ՀՀ ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

21.09.2016 11:00
6539

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով ՀՀ զինված ուժերի բանակային 1-ին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

«Սյունյաց երկիր»-ը շնորհավորում է Տիգրան Փարվանյանին՝ զինվորական բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ եւ մաղթում նրան հաջողություններ՝ մեր երկրի հարավ-արեւելյան սահմանների պաշտպանության սրբազան գործում:

Մենք դեռ տեղյակ չէինք ՀՀ նախագահի հրամանագրին, բայց գիտեինք, որ սեպտեմբերի 21-ը հրամանատարի ծննդյան օրն է: Այդ առիթով էլ գրվել է ճանաչված լրագրող Ալվարդ Մեսրոպյանի հոդվածը՝ Տիգրան Փարվանյանի մարդկային ու զինվորական դիմանկարն ուրվագծող, որը ներկայացնում ենք ստորեւ:

Տ. Ջ. ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան ՋԱՆԻԲԵԿԻ ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. Սեպտեմբերի 7
Երեւան
ՆՀ-649-Ա

Տիգրան Փարվանյան. դիմանկարի ուրվագիծ

Մինչ հրամանատարի աշխատասենյակ մտնելը, հասցրի նրա հասցեին «բամբասանքներ» լսել: Դա սկսվեց բակից, ուր պատերին վահանակներ են փակցված: Դրանցից մեկի վրա կարդում եմ` գիտելիքներով հարուստ հրամանատարը մարտական խնդրի կատարման գրավականն է: Ու կողքից մի սպա ասում է` իսկ եւ իսկ մեր հրամանատարի մասին է ասված: Հարցնում եմ զրուցակցիս անուն ազգանունը, չի ասում. երեւի «ռազմական գաղտնիք» է:

- Ոչ մի կերպ, - պատասխանում է նա:

Հետո էլ խոսակցության մեջ մտա քաղաքացիական հագուստով մեկի հետ:

- Մեր հրամանատարը ձմռանը, բքին, սառնամանիքին զինվորի հետ հավասար պատրոն է շալակել: Նա միայն հրամանատար չէ, նա զինվորի հայրն է : Նրա երկու տղան ծառայել են բանակում, բայց ոչ տաքուկ տեղերում՝ հետախույզ են եղել:

- Աղջիկ ունի՞:

- Ոչ մի կերպ:

Դարձյալ` ոչ մի կերպ: Ու սա ասում է ե՛ւ զինվորականը, ե՛ւ քաղաքացիական հագուստով մարդը, որ աշխատում է կորպուսում: Եվ ոչ մի կերչպ չի ասում իր անուն-ազգանունը: Ես արդեն հասկանում եմ նրանց:

Գեղեցիկ, հաղթանդամ, ծիծաղկոտ աչքերով մի սպա ինձ հարցնում է` կասե՞ք ինչու եք հետաքրքրվում մեր հրամանատարով:

Ես նրան պատասխանում եմ իրենց նման` ոչ մի կերպ:

Իսկ հրամանատարը Տիգրան Փարվանյանն է: Հիշեցի զրուցակիցներիցս մեկի խոսքերը` իր ազգանվան նման եզակի մարդ է եւ հրամանատար: Կա հրամանատար, կա եւ իդեալական հրամանատար: Նա իդեալական ե՛ւ մարդ է, ե՛ւ հրամանատար:

Տիգրան Փարվանյանը սովորել է Վլադիկավկազի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանում: Ավարտելուց հետո նշանակվել է հարավային զորքերի խմբավորման 19-րդ տանկային դիվիզիայի 37-րդ տանկային գնդի մոտոհրաձգային դասակի հրամանատար: Գունդը տեղակայված է եղել Հունգարիայում: Հունգարիայից հետո նրան տեղափոխել են Ուկրաինա: Երդման պահ էր: Տիգրան Փարվանյանը պիտի երդվեր` պատրաստ եմ ծառայելու հայրենիքիս եւ ժողովրդիս: Այդ պահին հայի արյունը եռաց նրա երակներում, հոգին ծառս եղավ, հոգին ըմբոստացավ եւ ասաց` չեմ երդվի: Իմ ժողովուրդը հայ ժողովուրդն է, հայրենիքս` Հայաստանը: Եվ 1992թ. տեղափոխվում է Հայաստան` իր ապուպապերի երկիրը, իր ժողովրդի մոտ, իր արյան մոտ:

Ռազմական գիտելիքները հարստացնելու նպատակով Տիգրան Փարվանյանը գործուղվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, որն ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան՝ վարում զինվորական տարբեր պաշտոններ: 2009 թվականից Գորիսում է եւ ղեկավարում է բանակային առաջին կորպուսը:

- Կորպուսը մի մեծ ընտանիք է, եւ հրամանատարը պիտի վարպետորեն ղեկավարի: Զինվորը հրամանատարի երեխան է: Ինչպես ընտանիքում են երեխաները չարաճճիություններ անում, բանակում էլ զինվորները կարող են չարաճճիություններ անել: Եթե ընտանիքում երեխայիդ կարող ես սաստել, նույնիսկ ծեծել, ապա բանակում այլ է` այստեղ ճակատագրի հարց կա. աննշան մի բացթողում, առաջին հայացքից սովորական թվացող բառը կարող է զինվորի վրա այլ ներգործություն ունենալ, եւ, խնդրեմ, ճակատագրի խեղումն անխուսափելի է, - ասում է Տիգրան Փարվանյանը: - Դու պատասխանատվություն ես կրում զինվորիդ համար: Հրամանատարը միայն հրամանատար-զինվոր տեսանկյունից չի դիտարկում զինվորին: Զինվորին պիտի առաջին հերթին դիտարկես որպես մարդ, այդ մարդուն պիտի նայես՝ ինչպես քո որդուն, երկու տարի ոչ մեկը չկա նրա կողքին, դու ես միշտ նրա կողքին, դու ես նրա ծնողը, եղբայրը, ընկերը, հարազատը: Զինվորի ճակատագիրը կախված է հրամանատարից: Սխալվել բոլորը կարող են: Նաեւ` զինվորը: Նա ռոբոտ չէ, նա մարդ է` ինձ, քեզ, նրա նման` երազանքներով, սպասումներով լի: Նա էլ է սիրո կարոտ, նա էլ է բարի, լավ խոսքի սպասում: Մեր զինվորներն առյուծ տղերք են, ես հպարտանում եմ նրանցով: Երբ զինվորները շարվում են, ես նրանց նայում եմ ոչ միայն որպես զինվորների. իմ առջեւ կանգնած է հայոց գենոֆոնդը: Իմ առջեւ կանգնած են հայոց ապագա նախագահը, նախարարը, պատգամավորը, բիզնեսմենը, հայոց բանակի սպան ու հրամանատարը եւ, որ ամենակարեւորն է, իմ առջեւ կանգնած է ապագա հայր-տղամարդը, որ պիտի սերունդ տա եւ շարունակի հայոց գենը: Ուրեմն, սիրով եւ հոգատարությամբ շրջապատենք զինվորին: Նա է այսօր Հայաստան պահողն ու թշնամու զսպաշապիկը:

Զինվորի մասին խոսելիս ոգեւորվել է հրամանատարը, մտել տարերքի մեջ: Նա այն հրամանատարն է, որ բառիս բուն իմաստով իր կյանքը վտանգի ենթարկելով` գարնանը սելավների մեջ մնացած զինվորներին որոնողների-փրկողների առաջին շարքում էր եւ քիչ էր մնում ինքն էլ հայտնվեր սելավի անկուշտ երախում:

Այսպիսին է Տիգրան Փարվանյանը: Երբ հարցը վերաբերում է զինվորին, նա վտանգված զինվորի կողքին է: Նա պիտի լսի նրա սրտի խփոցը, զգա նրա շունչը եւ դրանից եզրահանգում անի` հետագա քայլերը ճիշտ մշակելու համար: Եվ պատիվ ես համարում, որ Գորիսում տեղակայված բանակային առաջին կորպուսն այսպիսի հրամանատար ունի, հրամանատար, որ պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր զինվորի անվտանգության համար:

Գարեգին Նժդեհն ասում է` մայրերի ափերի մեջ պետք է տեսնել հայոց ապագան: Դա այդպես է: Այդպես է նաեւ սա. հրամանատարի ափերի մեջ պետք է տեսնել հայոց բանակի զինվորի ճակատագիրը: Այսինքն, 18-20 տարեկան այս տղաները, որ զինվորական հագուստ են կրում, նրանք են կերտում հայոց ներկան, պաշտպանում հայոց ներկան ու գալիքը:

Բնականաբար, խոսում ենք նաեւ այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Բնականաբար, քանի որ բանակային առաջին կորպուսն էլ հենց առաջին րոպեներից իրեն վստահված դիրքերում էր: Փակագծեր չբացելով ասեմ, որ կորպուսի դերը քառօրյայում բացառիկ էր: Տիգրան Փարվանյանը զօր ու գիշեր, առանց հանգստանալու, առանց շունչ քաշելու հրամանատարական իր կետում էր: Իսկ հրամանատարական կետը կոնկրետ մի տեղում չէր: Այն մերթ ձորում էր, մերթ` բլրի լանջին, մերթ... Դա կախված էր պահից, թշնամու պահվածքից, տեղաշարժից: Տիգրան Փարվանյանը թշնամու շարժերի լեզվի լավ գիտակ է: Յուրաքանչյուր շարժ նպատակ ու թիրախավորում ունի, եւ դու պետք է ոչ միայն կարողանաս դրանք «կարդալ», այլեւ պիտի համապատասխան միջոցներ ձեռնարկես եւ այնպիսի հարված տաս եւ այնպիսի տեղից, որտեղից հակառակորդը չի սպասում:

- Մեր զինվորները, - ասում է հրամանատարը, - ամեն րոպե պատրաստ էին նրանց հոշոտելու, նրանք չէին բավարարվում նրանով, ինչ արել էին: Նրանք անընդհատ խնդրում էին ինձնից` հրամանատար, հրաման տուր: Հզոր են մեր տղաները, հզոր է նրանց ոգին: Փառք ու պատիվ նրանց ծնողներին, որ առյուծածին այսպիսի տղաներ են ծնել, իսկ մենք էլ նրանց հզորացրել ենք, ուսուցանել, եւ դա այն աստիճան, որ պահի մեջ անմիջապես կողմնորոշվում են, մարտի բռնվում թվով, զենքով իրենց գերազանցող թշնամու դեմ եւ տանում իսկական հաղթանակ:

Ես երջանիկ հրամանատար եմ, որ ունեմ հերոս զինվորներ ու սպաներ, որ կարողանում են անհնարինը դարձնել հնարավոր, նրանք յուրաքանչյուր պահ պատրաստ են իրենց կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին:

Եվ Տիգրան Փարվանյանը գովում-գովում-փառաբանում է կորպուսի զիվորներին ու սպաներին: Եվ չի ասում, որ այդ ամենում իր դերակատարությունն անչափելի է: Չի ասում, որ ինքն է նրանց ոգի տվողը, նրա բանիմացության շնորհիվ է, որ կորպուսը քառօրյա պատերազմում իր առաքելությունը պատվով կատարեց: Եվ կորպուսն ամենավերջում վերադարձավ տուն` դարձյալ միշտ պատրաստ թշնամու անակնկալ հարձակումներին, անկանխատեսելի քայլերի ժամանակ կայծակնային արագությամբ հասնելու, շախմատային ճիշտ քայլերի շնորհիվ նրան իր ելման դիրքերը շպրտելու:

31 տարի շարունակ Տիգրան Փարվանյանը զինվորական ծառայության մեջ է: Նրա բարձը երբեմն եղել է քարը, թուփը: Չի հոգնել իր գործից: - Հոգնելս որն է, եթե հոգնեցիր` ուրեմն էլ անելիք չունես, սպառվել ես, ուրեմն, չես կարող զորք ղեկավարել, զինվորին հայրություն անել, - ասում է նա:

Ինչու հենց զինվորական գործն ընտրեց Տիգրան Փարվանյանը: Հրամանատարը հիշում է. սովորում էր 5-րդ դասարանում: Հեռուստատեսությամբ ցուցադրում էին օլիմպիական խաղերի բացումը: Անմար կրակի մոտ կանգնած խրոխտ կեցվածքով զինվորները գերեցին նրան: «Պապ, որ մեծանամ, զինվորական եմ դառնալու», - ասաց Տիգրան Փարվանյանը հորը: Կցագրման ժամանակ զինկոմիսարիատում ասաց` ուզում եմ զինվորական դառնալ:

- Ճի՞շտ ես որոշել, - հարցրին նրան:

- Այո, հաստատ եմ որոշել եւ որոշումս անբեկանելի է:

- Այ տղա, ուրեմն ուզում ես զինվորական դառնալ: Իմացիր, եթե փոշմանես, մեր տան դուռը փակ է քեզ համար, - ասաց հայրը:

Եվ հորական տան դուռը միշտ բաց է Տիգրան Փարվանյանի համար...

- Իմ պաշտամունքն իմ ժողովուրդն է, իմ հայրենիքը, իմ հայրենիքի, իմ տան պաշտպանությունը: Ուր էլ աշխատել եմ, ինձ լավ եմ զգացել, հայրենիքում աշխատելիս ես ինձ ավելի լավ եմ զգում, քանզի ինձ ծնած-սնած ժողովրդի մոտ եմ, իմ արյան մոտ: Իմ ժողովուրդն արժանի է հանգիստ, խաղաղ ապրելուն: Իմ ժողովուրդը լավ գիտի, որ առանց բանակի չկա ժողովուրդ, առանց ժողովրդի չկա բանակ: Եվ դա երեւաց նաեւ քառօրյայի ժամանակ, - մտորում է հրամանատարը:

Զարմանում ես, ինչի մասին էլ զրուցես, Տիգրան Փարվանյանն այն հունով է զրույցը տանում, որի էպիկենտրոնում դարձյալ հայտնվում է զինվորը, հայոց տան զինվորը: Ինչքան շատ է սիրում եւ գնահատում նա զինվորին:

- Ձեր տղաները ձեզանից ի՞նչ են սովորել, ի՞նչ են ընդօրինակել, - հարցնում եմ հրամանատարին:

- Ծնվել եմ սեպտեմբերի 21-ին` հայոց անկախության օրը, Դավիթ տղաս նույնպես սեպտեմբերի 21-ին է ծնվել, իսկ Մհեր տղաս` հայոց բանակի ծննդյան օրը` հունվարի 28-ին: «Սասնա ծռեր» էպոսը շատ եմ կարդացել, գերվել նրա հերոսներով: Դրա համար էլ տղաներիս Դավիթ ու Մհեր եմ կոչել: Իմ տղաների համար ես էտալոն եմ, ամեն լավի, բարու, ուժի խորհրդանիշ: Դրա համար էլ նրանք սպունգի նման ինձնից ինչ հնարավոր է՝ քաշել են: Մեր տանը զրույցների ժամանակ միշտ խոսել ենք հայոց հողերի վերադարձման մասին: Մի օր էլ Դավիթս թե` երբ մեծանամ, վարորդ եմ դառնալու: Ինչու հարցին այսպես պատասխանեց` որ թուրքի ձեռքից մեր հողերը բարձեմ-բերեմ:

Եվ այսօր թուրքի դեմ կանգնել է նրանց հայրը` գեներալ-մայոր, բանակային առաջին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը, կանգնած է աներեր, կանգնած է այն համոզմամբ, որ իր տղերքը` կորպուսի զինվորներն ու սպաները առյուծներ են, եւ առյուծները միշտ պատրաստ են ցատկի:

Գարեգին Նժդեհն ասել է` թույլերն են խաղաղություն ուզում: Նաեւ ասել` խաղաղությունը ժամանակավոր զինադադար է: Հաջորդ կռվում հաղթում է նա, ով խաղաղությունը լավ է օգտագործել: Եվ Տիգրան Փարվանյանի առյուծներն անընդհատ կատարելագործվում են, իրենց մարտական պատրաստվածությունը նորանոր աստիճանի հասցնում, քանզի քնած չէ թշնամին...

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23