ու մարտական ցուցանիշների բարելավման առումներով: Համոզված եմ, որ հրամանատարական պատրաստվածություն կոչվածն ըստ ամենայնի կյանքի է կոչվելու:

- Պարոն գնդապետ, Դուք, փաստորեն, պատասխանատու եք առաջնագծի մի զգալի հատվածի՝ Հայաստանի եւ Նախիջեւանի շփման գծի պահպանության համար: Կուզենայինք իմանալ, թե ինչպես եք գնահատում օպերատիվ իրավիճակը:

- Հակառակորդը քնած չէ, մշտապես զգայուն է, աշխատում է անընդհատ, ինքը մեր գործողություններին հետեւում է, տեսնում է մեզ, մենք էլ նրան ճանաչում ենք շատ լավ, նրա բոլոր զորավարժությունները, նրա բոլոր մասշտաբային շարժերը, անգամ նրա օպերատիվ մարտավարական զորավարժությունների ժամանակ հիմնական ջանքերը, թե որտեղ են ներդրվում, այդ բոլորը տեսնում ենք, բնականաբար, դա որոշիչ ինֆորմացիա է մեր պլանների, որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու առումով: Եվ միշտ, եւ անցյալ տարի փոխել ենք մեր որոշումները՝ կապված հակառակորդի վարքագծի հետ, նրա մոտ ուժեր եւ միջոցներ են ավելացել, նոր զորամասեր են կազմավորվել, բնականաբար, մեր ջանքերի ուղղությունը վերանայում ենք: Միանշանակ նախաձեռնությունը մեր ձեռքում է, դա կյանքն է ցույց տալիս, դա ամիսներն ու տարիներն են ցույց տալիս, հայը լեռներ բարձրացող ժողովուրդ է, լեռ սիրող ժողովուրդ է, լեռան վրա չես կարող հային հաղթել, հարթավայրում միգուցե, բայց լեռներում հայի հետ կռվելը շատ դժվար է, դա եկել է մեր պատմության խորքերից, քչով շատի դեմ պայքարելու ունակությունից, դեռեւս մեր ամենաուժեղ ռեսուրսը՝ կանայք չեն ներգրավվել: Եթե դա էլ տեղի ունենա, հակառակորդն այստեղ խաղ չունի: Պատմությունն ապացուցել է, որ տարբեր ազգեր ու քոչվոր ցեղեր եկան ու գնացին հողմերի պես, իսկ մենք մեր լեռների պես մնացինք ամուր ու կանգուն: Այսօր լեռներում մեզ հետ խոսել ուժի լեզվով հակառակորդի մտքով էլ չի անցնում: Նախաձեռնությունը մեր կողմում է, մեր զինվորը մի տեսակ կպած է լեռանը, սիրում է լեռը: Մեր զինվորները հաճույքով են լեռները մագլցում, ոնց որ հարթավայրում քայլելիս լինեն: Դա քարերին ու ժայռերին կպած մեր ժողովորդի գենն է: Մենք էլ կորպուսի հրամանատարի հետ, երբ գնում ենք դիրքերը, նստում ենք մի քարի վրա՝ 3000 մետրից բարձր տեղանքում, որտեղ օդն է նոսր, շնչելը՝ դժվար, բայց կարծես «հյուրանոցային» վիճակում լինենք:

- Դուք, բնականաբար, կարող եք գաղտնիքներ չասել. կա կարծիք, որ նախիջեւանյան սահմանագծի որոշ հատվածներում հակառակորդը մեր տարածքում էր գտնվում՝ պայմանավորված ձմեռային եղանակով, նման խնդիրներ կա՞ն:

- Իմ ծառայության շրջանում չի եղել դեպք, որ հակառակորդն առաջ գա, եւ դա նրան հաջողվի: Փորձել է մի անգամ եւ խուճապահար փախել է՝ թողնելով իր հետքերը՝ պարկեր, համազգեստի կտորներ: Չէ, չի ստացվելու:

- Կարելի՞ է ասել, որ պետական սահմանը շատ հուսալի պահպանվում է:

- Պետական սահման չասենք, քանի որ Ադրբեջանի հետ սահման չունենք, այլ ունենք շփման գիծ, որը որեւէ պետություն չի ընդունել որպես պետական սահման դիվանագիտական մակարդակով: Այդ շփման գիծը չի համընկնում խորհրդային շրջանում գծված սահմանների հետ՝ ոչ արեւելյան, ոչ արեւմտյան ուղղություններում, բայց կարծես կայունացել է եւ ընկալվում է որպես պետական սահման: Ամրապնդում ենք այդ սահմանը՝ գիտակցելով, որ դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է, քանզի մեր թիկունքում մեր գյուղերն են, մանուկներն ու ծերերն են, մեր սրբություններն են, մեր գերեզմանները. հաստատվում ենք ժայռերի մեջ, առավելագույնս ստեղծում բարենպաստ պայմաններ՝ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ ավելի նպաստավոր դիրք ունենալու համար: Դա գիտակցում ենք եւ ամեն օր աշխատում այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ նոր բան չասացի, դա գիտի ժողովուրդը՝ սահմանին ապրող գյուղացին, գիտի մեր զինվորը, ով փոքրիկ բահն առած անընդհատ փորում է՝ իր համար խրամատ ստեղծելով:

- Պարոն գնդապետ, պատահո՞ւմ է՝ ծառայության բերումով կամ կրիտիկական պահերին խնդիրներ առաջանալու դեպքում շփում ունենաք (նաեւ հեռակապի) միջոցով հակառակորդի հրամանատարության հետ:

- Այդպիսի գործառույթներ ես չունեմ: Ինձ իրավունք վերապահված չէ շփում ունենալ հակառակորդի հրամանատարական կազմի հետ: Դա վերադասի իրավասությունների մեջ է մտնում: Միգուցե փոխվի իրավիճակը, այդպիսի խնդիր ինձ առաջադրվի. միանշանակ պատրաստ եմ, մանավանդ որ փորձ ունեմ նման շփման՝ ԵՀԱԿ միջնորդական առաքելության հետ միասին, երբ ծառայում էի արեւելյան ուղղության զորքում: Խնդիր չեմ տեսնում, լավ տիրապետում եմ ռուսերենին, բայց դրա կարիքը չկա: Որովհետեւ հակառակորդի հետ մենք գիտենք, թե ինչ լեզվով պիտի խոսենք. նա մնում է նույն կենսաբանական թուրքը՝ խաբելով, համոզելով, իր դավադիր քայլերով: Նրա փողկապավոր տեսքին պետք չէ խաբվել: Նա նույն թուրքն է, որ եղել է դարերով…

- Գարնանը, երբ Նախիջեւանի հետ շփման գծում դիրքային բարելավում է եղել, ցավոք, նաեւ մեկ զոհ ունեցանք, եթե չենք սխալվում՝ Անգեղակոթից:

- Այո, այդ ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից զոհվեց պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը: Զոհվածի ընտանիքին մշտապես օգնում ենք, նրա ծնողներն իմ աշխատասենյակի տեղը լավ գիտեն, Անգեղակոթի գյուղապետն էլ ուշադիր է զոհվածի ընտանիքի հանդեպ, տեղյակ եմ: Երեկ էլ նրա ծնողներն այստեղ էին, քննարկեցինք գերեզմանաքարի տեղադրման հետ կապված հարցը: Բարոյական արժեքներ կան, որոնք պիտի պահպանենք, քանզի բոլորս էլ զինծառայող ենք, եւ զոհվելու հավանականությունը մեր մասնագիտության ելքերից մեկն է: Առաջինը կրակը մենք ենք վերցնում մեզ վրա, որ ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի հետագա զարգացումներին:

- Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության կողմից օրավուր աճում է պատերազմի հռետորաբանությունը: Սպառնալիքներ են հնչում մեր ազգի հասցեին, նաեւ նրա մեծ եղբոր՝ Թուրքիայի կողմից: Այդ ամենն ինչպե՞ս է ընկալվում զինվորականության կողմից:

- Դրանք բամբասանքի ոլորտից են: Մարտական գործողություններին պատրաստվող եւ պատրաստ պետությունը չէր կարող բացահայտ խոսել իր ծրագրերի, մտադրությունների մասին: Ես այդպես եմ կարծում: Հակառակորդ կողմը գիտի, որ իր ձախողվելու հավանականությունը շատ մեծ է: Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, այդ հռետորաբանությանը վերջ կտրվի, կտրվի սպառնալիքների լեզվով խոսելու երեւույթի վերջնական գնահատականը: Դրանում ես համոզված եմ ուղղակի: Մենք շփման գծում թշնամուց հեռու ենք 500-700 մետր, երբեմն ավելի մոտ, տեսանելի է նրանց առօրյան, իսկ դրանով շատ-շատ բան կարելի է եզրակացնել: Շոուներ են կազմակերպում, զորահանդեսներ են անցկացնում, այդ ամենը եւ պատերազմը վերսկսելու սպառնալիքները ներքին սպառման համար են, իսկ իրական կյանքը խրամատում է, թող գնան եւ խրամատում նկարահանեն, թե ինչ է կատարվում, տեսնեն, թե ինչ գզվռտոցներ կան իրենց զինվորների շրջանում: Կրակում են իրար վրա, շատ վախկոտ են, ինչ ասեմ՝ ժամանակն ամենամեծ դատավորն է, ամեն ինչ իր տեղը կդնի:

- Ավարտվեց ձմեռային զորակոչը, հանրապետության զինված ուժերում սերնդափոխություն տեղի ունեցավ, ինչպե՞ս եք գնահատում նորակոչիկների ֆիզիկական պատրաստականությունն ու կրթական մակադակը:

- Հաճելիորեն պիտի փաստեմ, որ նոր համալրված անձնակազմն ավելի ամրակազմ է, կրթական մակարդակը չէի ասի, որ զիջում է նախորդ տարիների զինակոչիկների մակարդակին, ընդհակառակը, նորերն ավելի շրջահայաց են՝ հակված դեպի բարձր տեխնոլոգիաները, ավելի գրագետ են արտահայտվում, բարեկիրթ են: Աճ նկատելիորեն կա: Բայց պատանուց զինվոր պատրաստելն ընթացք է, որ տեւում է ամիսներ: Հոգեբանական եւ ֆիզիկական առումներով 18-ամյա երիտասարդն ինտեգրվում է բանակային կյանքին: Նորակոչիկներին ընդունելիս նրանց միանգամից խիստ ռեժիմի մեջ չենք պահում, որ հոգեկան ցնցումներ չունենան, աստիճանաբար նրանց հետ աշխատելով, բացատրելով՝ ինչ է զինվորական կյանքը, միջանձնային նոր հարաբերությունները, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն նրանք բանակային կյանքում եւ այլն, եւ այլն: Մենք շտապելու տեղ չունենք, մի ամիսը բավարար է, որ երիտասարդն «ընկղմվի» զորամասի կենցաղի մեջ: Սատանայի ականջը խուլ. չունենք առողջական լուրջ բարդություններ ունեցող զինվորներ: Որոշակի առողջական խնդիրներ ունեցողները բժիշկների հսկողության ներքո են, զորամասում առկա է բժշկական ծառայության հմուտ թիմ, փորձառու են, եւ գոհ եմ նրանցից ու շնորհակալ, քանզի իմ մեջքին կանգնած են: 20 տարի է, ինչ շփվում եմ զինվորների հետ, նայելով նրանց աչքերին, անսխալ գիտեմ՝ ով ով է, բայց նրանց առողջական վիճակը գնահատել չեմ կարող, դա որոշում է բժիշկը:

- Պարոն Գրիգորյան, վերջին ժամանակներս հաճախ ենք հանդիպում, հրամանատարների հետ հարցազրույցներ ունենում: Մի հարց միշտ բոլորին եմ ուղղում՝ առնչվող զինվորների միջանձնային հարաբերություններին: Խորհրդային բանակում, օրինակ, տարածում ուներ «դեդովշչինա» կոչվող արատավոր երեւույթը, երբ ստաժավոր ծառայողներն իրենց կամքն էին թելադրում նորակոչիկներին, նրանց ստիպում ինչ-ինչ աշխատանքներ կատարել:

- Մեր բանակի սկզբնավորման օրվանից «դեդովշչինա» չի եղել ու չկա: Փոքր ազգերի բանակում «դեդովշչինա» չի կարող լինել: Դա մեծ երկրների բանակին հատուկ երեւույթ է: Մեր բանակում այդ արատավոր երեւույթը չկա, որովհետեւ փոքր ազգ ենք, որովհետեւ զինվորների մեծ մասը ճանաչում է իրար, փողոցից են ճանաչում, քաղաքացիական կյանքից են ճանաչում, սպաներն են միմյանց ճանաչում: Փառք Աստծո, որ խորհրդային բանակից այդ երեւույթը չտարածվեց մեր բանակում, քանզի չափազանց վատ երեւույթ է, դա մարդուն ստորացնելու, ծաղրուծանակի ենթարկելու մի ձեւ է:

- Իսկ տեղային գործոնը եւս դե՞ր չի խաղում, ասենք, զինվորների մի ստվար խումբ Երեւանից լինեն եւ փորձեն եղանակ ստեղծել:

- Երբ բանակը նոր էր ձեւավորվում 1992 թվականին, երբ սկզբնական շրջանում զորակոչվում էին տարբեր տարիքի զինակոչիկներ, լինում էր այնպես, երբ 18 տարեկանը ծառայում էր 25 տարեկանի հետ, ինչ-որ չափով տեղայնացման խնդիր կար, երեւանցիներ, գյումրեցիներ, վանաձորցիներ, հիմնական խմբերը սրանք էին, պայքարում էին իրար դեմ, բայց հիմա այդ երեւույթի հեռավոր արձագանքը չկա: Նման խնդիրներ այլեւս չկան: Մեզ հիմա ուսուցման խնդիրն է հետաքրքրում: Զինվորի սննդի, համազգեստի եւ այլ կենցաղային խնդիրներն այլեւս անցյալում են:

- Իսկ ինչպե՞ս է ապահովվում կապը զինվորների ծնողների հետ, կուզեինք ներկայացնել բանակ-հասարակություն կապը:

- Բանակի եւ հասարակության մեջ սերտ կապ կա, դրանով այսօր ոչ մեկին չես զարմացնի: Նաեւ կուզեի նշել տեղացիների վերաբերմունքը զորամասի հանդեպ: Սիսիանի ժողովուրդը շատ բարեհամբույր է՝ հյուրին, այլ վայրից եկածին ընդունող, հարգող: Սիսիանում միայն բարի վերաբերմունք եմ տեսել: Իսկ ծնողների հետ կապված, կասեմ, որ նրանց զորամաս այցելելիս, զինվորին որոշակի ժամանակով ազատում ենք՝ ծնողների հետ լինելու, հաղորդակցվելու նրանց հետ: Այդպիսի բան չկա, որ ծնողը գա եւ մի երկու ժամ սպասի: Զինվորի ծննդյան օրը նրան անպատճառ ազատ ենք արձակում՝ անկախ նրա կարգապահության վիճակից, ճաշից հետո նրան հատկացվում է արձակում, ասում եմ գնա, ման եկ, դա քո օրն է, ծննդյանդ օրն է: Նման փոքրիկ վերաբերմունքի նշաններ ենք ցույց տալիս:

- Մի քանի խոսք պայմանագրային հիմունքներով ծառայողների մասին: Որքա՞ն է նրանց տեսակարար կշիռը ձեր զորամասում:

- Մեր զորամասի կեսից ավելին պայմանագրային զինծառայողներ են: Սա նոր միջավայր է, նոր աշխատանքի ձեւ է, ինչը մենք տակավին ընկալում եւ յուրացնում ենք, փորձում ենք կատարելագործել: Պայմանագրայինների հանդեպ նույն մեխանիզմը չի գործում, ինչ պարտադիր զինծառայողների դեպքում, պայմանագրային զինծառայողների պատրաստման, նրանց հետ աշխատանքի, ուսուցման, փոխհարաբերությունների մասով նոր մեթոդներ են անհրաժեշտ: Պայմանագրային զինծառայողի՝ բանակում ծառայելով հասարակությունն ավելի է ներգրավվում բանակային կյանքի մեջ, քանզի զինծառայողը սոցիալական տարբեր շերտեր է ներկայացնում, ընտանիքներ ունեն, քո գործունեությունն այնպես պիտի կառուցես, որ հանկարծ նրա ընտանիքը չտուժի, գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում, ծառայությունն այնպես պիտի կազմակերպես, որ մարդիկ իրենց եկամուտից չզրկվեն: Դա լուրջ խնդիր է, եւ պիտի հրամանատարը տեղում տվյալ օրը, տվյալ ժամանակաշրջանում ընդունի որոշումներ, որ մարդու բերքը ծառայության պատճառով չհավաքված մնա: Փառք Աստծո, նման խնդիրներ չեն առաջացել:

- Ցանկացողներ, կարծեք, շատ են, չէ՞, պայմանագրային հիմունքներով ծառայելու համար:

- Շատանում են: Դա մի քանի գործոնով է պայմանավորված: Արտագնա աշխատանքի հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել: Բանակի դերն է բարձրացել հասարակության մեջ, պետականության կայացման գաղափարախոսության մեջ կա այդ միտումը, զինվոր դառնալու մղումն է շատացել: Հասարակության մեջ բանակի դերը մի քանի անգամ բարձրացել է, պատճառը դա է, որ պայմանագրայինները գալիս են անգամ Հայաստանի մյուս տարածաշրջաններից, նույնիսկ ԼՂՀ-ից, Գյումրուց, Արմավիրից եւ այլն:

- Իսկ նրանց մարտական եւ ֆիզիկական պատրաստականությունն այլ հարթության վրա՞ են՝ համեմատ պարտադիր ծառայության զինվորների:

- Նախ՝ մենք ցանկացողներին ուզում ենք ներգրավել զինծառայության մեջ, ընդունելիս խիստ պահանջներ չենք առաջադրում, ադապտացիոն ժամանակ ենք տալիս, հենց սկզբից խիստ նորմատիվային պահանջներ չենք դնում նրանց առջեւ: Կարեւորն այն է, որ նա լինի խոստումնալից, լինի հայրենասեր, չունենա արատավոր բարքեր, հակում չունենա ոգելից խմիչքների հանդեպ, չունենա քրեական անցյալ, այդպիսի չափանիշներ կան: Ինչ վերաբերում է ֆիզիկական պատրաստականությանը, այդ խնդրին անդրադառնում ենք ծառայության առաջին ամիսներին:

- Երբ մոտենում էինք զորամասին, նկատեցինք կայանված մեքենաներ, մեզ համար պարզ դարձավ, որ զորամասն իր հիմնական առաքելությունից զատ, սոցիալական մեծ խնդիր է լուծում՝ մարդկանց զբաղվածության հետ կապված:

- Մոտ հազար մարդ զորամասում աշխատանք ունի միայն Սիսիանի տարածաշրջանից: Երկու հիմնական խնդիր ենք լուծում՝ սոցիալական եւ հայրենիքի պաշտպանության: Պայմանագրայիններն այդպես էլ ասում են՝ ընտանիք ենք կերակրում եւ պահում ենք մեր երկիրը: Սրանք նաեւ տղամարդու հիմնական առաքելություններն են՝ երկիր պահել եւ ընտանիք պահել:

- Ավանդական մի հարց. ի՞նչ կփոխանցեիք ձեր զինվորների ծնողներին:

- Զինվորների ծնողներին կխնդրեի դեռեւս նախազինակոչային տարիքից իրենց որդուն պատրաստել ծառայության, հետեւել նրա առողջական վիճակին, չսպասել այն օրվան, երբ հայրենիքի ապագա պաշտպանը զինկոմիսարիատից ծանուցագիր ստանա: Զինվորների ծնողներին ցանկանում եմ առողջություն, թող շատ տղաներ ունենան, եւ շարունակաբար բանակին տան: Երկու տարին իրենց որդիների՝ որպես տղամարդ դառնալու, որպես երկրի քաղաքացի կայանալու տարիներ են: Մարդու կյանքում ոչ մի ժամանակահատվածում այդքան դրական փոփոխություններ չեն լինում, որքան զինվորական ծառայության երկու տարում: Ծնողից նրանց «ժառանգում» ենք պատանի տարիքում, մանկական աչքերով, տղամարդ դարձած վերադարձնում ենք նրանց, ավելի առնականացած, ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ եւ ավելի հայրենասեր: Մենք լավ զորահավաքային ռեսուրս ունենք, մենք արդեն 20 տարի զինվոր ենք զորացրում, նրանք պատրաստի զինվորներ են արդեն: Դա լուրջ ռեսուրս է պատերազմական իրավիճակում մեր շարքերը համալրելու առումով, եւ դա շարունակական բնույթ է կրում:

- Պարոն հրամանատար, հարցերի լայն շրջանակ քննարկվեց մեր զրույցի ընթացքում, ի՞նչ կավելացնեիք ասվածին որպես ամփոփում:

- Եկեք հրամանատարին ներկայացնելու, զինվորին ներկայացնելու սովորույթից դուրս գանք: Մի անգամ էլ մտնենք սպայի ընտանիք, որտեղ ծնվում են հրամանատարները եւ դառնում գնդապետ: Եթե ասում ենք՝ հրամանատարական պատրաստման տարի է, հրամանատարը, նախեւառաջ, պատրաստվում է տանը: Ընտանիքի դերը սպայի կայացման գործում, հավատացեք, շատ-շատ մեծ է եւ անփոխարինելի: Ընտանիք, որ սպայի ծառայության բնույթով պայմանավորված, «դեգերումների» մեջ է: Անձնական օրինակով ասեմ. երեխաներիցս մեկը ծնվել է Ստեփանակերտում, մյուսը՝ Մոսկվայում, երրորդը՝ Երեւանում: Թող կարծիք հայտնեն սպայի կանայք, որովհետեւ ընտանիքի ծանրության բեռը նրանց ուսերին է: Թող մի անգամ էլ ձեր թերթի էջերում լուսաբանվի սպայի ընտանիքը:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03