Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

27.11.2026 10:57
168

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ բժշկությունը նվաճում է նախկինում անհասանելի թվացող բարձունքներ՝ մշակելով և կիրառելով բուժման այնպիսի եղանակներ, որոնք թույլ են տալիս հիրավի հրաշքներ գործել: Դրան մեծապես նպաստում են գենետիկական հետազոտությունները, որոնց արդյունքներով հաջորդիվ ձեռնարկված քայլերը ոչ միայն նպաստում են բազում կյանքեր փրկելուն, այլև նոր կյանքի սկիզբ են դնում: Բժշկությունը դարձել կամ դառնում է անհատականացված՝ համապատասխանեցվում տարբեր մարդկանց օրգանիզմի առանձնահատկություններին:

Հուսադրող այս զարգացումների մասին է «Արմենպրես»-ի թղթակցի հարցազրույցը Ուզբեկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Առաջադեմ տեխնոլոգիաների կենտրոնի Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Ալիշեր Աբդուլլաևի հետ:

- Որքանո՞վ են արդիական գենոմային հետազոտությունները ժամանակակից բժշկությունում:

- Բավականին արդիական են, քանի որ գենոմային հետազոտությունները հետզհետե ավելի հասանելի են դառնում նաև ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությամբ երկրների համար։ Հետևաբար, շատ երկրներ այժմ սկսում են մշակել և իրականացնել գենոմային սեփական ծրագրերը, քանի որ մինչ այս կատարած գենետիկական հետազոտություններն ու հայտնագործությունները հիմնականում կողմնորոշված են եղել դեպի եվրոպական ծագում ունեցող մարդիկ, իսկ մյուս ռասսաների խմբերը մնացել են թերներկայացված: Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի բնակչությունն առհասարակ ներկայացված չէ տվյալների միջազգային բազաներում: Հետևաբար, ավելի ճշգրիտ ախտորոշիչ համակարգեր մշակելու և հաճախորդներին համապատասխան բուժում նշանակելու համար անհրաժեշտ է անցկացնել գենոմային սեփական հետազոտություններ՝ բնիկների գենետիկական կառուցվածքը ճշտելու, հստակեցնելու և անհատականացված ախտորոշիչ մոտեցումներ մշակելու նպատակով: Ըստ էության, սա է ոլորտի գործնական կիրառումը:

- Ճի՞շտ հասկացա, որ բուժման արդյունավետությունը կարող է կախված լինել մարդու գենոմի կառուցվածքից։

- Միանգամայն ճիշտ է, քանի որ տարբեր մարդկանց գեներում ԴՆԹ-ի հաջորդականությունը կարող է տարբերվել: Դրանք անվանում ենք պոլիմորֆիզմներ։ Գենետիկայում դա մի երևույթ է, որի դեպքում տվյալ պոպուլյացիայում միաժամանակ և որոշակի հաճախականությամբ հանդիպում են նույն գենի կամ ԴՆԹ-ի հատվածի երկու կամ ավելի տարբերակներ: Դրանց հանդիպելու հաճախականությունը կարող է տարբերվել՝ կախված պոպուլյացիայից։ Ըստ այդմ, օրինակ, Արևելյան Ասիայի երկրների բնակիչների՝ չինացիների, կորեացիների կամ ճապոնացիների պարագայում կիրառելի չէ այն ախտորոշիչ թեստային համակարգը, որը մշակվել է եվրոպական պոպուլյացիայի գենում հանդիպող որևէ տարբերակի հիման վրա: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր պոպուլյացիաներում տվյալ մարկերի արձանագրման հաճախականությունը կարող է տարբերվել, հետևաբար, համադրումներ կարող են չլինել:

Գենոմի կառուցվածքը որոշ չափով տարբերվում է, և որոշակի լոկուսների (քրոմոսոմների գենետիկական կամ ցիտոգենետիկ քարտեզի վրա որոշակի գենի գտնվելու տեղը – խմբ.) ժառանգման առանձնահատկությունները պոպուլյացիաներում  նույնպես տարբեր են լինում։ Իհարկե, գենետիկական մակարդակում բոլոր մարդիկ անչափ նման են միմյանց։ Անհատները տարբերվում են գենետիկական տարբերակների փոքր քանակությամբ: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, գենոմները մի փոքր տարբերվում են: Հենց դրանով էլ պայմանավորված են մարդկանց ֆենոտիպային, այսինքն՝ արտաքին տարբերությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի տարբեր գործոնների, դեղորայքային բուժման և ախտորոշման նկատմամբ նրանց օրգանիզմի զգայունության տարբերությունները: Այս ամենը հսկայական դեր է խաղում։ Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է խոլեստերինի մակարդակի նվազեցման կամ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքի՝ ստատինների նշանակմանը, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման պարագայում, երբ կա քիմիաթերապիայի ցուցում: Գենոմային տարբերակներից է կախված այն, թե տվյալ մարդու օրգանիզմն ինչպես կարձագանքի տվյալ դեղամիջոցին։ Այլ կերպ ասած՝ մեկն իրեն լավ կզգա դեղի ստանդարտ չափաբաժնից, իսկ մեկ ուրիշի օրգանիզմը կարող է չընդունել այն՝ արձագանքելով ուժեղ թունավորման դրսևորմամբ:

- Այսինքն՝ բժշկությունն անհատականացվո՞ւմ է։

- Այո, բացարձակապես ճիշտ նկատեցիք՝ դա կոչվում է անհատականացված կամ անձնավորված բժշկություն: Այսինքն՝ անհրաժեշտ է անհատական մոտեցում։ Հիմա առաջատար տարբեր երկրներում նույնիսկ անհատական պատվաստանյութեր են մշակում, օրինակ, օնկոլոգիական հիվանդությունների դեմ։ Այսինքն՝ ուսումնասիրում են քաղցկեղի բջիջները, պարզում են մուտացիաների տեսակներն ու, ըստ այդմ, մշակում անհատականացված պատվաստանյութ։ Նույնը վերաբերում է բուժման տարբեր եղանակների նշանակմանը, օրինակ, այսպես կոչված ֆարմակոգենետիկային՝ հիմնված անհատական մոտեցման և հատուկ դեղաչափերի ընտրության վրա: Սա բավականին լայնորեն կիրառվում է, օրինակ, կարդիոլոգիական հիվանդությունների դեպքում:

- Իսկ վերարտադրողական բժշկությունո՞ւմ։

- Վերարտադրողական բժշկությունում հիմնականում կիրառվում է ախտորոշումը: Հիմա հետազոտություններ ենք անցկացնում վիժման վերաբերյալ: Արդեն իսկ անցկացվում է, օրինակ, քրոմոսոմային տարբեր շեղումների գենետիկական հետազոտություն: Սա կոչվում է ոչ ինվազիվ նախածննդյան թեստավորում, որը թույլ է տալիս առանց օրգանիզմի արտաքին պատնեշների մեջ ներթափանցման, առանց պտղի վրա ազդելու՝ հղիության 10-րդ շաբաթվա ընթացքում մոր երակից վերցված արյան հետազոտությամբ առանձնացնել պտղի ԴՆԹ-ն։ Նման թեստավորումը որևէ կերպ չի վնասի պտղին և մորը, բայց հնարավորություն կտա հայտնաբերել, օրինակ, քրոմոսոմային շեղումների և պաթոլոգիաների առկայությունը։ Համապատասխանաբար, հետագայում կարելի է ընտրել բուժման տարբերակներ, այդ թվում՝ արտամարմնային բեղմնավորման տեսքով։ Իսկ արտամարմնային բեղմնավորման փուլում նույնպես հնարավոր է անցկացնել, այսպես կոչված, նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշում, որը թույլ է տալիս ընտրել այն սաղմերը, որոնք ունեն գենետիկական լավ կազմ, ու դրանք տեղափոխել մայրական օրգանիզմ:

Armenpress

Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները

27.11.2026 16:34

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

27.11.2026 16:27

Դելավերում գրանցվել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ամերիկյան բաժնետերը

27.11.2026 16:14

Պեսկովը բացահայտել է Պուտին-Փաշինյան առաջիկա բանակցությունների օրակարգը

27.11.2026 16:04

Գորիս․ իրավական ֆարս կամ իրավական «բեսպրեդել», որին քնքուշ անուն են տվել՝ նախաքննություն և արդարադատություն

27.11.2026 15:11

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

27.11.2026 11:44

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը

27.11.2026 11:31

Բաքուն ձգտում է ստանալ մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից․ Վարդան Ոսկանյան

27.11.2026 11:26

Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ

27.11.2026 11:15

Այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան խլեցին ԼՂ-ն հայ ժողովրդից, շատ միամիտ կլինի կարծել, որ դա կբավարարի այդ երկրների ախորժակը․ Զատուլին

27.11.2026 11:02

Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

27.11.2026 10:57

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

27.11.2026 10:52