Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է տալիս

08.09.2016 17:31
1556

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վերջին անգամ վարեց ՀՀ կառավարության նիստը, որի ընթացքում հայտարարվեց գործող վարչապետի եւ ամբողջ կաբինետի հրաժարականի մասին:

ՀՀ կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանի խոսքը՝ ստորեւ:

***

Հարգելի գործընկերներ,

2014թ. մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու եւ համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար:

Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձեւավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առեւտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները եւ տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ:

Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Չնայած ամենօրյա աշխատանքով եւ սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը՝ մենք դեռեւս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ եւ նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն ընձեռել Հանրապետության նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին եւ շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա եւ նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը:

Իսկ աշխատանքներ իրապես կատարված են: Երբեւէ չեմ խոսել եւ չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին:

Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել եւ իրականացվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ եւ գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչեւ շինարարություն:

Վերականգնվել եւ էապես արագացել են Իրանի եւ Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առեւտրի գործառնական ծախսերը եւ մեղմել 2015թ. տարածաշրջանային տնտեսական շոկերը:

Մեծածավալ աշխատանք է կատարվել Երեւանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատեւ ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման եւ աջակցության համար, նրանց խնդիրների լուծման արդյունքում կենսունակ է դարձել վաղուց քննարկվող «Հին Երեւան» ծրագիրը, որը կմեկնարկի շուտով:

Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը:

Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը. Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը:

2015թ․ հունվարից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հիմնվել է 125 սկսնակ ընկերություն: Ընդ որում, կարեւոր է, որ ոլորտում նոր ընկերությունների բացվելու ու հավաստագրման դիմելու տեմպերը հետզհետե ավելանում են:

Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը, էապես բարելավվեց արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող կարեւորագույն ենթակառուցվածքային ծրագրերի կատարողականը: 2013թ. ցածր կատարողականն արդեն 2014թ. արձանագրեց էական բարելավում, իսկ 2015թ. կատարողականն ավելացավ ավելի քան 35 մլրդ դրամով՝ հասնելով շուրջ 100 մլրդ դրամի, ինչի արդյունքում ծրագրերը գերակատարվեցին 25 տոկոսով:

Չնայած 2015թ. արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին՝ տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ: 2015թ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8 տոկոս աճ:

Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի:

Շատերի կողմից սկսեց շահարկվել հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ անտեսելով 2016 թվականին տնտեսությանը բաժին ընկած երկու հուժկու հարվածները՝ ապրիլյան պատերազմն ու ոստիկանության գնդի զինված գրավումը հուլիսին: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. ապագա ամիսների աճը ցույց կտա գյուղատնտեսության դեռեւս չսպառված ներուժի, էներգետիկայի սեզոնայնության դրական ազդեցությունները, իսկ եկող տարվա աճը վեր կհանի մեր ստեղծած առողջ նախադրյալները:

Ուզում եմ կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարը: Այն բազմադեմ է, բազմաշերտ եւ պետք է հետեւողականորեն եւ համապարփակ կերպով պայքարել դրա դեմ՝ չխորշելով անմիջական լուծումներից, սակայն խնդրին մոտենալով հիմնարար կերպով:

Կառավարությունը, քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով, նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, արդեն շրջանառվում են բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության եւ խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը:

Այդ ամենն ամբողջացնող օրենսդրական փաթեթը կյանքի կոչելու համար մենք նախատեսում էինք հոկտեմբերին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ փաթեթը, իմ կարծիքով, կլինի այն լավագույն գործիքներից մեկը, որով նոր կառավարությունը կարող է սկսել համախմբել մեր բեւեռացված հասարակությունը:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար եւ հայտնել, որ որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը:

Հինգշաբթի, 8 Սեպտեմբեր 2016
gov.am

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31