Հրահանգ կա վերևից. զարտուղի ճանապարհներով գործարքների գնացողները խստորեն կպատժվեն. Զարուհի Բաթոյանը՝ բժշկասոցիալական ոլորտի բարեփոխումների մասին

19.12.2018 10:39
995

Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է ոլորտում իրականացվող բարեփոխումները:

- Ինչպե՞ս կգնահատեք, Ձեր պաշտոնավարման ամիսները, ինչպիսի՞ շրջան էր Ձեզ համար:

-Շրջանը, որպես այդպիսին, շատ ծանր չէր, որովհետև ոլորտին ծանոթ էի: Չնայած, կարող եմ ասել, որ ավելի շատ հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու ամիսներ էին: Տարբեր աշխատանքային խմբերի հետ քննարկումների, հանդիպումների միջոցով ավելի շատ հետազոտական, քննարկումների շրջան էր, որ կոնկրետ բարեփոխումներին ուղղված ծրագրերը շատ ավելի լավ ուսումնասիրենք: Հասկանանք, թե ինչպիսի ծրագրերի անհրաժեշտություն կա, որոնք բարելավելու կարիք ունեն: Աշխատանքային շրջանը բուռն էր այն իմաստով, որ զուգահեռ գործընթացներ կային, որոնց մենք ուղղակի պարտավոր էինք արձագանքել:

-Լինելով ոլորտին ծանոթ մարդ՝ ասացիք, որ նաև անցկացրել եք ուսումանսիրություններ։ Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել և որո՞նց եք հասցրել անդրադառնալ:

-Խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության ճանաչման կամ հաշմանդամության խմբի տրամադրման հետ: Այս գործընթացը խնդրահարույց է, և բոլորը, կարծես թե, ծանոթ են դրան: Փորձեցինք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել, մենք իրականում ցանկանում ենք գնահատման այլ մոդել ներդնել Հայաստանում, որն ավելի շատ հիմնված կլինի մարդու իրավունքների վրա: Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինի միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Գործող համակարգն այդպիսին է: Մենք պետք է գնահատենք անձի կարիքները, որպեսզի հասկանանք, թե ինչ ծառայություններ առաջարկենք: Միգուցե մեկն ունի իր բնակարանը հարմարեցնելու խնդիր, մեկը՝ միայն լսողական սարքի կարիք, մյուսը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունի: Այսօր այդ անհատական մոտեցումը չկա: Անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը բացակայում է: Այս կարճ ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել: Օրինակ, նվազագույնի են հասցվել խորհրդատվական նպատակով ԲՍՓ գործակալություն ուղարկվող դեպքերը: Այսինքն՝ մարզերից հանձնաժողովներից Երևան՝ գործակալություն, ուղարկվող դեպքերն ենք նվազագույնի հասցրել: Մյուս փոփոխությունը կապված է տեխնիկական հարցերի հետ: Նախ՝ գրանցումը, որ մարդիկ կոնկրետ ժամերով գրանցվեն: Ստեղծեցինք ֆեյսբուքյան էջ, որ նրանք կարողանան առցանց կապի մեջ լինել, իրենց մտահոգող հարցերը բարձրացնել: Սա շատ կարևոր է, որ որևէ բնակավայրից հաշմանդամները չհասնեն Երևան կամ մարզկենտրոն ինչ-որ բան ճշտելու: Տեղեկատվական բացն ենք լրացնում:

Դրանից բացի, ամսվա ընթացքում մեկ անգամ բոլոր հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են ունենում նախարարությունում և քննարկում բոլոր վիճելի մեթոդական հարցերը: Հանձնաժողովի աշխատանքները բարելավելու համար նախարարության կազմում ստեղծել ենք կենտրոնական հանձնաժողով, որտեղ մասնագետները կլինեն որպես 3-րդ օղակ: Եթե անձը կարող էր հանձնաժողովի որոշումը բողոքարկել մեկ օղակում, որից հետո պետք է դիմեր դատարան, ապա այսօր մինչ դատարանը կա ևս մեկ օղակ՝ նախարարության մասնագետների խումբը:  

 -Դուք թվարկեցիք արված աշխատանքը, սակայն հիմնականում այս ոլորտի խնդիրներն այն հանգամանքի հետ են կապված, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում հանձնաժողովների որոշումներին: Այս արված աշխատանքը նպաստո՞ւմ է, որ մարդիկ վստահեն այդ գործընթացին:

-Այո, տեղեկատվության տրամադրումը կարող է նպաստել, որովհետև եթե մարդ անտեղյակ է, չգիտի, թե ինչ չափանիշներով է գնահատվում, ինչպես է կայացվում որոշումը, ինչու է այս կամ այն հանձնաժողով գնում, փաստաթղթեր տանում, ապա իր համար խնդիրը մութ է մնում: Մյուս կողմից՝ վերաբերմունքի խնդիր կա: Մարդիկ շատ հաճախ բողոքում են իրենց հանդեպ վերաբերմունքից, կոռուպցիոն ռիսկերից և այլն:Այդ առումով շատ խիստ զգուշացված են հանձնաժողովների անդամները: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա եթե ունենում ենք որևէ զանգ, մենք միանգամից դիմում ենք իրավապահ մարմիններին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին նման դեպքերում դիմել իրավապահներին:

Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների: Այսօր այդ ճանապարհն այլևս չկա, նման դեպքերը խստորեն պատժվում են, հրահանգ կա վերևից, որ նախկին գործելաոճը չի լինելու, սակայն դա կարող է միանշանակ չընդունվել քաղաքացիների կողմից: Հաշմանդամն սկսում է բողոքել, որովհետև իսկապես գործող չափանիշներով չի սահմանվում հաշմանդամությունը, իսկ նախկինում նման դեպքերով դիմել են գործարքների:

-Միգուցե դա սոցիալական կարգավիճակի՞ց է գալիս. մարդիկ ունեն այդ 20 համ 30 հազար դրամի կարիքը:

-Այո, ցավոք, հաշմանդամության խումբ ունենալն այսօր կապված է նաև սոցիալական հարցերի հետ, թեև հաշմանդամության թոշակն այդքան էլ բարձր չէ: Դրա համար մենք փորձում ենք զարգացնել ծառայությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն անձանց կարիքների հետ:

-Դուք նշեցիք, որ նախատեսում եք նոր մոդել ներդնել, որով հաշմանդամություն ունեցող անձի կարիքները կգնահատվեն ու, ըստ այդմ էլ, ծառայություններ կմատուցվեն: Ե՞րբ դա կյանքի կկոչվի, և կոնկրետ ի՞նչ ծառայությունների մատուցման մասին է խոսքը:

-Մոդելի ուղղությամբ տարվել են աշխատանքներ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, մշակվել են գործիքակազմ, չափորոշիչներ: Նոր մոդելը թույլ է տալիս գնահատել մարդու ոչ միայն առողջական ֆունկցիոնալ վիճակը, այլև միջավայրային պայմանները, խոչընդոտները, սահմանափակումները, որպեսզի պարզ լինի, թե ինչ միջամտության անհրաժեշտություն կա: Այդ միջամտությունը պետք է անենք ծառայությունների մատուցմամբ: Օրինակ, ծառայություններ՝ ուղղված մարդուն աջակցող տեխնոլոգիաներ տրամադրելուն, մարդու զբաղվածությանը, վերականգնողական գործընթացին, տան կամ աշխատատեղի հարմարեցմանը, անձնական օգնականի տրամադրմանը և այլն: Հիմա իրականացնում ենք նաև այդ ծառայությունների ֆինանսական գնահատումը: Ցավոք, մենք դեռ չունենք բոլոր հաշմանդամ անձանց կարիքների գնահատում, պարզ չէ, թե կոնկրետ անձն ինչի կարիք ունի: Դրա համար դժվար է ծառայությունների ֆինանսական վերջնական գնահատականը տալը: Հիմա այդ ամենն արվում է, ֆինանսական հաշվարկները շատ մոտավոր կլինեն:

-Դուք որոշե՞լ եք, ձեր գործունեությունը շարունակելու եք գործադի՞ր, թե օրենսդիր մարմնում:

- Ես ուզում եմ շարունակել գործադիրում: Դեռ դա չենք քննարկել քաղաքական թիմով, բայց, հավանաբար, ես կմնամ գործադիրում: Այս ծրագրերը, որոնց մասին պատմեցի, շատ կարևոր են: Ինձ համար էլ կարևոր է, որ կարողանանք մինչև վերջ իրականացնել: Դրանք լուրջ փոփոխություններ են, և ես ինձ պատասխանատու եմ զգում:

Աննա Գզիրյան

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37