Ի՞նչ դերակատարություն կունենա ԵՄ դիտորդական առաքելությունը Սյունիքի անվտանգության ապահովման գործում, և արդյո՞ք կունենա

23.02.2023 16:47
120373

2022 թ. դեկտեմբերի 27-ին ԵՄ բարձր ներկայացուցչին հասցեագրված նամակով ՀՀ արտգործնախարարը հրավիրել էր Եվրոպական Միությանը՝ Հայաստանում տեղակայելու քաղաքացիական առաքելություն:

2023 թ. հունվարի 23-ին՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց Հայաստանում Եվրոպական Միության առաքելություն գործուղելու մասին, որը կունենա գործունեության երկու տարվա մանդատ:

ԵՄ առաքելության անձնակազմը բաղկացած է մոտավորապես 100 հոգուց: Տարածված պաշտոնական տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ նրանցից 50-ը զինված կլինեն:

Եվրոպական դիտորդական առաքելության աշխատանքները մեկնարկել են փետրվարի 20-ին:

Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվել է Եղեգնաձոր քաղաքում:

ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված հարցեր են ծագել նաև Սյունիքում, և դրանք պարզաբանելու համար զրույցի հրավիրեցինք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանին:

- Պարոն Ոսկանյան, զրույցը սկսենք Արդարադատության միջազգային դատարանի երեկվա՝ փետրվարի 22-ի որոշմանն անդրադարձ կատարելով: Արդյո՞ք Հաագայի դատարանի որոշումը պարտադիր կատարման ենթակա է, և Ադրբեջանը Լաչինի միջանցքից հետ կկանչի «բնապահպաններին»:

- Անկեղծ ասած՝ իրավական հարթությունում չեմ կարող դրան գնահատական տալ, որովհետև մասնագիտական պատրաստվածությունս ուղղակի չի ների դա անել: Բայց կարևոր է նման որոշումների առկայությունը: Ըստ էության այդպիսի որոշումները ստեղծում են բավարար իրավական հիմք կամ նաև բավարար հասարակական տրամադրությունների հող՝ միջազգային ասպարեզում, որպեսզի շարունակենք պայքարն Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ, որի ամենաառաջնային բաղադրիչն այսօր Բերձորի միջանցքի խնդիրն է:

Որքանով Ադրբեջանն ուշադրություն կդարձնի դատարանի որոշմանը… Կարծում եմ՝ կփորձի խուսափել որոշման կատարումից, բայց, կրկնեմ, նման որոշումների, փաստաթղթերի առկայությունը նաև իրավական տիրույթում մեր դիրքերն ուժեղացնում են և հնարավորություն տալիս այլ գործիքակազմերի ներգրավմամբ լուծելու խնդիրները, որոնք Արցախի բնակչության համար կենսական նշանակություն ունեն:  

- Հիմա՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին:

Ե՛վ առաքելության ղեկավարը, և՛ Հայաստանի արտգործնախարարը հույս են հայտնում, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:

Արդյո՞ք հնարավոր է հռչակված այդ նպատակն իրականացնել գործնականում:

- Գործընթացը պետք է դիտարկել ավելի լայն կտրվածքով, իսկ դա նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման որոշակի բաղադրիչը, փաստորեն, պետք է իրականացվի դիտորդների կողմից:

Արդյո՞ք հնարավոր է 100 (բոլորովին անզեն կամ կիսով չափ զինված) դիտորդներով վերահսկել բավական ընդարձակ տարածքը: Կարծում եմ՝ ֆիզիկապես նույնիսկ դա անելն անհնարին է, հետևաբար՝ դիտորդական առաքելության ներկայությունը զուտ խորհրդանշական կգնահատեի, ոչ ավելին:

Ինչ վերաբերում է խնդրին, թե դիտորդները պետք է տեղեկատվություն փոխանցեն առկա իրավիճակի մասին… Բերվեց պատճառ՝ Ադրբեջանը մտավախություն ունի, որ հայկական և ռուսական կողմերը համատեղ ջանքերով փորձում են ռևանշի դիմել: Բայց դա անելու համար չեմ կարծում, թե պարտադիր էր դիտորդական առաքելության ներկայությունը՝ հաշվի առնելով արդի տեխնիկական հնարավորությունները:

Մեկ այլ կարևոր հանգամանք, որի վրա կուզենայի ուշադրություն սևեռել. Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ունի անվտանգային մեխանիզմներ իր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ, և բոլոր հավելյալ մեխանիզմները, որոնք ստեղծվում են, պետք է կոչված լինեն փոխլրացնելու առկա բացերը, այլ ոչ թե փոխարինելու դրանց:

- Ինչպե՞ս եք պատկերացնում առաքելության դերակատարությունը Սյունիքում, երբ Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ի սկզբանե) մերժելի քայլ են համարել ԵՄ դիտորդների հայաստանյան առաքելությունը: Առավել ևս, որ ՌԴ սահմանապահ կամ խաղաղապահ ուժերը մեր սահմանագոտու բազմաթիվ հատվածներում են:

- Տեսեք, Մոսկվայում լուրջ անհանգստություն կա այդ կապակցությամբ: Թեհրանը նույնպես, մեղմ ասած, խանդավառ չէ դիտորդական առաքելության ներկայությամբ:

Մեկ այլ կարևոր հանգամանք. այո, առաքելությունը հանդես է գալիս Եվրոպական Միության մանդատով, բայց բոլորը, այդ թվում Մոսկվայում և Թեհրանում, գիտեն՝ այդ նույն ԵՄ երկրները նաև ՆԱՏՕ-ական պետություններ են, հետևաբար՝ ռուսական և իրանական կողմերն այդ գործընթացը դիտարկում են ոչ թե Եվրոպական Միության դիտորդների հանգամանքը նկատի ունենալով, այլ ենթադրելով, որ գործ ունենք ՆԱՏՕ-ական ուժերի հետ: Այո, նրանք դիտորդներ են, բայց ՆԱՏՕ-ական պետություններ ներկայացնող անձինք:

Հատկապես Մոսկվայում նման անհանգստություն կա, ինչը  երևում է նաև պաշտոնական հայտարարություններից: Դա որոշակի նոր մարտահրավերներ է ստեղծում թե՛ հայ-ռուսական հարաբերությունների, թե՛ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում: Իսկ նման մարտահրավերները, միանշանակ, չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետև գիտենք՝ հողի վրա, հատկապես Սյունիքում և Հայաստանի Հանրապետության մնացած մասում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում, անվտանգությունն ապահովվում է ռուսական զորակազմի կողմից: Դրանց կարող ենք կոչել խաղաղապահներ, սահմանապահներ, բայց իրականության մեջ գործ ունենք ռուսական ռազմական ներկայության հետ, որը կարևոր զսպող հանգամանք է թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին, թե՛ Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման գործում:

Մյուս կողմից՝ եթե դառնանք Հայաստանի հարավային հարևանին, որի հետ անմիջականորեն սահմանակցում է Սյունիք մարզը, ապա արդեն իսկ աներկբա և անկասկած է, որ 2022-ի սեպտեմբերյան սահմանային սրացումների ու ադրբեջանական հերթական ագրեսիայի պայմաններում Իրանը կարևորագույն դերակատարություն ունեցավ ադրբեջանաթուրքական նկրտումները զսպելու գործում:

Ուստի ունենք մի իրավիճակ, երբ հենց հողի վրա մեր անվտանգությունն ապահովում են ռուսական զորակազմը, նաև իրանական կողմը՝ իր հռետորաբանությամբ, Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով պարբերաբար անցկացվող զորավարժություններով, դիվանագիտական ջանքերով:

Եվ ունենք եվրոպացի դիտորդներ, որոնք ներկայացնում են ՆԱՏՕ-ական պետություններին, ինչը, բնականաբար, առաջացնում է որոշակի հակասություններ և շահերի բախում:

Հայաստանի Հանրապետության իմաստնությունը պետք է դրսևորվի այն բանում, որ կարողանա մեր տարածքում խուսափել խոշոր խաղացողների շահերի բախումից, որովհետև դա կարող է հղի լինել վտանգներով:

Եվ, ի վերջո, մի շատ կարևոր հանգամանք նույնպես, որին անպայման կուզենամ անդրադառնալ. մենք հաճախ մոռանում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը, որպես առաջնահերթություն, հենց Հայաստանի Հանրապետությանն է: Երբեմն մեզանում, նաև հասարակական տիրույթում,  տրամադրություններն այնպիսին են, որ ենթադրվում է, թե մեր անվտանգությունը պետք է ապահովեն ուրիշները: Ո՛չ, և կրկին անգամ ո՛չ: Մեր անվտանգության միակ և ամենավստահելի երաշխիքը հայոց զինվորի, մեր փառապանծ բանակի ներկայությունն է և նրանց վերապահված գործառույթների կատարումը հանրապետության սահմանների երկայնքով:  

- Անկեղծորեն՝ շատ ենք ուզում, որ ԵՄ առաքելությունը հավելյալ ներդրում լինի սահմանամերձի անվտանգային համակարգում, բայց... Ֆրանսիայի նախագահի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում արած հայտարարությունը, թե մեզ իբրև բուֆեր են դիտարկում ընդդեմ Ռուսաստանի, մեր հույսերը նվազագույնի է հասցնում:

- Ես չունեմ դիվանագիտական կաշկանդվածություն, հետևաբար՝ շատ անկեղծ և ուղիղ կպատասխանեմ Ձեր հարցին: Մենք պետք է նախևառաջ մեզ համար արձանագրենք՝ որքանո՞վ է Հայաստանն անհրաժեշտ հավաքական Արևմուտքին:

Կարծում եմ՝ մի դեպքում կարելի է խոսել նման կենսական անհրաժեշտության մասին, եթե Հայաստանը հակառուսական և հակաիրանական ուղղվածություն ունեցող պետություն լինի:

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ նման «շռայլություն». բնականաբար, ոչ: Այլապես դա կլինի ոչ միայն վտանգներով լի պահվածք մեր պետության հանդեպ, այլև կարող է հանգեցնել խոշոր տերությունների շահերի բախմանը, որը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար:

Հետևաբար՝ Եվրամիության և հավաքական Արևմուտքի ձգտումը Հայաստանը հակառուսական և հակաիրանական նպատակներով օգտագործելն է, ինչը հակասում է ազգային ու պետական մեր շահերին:

Ինչ վերաբերում է Արևմուտքի երկրորդ շահին, ապա դա Ադրբեջանի վրա ազդեցության որոշակի լրացուցիչ լծակ ստանալն է՝ ի դեմս այդ դիտորդների, որովհետև Ադրբեջանը չափազանց սերտ կապերով, հատկապես էներգետիկ ոլորտում և դրա բաղադրիչ հանդիսացող գազային մատակարարումների տիրույթում, կապված է Եվրամիության հետ: Եվ Եվրամիությունը չի էլ թաքցնում դա: Ուստի Բաքվի բռնապետին սանձելու նպատակով օգտագործվում է թե՛ քաղցրաբլիթի, թե՛ մտրակի գործառույթը, և կարծում եմ՝ դիտորդների ներկայությունը նաև այդ մտրակն ապահովելու մեխանիզմներից է:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում ռուսական կողմի շահերին, ակնհայտ է՝ Ռուսաստանի Դաշնությունն ունի կենսական շահեր, և այդ իմաստով Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում հայկական բնակչության առկայությունը, նաև մեր երկու պետական միավորների առկայությունը համահունչ  են ռուսական շահերին:

Կրկին մի կողմ թողնելով հարցի զգացական կողմը, արձանագրենք՝ Ռուսաստանին անհրաժեշտ է տարածք, որտեղ կկարողանա ունենալ իր ռազմակայանները: Եվ նման տարածքները, բացի Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետութունից, Հարավային Կովկասում այլևս չկան: Հետևաբար՝ այս տարածաշրջանում մեր և Ռուսաստանի Դաշնության շահերը միանշանակ համընկնում են:

Մյուս կողմից, եթե դիտարկենք երրորդ խաղացողին՝ Իրանին, ապա ակնհայտ է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի նկրտումները, որոնք միտված են Արցախի ամբողջական կլանմանը և Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս հանդիսացող Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի պոկմանը, ուղղակի հակասության մեջ են իրանական շահերի հետ: Իրանցիները, Աստված մի արասցե, այդ սցենարի իրականացման պարագայում կհայտնվեն անվտանգային բոլորովին այլ՝ իրենց համար խիստ խոցելի միջավայրում: Կկտրվեն դեպի հյուսիս այլընտրանքային ելքից, փաստորեն իրենց հյուսիս-արևմտյան սահմանի երկայնքով կունենան ադրբեջանաթուրքական միասնական ռազմավարական տարածք:

Այնուհետև, Իրանում քաջատեղյակ են, որ հաջորդ թիրախը՝ պանթուրանական ծրագրի իրականացման դեպքում, Թավրիզն է կամ Ատրպատականը, Իրանի հյուսիս-արևմտյան հինավուրց երկրամասը, ուստի իրանական կողմի շահերն էլ այս տարածաշրջանում համընկնում են Հայաստանի Հանրապետության շահերին:

Ուրեմն՝ Եվրամիության հետ Հայաստանն ակնհայտորեն պետք է պահպանի հարաբերություններ, բայց այդ հարաբերությունները (կրկնեմ) պետք է գան փոխլրացնելու առկա անվտանգային բացերը: Եվ որևէ պարագայում չպետք է Հայաստանը թույլ տա, որ մեր պետության տարածքն օգտագործվի հակառուսական, հակաիրանական նպատակներով:

Նույն կերպ նաև մեր պետության տարածքը չպետք է օգտագործվի հակաարևմտյան նպատակներով:

- Ներկա վիճակում, հատկապես Սյունիքում, չափազանց վտանգավոր է կեղծ հույսեր փայփայելը... Կրկին տեղափոխվենք իրականության տիրույթ. միայն արևելքից, հյուսիս-արևելքից և հյուսիսից Սյունիքն Ադրբեջանի հետ ունի երկու հարյուր կմ-ից ավելի սահման:

Եղեգնաձորում տեղակայված առաքելությունն ի՞նչ կարող է անել գործնականում:

- Վերստին նշեմ՝ նրանց ներկայությունը (կարծում եմ) խորհրդանշական բնույթ է կրելու: Այո, որոշակի դիտարկումներ էլ կիրականացնեն, բայց նման առաքելությունից շատ մեծ հույսեր և ակնկալիքներ ունենալն անտեղի կլինեն, և որևէ պարագայում չպետք է ընկնենք էյֆորիայի մեջ, թե Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայվել են եվրոպացի դիտորդներ, թե այլևս խնդիր չենք ունենալու թշնամական նկրտումներ ունեցող ադրբեջանական կոչվող արհեստածին հանրապետությունից:

Ուստի պետք է մեզ համար շատ կարևոր արձանագրում անենք՝ որևէ պարագայում չպետք է մեր հասարակությանը մոլորեցնենք խաղաղության մասին չափից դուրս մեծ ակնկալիքներով, որովհետև դա բթացնում է հանրության իմունիտետը, ինքնապաշտպանական հատկանիշները:

Իսկ եթե դառնանք կոնկրետ Սյունիքին, ապա բոլորի համար ակնհայտ է՝ այսօր աշխարհաքաղաքական շահերի կենտրոնական գոտիներից մեկը Հարավային Կովկասում հենց Սյունիքի մարզն է: Ուստիև՝ Սյունիքի մարզի կարևորությունը միայն Հայաստանի Հանրապետության համար նշանակալի չէ: Սյունիքի մարզը կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար, կարևոր է թուրք-ադրբեջանական միասնական դաշինքի համար, կարևոր է նաև հավաքական Արևմուտքի համար:

Այնպես որ՝ նման աշխարհաքաղաքական կարևորության  տարածքի անվտանգության ապահովումը, կրկնեմ, պետք է իրականացվի հենց Հայաստանի Հանրապետության կողմից, ինչպես մեր պետության մնացած բոլոր տարածքների անվտանգության ապահովումը: Դա է ոչ միայն տրամաբանականը, ոչ միայն պետական մոտեցումը, այլ նաև արժանապատիվ դիրքորոշումը: Եվ պետք է մեր հասարակությանը, մեր ժողովրդին հստակորեն բացատրենք՝ մենք ենք (առաջին հերթին), որ պարտավոր ենք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը: Եվ դա, բնականաբար, պետք է անենք մեր դաշնակիցների ու գործընկերների օգնությամբ, այլ ոչ թե պետական այդ լրջագույն գործառույթը պատվիրակելով կամ վերապահելով նրանց:

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Աղազարյանը վերջնական որոշեց Փաշինյանին մերժել. մանդատը վայր չի դնի

02.12.2024 22:01

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57