Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ տեղի է ունեցել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն, որն ուղեկցվել է մի քանի անձանց «ամոթ,ամոթ» վանկարկումներով։ Միջոցառումը առանց միջադեպի չի անցել։ Մի երիտասարդ փորձել է շշով «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա: Նա հայտարարել է, որ «սատանիստներին» է լցնելու զելյոնկան:
Ի դեպ, նրան բերման են ենթարկել։
Միջոցառմանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը, որն այժմ կատարում է խմբակցության ղեկավարի պարտակությունները, քանի որ վերջինս բացակայում է անձնական խնդիրների պատճառով։
Նա, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մասնակցել է միջոցառմանը, եւ իրենց պարախումբն է կազմակերպել այն՝ նշելով, որ ժամանակակից պարի ներկայացում է։
«Ի դեպ, սատանիզմի հետ կապ չունի»,-ավելացրեց Խաչունցը։
Նշենք, որ միջոցառումը բուռն քննարկումների առիթ է դարձել, շատերն այն քննադատում են՝ համարելով սատանիզմ։
Նշենք, որ ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։
Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։
Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։