Արմեն Խաչատրյան.«ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐՏԻ ՈՒ ՄՏՔԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

30.11.2018 11:21
1651

Նախքան Արմեն Խաչատրյանի  հետ զրույցի նստելը, նրա ֆեյսբուքյան էջում կարդում եմ իր խոսքն`ուղղված ընտրողներին, իր ընկերներին, մարդկանց, ովքեր ճանաչել ու վստահել են իրեն.

«Վստահ եմ, որ ստանձնելով ավելի լայն լիազորություններ՝ կկարողանամ առավել արդյունավետ կերպով ի սպաս դնել ժողովրդի բարօրությանը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բազմամյա ծառայությանս փորձն ու գիտելիքները: 

Այս հաստատ համոզմամբ է պայմանավորված որոշումս՝ առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 12 ընտրատարածքում՝  Սյունիքի եւ Վայոց  ձորի մարզերում`  «Իմ քայլը» դաշինքի կողմից: 

Ձեր աջակցությունն ինձ համար կարեւոր է, քանզի միասին կարող ենք լուծում տալ այսօր անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրների՝ հաստատուն ապագա կառուցելով մեր հայրենիքի համար: 

Միաժամանակ, խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր սոցցանցերում արդեն իսկ հայտնել են իրենց աջակցությունն ինձ, ինչը շատ պարտավորեցնող է»:

Առանց թեկնածուին տեսնելու, արդեն իսկ պարզ էր՝ Արմեն Խաչատրյանը ոչ միայն ՀՀ Ճանապարհային ոստիկանության ոլորտի առաջավոր եւ փորձառու մասնագետ է, նաեւ  ունի  իրեն սիրող ու վստահող համախոհների, քաղաքացիների, օգտատերերի հոծ բանակ, ում  հետ պարբերաբար քննարկում է ոլորտի խնդիրները, առաջարկները, ասել է թե` մշտական կապի մեջ է քաղաքացիների հետ:

Սա արդեն հուսալի սկիզբ էր մարդու համար, ով որոշել է ճանապարհային ոստիկանության ոլորտից մտնել քաղաքական դաշտ եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:

Սյունիքի մարզում Արմեն Խաչատրյանը հանրության կողմից ճանաչված եւ սիրված անձ է: Գորիսում են նրա արմատները, այստեղ են ապրում նրա ծնողները, հարազատները: 

Ունի ծառայության երկարամյա կենսագրություն, 23 տարի ոստիկանությունում է, որից 17 եւ ավելի տարին՝ ճանապարհային ոստիկանությունում: 

Շատերն են  քաջատեղյակ ՃՈ-ում նրա աշխատանքային  գործունեությանը։ 

Ոչ իբրեւ հայրենակցի կասեմ, այլ` իբրեւ մարդու,  ոլորտի գիտակ եւ նվիրված ծառայողի. Արմեն Խաչատրյանի մասին բոլորն են սիրով ու գովասանքով խոսում, շատերից եմ հասցրել լսել նրա սրտացավ մարդ տեսակի ու մասնագիտական բարձր կարողությունների մասին: 

Այսօր էլ,  ահա, նա իր իսկ փորձն ու գիտելիքները ցանկանում է  ներդնել խորհրդարանում` ավելի մեծ ու կարեւոր խնդիրներ լուծելու ուղղությամբ,  ինչը, բնականաբար,  հնարավոր չէր ծավալել` ծառայության առանձնահատկություններով: 

Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 4-ին Գորիսում, մայրը` երկարամյա բուժքույր Գենյան, հայրը` ժամանակին հանրաճանաչ ատամնաբույժ Էդմոն Խաչատրյանը:

Հպարտությամբ նշում է, որ ինքը սերում է բնիկ գորիսեցիներ, ոսկեփեշակ  Առաքելյանների տոհմից, ինքը Խաչատուր պապի անվան շարունակողն է: 

1991-ին ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ  դպրոցը, այնուհետ` Երեւանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ՆԳ բարձրագույն դպրոցը` իրավագետի մասնագիտությամբ:

Երկար տարիներ աշխատելով  Կապանի եւ Գորիսի ոստիկանության բաժիններում` պետավտոտեսչության ավագ տեսուչ,  հետաքննիչ,  2006-ին  հրավիրվել է աշխատելու Երեւանի  պետավտոտեսուչյան վարչություն`  ընդգրկվել հանձնաժողովի մեջ, զբաղվել օրենսդրական փաթեթների մշակմամբ եւ նախագծմամբ, նախագծերի ստեղծմամբ:

Կարճ ժամանակ անց աչքի է ընկել արդյունավետ աշխատանքով եւ 2009-ին  նշանակվել  ճանապարհային ոստիկանության  պլանավորման հաշվառման եւ վերլուծության բաժնի պետի տեղակալ:

2013-ից  ՀՀ ճանապարհային ոստիկանության  պետի տեղակալ էր:

Երկու տասնամյակ եւ ավելի աշխատելով ոստիկանության համակարգում, հեղինակելով բազմաթիվ բարեփոխումների նախագծեր, լիարժեք կայանալով, ոլորտի մասնագետ ճանաչվելով հանրապետությունում, Արմեն Խաչատրյանն ինչպե՞ս որոշեց մտնել քաղաքական դաշտ` լինելով անկուսակցական:

Մայիսից նա արդեն «Իմ քայլը» դաշինքի համակիրն էր, նոյեմբերին, իմանալով արտահերթ ընտրությունների մասին, վերջնականապես կողմնորոշվեց. ինքը պատրաստ է եւ ասելիք ունի օրենսդիրում` երկրի քաղաքական բարձրագույն մարմնում:

Նրա համախոհները սփռված են ողջ Հայաստանով` սկսած հայրենի Սյունիքի մարզից, Վայոց ձորից: Ամենուր նա  աշխատանքային  գործունեություն է ծավալել, այդ ողջ  ընթացքում դարձել բնակչության սիրելին, ակամա ձեռք բերել նրանց վստահությունն ու սերը, շփվել  բոլոր բնագավառի մարդկանց հետ:

Իսկ ահա հումորով ու սիրով էլ ավելացնում է` աղջիկս էլ  ծնվել է Կապանում, կիսով չափ կապանցի է: 

Հիշու՞մ է Արմեն Խաչատյանը պապից, հորից` պատգամներ, խոսքեր: 

Շատ են, բայց խոսքերի ու պատգամների մեջ չէ ճիշտ ապրելու գաղտնիքը, դա վաղուց ապրելակերպ է` գենով ու դաստիարակությամբ, արյամբ եկած,  քանի դեռ ինքն ապրում եւ շնչում է, որովհետեւ  ամեն ակնթարթ ենթագիտակցաբար հետեւում է նրանց. ի՞նչ կասեր մայրը, ինչպե՞ս կվարվեր հայրը:

Ինքն էլ իր հերթին` այն փոխանցել է զավակներին, Էդուարդ որդուն, ով պատվով ծառայելով հայոց բանակում, վերադարձել եւ ֆրանսիական  համալսարանի իրավաբանական ֆակուլտետում  շարունակում է ուսումը: 

Ահա այսպես` շարունակաբար, գենը ճանապարհ է անցնում:

Իսկ Էդմոն եւ Գենյա` արդեն տարեց ծնողներն ի՞նչ են ասում, ի՞նչ են հուշում որդուն` քաղաքական  ասպարեզ մտնելու, ոստիկանության ոլորտը լքելու մասին:

Գորով եւ հուզում եմ նկատում. չեղավ, քաղաքական դաշտը հուզումներ եւ զգացմունքներ չի ընդունում: Բայց մենք քաղաքական դաշտ չենք, մենք մարդ ենք, այն էլ` հայ մարդ, մանավանդ` սյունեցի հայ, ով ծնողի եւ ընտանիքի  սրբության առանձնահատուկ  պաշտամունք եւ թուլություն ունի:

Իհարկե, Արմենն այդ մասին էլ գիտի, առաջինը հենց ծնողների հետ է խորհրդակցել. նրանք ողջունել են, նույնիսկ ուրախացել,  որովհետեւ որդին հաճախ է լինելու մարզում, Գորիսում, իրենց կողքին:

Զրույցից պարզ է դառնում  նաեւ` ծնողները մյուս կողմից էլ ուրախ են, որ որդին պատրաստվում է  երկրի բարձրագույն ամբիոնում հայրենի  հողի ու երկրի մարդկանց հուզող հարցերն առաջ քաշել, տանջող հոգսերին լուծում տալ:

Իրենց սերն ու օրհնությունն իր հետ են, ամենուր, ուր էլ այդ պահին գտնվելիս լինի…

Արմեն Խաչատրյանը ո՞ր պահից է որոշել մտնել քաղաքական դաշտ, մանավանդ որ մշտապես եղել է ոստիկանության աշխատող, երկար տարիներ  կատարել իր գործառութային պարտականությունները:

Պարզ է` Արմեն Խաչատրյանը, լինելով ոստիկանության աշխատող, չէր կարող զբաղվել քաղաքականությամբ, լինել որեւէ կուսակցության կամ քաղաքական խմբավորման անդամ, որքան էլ աշխատանքդ տեղով մեկ յուրովի քաղաքականություն լինի` մարդկանց հետ, օրինագծերի ու նախագծերի առկայությամբ, պետական առնչություններով:

Այնպես որ, Արմեն Խաչատրյանին քաղաքականությունը մեծ իմաստով  խորթ չէր. չէ՞ որ նա վարել է պետական գիծ` գտնվելով աշխատանքային գործառույթների շրջանակում:

Նա շրջանակը, ընդամենը, լայնացրել է`անդամագրվելով «ՔՊ»  կուսակցությանը, ինչը նշանակում է, որ ինքը հիմնականում համաձայն է կուսակցության  ծրագրին եւ գաղափարախոսությանը։

Այնուամենայնիվ, Արմեն Խաչատրյանը չունենալով քաղաքական լուրջ փորձ, ինչպե՞ս է կարողանալու քաղաքական գործիչների մեջ  «նավարկել»: 

Չէ՞ որ Ազգային ժողովն օրենսդիր մարմին լինելուց զատ նաեւ քաղաքական ամբիոն է, որտեղից նա պետք է քաղաքական ելույթներ հնչեցնի:

Արմեն Խաչատրյանը, պարզվում է, այս առումով էլ որեւէ մտավախություն չունի, նա վստահ է, որ իր գիտելիքները կբավարարեն, որպեսզի ինքը կարողանա պաշտպանել իր տեսակետները, արտահայտել մտքերը։ 

Ինչպե՞ս.  շատ պարզ. մասնագիտությամբ  իրավաբան է, իսկ իրավաբանը նախքան միտք արտահայտելը` համապատասխան հիմնավորումներ է ունենում, ինչին էլ ինքը սովոր է:

Բնականաբար, Արմեն Խաչատրյանն ընտրվելու դեպքում` ընտրական տարածքի խնդիրներն է բարձրաձայնելու,  առաջինը` հենց իր ոլորտի, որի ցավոտ կողմերին, բացերին ու  բացը դարմանելու եղանակին գերազանց տիրապետում է:

Նա հրաշալի գիտի ոլորտի վերջին տարիների նշանակալի ձեռքբերումները, ավելին` նրանց անմիջական կրողն ու շատ դեպքերում` նախագծողն է եղել:

Բայց եւ այնպես, ոլորտի ո՞ր ցավոտ խնդիրներն է քննարկման եւ լուծման ներկայացնելու, եւ, առհասարակ, ինչպե՞ս է իրեն տեսնում ապագա խորհրդարանում:

Պատգամավորի թեկնածուն ցավոտ խնդիրներ դեռ շատ է տեսնում ճանապարհային ոստիկանության ոլորտում եւ իրեն, ամենեւին, ոլորտից դուրս մարդ չի համարելու, քանի որ ուղնուծուծով նրա մեջ է թրծվել:

Լրագրողի համար հնարավոր չէ դիմանալ պատգամավորի թեկնածուի Աքիլլեսյան գարշապարին եւ չհետաքրքրվել. ինչու՞ ինքը` լինելով անկուսակցական, նախընտրեց առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի կողմից, արդյո՞ ք այն բանի համար, որ իշխանական ցուցակ էր, եւ ընտրվելու  հնարավորություններն ավելի մեծ էին:

Պատասխանն Արմեն Խաչատրյանի բրենդ-բարեհամբույր ժպիտն էր, եւ հետո` ինչու՞ միայն, ինքը դեռ հեղափոխության առաջին օրերից` վստահություն ունի այս քաղաքական միավորման հանդեպ, ինչպես` ողջ ժողովուրդը:

Լիովին պարզ է. Արմեն Խաչատրյանն ըստ էության գալով չարատավորված ակունքներից, ասել է թե` լինելով  անկուսակցական, ընտրել է այն քաղաքական միավորումը, որն ինքն էլ որոշակի առումով` նոր ճանապարհ է սկսել` թիկունքում ունենալով ժողովրդական մասսաների սերն ու աջակցությունը, հույսն ու հավատը:

Ի դեպ, Արմեն Խաչատրյան պատգամավորի թեկնածուն տեղյա՞կ է, որ իր ծանրաբեռնվածության մեծանալուն զուգահեռ` մեծանալու է նաեւ տնեցիների դժգոհությունը. չէ՞ որ կկրճատվի իրենց հասանելիք օրինական ժամանակը:

Պարադոքս է, բայց այդպես է.  երբ մի լավ բան ես անում, անպայման մեկ ուրիշ իրավիճակ տուժում է, կարծես թե ներդաշնակություն կոչվածը միշտ էլ մի բան գտնում է` խաթարվելու:

- Իհարկե, գիտեմ, բայց, բարեբախտաբար, այդ դժգոհությունը քրոնիկ բնույթ ունի եւ այլեւս վտանգավոր չէ կյանքի համար: Կարծում եմ` քրոնիկ բոլոր հիվանդությունների հետ մարդիկ տարիների ընթացքում  հաշտվում են: Եթե քրոնիկ է, ուրեմն դա բուժում չունի, հետեւաբար իմաստ չունի դրա դեմ պայքարել:

Կինս էլ ընտանիքիս մյուս անդամների պես հաշտվել, վաղուց «ծառայում» է ինձ հետ մեկտեղ` լինելով ուսուցչուհի, ուսումնական մասով տեղակալ: 

Ինքն էլ այնպես ոչինչ` ծանրաբեռնվածության առումով. օլիմպիական ռեզերվի հերթափոխի ուսումնարանում դաստիարակության գծով փոխտնօրեն է, միաժամանակ,  դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն:

Ակամա հետաքրքրեց, ո՞վ է մեր լավ գորիսեցու կողքին կանգնած եւ նրա հետ մեկտեղ  «ծառայող» կինը:

Պարզվեց` գորիսեցի է, ավելի ճիշտ` կես խնձորեսկցի, կես՝ տեղցի… 

Արմեն Խաչատրյանը հետ նայելով` խոստովանում է` կարծես զգալով խմորվող, բայց չհնչած հարցը. ինչպիսի՞ն է կուսակցական լինելու  զգացողությունը:

-Միշտ էլ չեմ ընդունել որեւէ կուսակցության անդամագրվելը, որովհետեւ անդամագրվել, նշանակում է ընդունել նրա գաղափարախոսությունը, գործելաոճը եւ հստակ պահպանել դրանք:

Երբեւէ չեմ պատկերացրել, որ  կարող է լինել մի այնպիսի կուսակցություն, որի գաղափարախոսությունն ամբողջովին համապատասխանի  իմ մտքերին, դաստիարակության, գործունեության հետ:

Սակայն, այսօրվա դրությամբ պատկերացումներս հօդս ցնդեցին. ես ընդունեցի «ՔՊ» կուսակցության գաղափարները, որոնք ամբողջապես համապատասխանում էին իմ գաղափարախոսությանը: Դրանք ասես ծնված էին մեր ժողովրդի  սրտից ու մտքերից, ցանկություններից: Այլ բան այնտեղ չկա, բացի հասարակ ժողովրդի` գրեթե բոլոր խավերի երազանքներից: 

Այսպես ասեմ, դա  ժողովրդի կամքի  խտացված  արտահայտումն է:

Ահա, թե որն է պատճառը, որ ես անդամագրվել եմ «ՔՊ» կուսակցությանը եւ, կարծում եմ, ճիշտ եմ վարվել: 

Քանի՞ տոկոս են կազմում Արմեն Խաչատրյանի ինքնավստահությունն ու լավատեսությունն ընտրապայքարում հաղթելու գործոնում:

-Այն, որ ԱԺ-ում պատգամավոր լինելու եմ, վստահ եմ:

- Ինչու՞, որտեղի՞ց է գալիս այդ ինքնավստահությունը, իշխանական թեւը ներկայացնելո՞ւց:

-Ոչ, ես վստահ եմ, որ համապատասխան քվե կստանամ իմ ժողովրդի կողմից, ում գաղափարախոսությունը, մտքերը, ցանկությունները ներառված են «ՔՊ» կուսակցության ծրագրում, իսկ ես, բացի այն, որ երկար տարիներ  աշխատանքի բերումով շփվել եմ բնակչության հետ, նաեւ դարձել եմ նրա մի մասնիկը, ներկայացնում եմ հենց ժողովրդի սրտի ու մտքի կուսակցությունը:

Մտավախություն ունեցա. Արմեն Խաչատրյանն արդյո՞ք այն մեծաթիվ մարդկանցից է, ովքեր իրենց ոգեւորության մեջ պատրաստ չեն տեսնելու կուսակցության հնարավոր սխալներն ու թերացումները, հակված են աչք փակելու եւ լռելու նրանց դեմ:

Բարեբախտաբար, այդպես չէ, Արմեն Խաչատրյանը կարծում է, որ մարդկային յուրաքանչյուր գործունեություն իր մեջ ենթադրում է նաեւ թերություններ, թերացումներ, խնդիրներ` սկսած կազմակերպչաիրավականից, մինչեւ` բոլոր մյուսները:

Իսկ եթե պարտադրե՞ն. հետապնդում եմ:

-Վստահ եմ, իմ կուսակցության մեջ որեւէ պարտադրանք չի կարող լինել, մանավանդ` ընդունել իր սխալ որոշումը: Որովհետեւ մեր կուսակցության գլխավոր առավելությունն այն է, որ այդ պարտադրանք բառը, նրա տարրն անգամ  չկա:

Եթե նման պարտադրանքի պատրանք էլ լիներ, ապա, դա կլիներ եւ ընտրությունների ընթացքում, եւ` դատավարությունների, եւ մյուս-մյուս հարցերում:

Կատարողական կարգապահություն պահպանելն այլ բան է, գաղափարական պարտադրումը բոլորովին` այլ: Մենք ականատես ենք եղել.  գաղափարական պարտադրանք ընդհանրապես չկա «ՔՊ»-ում, կամ, ինպես ասում եք, իշխանական թեւում:

Կարգապահական պարտադրանքը նորմալ երեւույթ է, այն պետք է լինի ե՛ւ կուսակցության ներսում, ե՛ւ` իր գործունեության մեջ:

Իսկ հնարավոր համարու՞մ է Արմեն Խաչատրյանը, երբ քաղաքական որեւէ այլ ուժի կողմից խելամիտ ծրագիր ներկայացվի եւ մերժվի ծրագիրը` միայն այն պատճառով, որ առաջարկողը «ՔՊ»-ից չէ:

Նորից «ոչ»  է ասում պատգամավորի թեկնածուն եւ դա հնարավոր չի համարում: Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ` ինչ քաղաքական ուժի կողմից էլ ներկայացվի` անկախ ներկայացնողի գաղափարներից, անցած ուղուց, ընդունվելու է:  

Այդպիսին է «ՔՊ» կուսակցության վարած գիծը, հակառակն ինքը չի տեսել, եւ հենց այդ պատճառով էլ այժմ  իրենք նրա կողքին են:

Ընդունելին չընդունելն արդեն խնդիր կլինի, կնշանակի` խնդիր է սկսվում:

Ասել է թե` Արմեն Խաչատրյանը կուրորեն հավատացողներից չէ՞:

-Հստակ եմ դատում. ես իրավաբան եմ` իմ անցած ուղիով, եւ իրավաբանությունն արդեն ոսկորներիս մեջ է, կոնկրետ հավատում եմ փաստերին եւ օրինաչափություններին: Ավելին ասեմ. իմ մասնագիտությունը ստիպում է, որ դու կասկածես ամեն հանգամանքի վրա եւ բոլոր հանգամանքները պատշաճ ստուգես: 

Իմ բոլոր որոշումների հիմքում դրված են այդ ստուգումները եւ իմ համոզմունքները:

Իսկ Արմեն Խաչատրյանը ռեյտինգայինով առաջադրվելն ամբողջությա՞մբ է  ճիշտ  համարում:

-Ես համաձայն չեմ այս ընտրական համակարգին` ռեյտինգային եւ համամասնական,  որն այսօր գործում է: Կարծում եմ՝ ընտրական համակարգը պետք է  ամբողջապես լիներ համամասնական:

Հետաքրքիր է, Արմեն Խաչատրյան թեկնածուն ունի՞ խոցելի տեղ, որից կարող են օգտվել քաղաքական հակառակորդ ուժերը:

-Խոցելի տեղս միայն ժամանակի սղությունն է, հեռավոր ու մոտ քաղաքների, գյուղերի մարդկանց հետ ավելի շատ չշփվելու խնդիրը` չնայած ունեցածս մեծ ցանկությանը` բոլորի հետ առանձին-առանձին եւ անձամբ  զրուցելու, նրանց հոգսերը հետագայում բարձր ամբիոնով  ներկայացնելու:

Ցավոք, չունեմ այդ ժամանակը, թեպետ ժողովրդի հետ հանդիպման բոլոր  անհնար եւ  հնարավոր պահերն օգտագործում եմ:

Կարծում եմ` այն բացը, որը կմնա նախընտրական այս փուլում, անպայման կլրացնեմ  ընտրություններից հետո, նույն հանդիպումները շարունակվելու են:  

Եթե հակառակորդ ուժերը կարող են օգտվել այդ խոցելի տեղիցս, խնդրեմ, թող օգտվեն:

Ի՞նչ կուզեր ասել Արմեն Խաչատրյանն իր ընտրողներին, առհասարակ` հայ մարդուն:

- Քաղաքացիներին կոչ եմ անում՝ իրենց հնարավորության սահմաններում աջակցել, անմիջական մասնակցություն ցուցաբերել եւ ընտրել այնպիսի մարդկանց, ովքեր կարող են երկրի  բարձրագույն ամբիոնում լուծումներ տալ իրենց խնդիրներին: 

Թող մտածեն ոչ միայն տեղական, անձնական խնդիրների, նաեւ, մի քիչ էլ` պետության խնդիրների մասին: Այսօր, ցավոք, չափից ավելի տեղայնացված է ընտրական գործընթացը, հաճախ մարդիկ թեկնածուին ընտրում են այն բանի համար, որ իրենց տան բակն ասֆալտապատում է, մուտքի դուռը վերանորոգում, այգու հորը փակում եւ այլն:

Կուզեի`  յուրաքանչյուր ոք մտածեր  պետության շահերի մասին: Պետք է լինեն այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր ի զորու կլինեին լուծելու նաեւ համապետական նշանակության հարցեր, ոչ թե` միայն տեղական, կամ խիստ տեղական, փողոցի կամ քաղաքի, թեկուզեւ` մարզային:

Նախ եւ առաջ համապետական խնդիրները պետք է լուծվեն, առաջին հերթին դրանք պետք է հուզեն մեր  քաղաքացիներին: Սա պետք է դառնա բոլորիս համար օրինաչափ:

Չպետք է տարանջատում դրվի` Սյունիքի, թե` Վայոց ձորի, Արարատի, թե` Տավուշի մարզերի միջեւ: Իրականում խնդիրները գրեթե բոլոր տեղերում նույնն են: Կան, իհարկե,  առանձնահատուկ խնդիրներ`տեղայնացված, դրանք լուծելի են, նրանց  լուծումը համեմատաբար հեշտ է: Ես տեսնում եմ շատ ու շատ լուծելի այդպիսի խնդիրներ:

Իսպառ պետք է բացակայի «լավ տղա» է, «հարեւանիս տղան է» մտածելակերպը, մարդիկ հնարավորինս պետք է ձերբազատվեն այդ մտածելակերպից:

Թող իրենց քվեն տան այն մարդուն, ով ի զորու է խորհրդարանում, թե` ավագանու նիստում, աշխատանք կատարելու` անկախ նրանից, թե քաղաքական որ ուժից է, կլինի ընդդիմադի՞ր ճամբարից, թե՞ կուսակից:

Արմեն Խաչատրյանը ո՞րն է համարում իր լավագույն որակը, որով հպարտ է:

-Հոգով-սրտով քրիստոնյա եմ…  

Վերջին խոսքի իրավունքը տալիս եմ պատգամավորի թեկնածուին:  

Մտածում եւ արագ սթափվում է.

-Վերջին խոսք…Նախ ասեմ, որ իմ խոսքը երբեք  վերջինը չի լինելու, ես միշտ խոսելու եմ…

Շնորհակալ եմ զրույցի համար, ահա այս պահի իմ վերջին խոսքը:

Ես էլ իմ հերթին շնորհակալություն հայտնեմ Աժ պատգամավորի թեկնածու Արմեն Խաչատրյանին՝ անկեղծ եւ հետաքրքիր զրույցի համար եւ արժանավոր հայրենակցիս մաղթեմ հաղթանակ:

Զրույցը՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19