Ութ տասնամյակով իմաստավորված կյանք

30.10.2017 12:44
1595

Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Ստեփանյանը դարձավ 80 տարեկան: Թերթելով նրա կյանքի ութ տասնամյակով չափվող պատմությունը, հանդիպում ես հետաքրքրական դրվագների եւ ուսանելի էջերի: Արտադրության հմուտ կազմակերպիչը զբաղվել է նաեւ դասախոսական աշխատանքով, ունեցել ուշագրավ նախասիրություններ:


Լեռնագործի ընտանիքում է աչք բացել: Հայրը՝ Հմայակը, հորատող էր Լենինյան հանքերում: Մանկությունն ու պատանեկությունը համընկել են պատերազմյան եւ հետպատերազմյան դժվարություններով լեցուն ժամանակաշրջանի հետ: Չորսը դեռ չլրացած՝ հայրը մեկնեց պատերազմ: Մարտերից մեկի ժամանակ զոհվել է: Նույնիսկ նրա մտապատկերում հոր կերպարը բացակայում է: Հորեղբայր Գուրգենի, ով պատասխանատու պաշտոններ է վարել իրավապահ մարմիններում, փնտրտուքներն ապարդյուն են անցել. հայրենիքի զինվորը համարվում է անհայտ կորած…


1943-1944թթ. ուստարում դպրոց հաճախեց, մայրը որտեղ պատահի՝ աշխատել է՝ մի կտոր հաց հայթայթելու, որդուն ու դստերը կերակրելու համար: Պատերազմ մեկնած հոր կոշիկներն ու վերարկուն էր հագնում երրորդ-չորրորդ դասարանում, մի կոշիկի մեջ երկու ոտնաթաթը տեղավորվում էր, վերարկուն տաք էր պահում, բայց այնքան երկար էր, որ գետնով քարշ էր լինում: Մանկության ամենապայծառ հուշերից մեկն այն էր, որ մայրը կոշիկ գնեց իր համար, որ երբեք չէր ունեցել: Առաջինը մայրն էր ուրախացել, հետո՝ ինքը:


Ծանր ու դժվարին ժամանակներ էին: «Բայց այդ տարիներին գաղափար չունեինք, թե ինչ է դասից ուշանալը կամ դասը չսերտած դպրոց հաճախելը, մինչեւ «չորս» գնահատականը «հինգ» չէր դառնում, ոչ մեկի երեսին չէինք նայում», - դպրոցական տարիների հուշերն է ներկայացնում 80-ամյա այրը: Միջնակարգն ավարտելուց հետո երկու տարի օգնեց մորը եւ մեկնեց պարտադիր զինվորական ծառայության:


1959-ին զորացրվեց, եւ հենց այդ տարում լեռնամետալուրգիական տեխնիկումը Երեւանից տեղափոխվեց Ղափան, իսկ ինքը դարձավ նրա առաջին ուսանողն ու շրջանավարտը: Մեր զրույցի ընթացքում հընթացս խոստովանում է, որ ապագա կնոջ հետ ծանոթացել է տեխնիկումի ընդունելության քննությունների ժամանակ, ավելի ստույգ՝ հայոց լեզվի քննության օրը: 1962-ին ավարտեց տեխնիկումը՝ «Օգտակար հանածոների հարստացում» մասնագիտությամբ: Հիշում է, որ դիպլոմային աշխատանքը պաշտպանեց հենց արտադրությունում: Ուսմանը զուգահեռ աշխատել է հարստացուցիչ ֆաբրիկայում՝ խտանյութի ֆիլտրման բաժնի բանվոր: Երկու-երեք տարի աշխատելուց հետո տեղափոխվել է կոմբինատի արտադրատեխնիկական բաժին՝ որպես ավագ ճարտարագետ: Լավագույն լեռնագործների հետ է աշխատել՝ Վիգո Աթոյան, Նապոլեոն Առաքելյան, ուրիշներ, ովքեր նպաստել են իր մասնագիտական աճին:


Հետո եկավ բարձրագույն կրթություն ստանալու ժամանակը: Հանքարդյունաբերությանը բարձրակարգ ճարտարագետներ էին անհրաժեշտ: Առանց արտադրությունից կտրվելու ընդունվեց Մոսկվայի լեռնային ինստիտուտ, որն ավարտեց «Օգտակար հանածոների ծննդավայրերի ստորգետնյա վերամշակման տեխնոլոգիա եւ կոմպլեքսային մեքենայացում» մասնագիտացմամբ՝ ստանալով ստորգետնյա աշխատանքների գծով լեռնային ինժեների որակավորում եւ շարունակեց գործունեությունը՝ որպես ֆաբրիկայի վարիչ:


Օրերից մի օր արտադրական խորհրդակցության ժամանակ կադրերի բաժնի վարիչը ղեկավարությանը տեղեկացրեց, թե ֆաբրիկայում գործերը լավ չեն գնում, քանզի արտադրությունում բարձրագույն կրթությամբ հանքահարստացնող ինժեներների պակաս է զգացվում:

Ճարտարագետներից մեկն էր միայն ավարտել Մոսկվայի լեռնային ինստիտուտը՝ հանքահարստացնողի մասնագիտությամբ: «Մտածեցի՝ ինչու չփորձեմ երկրորդ մասնագիտությունը ստանալ, դիմում գրեցի Լենինգրադի Գ.Պլեխանովի անվան լեռնային ինստիտուտ՝ նշելով, որ ավարտել եմ Մոսկվայի լեռնային ինստիտուտը՝ ստորգետնյա աշխատանքների գծով, հիմա ցանկանում եմ հանքահարստացնողի մասնագիտություն ստանալ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Մինչ մեկ շաբաթը եկավ պատասխանը՝ տեղեկացնելով, թե երրորդ կուրսի ուսանող եմ, իհարկե, նաեւ առարկանների տարբերությունները հանձնեցի»: Երկրորդ բուհում ուսումնառությունը տեւեց չորս տարի՝ 1972-1976 թվականներ, ստացավ լեռնային ինժեներ-հանքահարստացնողի որակավորում, որից հետո լեռնահարստացման կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի վարիչն էր՝ մինչեւ 1981 թվականը, երբ նշանակվեց ձեռնարկության գլխավոր ինժեներ, իսկ 1985-1991 թվականներին գլխավորել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Մեր երկրի եւ հենց լեռնահարստացման կոմբինատի համար ծայրաստիճան մի բարդ ժամանակաշրջան էր դա, երբ խզվեցին տնտեսական կապերը հանրապետության սահմաններից դուրս գտնվող գործընկերների հետ, իսկ նորերը չէին ստեղծվել: Առաջիններից մեկն ինքը վերադասի առջեւ հարց բարձրացրեց կոմբինատի արտադրանքը՝ պղնձի խտանյութն արտասահման առաքել, նաեւ արտադրանքի մի մասը փոխանակել ապրանքներով:


Ծանոթանալով նրա կենսագրությանը, վերստին համոզվում ես, որ շարքային լեռնագործից հասել է մինչեւ ձեռնարկության տնօրենի պաշտոնին, անցել հանքագործի մասնագիտության բոլոր աստիճաններով:


1990-ականների առաջին կեսին այլ էր նրա գործունեության ոլորտը, աշխատել է լեռնահետախուզական արշավախմբում, դրանից առաջ՝ ՀՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Կապանի փորձնական գործարանում՝ որպես նոր ֆլոտամեքենաների արտադրման ու ներդրման բաժնի վարիչ: 1989-ին նրան շնորհվել է հեղինակային իրավունք՝ «Պնեւմատիկ ֆլոտացիոն մեքենա» աշխատանքի համար (համահեղինակությամբ): Ալբերտ Ստեփանյանը ձեռնարկեց նաեւ ֆաբրիկայի թափոններից ներկանյութ՝ օխրա ստանալու գործը, նմուշներն ուղարկել էր Լենինգրադ, նաեւ պատվիրատուներ էին հայտնվել: Այնտեղից դրական եզրակացություն էր ստացել, բայց գործին աջակցողներ չեղան, եւ մտահղացումն այդպես էլ իրականություն չդարձավ:


Երբ Կապանում Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ինստիտուտի մասնաճյուղը (1996 թվական), Ա.Ստեփանյանը նորաբաց մասնաճյուղում անցավ դասախոսական աշխատանքի՝ նշանակվելով ընդերքաբանության եւ մետալուրգիայի ամբիոնի վարիչ: Ոչ միայն իր տեսական գիտելիքները փոխանցում էր ուսանողին, այլեւ դասագրքաստեղծ գործունեություն էր ծավալել, այն համոզմունքն ուներ, որ դասախոսն ուսանողի մեջ պետք է տեսնի երկրի ապագա տիրոջն ու պաշտպանին: Մասնավորապես, նրա արխիվային փաստաթղթերի մեջ այսօր պահպանվում է այն վկայագիրը, ըստ որի՝ 2003-2004թթ. հրատարակված լավագույն դասագրքի եւ ուսումնական ձեռնարկի մրցույթում նրան երկրորդ մրցանակ է շնորհվել:


Իր փոխանցմամբ՝ տասից ավելի ուսումնական ձեռնարկներ ունի գրած հանքահարստացման վերաբերյալ, որոշները ձեռագիր վիճակում են: Դրանցից պատճենահանելով օգտվում էին նրա ուսանողները: Հավելում է, որ դրանք գրախոսելուց, խմբագրելուց, սրբագրելուց հետո կարելի է տպագրել եւ օգտագործել որպես ուսումնական ձեռնարկ:


Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանում դասավանդել է մինչեւ 2013 թվականը: Քանիցս խրախուսվել է շնորհակալագրերով ու վաստակագրերով, 1981-ին նրան շնորհվել է «Հայկական ԽՍՍՀ կուլտուրայի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումը, իսկ 2013-ին արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե հուշամեդալի:


Պատանեկան տարիքում Ստեփանյանը հակում ուներ խաղային մարզաձեւերի հանդեպ (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ), բայց ավելի շատ տարված էր ֆուտբոլով: Նույնիսկ բանակում ծառայելիս է լրջորեն զբաղվել այդ մարզաձեւով, ընդգրկված էր այն քաղաքի թիմում, որտեղ տեղակայված էր զորամասը: Նույնիսկ ընկերական հանդիպում են անցկացրել Կիեւի «Դինամոյի» հետ: Բանակից զորացրվելուց հետո եւս զբաղվել է ակտիվ ֆուտբոլով: Իսկ ամենալուրջ հաջողությունը եկավ 1963 թվականին, երբ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում Ղափանի «Լեռնագործը» հաղթեց Լենինականի «Տեքստիլին» եւ ոչ միայն նվաճեց գավաթը, այլեւ իրավունք ստացավ մասնակցել ֆուտբոլի Խորհրդային Միության առաջնության «Բ» խմբի մրցաշարին: Հանդիպման ելքը վճռած միակ գնդակը հակառակորդի դարպասն անցկացրեց «Լեռնագործի» կենտրոնական հարձակվող Ալբերտ Ստեփանյանը: Ֆուտբոլ խաղացել է մինչեւ 1965-66 թվականը, ծնկի ծանր վնասվածք ստացավ, ինչը սահմանափակեց ակտիվ ֆուտբոլով զբաղվելը: Նաեւ մարզչական աշխատանքով է զբաղվել, թվարկում է իր սաների անունները, ովքեր հայտնի մարդիկ են Կապանում, նաեւ ֆուտբոլային աշխարհում: Առաջացած տարիքում եւս հագել է ֆուտբոլիստի մարզազգեստը եւ խաղացել վետերանների համար նախատեսված հանդիպման ժամանակ:
Այդ ամենից զատ՝ Ալբերտ Ստեփանյանը հետաքրքրական զրուցակից է, գրքասեր մարդ: Ազատ ժամանակը լցնում է ընթերցանությամբ, նաեւ տեխնիկական գրականություն է կարդում, հաճույքով խոսում անցած-գնացածի մասին: Ես էլ պատեհ առիթը բաց չեմ թողնում հարցնելու՝ եթե կյանքը նորից սկսեր, կապրեր նո՞ւյն ձեւով, թե՞… «Կապրեի նույն ձեւով, բայց կանեի որոշ քայլեր, որ ժամանակին չեմ արել»:


Կարծիք կա, որ մեր բնական պաշարները գիշատչորեն արդյունահանվում են, ընդերքը թալանվում է, համամի՞տ է այդ կարծիքին:


- Դեմ եմ բնական պաշարներն անարդյունավետ օգտագործելուն, ձեր ասածը նշանակում է ընտրողական արդյունահանում, որ, ըստ ամենայնի, թալան է, դա հանքավայրի մահ է, որ լրիվ հարուստ պարունակություն ունեցող հանքաքարը հանեն, հետո ի՞նչ են անելու: Յուրաքանչյուր տասը տարվա կտրվածքով լեռնահանքային ձեռնարկությունների արտադրողականությունը երկու անգամ պիտի բարձրանա, բա ինչի՞ հաշվին: Պիտի հարուստ երակների հետեւից չընկնեն, ես համախառն արդյունահանման կողմնակից եմ, - պատասխանում է:


Մարդկային ամենաբացասական գծերից է համարում անազնվությունը, դավաճանությունը եւ հավելում, որ չարիքի արմատն այս երկուսն են: Կյանքի ամենատխուր օրն իր համար դստեր մահն էր, ամենաուրախ օրը՝ ավագ թոռան հարսանիքի օրը, արդեն մի ծոռ ունի՝ Նոյ անունով: Հընթացս հետաքրքրվում ենք, թե ովքեր են իր սիրած մանկավարժները:


«Իմ հայոց լեզվի ուսուցիչը՝ Հայկ Խաչատրյանը, ոչ մեկի հետ չեմ փոխի: Մի՞թե այդպիսի մանկավարժ կա աշխարհում: Հայոց լեզվի հարստությունը, լեզվական նրբությունները նրանից եմ սովորել: Լեռնամետալուրգիական տեխնիկումում լավ դասատուներ կային՝ Ղազարյան Բենիկ (մեխանիկա), Գաբրիելյան Շահեն (քիմիա եւ ֆիզիկա), Առուստամյան Կամո  (մաթեմատիկա): Արտադրության ոլորտում ինձ համար մեծություն է Ֆրունզե Պետրոսյանը»:


Ընթերցողին տեղեկացնենք, որ Հայկ Խաչատրյանը 1950-ական թվականներին Ղափանի շրջանային ժողկրթբաժվարն էր, նաեւ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Ղափանի N2 միջնակարգ դպրոցում, հետո տեղափոխվել Երեւան: Գրական հանրությանը հայտնի է «Տիգրան Մեծ», «Արտավազդ», «Քերթողահայրը» եւ այլ պատմավեպերով, «Հացապատում» եւ ուրիշ գրքերով, եղել է Հայկական խորհրդային հանրագիտարանի պատասխանատու քարտուղարը:


Գուցե իր սիրելի մանկավարժի օրինակն է վարակիչ եղել, որ Ալբերտ Ստեփանյանը մինչեւ հիմա չի կտրվել գիր ու գրականությունից, գրչից, հուշագրությամբ է զբաղվում, թղթին է հանձնում իր տպավորությունները, հիշողությունները «ծնված օրից մինչեւ այսօրվա վիճակը», ինչպես ինքն է ձեւակերպում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57