Հոբելյանդ շնորհավոր, Յուրի Լեւոնիչ

09.02.2021 11:30
7446

Հայրենի եզերքի էներգետիկայի բնագավառին մեծ նպաստ բերած անձնավորությունը` Գրիշա Հայրապետյանը, նույն ինքը` Յուրի Լեւոնիչը, փետրվարի 9-ին դառնում է 80 տարեկան։ Պատվական ու բարեկիրթ մարդ, արտադրության բազմափորձ կազմակերպիչ, ով 1964 թվականից մարդկանց լույս ու ջերմություն պարգեւող նույն ոլորտում է։ Բարձրացել է էներգետիկայի կառավարման բոլոր աստիճաններով` սկսելով շարքային էլեկտրամոնտյորից, այնուհետեւ` վարպետ, ավագ ճարտարագետ, բաժնի վարիչ, գլխավոր ճարտարագետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ, որից հետո սկսեց ղեկավարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության Զանգեզուրի մասնաճյուղը։
Իր` աշխատելու տարիներին հանրապետության էներգահամակարգում հսկայական փոփոխություններ են կատարվել, եւ Յուրի Լեւոնիչը  ոչ թե այս ամենի սոսկ ականատեսն ու հայեցողն է, այլ այդ փոփոխությունների անմիջական մասնակիցը, եթե չասենք` կազմակերպիչը։ Զանգեզուրի էլցանցը սպասարկում էր նախկին չորս շրջանը` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, ինչպես նաեւ Քաջարանը` մերձակա գյուղերով։ Հայաստանն անկախություն ձեռք բերելուց հետո` 1992-1993 թթ., այդ ամենին ավելացավ Քաշաթաղի շրջանը։ Ի դեպ, Հայաստանի անկախության տարիներին հանրապետության էներգահամակարգը սկսեց զուգահեռ աշխատել Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգի հետ։ Եվ այս ամենի հստակ կազմակերպումը եւս ընկած էր բազմափորձ էներգետիկի ուսերին։
Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գրիշա Հայրապետյանը Լենհանքերի դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակեց մայրաքաղաքում` էներգետիկական տեխնիկումում։ Ավարտելուց հետո գործուղեցին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ. ճոպանուղու արտադրամասում աշխատել է հերթապահ էլեկտրամոնտյոր։ Խորհրդային բանակից զորացրվելուց հետո շարունակեց նախընտրած մասնագիտությամբ աշխատել, ինչին զուգընթաց սովորեց եւ ավարտեց Մոսկվայի լեռնային ինստիտուտի «Լեռնային աշխատանքների էլեկտրաֆիկացում եւ ավտոմատացում» բաժինը։ Վստահեցին ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի ծառայության պետի պաշտոնը։ Այսպիսով` հիմնավորապես անդամագրվեց Զանգեզուրի էլցանցերի` հարուստ ավանդույթներ ունեցող կոլեկտիվին` էական ավանդ ներդնելով մարզի բնակավայրերի ենթակայանների  վերակառուցման աշխատանքներում, բարձրավոլտ էլեկտրագծերի կառավարմանը, բնակավայրերի, ձեռնարկությունների, հեռագնա արոտավայրերի (յայլաղներ) էլեկտրաֆիկացմանը։
Դժվարին օրեր ու ժամանակներ էլ են եղել նրա կյանքում, բայց ամենադժվարինն Արցախյան գոյամարտի պատերազմական օրերն էին։ «Զանգեզուրի էլցանցի» տնօրենի պաշտոնը ստանձնեց 1992-ի դեկտեմբերին, երբ մեզ պարտադրված պատերազմը սկսել էր ավերածություններ գործել։
Պարբերաբար իրականացվող  հրետակոծություններից տուժում էին նաեւ ենթակայանները, տրանսֆորմատորները, էլեկտրագծերը։ Բայց ցրտի եւ խավարի այդ օրերին առանց էներգամատակարարման չի մնացել ոչ մի առաջին կարգի սպառող` հիվանդանոց, հացի գործարան եւ այլն։ Մասնաճյուղի տնօրենն ուղիներ էր փնտրում (եւ գտնում էր) էներգիա մատակարարել Կապանի լեռնահարստացման կոմբինատին եւ քաղաքի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկության արտադրական զարկերակն այդ դժվարին օրերին համաչափ էր բաբախում` ակամա թեթեւացնելով պատերազմական իրավիճակի մեջ հայտնված մարդկանց հոգսը։ «Նույնիսկ մոսկվաներից եկածները զարմանում էին մեր էներգետիկ համակարգի հուսալիության վրա», - մի առիթով ասել է Յուրի Լեւոնիչը։
Կառավարական պարգեւներ շատ է ստացել, բայց ներքուստ կարեւորում է 2004-ին ԱՊՀ երկրների էներգետիկայի խորհրդի որոշմամբ «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ-ճարտարագետ» կոչման արժանանալը։
Այս ամենից զատ` Յուրի Լեւոնիչն այն հաստատ համոզմունքն է ունեցել, որ աշխատանքում հաջողության հասնելու ամենակարճ ուղին օրինակելի ընտանիք ունենալն է։  Ճիշտ այնպես, ինչպես ձեւակերպել է հայ դասականը` զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ։ Ինքն էլ աշխատավոր գերդաստանի ծնունդ է։ Հայրը` Լեւոնը, կրթություն չէր ստացել, բայց սիրում էր  սեղան ղեկավարել, պատմում են նրա թամադայության հետ կապված զվարճապատում դրվագներ։  Կրթության հարգը բարձր էր նրա ընտանիքում, եւ սիրում էր կատակել, թե` բացի ինձնից մերոնք դպրոցը մեդալով են ավարտել։ Այդ ամենի հիմքը դրել է վաստակաշատ մանկավարժ կինը` Սուսաննա Բաբայանը։ Ուսման հանդեպ սերն ու նվիրումն անցել են որդիներին, ովքեր հիմնավոր կրթություն են ստացել, որից հետո կարեւոր պաշտոններ վարել։ Ավագը` Համլետը, մասնագիտացել է սրտաբանության բնագավառում, բժշկական գիտությունների դոկտոր է, «Էրեբունի բժշկական կենտրոնի» սրտաբանական կլինիկայի ղեկավարը, ՀՀ առողջապահության նախարարութան խորհրդատու` սրտաբանության գծով։ Շատ-շատերին է երկրորդ կյանք պարգեւել` սրտային բարդ վիրահատությունների շնորհիվ։  Հատկապես ուշադիր եւ հոգատար է հայրենակիցների հանդեպ։ Միջնեկը` Սամվելը, երկար ժամանակ ղեկավարել է Մեղրու մաքսակետը, կրտսերը` Աշոտը, «Հայփոստ» ՓԲ ընկերության Կապանի մասնաճյուղի տնօրենն էր, այնուհետեւ ընտրվել է Կապան համայնքի ղեկավար, պաշտոնավարել մինչեւ 2018 թ. մայիսը։
Ընտանեկան ավանդույթները շարունակում են թոռները, ովքեր արդեն ինքնուրույն քայլեր են անում գիտության եւ այլ բնագավառներում։
Միանգամայն օրինական հպարտությամբ վաստակաշատ այրը դիմավորում է իր կյանքի ութերորդ տասնամյակը։
«Սյունյաց երկիրն» էլ լիաթոք ասում է` հոբելյանդ բյուր անգամ շնորհավոր, Յուրի Լեւոնիչ, առողջ լինես եւ, ինչպես միշտ, հարազատական ջերմությամբ ու մտերիմ մարդկանցով շրջապատված։


Վահրամ Օրբելյան
 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11