Ինչո՞ւ իշխանազրկվեց Վաչագան Ադունցը

11.09.2017 12:52
2250

Սեպտեմբերի 8-ի օրվա վերջին, երեք օր շարունակ Երեւանում ինչ-որ մարդկանց հետ բանակցելուց հետո, Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը վերադարձել է Գորիս եւ ժամը 18-ին հրաժարականի դիմում գրել ու ներկայացրել ավագանու անդամներին:

Հրաժարական ներկայացնող համայնքապետը մշուշոտ պատասխաններ է տվել ավագանու անդամներին, ովքեր փորձել են իմանալ՝ ինչո՞ւ է հրաժարական տալիս, ո՞վ է դրդել հրաժարականի, ի՞նչ փաստարկների զորությամբ են հրաժարական պահանջում:

Դիմումի մեջ նշված հիմնավորումն էլ՝ «առողջության պատճառով», ինքը համարել է ֆիկցիա՝ մտացածին ձեւակերպում՝ հրաժարականը գոնե այդպես եւ առերեւույթ հիմնավորելու համար:

Դե ինչ, իր գործն է ի վերջո. եթե վաղաժամ հրաժարվում է Գորիսի ընտրողների մեծագույն մասի վստահության քվեից, թող հրաժարվի:

Սակայն իրավունք չուներ, կարծում ենք, հրաժարական տալ՝ առանց ընտրողների հետ անկեղծանալու: Հաշվի չնստել իրեն ձայն տված հազարավորների հետ, հաշվետու չլինել նրանց՝ առնվազն հարված էր Գորիսի արժանապատվությանը:

Եվ նրա անբացատրելի լռությունը, ներփակվածությունն անորոշության, կասկածանքի,  խորհրդավորության մառախուղով են պատել գորիսյան իրականությունը:

Օգտվելով անորոշությունից, հիմք ընդունելով իրադարձությունների անդրկուլիսային բնույթը՝ մայրաքաղաքային լրատվամիջոցները ժամերի ընթացքում մի քանի վարկած առաջադրեցին տեղի ունեցածի առնչությամբ եւ գնահատականներ տվեցին:

Դրանցից մեկ-երկուսի վերաբերյալ մեր դիտարկումները չենք կարող չհայտնել:

Հրաժարականի պաշտոնական վարկածը դիմումի հիմքում դրվածն է՝ «առողջության պատճառով»:

Դրա սնանկության մասին արդեն ասացինք: Երանի մեր շատ նախարարներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ Վաչագան Ադունցի նման առողջ լինեին ֆիզիկապես:

Երկրորդ վարկածը, թե իբր տեղի ունեցածը գործող մարզպետի կամքի կատարում էր, նույնպես ցնորք է: Ավելի ստույգ՝ Վահե Հակոբյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ Վաչագան Ադունցի հետ կապվածը տարբեր գործընթացներ են:

Վահե Հակոբյանն այնքա՜ն զգուշավոր է, որ առանց Երեւանի գիտության քար չէր նետի համայնքապետի ուղղությամբ:

Պարզապես շատ հարմար առիթ է, որ դիպվածը ներկայացվի իբրեւ սեփական հաղթանակ՝ վաղուց երերացող վարկանիշը գոնե մի քանի օրով փրկելու համար:

Եվ եթե ոմանք ինքնամխիթարության համար կատարվածն անպայման ուզում են համարել Վահեի հաղթանակ՝ թող համարեն…

Իսկ գնահատականը, թե Վաչագան Ադունցը նախորդ մարզպետի «բաստիոնն» էր, ինչի համար էլ պաշտոնանկ արվեց, մեծագույն անհեթեթություն է:

Վաչագան Ադունցը, քանիցս ասել ենք՝ լավ մարդ ու քաղաքացի է, ինտելեկտուալ է, կազմակերպական ջիղ եւ փորձ ունի, բայց ինքն ինչ-որ մեկի «բաստիոն» չի կարող լինել, այդ բնույթը չունի:

Այո, ժամանակին Սուրեն Խաչատրյանն էր նրա թեկնածությունը պաշտպանել, ինչպես պաշտպանել է Սիսիանի, Կապանի, Մեղրու, Քաջարանի ներկայիս քաղաքապետերի թեկնածությունը, որոնք այսօր էլ գործող մարզպետի հետ են, բայց…

Որեւէ համայնքապետ (առհասարակ) պետական մեր համակարգում չի կարող որեւէ մարզպետի «բաստիոն» լինել: Մարզպետին համայնքապետերն ընդունում են այնքան ժամանակ, քանի դեռ մարզպետ է, իսկ երբ վերջինս իջնում է նժույգից, առաջինն իրենք են նրան հայհոյում եւ նորանշանակին հավատարմության երդում տալիս (մի՞թե մոռացել եք հնագույն բանաձեւը՝ «թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը»): Վաչագան Ադունցն էլ, ինչպես իր կոլեգաները, քանիցս փորձել է հավատարմության երդում տալ Վահե Հակոբյանին, նույնիսկ ապրիլի 2-ի ընտրություններից առաջ հօգուտ նրա ճառ է ասել Գորիսի թատրոնի դահլիճում (մարզպետի խնդրանքով), բայց վերջինս (ի վերջո) հաշտության չի գնացել, քանի որ վերեւում արդեն իսկ որոշված էր Վաչագան Ադունցի քաղաքական ճակատագիրը:

Մոտ մեկ տարի սյունիքյան անցուդարձի հետ կապ չունեցող Սուրեն Խաչատրյանի անունն այս պարագայում շահարկելը վերստին ցույց է տալիս, որ հետեւողականորեն փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել մարզում տեղի ունեցող գործընթացներից, որոնց դերակատարները միանգամայն այլ մարդիկ են՝ բոլորովին ուրիշ հետաքրքրություններով ու շահերով:

Մինչդեռ, ինչպես ակտիվորեն շրջանառվում է Գորիսում, դեռեւս ս.թ. փետրվար-մարտին են Երեւանում քննարկել Գորիս համայնքի ղեկավարի փոփոխության հարցը եւ ընդունել որոշում:

Այդ ժամանակ էլ հանձնարարվել է գործող մարզպետին՝ խաղաղ ճանապարհով եւ անաղմուկ Վաչագան Ադունցին հեռացնել իշխանությունից, բայց վերջինս դիմադրել է՝ հայտարարելով, որ ինքն ընտրվել է ժողովրդի կողմից եւ մինչեւ 2021 թվականը Գորիսը կառավարելու մանդատ ունի: Դրանից հետո էլ բարձր իշխանությունները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել:

Իսկ ինչո՞ւ են բարձր իշխանությունները Վաչագան Ադունցի պաշտոնանկությունն օրակարգային դարձրել: Մի քանի ենթադրյալ պատճառներից մեկն էլ կարող էր լինել վերջին մեկ տարում համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքները, ինչի վերաբերյալ հրապարակային խոսք գրեթե չասվեց (բացի համայնքապետարանում իրականացված հիմնանորոգման վերաբերյալ հրապարակումից):

Բայց կա իրավական մի հանգամանք, որ թույլ չէր տալիս Վաչագան Ադունցին պաշտոնանկ անել մինչեւ ս.թ. նոյեմբեր ամիս: Ըստ գործող օրենսդրության՝ պաշտոնավարման առաջին տարում չի կարելի պաշտոնանկ անել ընտրյալ համայնքապետին: Ասել է թե՝ նրան հիմա պաշտոնանկ անելու համար մի ճանապարհ կար միայն՝ հրաժարականի դիմում կորզել, ինչպես եւ արվեց:

Կկարողանա՞ր Վաչագան Ադունցը հրաժարվել դիմում գրելուց: Իհարկե կարող էր, մանավանդ որ գորիսյան հանրությունը նրան ընդունում էր, մանավանդ որ նրան սատարում էր համայնքի ավագանին: Բայց գրեց…

Միգուցե հիշեցրել են նաեւ, որ ինքը կորցնելու բան ունի, թեեւ պիտի իմանար պարզագույն բանաձեւը՝ եթե կորցնելու բան ունես, ապա հրաժարականից հետո ավելի սրընթաց է իրականացվում այդ գործընթացը. խաղի ուրիշ կանոն չկա մեզանում:

Ստեղծված իրավիճակում մեզ առավելապես զարմացնում, նույնիսկ վախեցնում են մարդիկ, ովքեր Գորիսում տեղի ունեցածը համարում են ինչ-որ մեկի հաղթանակը կամ Վաչագան Ադունցի պարտությունը:

Դատեցեք ինքներդ՝ մեկ տարի առաջ իշխող ՀՀԿ-ի կողմից բուռն ծափահարություններով համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված եւ հազարավորների կողմից ընտրված, սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակով անձնավորությանը պաշտոնանկ ենք անում՝ չնշելով գոնե մեկ պատճառ, եւ դա ինչ-որ անհայրենիք, անժողովուրդ մեկի հաղթանակը համարում՝ չհասկանալով, չգիտակցելով, որ դա պարտություն է, բոլորիս պարտությունը…

Մեր հանդիմանական խոսքերը, նախատինքը սակայն չեն կարող խանգարել ասելու՝ հազարավոր գորիսեցիների անունից շնորհակալություն Վաչագան Ադունցին՝ Գորիսի քաղաքապետի, ապա Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում մոտ երեք տարի մեր նոր պետությանն ազնվորեն ծառայելու համար: Վստահ ենք, որ նա, շնորհիվ իր գիտելիքների եւ կազմակերպական ունակությունների, այսուհետ եւս պահանջված է լինելու մեզանում: Նա եղել եւ մնում է Գորիսի արժանավոր զավակներից մեկը:

Հ.Գ.

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, տեղի է ունեցել Գորիս համայնքի ավագանու նիստը եւ ի գիտություն ընդունել Վաչագան Ադունցի հրաժարականի դիմումը: Ավագանին բարձր է գնահատել Վաչագան Ադունցի գործունեությունը Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում եւ նրան շնորհակալություն հայտնել հարազատ բնօրրանին անբասիր ծառայելու համար:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25