Արթուր Սարգսյան. «Եթե հիմնախնդիրների մեծ մասին տեղյակ չլինեի, Սիսիանը ղեկավարելու հավակնություն չէի ունենա»

22.09.2016 14:56
4375

Սիսիանի համայնքապետի ընտրությունն այս անգամ եւս թեժ է լինելու: Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Արթուր Սարգսյանը, ով քաղաքական ասպարեզ մտնելու հայտ է ներկայացրել: Հայտնի գերդաստանի զավակ է, հայրը` Լավրենտ Սարգսյանը, ինը տարի ղեկավարել է Սիսիանի քաղաքապետարանը: Նաեւ համակիրների մեծ բանակ ունի: Մրցակիցը Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է, ով նույնպես Սիսիանում հեղինակություն է վայելում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ իր թեկնածուն է առաջադրել` լրագրող Սրբուհի Գրիգորյան: Մի խոսքով` Սիսիանում լարված նախընտրական մթնոլորտ է, եւ ընտրապայքարի թեժ օրերին հանդիպեցինք համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանի հետ:


Արթուր Սարգսյան

Ծնվել է 1978թ. ապրիլի 28-ին Սիսիան քաղաքում:

1995թ. ոսկե մեդալով ավարտելով Սիսիան քաղաքի N 2 միջն. դպրոցը` ընդունվել եւ 2000թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային էկոնոմիկայի բաժինը, ստացել տնտեսագետի որակավորում:

2000-2002թթ. ծառայել է հայկական բանակում:

2002-2006թթ. հեռակա կարգով սովորել եւ ավարտել է Ռուսաստանի դաշնության Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Օրենբուրգի ինստիտուտը` ստանալով իրավաբանի որակավորում:

2003-2005թթ. աշխատել է Սյունիքի տարածշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնում` որպես ավագ մաքսային տեսուչ:

2005-2008թթ. աշխատել է ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ:

2008թ. մինչեւ 2016թ. օգոստոս ամիսն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետ:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


- Արթուր Սարգսյանի ցանկությունը` մտնելու քաղաքական դաշտ եւ ստանձնելու Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, նոր երեւույթ եւ իրադարձություն է, ինչո՞վ է պայմանավորված ձեր այդ մտադրությունը, ձգտումը, հավակնությունը: Ի դեպ, դուք կարեւոր պաշտոն էիք զբաղեցնում ՀՀ պետեկամուտների կոմիտեում, բայց ահա հայտ եք ներկայացնում ղեկավարելու Սիսիան համայնքն առաջիկա հինգ տարում:

- Սիսիանի քաղաքապետի պաշտոնում առաջադրեցի իմ թեկնածությունը` կարեւորելով ծննդավայրիս առջեւ ծառացած դժվարին խնդիրները, դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը եւ Սիսիանի երիտասարդության ու բնակչության ծանրակշիռ մեծամասնության պահանջը: Մինչ այդ զբաղեցրել եմ հանրապետության պետեկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետի պաշտոնը: Վայելելով ղեկավարության հարգանքը եւ վստահությունը` ինձ առաջարկվեց մնալ այդ պաշտոնին, բայց, նորից եմ կրկնում, տեսնելով իմ հայրենի քաղաքում կուտակված հիմնախնդիրները, անսալով մանավանդ երիտասարդության հորդոր-խնդրանքին, օգոստոսի 29-ին իմ դիմումի համաձայն ազատվեցի աշխատանքից եւ հաջորդ օրն իսկ փաստաթղթերս ներկայացրի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` առաջադրվելով Սիսիանի համայնքապետի թեկնածու:

- Պարոն Սարգսյան, այն տպավորությունն է ստեղծվում, որ Ձեր առաջադրվելու պարագայում մեծ դեր է խաղացել Սիսիանի հանրային պահանջը, հատկապես երիտասարդության պահանջը:

- Անշուշտ, այդպես է: Տեղյակ եմ Սիսիանի հիմնախնդիրներին, որոնք շատ-շատ են: Այնպես չէ, որ համայնքապետի աթոռն ինձ համար մեծ արժեք է ունեցել, առաջադրվելը` գերնպատակ: Պարզապես գիտակցել եմ, թե համայնքային ինչ խնդիրներ կան լուծելու: Մարդ կարող է շատ ճանաչված, հարգանքով մարդու որդի լինի, բայց եթե իրեն վստահված գործը չանի, ամեն ինչը կզրոյանա: Դժվար էր որոշում կայացնելը, բայց գնացի այդ քայլին` գիտակցելով, որ իմ թիկունքին կանգնած է լուրջ թիմ, կանգնած են մարդիկ, ովքեր վաղը, մյուս օրը պատրաստ են իմ անվան, արժանապատվության համար վեր կանգնել անձնականից, նաեւ նեցուկ լինել համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

- Նախնական փոքրիկ զրույցում պայմանավորվեցինք, որ հարցազրույցը պիտի լինի առավելագույնս անկեղծ ու անմիջական: Նախընտրական այս փուլում մի շատ կարեւոր հանգամանք, իրողություն, որ քննարկվում է, հետեւյալն է` Արթուր Սարգսյանը Լավրենտ Սարգսյանի որդին է, եւ այս լույսի ներքո երկու բան են ասում. իբր քաղաքապետի պաշտոնն ուզում են դարձնել ժառանգական, երկրորդ` ի՞նչ է արել Լավրենտ Սարգսյանը, որ հիմա էլ որդին է քաղաքապետ դառնալու հավակնություն դրսեւորում: Այ, կուզենայինք, որ ներկայացնեիք Լավրենտ Սարգսյան մարդուն եւ գործչին` Սիսիանի քաղաքացու դիրքերից:

- Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդու, ցանկացած քաղաքական գործչի քայլերը չեն կարող բոլորի համար ընդունելի լինել: Նույնիսկ փոքր հիմնարկի ղեկավարը չի կարող բոլորի համար լավը լինել: Լավրենտ Սարգսյանը 1999-2008 թվականներին եղել է Սիսիանի քաղաքապետ, իսկ մինչ այդ աշխատել է Տաթեւհէկի գլխամասային կառուցվածքների շինվարչության պետ: Տարբեր ժամանակաշրջաններ են ընդգրկում նրա գործունեության տարիները, տարբեր մտածելակերպեր են ներկայացնում: Մոտ 40 տարի շինարարական գործունեություն է ծավալել, եւ դրա մեջ ես վատ բան չեմ նշմարում: Քաղաքապետարանում նրա պաշտոնավարումը վերջին տարիներին է եղել, դեռ թարմ է շատերի հիշողության մեջ: Հետաքրքիր մի դիտարկում են արել սիսիանցիները. Լավրենտ Սարգսյանի աշխատանքային գործունեության օրոք (իսկ նա ղեկավար պաշտոններ է վարել) ոչ մի մարդ չի դատվել: Սարգսյան Լավրենտը քաղաքապետ լինելու ժամանակ ձգտել է միշտ օգտակար լինել մարդկանց. չի նայել` իր թիմակի՞ցն է, թե՞ իր թիմից չէ, ո՞ւմ բարեկամն է, իրեն ընտրե՞լ է, թե՞ չի ընտրել:

- Սիսիանը բազմաբեւեռ հասարակություն ունի, հանրային համերաշխության անհրաժեշտության խնդիր կա, ըստ էության այսօր էլ այդպես է: Եթե հակառակն ապացուցելու փաստարկներ ունեք, կարող եք հերքել մեր նկատառումները:

- Իրականում նման խնդիր կա: Բայց նաեւ տարբեր ընտրությունների առիթով նկատել եմ, որ Սիսիանի ժողովուրդը նվիրված է իր հողուջրին, միմյանց հանդեպ հարգանքով են լցված, ընդամենն անհրաժեշտ է նրանց համախմբել: Չպետք է որեւէ հարց անձնավորել, դա եմ համարում անհամերաշխության արմատներից մեկը: Ամեն մեկն ասում է` սա ինձ լինի: Եթե ասես սա Սիսիանինն է, բոլորն էլ կհամախմբվեն: Եթե վաղը, մյուս օրը համայնքի ղեկավար լինելիս տեսնեն, որ այս բանն իմ ընկերոջ համար եմ անում, մյուս գործը` իմ բարեկամի, մարդիկ ինձ չեն հավատա: Յուրաքանչյուր հարց կարելի է լուծել առանց մարդկանց հետ հարաբերություններ փչացնելու: Եթե կա փոխըմբռնում, այլ ոչ թե` ,Չէ, ես խնդիրն այսպես պիտի լուծեմե մտածելակերպը: Մարդկային անկեղծ հարաբերությունների միջոցով շատ հարցերի լուծում կարելի է գտնել:

- Սիսիան համայնքի առջեւ ծառացած երկու-երեք կարեւորագույն հարցերն ըստ ձեզ: Եվ ինչպե՞ս եք փորձելու դրանց լուծում տալ քաղաքապետ ընտրվելու դեպքում:

- Առաջինը համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտն է, ինչպես նշեցինք քիչ առաջ, որն առողջացնելու հրամայական պահանջ ունենք, այնուհետեւ մարդկանց հավատը վերականգնելը: Ասում են` էն ինչ է արել ութ տարի, որ էս մեկն անի: Ամենակարեւորը` ես ձգտում եմ տալ այնպիսի խոստումներ, որ կարող եմ իրականացնել: Որ հավատան: Թեպետ քիչ է, բայց պիտի հավատան: Դրա համար իմ թիմակիցներին հորդորում եմ, որ չասեն, թե Արթուրը լավ տղա է, Սարգսյան Լավրենտի տղան է, այլ Արթուրն առաջադրվել է, որ ընտրվելու դեպքում այս, այս, այս գործերն անի: Մի քանի օր առաջ մեկի հետ` ճանաչված ու հարգված մարդ Սիսիանում, զրուցում էի, ասացի` ընտրվում եմ, որ գործ անեմ, վստահ եղեք, որ կանեմ, ասում է` չես կարող չանել, քո հոր, եղբոր անցած ճանապարհը չես կարող անտեսել, նրանց արած գործերը չես կարող ջուրը գցել, պիտի անես: Սիսիանում մի խավ կա, որ հավատում է մեր անցած ուղուն: Եթե անելու, արարելու ստույգ մտադրություն չունենայի, չէի գա, ինձ ոչ մեկը ոչ ստիպել է, ոչ իմ առջեւ պահանջներ է դրել, ընդամենն իմ առաջադրվելը մարդկանց, մասնավորապես, երիտասարդության հորդոր-խնդրանքն է եւ իմ ցանկությունը: Ինձ համար աշխատանքային նոր ոլորտ է քաղաքապետարանը, բայց եթե հիմնախնդիրների մեծ մասին տեղյակ չլինեի, Սիսիանը ղեկավարելու հավակնություն չէի ունենա:

Հաջորդ կարեւոր` ինձ հուզող խնդիրն այն է, որ Սիսիանի ծայրամասերը դուրս են մնացել ղեկավարության, քաղաքապետարանի տեսադաշտից: Ճանապարհների բարեկարգման եւ ջրահեռացման խնդիրներն ընդհանուր են գրեթե բոլոր թաղամասերի համար: Կարելի է նվազ միջոցներով ջրահեռացման խնդիր լուծել եւ մեղմել մարդկանց արդարացի դժգոհությունը: Մարդիկ չեն ասում` մեզ աշխատատեղով ապահովելո՞ւ ես, մեզ հա՞ց ես տալու, այլ խնդիրներ են բարձրացնում, որ հնարավոր է լուծել: Կոնկրետ Գայի փողոցում եւ ծայրամասային թաղամասերում լուրջ խնդիր է ջրահեռացումը, բակերի բարեկարգումը:

Մեր ուսումնասիրությունները պարզել են, որ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման եւ մուտքերի լուսամուտների ապակեպատման, ինչպես նաեւ տանիքները նորոգելու անհետաձգելի խնդիր կա:

Մյուս հարցը, որով բնակչությունը դիմում է, որ նաեւ հուզում է ինձ` որպես երեք զավակի հայր, խաղահրապարակների բարեկարգումն է: Այսօր իմ երեխան խաղալու տեղ չունի: Այս հարցը մտցրել եմ նախընտրական ծրագրի մեջ եւ հետեւողական եմ լինելու դրա լուծմանը: Մեր օրերում ամենից շատ երեխան իր ժամանակը ոչ այնքան համակարգչի առջեւ պիտի անցկացնի, որքան խաղահրապարակում: Խաղահրապարակների բարեկարգումն իմ համախոհների եւ ընկերների միջոցով եմ կազմակերպելու:

- Որքանով հասկացա, Ձեր ընտրվելու դեպքում ենթադրվում են կադրային փոփոխություններ: Կարծես, այդ հարցում որոշ սկզբունքներ արդեն իսկ որդեգրել եք:

- Կադրային քաղաքականության իմ սկզբո՞ւնքը… Այդպիսի բան չկա, որ այս մեկը չպիտի աշխատի, քանի որ նրա տեղը մեկ ուրիշին խոստացել եմ: Լինելու է կառուցվածքային փոփոխություն, ինչը ենթադրում է նաեւ կադրային փոփոխություններ: Կընտրվեն միայն բանիմաց, համապատասխան որակավորում ունեցող անձինք։

- Ըստ փաստաթղթերի` դուք անկուսակցական եք, երբեք չե՞ք եղել ՀՀԿ կամ այլ կուսակցության անդամ:

- Ոչ:

- Շատ լավ, հիմա այսպիսի մի հարց է շրջանառվում Սիսիանին առնչվող: Հայաստանում իշխող վարչախումբը միշտ ունեցել է իր թեկնածուն` հատկապես նախկին շրջկենտրոններում եւ խոշոր գյուղերում: Այսօր իշխող վարչախումբը զարմանալիորեն Սիսիանում թեկնածու չունի: Դա ինչպե՞ս եք գնահատում: Երկու տեսակետ կարող է լինել. մեկ` թող ժողովուրդն ում ուզում է` ընտրի, ով հաղթի, իսկապես մեր ընտրյալն է, երկրորդ` միգուցե հանրապետականը չի՞ ունեցել այդ թեկնածուն, որի վրա վստահորեն հենվի եւ դուրս գա մրցապայքարի: Այնուամենայնիվ, ամբողջ Հայաստանի մասշտաբով շատ քիչ բնակավայրեր կան, որտեղ իշխող վարչախումբը կամ քաղաքական ուժն իր թեկնածուն չի առաջադրել:

- Ճիշտն ասած չգիտեմ, թե իշխող վարչախումբը որ համայնքում թեկնածու ունի, որում` ոչ։ Ինքս ոչ մի կուսակցության չեմ անդամակցում, բայց, իմ պաշտոնի բերումով, միշտ եղել եմ իշխանության հետ, տարբեր ընտրությունների ժամանակ եղել եմ իշխանությունների կողքին, բնականաբար, ընդդիմադիր դաշտում չեմ եղել: Հիմա իշխանություններն ում կսատարեն` չգիտեմ, ես հանդես եմ գալիս պետության դիրքերից: Այսպես ձեւակերպեմ իրողությունը. հանդես եմ գալիս որպես անկուսակցական եւ պետականամետ: Այնուամենայնիվ, ողջունում եմ ժողովրդի արդար ընտրությունը:

- Կուլիսներում խոսում են, որ այս ընտրությունից հետո Սիսիանին եւ Կապանին սպասվում է համայնքների խոշորացում, ընդ որում` ոչ թե Գորիսի, այլ Մեղրու տարբերակով, այսինքն` երբեմնի ամբողջ վարչական շրջանը մեկ համայնքի մեջ ներառելով: Նախ, որպես համայնքի ղեկավարի թեկնածու, ինչպե՞ս եք գնահատում համայնքների խոշորացման ներկայիս կուրսը, երկրորդ` ինչպե՞ս եք գործընթացը պատկերացնում Սիսիանի պարագայում, քանզի դա ունի ե՛ւ առավելություններ, ե՛ւ թերություններ:

- Ճիշտն ասած, երբ իմ առաջադրումը քննարկման փուլում էր, չեմ մտածել ավելի խոշոր համայնքի ղեկավար լինելու մասին: Իմ որոշումը կայացրած եմ եղել այսօրվա Սիսիան քաղաքի ղեկավար ընտրվելու համար: Նման խոսակցություններ (Սիսիանի խոշորացման առումով) լսել եմ, բայց չեմ կարեւորել: Նպատակս եղել է Սիսիանի համայնքապետի թեկնածու առաջադրվելը, ինչի համար եւ հրաժարվել եմ իմ պաշտոնից, ինչին շատերը չեն հավատացել: Իմ ցանկությունն ու ձգտումը Սիսիանին ազնվորեն ծառայելն է: Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, յուրաքանչյուր լուրջ փոփոխություն իր հիմնավորումն ունի: Եթե խոշորացման մասին անձնական կարծիքս արտահայտեմ, կլինեն այնպիսիք, որ կասեն` ըհը, ուզում է մեծ պաշտոնի տեր դառնալ: Երբ համայնքների խոշորացումն արդեն իրական կլինի, բնականաբար, իմ ծրագիրը կներկայացնեմ եւ դիրքորոշումս կարտահայտեմ:

- Սիսիանում, այնուամենայնիվ, նոր իրավիճակ է ստեղծվել. ՏԻՄ ընտրություններին միշտ եղել է երկու բեւեռ, առաջին փուլում գուցե երեք-չորս, բայց, այնուամենայնիվ, վերջում երկու թեկնածու է մնացել: Հայաստանի քաղաքական ասպարեզ մտած ,Լուսավոր Հայաստանե կուսակցությունն է իր թեկնածուն առաջադրել Սիսիանում: Իսկապե՞ս Սիսիանում քաղաքական վիճակը փոխվել է, ուժերի հարաբերակցությունը փոխվել է, եւ այդ նոր քաղաքական ուժը պահանջված է:

- Իմ կարծիքով` յուրաքանչյուր քաղաքական ուժ իր խնդիրն է լուծում: Ով մտածում է Սիսիանի ապագայի մասին` իր վստահության քվեն կտա քաղաքական ասպարեզ մտած եւ Սիսիանի հիմնախնդիրները լուծելու հայտ ներկայացրած նոր ու երիտասարդ ուժերին։ Իսկ նրանց, ում բավարարում է անցած ութ տարում քաղաքում տիրող անմխիթար վիճակը, դատարաններում չարչրկված ու հեղինակազրկված Սիսիան անվանումը, իրենց քվեն կտան այլ թեկնածուի։ Իսկ այն ընտրողները, ովքեր երկուսիս չեն նախընտրում, դժգոհ են մեզնից, բնականաբար, կքվեարկեն երրորդ թեկնածուի օգտին: Բանը միայն կուսակցության անվանումը եւ հեղինակությունը չէ, ընտրողը, նախեւառաջ, ծանրութեթեւ է անում թեկնածուի անցած ուղին, նրա վաստակը, նրա հնարավորությունները եւ քաղաքի ու քաղաքացու հանդեպ հոգատարության չափը։

- Ինչպե՞ս եք վերաբերվում հրապարակայնությանը, թափանցիկությանը, քննադատությանը: Դա մեր իրականության մեջ լուրջ հարց է, որովհետեւ իշխանավորների մեծ մասն այդ ամենը ցավով է ընդունում: Մինչդեռ հանրային շահը պահանջում է, որ իշխանավորի գործունեությունը լինի ուշադրության կենտրոնում:

- Կողմ եմ հրապարակայնությանը եւ բացախոսությանը: Պատրաստ եմ միշտ պատասխանել լրատվամիջոցներին հուզող հարցերին: Բայց թող ԶԼՄ-ներում արտացոլվի ճշմարիտը, եթե պախարակելի քայլ եմ կատարել, թող քննադատեն, իսկ այն ամենը, ինչ ինձ հետ առնչություն չունի, թող հանիրավի չկապեն իմ անվանը: Վերջերս գրել էին, թե Արթուր Սարգսյանը Սիսիանում խաղատուն է բացել: Եթե այդպես գրողներն իրենց մի քիչ նեղություն տային եւ բացեին օրենսգիրքը, կիմանային, որ լավագույն ցանկության դեպքում Սիսիանում խաղատուն բացելու հնարավորություն չունեմ, քանզի օրենքով նման թույլտվություն ունեն Մեղրի, Ծաղկաձոր, Դիլիջան, Սեւան քաղաքները: Ապատեղեկատվությունը, կարծում եմ, բոլորի մեջ ցավ է հարուցում: Բայց եթե որեւէ սխալ կատարեմ, թող գրեն, դրանից չեմ նեղվի եւ առավելապես թշնամաբար չեմ տրամադրվի գրողի հանդեպ: Իսկ որն իրականությանը չի համապատասխանում, թող չգրեն, ավելորդ կրքեր բորբոքեն:

- Համայնք մտնելիս` Սիսիանը բարձունքից անհրապույր տպավորություն է թողնում: Այցելուն առաջին բացասական տպավորությունն է ստանում Սիսիանից: Ի՞նչ պիտի արվի, որ Սիսիանն ընդհանրապես գյուղաքաղաքի չնմանվի: Խոսքը քաղաքի մաքրությանն է վերաբերում ընդհանրապես:

- Ընդունում եմ դիտողությունը: Յուրաքանչյուր քաղաք ունի մաքուր պահելու իր մշակված ձեւը, այնպես չէ, որ Սիսիանի համար էլ նոր մոդել պիտի հորինել: Մաքուր քաղաք ունենալու համար ընդամենը պիտի մաքրել, հետեւել դրա պահպանմանը: Ջրցան մեքենան ընտրությունից ընտրություն է աշխատում: Իմ պաշտոնավարության դեպքում մեքենան ամեն օր է աշխատելու: Պարզ մի օրինակ, տունն ամեն օր մաքրելու դեպքում հաճելի ու մաքուր տեսք է ունենում: Երեք շաբաթ չմաքրելու դեպքում այդ տունը մտնել չի լինում:

- Սիսիանը ոմանք համարում են գյուղատնտեսական տարածաշրջան, բայց շատերիս համար Հայաստանի մասշտաբով մեր հոգեւոր-մշակութային կենտրոններից մեկն է, զորօրինակ, հինավուրց աստղադիտարանը, Սիսիանի մեծերը` Հովհան Որոտնեցին, Նիկողայոս Ադոնցը, Համո Սահյանը, Մորուս Հասրաթյանը, երեւելի այլ դեմքեր: Ի՞նչ եք մտածում Սիսիանի հոգեւոր-մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ: Այս հարցը պատահական չի տրվում, քանզի ձեզ կարելի է համարել տեխնոկրատ, ով երբեմն մշակութային ոլորտից հեռու է լինում:

- Կարեցածիս չափով օգնել եմ սիսիանցիներին` եւ ոչ միայն: Կոնկրետ մի օրինակ բերեմ. օժանդակել եմ Եղեգնաձորի առաջնորդանիստ եկեղեցուն կից հայտնաբերված Սրբոց Վարդանանց եկեղեցու պեղման եւ վերականգնման աշխատանքներին, այդտեղ իմ միջոցներով տեղադրվել է հիշատակի խաչքար: Այս ամենի համար արժանացել եմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնության գրին: Բացի այդ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահին խոսք եմ տվել, որ ընտրություններից հետո ընկերներիս եւ իմ միջոցներով Որոտնավանքի նորոգումը շարունակվելու է: Դե իսկ Համո Սահյանի եւ մեր ընտանիքի բարեկամության մասին բոլորը գիտեն…

- Ո՞րն է Ձեր կարգախոսը, որով մտնում եք քաղաքական դաշտ:

- ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ… սա տարողունակ հասկացություն է, այսինքն` եկել է մեր ժամանակը, եկել է երիտասարդության ժամանակը, նոր մտածելակերպի ժամանակը, երբ արդեն մարդիկ մտածում են, որ ինչ-որ բան կարելի է փոխել Սիսիանի համար:

- Որքանով իմացանք, ձեր թեկնածու առաջադրվելը ողջունում է Սիսիանի երիտասարդությունը: Կուզեինք իմանալ, թե էլ ովքեր են պատրաստվում վստահության քվե տալ համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանին:

- Բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգ են Սիսիանի վաղվա օրով, որոնց հուզում են համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրները:

- Ձեր խոսքը սիսիանցիներին:

- Ես շատ եմ սիրում իմ հողն ու ջուրը, իմ սիսիանցիներին, սիսիանցիները խելացի եւ պատվախնդիր մարդիկ են, բոլոր ընտրություններին ցույց են տվել իրենց դեմքը, իրենց սկզբունքայնությունը: Ընդամենը կոչ եմ անում սիսիանցիներին` կատարել արդար ու ճիշտ ընտրություն: Սրտով եւ խղճի մտոք: Ով արժանի է, թող նրան էլ տան իրենց քվեն:

- Եվ այս հարցը` որպես վերջաբան: Ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլն ընտրվելու դեպքում եւ չընտրվելու դեպքում:

- Ընտրվելու դեպքում` անմիջապես լծվել նախընտրական խոստումների կատարմանը, չընտրվել չեմ պատկերացնում, ուստի հարցադրման այդ մասին չեմ պատասխանում, որովհետեւ չընտրվել չկա:

Հ.Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել 2016թ. սեպտեմբերի 10-ին: Դրանից մի քանի օր անց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Սիսիանում հայտարարեց, որ Սիսիան համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններում Սյունիքի մարզպետարանի եւ ՀՀԿ տարածքային կառույցի նախընտրելի թեկնածուն Արթուր Սարգսյանն է:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31