Հրաշալի կենսապատում

05.05.2023 12:32
528

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հումանիտար գիտությունների բաժանմունքի երկարամյա թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի նույնքան երկարամյա պրոռեկտոր, անվանի տնտեսագետ, նկարիչ, մանկավարժ, Սյունյաց աշխարհի լավագույն զավակներից Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանն այսօրվա հայ հասարակությանն ու եկող սերունդներին կտակել է ճանաչողական մեծ արժեք ունեցող իր կենսապատումը: Այն վերնագրված է «93-ամյա կենսագրական էջեր»:

Կենսապատումը ներկայացնում է նրա կյանքի հաճախ դժվարին դրվագներ ունեցող ուղին, որն ինքը հաղթահարել է նպատակաուղղվածությամբ և, անշուշտ, կենսասիրությամբ:

Գրիգոր Ղարիբյանի կյանքի պատմության գործող անձինք Հայաստանի գիտական, մշակութային, քաղաքական կյանքում նշանակալի դեր կատարող մարդիկ են՝ գերակշիռ մասը ծագումով Սյունյաց աշխարհից:

Այս գրքից պարզորոշ երևում է հեղինակի կյանքի ընթացքը Խորհրդային Հայաստանում և դրան հետևած անկախության տարիներին:

Նրա մանկության տխուր էջերից է 1938 թվականին Ալեքսան հայրիկին կուլակաթափ անելն ու մեկ տարի Գորիսի բանտում պահելը: Իսկ ամենամեծ ողբերգությունն իր սիրելի կնոջ՝ Գայանեի մահը, որը հեղինակի կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ եղել է հաստատուն հենարան:

Բարեկեցիկ ընտանիքում մեծացած քաղաքաբնակ գեղեցկուհին ընտրել է նյութական ապահովություն չունեցող երիտասարդին, ու նրանք ստեղծել են իրենց օրինակելի ընտանիքը:

Երկրորդ մեծ վիշտը Գրիգորի ավագ եղբայրներ Երվանդի ու Հայկազի զոհվելն է Հայրենական մեծ պատերազմում:

Գիտականորեն ապացուցված է, որ մարդկանց չնչին տոկոսն ունի երախտագիտության այնքան կարևոր զգացմունքը: Այս գրիքը լի է երախտագիտության խոսքերով՝ ուղղված բոլոր այն մարդկանց, ովքեր գիտնականի կյանքում աջակցել են նրան: Դրանք առաջին հերթին իրեն որդեգրած նանաներն են (մայրերը)՝ Բոխչագյուլն ու Լալան, ովքեր Գայանեի մեծ սրտի ու մարդասիրական հոգու շնորհիվ գյուղից տեղափոխվեցին Երևան, ապրեցին Գայանեի տանը՝ կատարյալ սիրո ու հոգատարության մեջ: Այս փաստի ներկայացումը գրքում հիշեցնում է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի հարցազրույցի մի հատվածը՝ տպագրված Փարիզի «Պարի Մատչ» ամսագրում: Վերնոյն ասում է, թե «Մայրիկ» ֆիլմը նկարել է ոչ միայն դատապարտելու երիտթուրքերի իրականացրած հայերի ցեղասպանությունը, այլև եվրոպացիներին սովորեցնելու հայերի մարդասիրական ավանդույթը: Հայը երբեք ծերացած ծնողներին ծերանոց չի տանում:

Գրիգոր Ղարիբյանն իր ուսումնառությունը Երևանում սկսել է Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանում՝  նկարիչ դառնալու երազանքով: Սակայն ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով երրորդ կուրսից թողել է ուսումնարանը: Մի շարք դպրոցներ մերժում են նրան ընդունել՝ միջնակարգ կրթությունն ավարտելու համար: Նրան օգնում է Հակոբ Հարությունյանը, անվանի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հայրը:

Գրիգոր Ղարիբյանին օգնության ձեռք է մեկնել անվանի տնտեսագետ Սմբատ Բադալյանը, ով խոստումնալից երիտասարդին ծանոթացրել է Հայաստանի ներքին գործերի նախարարության գեներալ-մայոր Ռաֆայել Մուրադյանի ընտանիքի հետ, և ուսանողական տարիներին Գրիգորն ապրել է նրանց հյուրընկալ հարկի տակ:

Անշուշտ, ապագա տնտեսագետի կյանքում կարևոր դեր են կատարել Մոսկվայի Վ. Մ. Լոմոնոսովի համալսարանում սովորելու տարիները, որոնց ժամանակ մշտապես իր կողքին է եղել սիրելի կինը՝ Գայանեն:

Գրքում հեղինակի կողքին կան բազմաթիվ մտավորականների ամբողջական դիմանկարներ: Գիրքը յուրօրինակ հանրագիտարան է:

Ղարիբյանի պաշտելի անձերից մեկը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանն է՝ այն հայը, ով առանց վախենալու ԽՍՀՄ-ի առաջին դեմքի՝ Միխայիլ Գորբաչովի դեմքին խիզախորեն նետեց պայքարի ձեռնոց՝ հանուն Արցախի ազատագրման: Գորբաչովը Համբարձումյանի մարտահրավերը չմոռացավ, և նրան 70 տարեկան դառնալու պատրվակով ազատեցին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից: Այդ կերպ նաև հեռացնելով մեծ հայրենասերին Հայաստանի քաղաքական դաշտից:

Գրքում կարդում ենք նաև մարդկային նախանձի դրսևորման ավերիչ դեպքերի մասին:

«Հաջորդ ծանր հատվածը 1997 թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսի ընտրության ժամանակ իմ ստացած ձայների կեղծումն էր, որի արդյուքում ես չընտրվեցի ակադեմիկոս: Այդ ընտրություններում ՀԳԱ ակադեմիայում ընդամենը տաս քվեաթերթիկ էր համարվել անվավեր, որից իննը իմ քվեաթերթիկներն  էին: Երբ այդ մասին տեղյակ պահեցի ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին, զարմացավ և քվեաթերթիկը ստուգման ուղարկեց ՀՀ Ազգային անվտանգության կոմիտե: ՀՀ Ազգային անվտանգության կոմիտեից պաշտոնապես պատասխանեցին, որ իմ քվեաթերթիկները  հաշվելու ժամանակ կեղծիք է թույլ տրվել:

ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, չխայտառակվելու համար խնդրեց ձայն չհանել, չբողոքել»: Բացի այդ Գրիգորի դոկտորական ատենախոսությունն Արտաշես Առաքելյանի «ջանքերով» չի հաստատվել Մոսկվայում ուղիղ 4 տարի:

Սակայն այս գիրքն աչքի է ընկնում իր լուսավոր կողմերով:

Կյանքի հասուն տարիքում Գրիգոր Ղարիբյանը վերադառնում է իր պատանեկական տարիների երազանքին՝ նկարչությանը և սկսում վրձնել հայրենի Սյունիքի բնաշխարհը: Մի քանի անգամ Երևանում բացվել է նրա նկարների ցուցահանդեսը: Գրքում կարելի է տեսնել գիտնականի հրաշալի բնանկարներն ու ծաղկային կոմպոզիցիաները: Ընդհանրապես գիրքն աչք է շոյում բազմաթիվ գունավոր նկարներով:

Գրքի էջերից իմանում ենք, որ Հայաստանի գիտության մեջ, որպես Սյունիքի պարծանք, նա պաշտում է միջազգային հռչակ ունեցող Նիկողայոս Ադոնցին, իսկ ժամանակակից գրականության մեջ նրա սիրելին Համո Սահյանն է, ում նվիրված հոդված ունի «Սյունյաց երկիր» թերթում: Նա իր հոդվածում մեջբերում է քաղաքական գործիչ, գրականության սիրահար Ալեքսան Կիրակոսյանի հետևյալ դիպուկ բնութագիրը. «Համոյի պոեզիան տիեզերական վիթխարի տարերք ունի: Չունի մի տող, որ անկեղծորեն գրած չլինի: Համոն մեր ժողովրդի ազգային կյանքի հանրագիտարանն է: Համոն վիթխարի անհատականություն է և անսպառ գանձ: Իմաստնության հեղեղ է, ապշելու բան է»:

Մի առանձին բաժին գրքում ներկայացնում է Ղարիբյանին սրտամոտ գեղանկարիչներին, քանդակագործներին: Դրանց մեջ են տարբեր ազգանուններով, սակայն հարազատ եղբայրներ, տաղանդաշատ նկարիչ Զախար Խաչատրյանն ու քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: Նրա սիրելիներից են նաև նկարիչ Փարավոն Միրզոյանը և արվեստաբան Արարատ Աղասյանը, ովքեր առանձին հոդվածներով ներկայացված են գրքում:

Սյունյաց աշխարհի քաղաքական մերօրյա գործիչները ևս կան գրքում: Ներկայացված են Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Սուրեն Թովմասյանը, 2-րդ քարտուղար Մուշեղ Ադոնցը, Հայաստանի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի նախագահ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարտին Հարությունյանը, Երևանի քաղսովետի նախագահ, Երևանն առաջնակարգ քաղաք դարձրած Գրիգոր Հասրաթյանը, Պավել Սաֆյանը, Հայաստանի բանկի կառավարիչ Վլադիմիր Աղասյանը, Յուրի Ջավադյանը, Գագիկ Ոսկանյանը: Չմոռանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես սյունեցի է:

Առանձին բաժին են կազմում գրքում եղած սյունեցի գիտնականները, որոնց երկու հոդվածով գլխավորում է Նիկողայոս Ադոնցը: Հոդվածներ կան Կարապետ Մելիք-Օհանջանյանի, Հրանտ Ադոնցի, Էդուարդ Աղայանի, Հրաչիկ Սիմոնյանի, Ս. Ա. Արզումանյանի, Մորուս Հասրաթյանի, Լենդրուշ Խուրշուդյանի, Արամ Սիմոնյանի, Մուշեղ Ադոնցի, Մուրադ Հասրաթյանի, Աելիտա Դոլուխանյանի, Արարատ Աղասյանի մասին:

Գրքում առանձին բաժին կա աշխարհահռչակ միկրոքանդակագործ, նկարիչ, արվեստագետ, ջութակահար Էդուարդ Տեր-Ղազարյանի մասին, որի գործերը ցուցադրվում են աշխարհում, ինչպես, օրինակ, Օռլանդոյի (ԱՄՆ) հռչակավոր «Հավատալ, թե՝ ոչ» թանգարանում: Նրա ծնողները Սիսիանից էին:

Գրքում զետեղված են Գրիգոր Ղարիբյանի 80, 85, 90-ամյակների առիթով հանրապետության մամուլում հրապարակված հոդվածները, պարգևատրման նկարները: Նրան շնորհավորել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հայագիտության և հասարակագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, հայրենակիցները, նշանավոր ուսանողները:

Գրքի սկզբում դրված է Գրիգոր Ղարիբյանի նկարը, իսկ վերջում՝ Շաքիի հրաշք ջրվեժի ֆոտոնկարն է:

Գրախոսականն ուզում եմ ավարտել գիրքը եզրափակող «Վերջաբանի փոխարեն» հատվածով:

«Ավարտեցի «93-ամյա կենսագրական էջեր» գիրքս: Ամենաթանկ էջն ինձ համար չորրորդ էջն է, ուր զետեղված են Հայրենական մեծ պատերազմում զոհված, դեռ չամուսնացած եղբայրներիս՝ Երվանդի և Հայկազի զինվորական հագուստներով նկարները և իմ «Կակաչ» գեղանկարը:

Այսօր, անհետք զոհված եղբայրներիս միայն ես եմ հիշում: Վաղը՝ ինձանից հետո նրանց հիշող չի լինելու: Նրանց «կհիշի» միայն գրքիս արցունքոտված չորրորդ էջը:

Պատերազմները միշտ էլ հազարավոր անհետք զոհված երիտասարդներով մեծ վիշտ են պատճառել իրենց հարազատներին: Ո՞րն է մեր փրկությունը: Մեծ իմաստուն Ավետիք Իսահակյանը «Ուստա Կարո» գրքում (էջ 410) գրել է. «Հայերի թուրը շողալով տեսնի, ու գյուլլեն երկինք հասնի աստված վախից էլի կհայանա»: Արդյունքում, մենք կփրկվենք:

Թշնամիներով շրջապատված Հայաստանը գոյատևելու, զարգանալու համար պետք է ամեն գնով ստեղծի շողացող թուր-ուժեղ զինված բանակ և ուժեղ դպրոց: Դա է մեր փրկությունը»:

 

Աելիտա Դոլուխանյան

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 

 

 

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23