Ինչու է վտանգված Հայաստանի կենսաբազմազանությունը

10.08.2026 14:22
102

27 տարի առաջ Հայաստանը պաշտոնապես արձանագրել էր, որ ինվազիվ տեսակները սպառնում են երկրի կենսաբազմազանությանը։ Այսօր այդ սպառնալիքը տեսանելի է ամբողջ երկրում․ ինվազիվ տեսակները տարածվել են բոլոր մարզերում, հասել արգելոցներ ու բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ դրանց դեմ պայքարի պետական ծրագրերը մնացել են թղթի վրա։ 

Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է աճում ձեր տան բակում, փողոցի եզրին, գյուղում կամ քաղաքում։ Եթե այս պահին դրսում եք, օրինակ՝ Երևանի փողոցներում, մի պահ նայեք շուրջը։ Հացենի հիշեցնող ծառ տեսնո՞ւմ եք՝ կարմրավուն տերևակոթունով, սիրուն իրար դիմաց դասավորված սրածայր, փետրաձև տերևիկներով։ Եթե ոչ, շարունակեք քայլել ևս 10-15 րոպե և մեծ հավանականությամբ կհանդիպեք։ Խոսքը դրախտածառի՝ Ailanthus altissima-ի կամ պարզապես այլանթի մասին է։ Վերջին տարիներին այն այնքան արագ է տարածվել, որ այսօր կարելի է հանդիպել գրեթե ամենուր՝ բակերում, մայթեզրերին, ճանապարհների երկայնքով, գետերի ափերին ու նույնիսկ բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Սակայն խնդիրը դրա տարածված լինելը չէ։ Այլանթը ճնշում է իր շուրջը աճող բույսերը, խանգարում տեղական տեսակներին և աստիճանաբար փոխում բնական էկոհամակարգերը։ Այն Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող տասնյակ ինվազիվ տեսակներից ընդամենը մեկն է։

Ինվազիվ տեսակները իշխում ու ճնշում են տեղական բույսերը ու կենդանիներին

Ինվազիայի, այսինքն՝ ներխուժման ընթացքում օտարածին տեսակը հաղթահարում է մի շարք բնական արգելքներ և հաստատվում նոր էկոհամակարգում։ Հայտնվելով նոր միջավայրում՝ ինվազիվ տեսակները հեշտությամբ հարմարվում են նոր պայմաններին, արագ բազմանում ու տարածվում։ Ինվազիվ տեսակները իշխում ու ճնշում են տեղական բույսերն ու կենդանիներին, սպառում են էկոհամակարգի ռեսուրսները և դուրս մղում տեղական տեսակները։ Երբեմն հենց այս տեսակները կարող են դառնալ էնդեմիկ տեսակների անհետացման պատճառ։ 

Հաճախ կարելի է շփոթել «ինվազիվ» և «օտարածին» տերմինները։ Օտարածին տեսակներն այն օրգանիզմներն են, որոնք մարդու գործունեության հետևանքով հայտնվել են իրենց բնական տարածման սահմաններից դուրս, լինի դա դիտավորյալ, թե պատահաբար։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ օտարածին տեսակը պարտադիր ինվազիվ չէ։ 

 

 

«Եթե քաղաքում ունենք որևէ օտարածին տեսակ, որը որպես դեկորացիա է աճեցվում, այն դեռևս ինվազիվ տեսակ չէ։ Այն կարող է տարիներ շարունակ աճել ու մնալ իր տեղում։ Ինվազիվ տեսակ լինելու համար նույն օտարածին տեսակը պետք է ինքնուրույն բազմանա ու տարածվի նոր բնական էկոհամակարգերում»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Ալլա Ալեքսանյանը։ 

Ինվազիվ տեսակները նոր միջավայրերում կարող են հայտնվել նաև մարդու գործունեության հետևանքով։ Դրան նպաստում են, օրինակ, ջրանցքների կառուցումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև դրանց տեղափոխումը տրանսպորտային միջոցներով, հողի, կերի կամ սննդամթերքի միջոցով։

Կենսաբանական, այդ թվում՝ ինվազիվ տեսակների ներխուժումների շարունակաբար աճող տեմպերը ներկայումս համարվում են ոչ միայն կենսաբազմազանության, այլև մարդու առողջության համար գլխավոր գլոբալ սպառնալիքներից մեկը։

Բնական էկոհամակարգերի վրա թողած սպառնալիքի չափով ինվազիվ տեսակները լինում են շատ բարձր և բարձր վտանգավորության, ինչպես նաև պոտենցիալ ինվազիվ։ Շատ բարձր վտանգ ներկայացնող տեսակները ներթափանցում են բնական էկոհամակարգեր, ակտիվ տարածվում են՝ տիրապետելով տարածքին ու դուրս մղելով տեղական տեսակները։  Բարձր վտանգ ներկայացնող տեսակները հաջողությամբ ներթափանցում են նոր էկոհամակարգեր ու տարածվում, բայց դեռևս գերիշխող տեսակ չեն էկոհամակարգում։ Իսկ արդեն պոտենցիալ ինվազիվներն այն տեսակներն են, որոնք դեռևս տվյալ էկոհամակարգում գրանցված չեն, բայց այլ երկրներում, հատկապես հարևան տարածաշրջաններում, հայտնի են որպես վտանգավոր ինվազիվ տեսակներ։ 

Հայաստանը տարբեր ինվազիվ տեսակների համար բարենպաստ պայմաններ ունի

Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, համարվում է կենսաբազմազանության համաշխարհային նշանակության «թեժ կետերից» մեկը։ Հայաստանը հատկապես խոցելի է ինվազիվ տեսակների նկատմամբ, քանի որ առանձնանում է էնդեմիկ տեսակների բարձր մակարդակով և հարուստ կենսաբազմազանությամբ։ 

«Հայաստանում առկա այդ բազմազանությունն ապահովում է, որ մենք ունենանք նաև օտարածին տեսակների բազմազանություն։ Հարուստ բնակլիմայական պայմանների շնորհիվ Հայաստանը տարբեր ինվազիվ տեսակների համար բարենպաստ պայմաններ ունի։ 

Այդպիսով Հայաստանում ավելի շատ ինվազիվ տեսակների հաստատման հնարավորություններ կան։ Այս ամենը մեծացնում է առկա տեսակների նկատմամբ վտանգը»,- նշում է Ալլա Ալեքսանյանը։ 

Հայաստանում ինվազիվ տեսակները հատկապես մեծ վտանգ են ներկայացնում բնության հատուկ պահպանվող տարածքների համար։ Մի շարք տեսակներ արձանագրվել են Հայաստանի խոշոր բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան», «Սևան», «Արևիկ» ազգային պարկերում։

Ինվազիվներին Հայաստան բերող ճանապարհները 

Հայաստանում ինվազիվ բուսատեսակներն ու կենդանատեսակները հայտնվել են տարբեր ճանապարհներով։ Օրինակ՝ միջատներն ու նեմատոդները ներմուծվել են պատահականորեն՝ վարակված տնկանյութի, պտուղների, բանջարեղենի միջոցով: Ձկներն ու կաթնասունները հիմնականում ներմուծվել են միտումնավոր՝ արտադրության կամ այլ նպատակով։ Բնություն բաց թողնվելու կամ ձկնաբուծարաններից ու արտադրամասերից փախուստի հետևանքով դրանք հայտնվել են բնական էկոհամակարգերում: Մի շարք բուսատեսակներ ներմուծվել են որպես դեկորատիվ բույսեր, իսկ որոշ բույսերի սերմեր Հայաստան են հասել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով։ Թխկի հացենատերևը (Acer negundo, Ամերիկյան թխկի), սպիտակ ակացիան (Robinia pseudoacacia) ի սկզբանե տնկվել էին հենց ճանապարհների և երկաթգծերի երկայնքով՝ որպես պաշտպանիչ շերտեր, որտեղից էլ սկսել են տարածվել։ 

 

 

Հայաստանի մարզերից Տավուշը համարվում է ինվազիվ տեսակների համար հիմնական դարպասը։ Երևանն այս առումով երկրորդ տեղում է, ինչը պայմանավորված է ապրանքների ներկրման մեծ քանակով։ Հարավային շրջանները, օրինակ՝ Սյունիքը, առավել անվտանգ է ինվազիվ տեսակների ներթափանցման տեսանկյունից՝ լեռնային տարածքի և Արաքս գետի շնորհիվ, քանի որ սրանք բնական արգելք են այս տեսակների բնական տարածման համար։ 

Վերջին 5 տարում Հայաստանում գրանցվել է 15 նոր ինվազիվ կենդանատեսակ

2024 թվականին հրապարակված ինվազիվ կենդանատեսակների մասին գիտական հետազոտությամբ առանձնացվել է Հայաստանում արդեն գրանցված ու տարածված 40  ինվազիվ կենդանատեսակ։ Այս հետազոտության հիման վրա նույն թվականին Շրջակա միջավայրի նախարարի հրամանով պաշտոնապես հաստատվել է Հայաստանում տարածված ինվազիվ կենդանատեսակների ցանկը։ 

Հաստատված 40 կենդանատեսակների մեջ գերակշռում են միջատները՝ 26 տեսակ։ Բացի այդ, այս հետազոտությամբ արձանագրվել է 6 ձկնատեսակ, 2 նեմատոդ, 2 տիզ, 1 մոլյուսկ, 1 խեցգետնակերպ և 2 կաթնասուն (կուղբ և օնդատրա):

Արձանագրված ինվազիվ կենդանատեսակների 75 տոկոսը ցամաքային են և հիմնականում բնակվում են գյուղատնտեսական հողատարածքներում: Միայն վերջին հինգ տարում Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 15 նոր ինվազիվ կենդանատեսակ: Իսկ վերջին տասը տարում գրանցվել է բոլոր հայտնի ինվազիվ կենդանատեսակների ավելի քան 40%-ը: 

«Վերջին տարիներին հայտնաբերումների մեծ քանակը նաև մարդու ազդեցության հետևանք է: Մենք սկսել ենք ավելի հաճախ ճամփորդել և ինչքան ավելի շատ ենք լինում այլ վայրերում, այնքան մեծանում է հավանականությունը, որ նոր տեսակներ կբերենք մեզ հետ, այդ թվում՝ ինվազիվ: Մեծացել է նաև առևտուրը այլ երկրների հետ, ինչը ևս նպաստող գործոն է»,- նշում է կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Մարինե Առաքելյանը։ 

Ի տարբերություն ինվազիվ կենդանատեսակների, Հայաստանում առկա ինվազիվ բուսատեսակների հաստատված ցանկ չկա։ Առկա են միայն առանձին հետազոտություններ որոշ ինվազիվ բուսատեսակների մասին։ 

2022 թվականին հրապարակվել է գիտական հետազոտություն՝ Հայաստանում տարածված 14 ինվազիվ բուսատեսակների մասին՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, բուսաբան Գեորգ Ֆայվուշի և կենսաբանական գիտությունների թեկնածու Ալլա Ալեքսանյանի հեղինակությամբ։ Ըստ այս հետազոտության՝ ինվազիվ բուսատեսակների մեծ մասը Հայաստան է ներմուծվել միտումնավոր։ Օրինակ՝ 14 տեսակից 8-ը ներմուծվել են որպես դեկորատիվ բույսեր, կանաչապատման կամ անտառվերականգնման նպատակով, իսկ 4 տեսակ ներթափանցել է բնական ճանապարհով՝ ինքնատարածմամբ՝ հարևան երկրներից։ Եվ միայն երկու տեսակ ներմուծվել է պատահական։ Այս տեսակների մեծ մասը լուրջ սպառնալիք է կենսաբազմազանության համար։ 4 տեսակ՝ երկնածառը (Ailanthus altissima), տատասկը (Cirsium incanum), սովորական երիցուկը (Leucanthemum vulgare) և կաթնախոտը (Silybum marianum) ունեն վտանգավորության շատ բարձր աստիճան։ Եվս 7 տեսակ ունեն բարձր վտանգավորության աստիճան։ 

Ailanthus altissima՝ դրախտածառ․ դեկորատիվ ծառից՝ բնության սպառնալիք 

Հայերենում այս տեսակի համար առավել հաճախ օգտագործում են «այլանթ» անվանումը։ Սակայն բառացի թարգմանությամբ նշանակում է «դրախտի ծառ» կամ «երկնային ծառ»։ Չնայած այս անվանը՝ այն այսօր լուրջ սպառնալիք է դարձել Հայաստանի ամբողջ բուսականության համար։ 

Այս ծառի հայրենիքը Չինաստանն է։ Այն սկզբում տարբեր երկրներ է ներմուծվել որպես դեկորատիվ բույս, սակայն հետագայում դուրս է եկել տնկման տարածքներից և սկսել է ինքնուրույն տարածվել։ Ներկայումս այն գրանցված է գրեթե ամբողջ աշխարհում՝ առկա է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, և շատ երկրներում համարվում է վտանգավոր ինվազիվ տեսակ։

 

 

Այլանթը Հայաստան է ներմուծվել 1930-ական թվականներին՝ բնակավայրերի կանաչապատման նպատակով։ Սակայն բազմացման բարձր ունակության պատճառով այն դուրս է եկել տնկարկներից և լայնորեն տարածվել Հայաստանում։ Այսօր այն հանդիպում է  բնության հատուկ պահպանվող մի շարք տարածքներում, այդ թվում՝ Էրեբունու, Շիկահողի և Խոսրովի անտառ պետական արգելոցներում, ինչպես նաև Դիլիջան և Արևիկ ազգային պարկերում։ Հետազոտողները Հայաստանի բնական էկոհամակարգերի համար այս տեսակի սպառնալիքի մակարդակը գնահատել են «շատ բարձր»։

Այլանթի ինվազիվությունը պայմանավորված է ինչպես վեգետատիվ, այնպես էլ սերմերով բազմանալու բարձր ունակությամբ։ Նրա ծառը կարող է հասնել մինչև 27 մ բարձրության, իսկ մեկ ծառը տարեկան կարող է արտադրել մինչև 300 000 սերմ։ Այն հեշտությամբ հարմարվում է տարբեր տեսակի հողերին ու դիմացկուն է քաղաքային աղտոտվածության նկատմամբ։ Բացի այդ, այն արտադրում է այլանթոն կոչվող միացությունը, որը թունավոր ազդեցություն ունի այլ բույսերի համար՝ արգելակում է նրանց աճն ու դուրս մղում տարածքից՝ հավելյալ տարածք ապահովելով իր տարածման համար։ Հենց այս միացության պատճառով էլ բնական տարածքներից այլանթի հեռացումից հետո տեղական բուսականությունը վերականգնվում է միայն մոտ երկու տարի անց։  

Ամբրոզիան կարող է առաջացնել ալերգիկ ռինիտ ու բրոնխային ասթմա

Օշինդրատերև ամբրոզիայի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Ներկայումս այն տարածված է աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի և բազմաթիվ երկրներում համարվում է վտանգավոր ինվազիվ տեսակ։ Դրա տարածմանը նպաստում է սերմարտադրողականության բարձր ունակությունը․ փոքր սերմերը հեշտությամբ տեղափոխվում են քամու միջոցով, ինչպես նաև տարածվում են ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի միջոցով։ 

Այն արտադրում է մեծ քանակությամբ խիստ ալերգածին ծաղկափոշի, որը զգայուն մարդկանց մոտ կարող է առաջացնել ալերգիկ ռինիտ և նպաստել բրոնխային ասթմայի զարգացմանը։ Բացի այդ, ամբրոզիան համարվում է գյուղատնտեսության ամենավտանգավոր մոլախոտերից մեկը, հատկապես՝ գարնանացան մշակաբույսերի համար, քանի որ զգալիորեն նվազեցնում է դրանց բերքատվությունը։ 

 

 

Հայաստանում ամբրոզիան առաջին անգամ հայտնաբերվել է 1983 թվականին՝ Աղստև գետի գետաբերանի շրջանում։ Մինչև մոտավորապես 2010 թվականը դրա պոպուլյացիաները զբաղեցնում էին համեմատաբար փոքր տարածքներ՝ Դեբեդ և Աղստև գետերի ստորին հոսանքների՝ մարդու գործունեության հետևանքով խախտված բնակավայրերում։ Դրանից հետո սկսվել է տեսակի ինտենսիվ տարածումը Հայաստանի տարածքում։ 

Գետերի հովիտներով ամբրոզիան տարածվել է դեպի բարձրադիր գոտիներ՝ հասնելով ծովի մակարդակից 1700–1800 մ բարձրության և հայտնվելով Սպիտակ ու Դիլիջան քաղաքներում։ Այն տարածվել է նաև ճանապարհների և երկաթուղիների երկայնքով գտնվող խախտված տարածքներում։

Ամբրոզիայի պոպուլյացիաներ են հայտնաբերվել նաև Դսեղ գյուղի մշակվող դաշտերում, ինչպես նաև ավելի հարավ՝ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքներում։ Տեսակը գրանցվել է Երևանի սիզամարգերում, Արարատյան դաշտի ծաղկանոցներում և Դիլիջան ազգային պարկում։ Հայաստանի բնական էկոհամակարգերի համար դրա սպառնալիքի մակարդակը գնահատվում է «բարձր», իսկ հանրային առողջության համար՝ «շատ բարձր»։

Սպիտակ ակացիա, սովորական երիցուկ, տատասկ 

Հայաստանում մեծ վտանգ ներկայացնող ինվազիվ բուսատեսակներից են նաև տատասկը, սովորական երիցուկը և սպիտակ ակացիան։ Տատասկը տարածված է Հայաստանի գրեթե ողջ  տարածքում։ Այն հանդիպում է ինչպես խախտված տարածքներում և լքված գյուղատնտեսական հողերում, այնպես էլ բնական էկոհամակարգերում՝ մարգագետիններում և տափաստաններում։ Բացի այդ, այս տեսակը գրանցվել է Էրեբունու, Շիկահողի և Խոսրովի անտառ պետական արգելոցներում, ինչպես նաև Արփի լիճ, Դիլիջան, Սևան և Արևիկ ազգային պարկերում։ 

Սպիտակ ակացիան Հայաստանում լայնորեն սկսել է օգտագործվել 1930-ական թվականներին՝ բնակավայրերի կանաչապատման, ինչպես նաև ճանապարհների և երկաթուղիների երկայնքով պաշտպանական անտառաշերտերի ստեղծման նպատակով։ 

Հետագայում, հավանաբար սերմային բազմացման արդյունքում, տնկարկներից դուրս սկսել են հայտնվել առանձին առանձնյակներ, որոնք ներթափանցել են բնական էկոհամակարգեր։ Ներկայումս այն առավել տարածված է Լոռու, Իջևանի և Հարավային Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում։

Հայաստանում պոտենցիալ ինվազիվ բուսատեսակներից է նաև կանադական ոսկեծաղիկը: Այն գրանցվել է Երևանի բուսաբանական այգում, իսկ մի շարք տնային այգիներում և զբոսայգիներում աճեցվում է որպես դեկորատիվ բույս։ Այդ տարածքներից այն ինքնացանքով տարածվել ու հայտնվել է մշակվող տարածքների սահմաններից դուրս։

Ձկնաբուծարաններից՝ գետեր և լճեր 

Ինվազիվ ձկնատեսակներից Հայաստանում առավել տարածված են արծաթափայլ կարասը և ամուրյան նրբաձուկը։ 

Այս տեսակների Հայաստան ներթափանցելու հիմնական գործոնը եղել է ձկնաբուծության զարգացումը։ Արծաթափայլ կարասը Հայաստան է ներմուծվել 1960-ականների վերջին՝ Օդեսայի շրջանից Մասիսի ձկնաբուծարան՝ այլ տեսակների հետ պատահաբար: Ենթադրվում է, որ նույն ժամանակահատվածում սպիտակ ամուրի մանրաձկների հետ միասին ներմուծվել է նաև ամուրյան նրբաձուկը։ Սպիտակ ամուրը նախատեսված էր լճակների մաքրման համար։

2023 թվականին հրապարակված հետազոտության համաձայն՝ այս տեսակներն այսօր հանդիպում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ներառյալ Կուր և Արաքս գետերի ավազաններն ու Սևանա լիճը: Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ դրանց տարածումը սահմանափակող հիմնական գործոնը բարձրությունն է․ ցածր ջերմաստիճանը թույլ չի տալիս, որ դրանք հաստատվեն և զարգանան բարձրադիր գոտիներում։ Մինչ այժմ Հայաստանում 2100 մետրից բարձր որևէ ինվազիվ ձկնատեսակ չի գրանցվել։ Ամենաբարձր վայրերը, որտեղ դրանք հայտնաբերվել են, Արփի լիճն է (2025-2031 մ) և Սպանդարյանի ջրամբարը (2031 մ)։

 

 

Այս ձկնատեսակները մեծ արժեք չեն ներկայացնում։ Փոխարենը դրանք վնասում են ինչպես ջրային էկոհամակարգերը, այնպես էլ ձկնային տնտեսությունը։ Արագ բազմացման շնորհիվ դրանք մրցակցում են բնիկ ձկնատեսակների հետ և վտանգում դրանց պաշարները։

Հետազոտողների գնահատմամբ՝ ինվազիվ տեսակների ոչ բավարար վերահսկումը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ջրի ջերմաստիճանի բարձրացումը, կարող են էականորեն փոխել Հայաստանի ջրային կենսաբազմազանությունը։

Արծաթափայլ կարասը գրանցվել է Սևանա լճում, Արարատյան դաշտում, Ախուրյան և Արփա գետերի ավազաններում

Արծաթափայլ կարասի բնական տարածման միջավայրը ձգվում է Կենտրոնական Եվրոպայից մինչև Սիբիր և Արևելյան Ասիա։ Բարձր հարմարվողականության շնորհիվ այն տարածվել է Եվրասիայի և Հարավային Ամերիկայի բազմաթիվ ջրային ավազաններում։ Հայաստան այն առաջին անգամ ներմուծվել է 1960-ական թվականների վերջին։ Տեսակը պատահաբար ներմուծվել է Օդեսայի մարզից՝ այլ ձկնատեսակների, մասնավորապես՝ սովորական կարպի (Cyprinus carpio) մանրաձկների հետ միասին՝ Մասիսի ձկնաբուծարանում բուծելու նպատակով։ Հետագայում հենց Մասիսի ձկնաբուծարանից արծաթափայլ կարասը տարածվել է Հայաստանի տարբեր գետերում և լճերում։

1980-ական թվականներին արծաթափայլ կարասն առաջին անգամ գրանցվել է Սևանա լճում։ Թեև 1990-ական և 2000-ական թվականներին դրա հայտնաբերման դեպքերը հազվադեպ էին, մինչև 2021 թվականը կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսակն արդեն լայնորեն տարածված էր գրեթե բոլոր ուսումնասիրված ջրային ավազաններում՝ բացառությամբ Դեբեդ գետի, ինչպես նաև Աղստև գետի միջին և ստորին հոսանքների։ Ներկայումս արծաթափայլ կարասը հանդիպում է Սևանա լճում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Ախուրյան և Արփա գետերի ավազաններում։

«Բացարձակ անպիտան» ամուրյան նրբաձուկը  

Ամուրյան նրբաձկան բնական արեալը Արևելյան Ասիան է։ Սակայն այս տեսակը տարածվել է՝ հասնելով Կենտրոնական Ասիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա ընկած տարածքները, այդ թվում՝ Հայաստան։ Ենթադրվում է, որ տեսակը Հայաստան է ներմուծվել դեռևս 1960-ականներին, բայց պաշտոնապես գրանցվել է միայն 1990-ական թվականներին։

 

 

«Ամուրյան նրբաձուկը հայտնի ինվազիվ ու միաժամանակ բացարձակ անպիտան ձուկ է: Նրա փորի հատվածում սև թաղանթ կա, որը թունավոր է: Նրան ոչ մարդը կարող է ուտել, ոչ էլ որևէ այլ կենդանի: Այսինքն նրան օգտագործել էկոհամակարգի սննդի շղթայի մեջ, ոչ մեկ չի կարող»,- ասում է Մարինե Առաքելյանը։ 

2010–2021 թվականներին տեսակի գրանցումների թիվն աճել է։ Այն հայտնաբերվել է Արարատյան դաշտում, Ախուրյան գետի ավազանում, Ազատի ջրամբարում և Կուր գետի ջրահավաք ավազանում։ Ներկայումս ամուրյան նրբաձուկը տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։

Հայաստանը ինչ պարտավորություններ ունի COP17-ում

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանը ազգային 30 թիրախներից մեկը նվիրել է ինվազիվ տեսակների դեմ պայքարին։ 7-րդ ազգային թիրախով Հայաստանը պարտավորվում է «սահմանել օտարածին (ինվազիվ) տեսակների ներմուծման և տարածման կանխարգելման, կառավարման և վերահսկման համար կարգավորող իրավական շրջանակը»։ 

COP17-ի շրջանակում սահմանված 4 նպատակներից առաջինը ենթադրում է էկոհամակարգերի վերականգնում և պաշտպանություն, էկոհամակարգերի ամբողջականության պահպանում և բարելավում, մարդու գործունեության հետևանքով առաջացած տեսակների ոչնչացման կանխում և գենետիկական բազմազանության պահպանում։ Իսկ գլոբալ թիրախներից վեցերորդը վերաբերում է ինվազիվ օտար տեսակների ներմուծման 50 տոկոսով կրճատելուն և դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելուն։ 

Հայաստանը ինվազիվ տեսակներին ուղղված ազգային թիրախի իրականացման համար սահմանել է 5 գործողություն։ Մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է ստեղծվի կարգավորող շրջանակ ինվազիվ կամ պոտենցիալ ինվազիվ օտարածին տեսակների նույնականացման, կանխարգելման, վերահսկման և կառավարման համար, ինչպես նաև դրանց ներմուծման ուղիների համար: Այս նպատակով Հայաստանը պարտավորվում է, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, ինվազիվ և պոտենցիալ ինվազիվ օտարածին բույսերի և սնկերի ցանկ պատրաստել։ Ցանկը պետք կազմվի Գիտությունների ազգային ակադեմիայի համաձայնությամբ։ Սա պետք է իրականացվի մինչև 2027 թվականը։ 

Մինչև 2028 թվականը ՊԵԿ-ի համաձայնությամբ ու ՇՄՆ-ի ղեկավարությամբ սահմանային անցակետերի համար ուղեցույցներ պետք է մշակեն, ՊԵԿ աշխատակիցների համար ինվազիվ ու պոտենցիալ ինվազիվ տեսակների մասին դասընթաց պետք է իրականացնեն։ 

Մինչև 2028 թվականը Հայաստանը պարտավորվում է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համաձայնությամբ իրականացնել ինվազիվ և պոտենցիալ ինվազիվ օտարածին բույսերի, սնկերի և կենդանիների դեզօքսիռիբոնուկլեինաթթուների բարկոդավորում:

Միաժամանակ, Շրջակա միջավայրի նախարարության ղեկավարությամբ պետք է լրամշակվի «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» օրենքները ինվազիվ տեսակների օգտագործումը կանոնակարգելու նպատակով: Այս օրենսդրական փոփոխությունները պետք է իրականացվեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ համաձայնությամբ։ Սա նույնպես պետք է իրականացվի մինչև 2028 թվականը։ 

Շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի ապրիլի 3-ի հրամանով սահմանված 2026-2030 թվականների գործողությունների ծրագրում ներկայացված կենսաբազմազանության սպառնալիքներից մեկը ինվազիվ տեսակներն են։ Սա հիմնավորվում է նրանով, որ վերջին տարիներին որոշ տեսակներ զգալիորեն ընդլայնել են իրենց տարածման սահմանները, մեծացել է այդ տեսակների պոպուլյացիաների խտությունը, սկսվել է բնական էկոհամակարգեր դրանց ներթափանցումը և հաստատումը: 

Ինվազիվ տեսակների սպառնալիքի մասին հիշատակում եղել է դեռևս 1999-ին 

Ինվազիվ տեսակների սպառնալիքի մասին Հայաստանը խոսել է 1999 թվականին՝ - ներկայացված Հայաստանի ազգային ծրագրի (NBSAP) մեջ։ Այստեղ նշված էր, որ որոշ ինվազիվ տեսակներ ընդլայնել են իրենց տարածման սահմանները՝ ի վնաս տեղական տեսակների, և որ առավել մեծ մտահոգություն ներկայացնում է գյուղատնտեսական վնասատուների ներթափանցումը: Միաժամանակ նշվում էր, որ տարածաշրջանային ու միջազգային առևտրի աճը կարող է հանգեցնել Հայաստան նոր օտարածին տեսակների ներթափանցման ավելացմանը՝ մաքսային ոչ բավարար վերահսկողության և կարանտինային կարգավորումների սահմանափակումների հետևանքով։ Որպես առավել վտանգավոր տեսակներ ներկայացված են ագրեսիվ մոլախոտային բույսերը, միջատ վնասատուները, սնկերը։ 

Ըստ այս փաստաթղթի՝ մինչև 2002 թվականը նախատեսվում էր իրականացնել հետազոտություններ՝ ինվազիվ տեսակների տարածվածությունը և դրանց ազդեցությունը պարզելու և մոնիտորինգի ենթարկելու համար, իսկ մինչև 2003 թվականը նախատեսվում էր մշակել և ներդնել միջոցառումներ ինվազիվ տեսակների վերահսկման համար։ 

Չնայած նախատեսված գործողություններին, ամբողջական հետազոտություն ինվազիվ տեսակների մասին ըստ 2003 թվականին ներկայացված զեկույցի՝ այդպես էլ չէր արվել։ Դեռ ավելին, Հայաստանը մինչ օրս ինվազիվ բուսատեսակների ցանկ չունի, իսկ ինվազիվ կենդանատեսակներինը հաստատել է միայն 2024 թվականին: Այն ժամանակ, երբ մի շարք տեսակներ հասցրել են տարածվել ամբողջ հանրապետությամբ մեկ, դրանց դեմ պայքարելու համար նույնսիկ համապատասխան հաստատված իրավական կարգավորումներ չկան:  

Ինվազիվ տեսակների ներմուծման վիճակագրություն չկա

Ինչպես արդեն հաստատված ինվազիվ կենդանատեսակների, այնպես էլ միայն հետազոտություններով հաստատված ինվազիվ բուսատեսակների ցանկում ընդգրկված տեսակների մեծ մասի ներմուծման վիճակագրություն Վիճակագրական կոմիտեն չի վարում։ Այս տեսակները ներառված են առանձին ենթախմբերի մեջ, որոնց տվյալներից հնարավոր չէ տարբերակել՝ ինչ բուսատեսակ կամ կենդանատեսակ է ներմուծված։ 

Ի պատասխան «Հետքի» հարցմանը Վիճակագրության կոմիտեն հայտնել է․ 

«Ձեր կողմից հայցվող բուսատեսակների և կենդանատեսակների վերաբերյալ տեղեկություններ, քանզի դրանք առանձին տարբերակված անվանումներով նախատեսված չեն ԵԱՏՄ ԱՏԳԱԱ մանրամասնեցման նույնիսկ ամենաբարձր աստիճանի՝ 10 նիշ մակարդակի ծածկագրերով և ներառվում են առավել բարձր ագրեգացման ապրանքային խմբերում՝ այլ ապրանքների հետ միասին»: 

Ինչ օրենսդրական փոփոխություններ են եղել ու նախատեսվում 

Հայաստանում մինչ օրս չկան վերահսկողության մեխանիզմներ՝ ինչպես ինվազիվ տեսակների ներմուծման, այնպես էլ արդեն տարածված տեսակների դեմ պայքարի համար: Այնուամենայնիվ, e-draft հարթակում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթ՝ ուղղված ինվազիվ տեսակների վերահսկմանն ու պայքարին։ 

«Բուսական աշխարհի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով նախ սահմանվում է ինվազիվ բուսատեսակ տերմինը, ինչը նախկինում նույն օրենքում սահմանված չէր։ Նախատեսվում է իրականացնել ինվազիվ բուսատեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկվածության բարձրացման աշխատանքների իրականացում։ Բացի այդ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հաստատի ինվազիվ բուսատեսակների ցանկը։ Բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրների մասին հոդվածում սահմանվում է նաև, որ բուսական աշխարհի օբյեկտները պետք է պաշտպանել ինվազիվ բուսատեսակներից։ Նախագծով արգելվում է նաև հաստատված ցանկում ընդգրկված ինվազիվ բուսատեսակների ինքնակամ օգտագործումը, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակով օգտագործումը։ 

Այս փոփոխությունների մի մասը նախատեսված է անել նաև Կենդանական աշխարհի մասին օրենքում։ Ինվազիվ կենդանատեսակների ցանկը հաստատվել է ավելի վաղ՝ 2024 թվականին՝ Շրջակա միջավայրի նախարարի հրամանով։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը օրենսդրական այս փոփոխությունները հիմնավորում է միջազգային փորձի և կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջով, որոնք ինվազիվ տեսակների նկատմամբ առավել խիստ վերահսկողություն են նախատեսում։ Միաժամանակ նախարարությունը նշում է, որ Հայաստանի ներկայիս պայմաններում վայրի բույսերի ներմուծումը կարող է առաջացնել ինվազիվ տեսակների տարածման, կարանտինային վնասատուների և հիվանդությունների ներթափանցման, ինչպես նաև տեղական էկոհամակարգերի և կենսաբազմազանության խախտման ռիսկեր։ 

Ի վերջո, օրենսդրական փոփոխությունների այս նախագծի փաթեթով ամբողջովին արգելվում է ինվազիվ տեսակների ներմուծումը Հայաստան։ Բոլոր նշված կարգավորումների խախտման համար օրենսդրական փոփոխությունների փաթեթում սահմանվում են տուգանքներ։ 

Այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից: 

Ինչ մեխանիզմներով է պետք պայքարել ինվազիվ տեսակների դեմ

Ինվազիվ տեսակների դեմ պայքարում կիրառվում են մեխանիկական, քիմիական և կենսաբանական մեթոդներ։ Մեխանիկական պայքարը ենթադրում է, օրինակ, բույսերի հնձում կամ արմատախիլ անում, իսկ կենդանատեսակների դեպքում՝ դրանց հեռացում։ Քիմիական պայքարը հիմնված է համապատասխան նյութերի կիրառման վրա, իսկ կենսաբանական պայքարի դեպքում ինվազիվ տեսակի տարածումը զսպելու համար օգտագործվում են այլ տեսակներ։

Հետազոտող Ալլա Ալեքսանյանը նշում է, որ կենսաբանական պայքարի դեպքում մրցակցություն է առաջանում տեղական և ինվազիվ տեսակների միջև։ 

«Տեղական վայրի տեսակը սկսում է պայքարել տարածքի համար։ Ինչ-որ պահից այն պետք է ճնշի ինվազիվին։ Սա ամենաբնահեն եղանակն է, երբ առաջացնում ես գոյության կռիվ կամ հրահրում ես, որ լինի այն»,- նշում է Ալլա Ալեքսանյանը։ 

Նրա խոսքով, եթե  այնուամենայնիվ որոշվել է, օրինակ, ամբրոզիայի դեմ պայքարել կտրելու կամ արմատախիլ անելու եղանակով, ապա պետք է ուշադիր լինել՝ տարվա որ փուլում է դա իրականացվում, այսինքն՝ ծաղկելուց առաջ, թե հետո, քանի որ ամբրոզիայի դեպքում ամենամեծ վտանգը դրա ծաղկափոշին է։ 

Ալլա Ալեքսանյանի խոսքով՝ եթե որևէ տարածքում արդեն հաստատվել է ինվազիվ տեսակի առկայությունը, առաջնային նպատակը պետք է լինի դրա հետագա տարածումը կանխելը կամ առնվազն դրան չնպաստելը։ Նույն կարծիքին է նաև Մարինե Առաքելյանը, որը ևս կենսաբանական պայքարի մեթոդներն է համարում ամենաարդյունավետը։ 

Մարինե Առաքելյանը նշում է, որ ինվազիվ ու պոտենցիալ ինվազիվ տեսակների ներմուծումը Հայաստան վերահսկելու համար տեսակի ինվազիվությունը արագ որոշելու հնարավորություն են ուզում ստեղծել սահմանակետերին: 

«Օրինակ, եթե ներմուծվում է կենդանի, միջատ կամ որևէ բույս, ուզում ենք հնարավոր դարձնել նկարելու և արհեստական բանականության միջոցով դրա ինվազիվությունը արագ որոշել։ Կամ ծառերի տեսակները՝ արագ տեղում որոշել, առանց մասնագետի հետ խորհրդատվության կամ նրան նկարն ուղարկելու»,- ասում է նա։ 

Երկու հետազոտողներն էլ COP17-ը լավ հնարավորություն են համարում ինվազիվ տեսակների և դրանց վտանգավորության մասին խոսելու համար: 

Այսպիսով, ինվազիվ տեսակները Հայաստանում տարածվել են ավելի արագ, քան ձևավորվել են դրանց դեմ պայքարի պետական մեխանիզմները։ Չնայած 1999 թվականից ի վեր բազմիցս ձևակերպված մտահոգություններին, մենք առայսօր չունենք ինվազիվ տեսակների ամբողջական ու հաստատված ցանկ, դրանց դեմ պայքարի սահմանված մեխանիզմներ ու աշխատող մեթոդներ, բավականաչափ իրազեկվածություն ինվազիվ տեսակների ու դրանց վտանգների մասին: COP17-ին ընդառաջ Հայաստանի ստանձնած հերթական պարտավորությունները հնարավորություն են բացթողումները լրացնելու համար: Ու եթե 10-օրյա միջազգային համաժողովը իրական փոփոխությունների ներուժ ունի, գուցե այս անգամ Հայաստանը կատարի իր պարտավորությունները:

hetq.am

ԱԺ-ում կստեղծվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով

10.08.2026 14:34

Ինչու է վտանգված Հայաստանի կենսաբազմազանությունը

10.08.2026 14:22

Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի արձագանքին Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման առնչությամբ

10.08.2026 12:59

Սյունյաց աշխարհի արժանավոր դուստր Սուսաննա Գրիգորյանի հոբելյանն է

10.08.2026 12:22

Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ

10.08.2026 12:18

Язык как путь к культуре: в Доме Москвы в Ереване завершились курсы армянского языка

10.08.2026 11:36

Ուսուցիչների բարձր տարակարգի երեք պարտադիր պահանջ հանվել է 2025-ի նոյեմբերից

10.08.2026 11:26

Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

10.08.2026 11:16

Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

10.08.2026 10:53

Իրանը Հորմուզի նեղուցի վերաբացումը կապում է ԱՄՆ-ի զիջումների հետ

10.08.2026 10:42

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

10.08.2026 10:40

Երկրորդ տարին անընդմեջ Տաշտունը տոնեց իր օրը՝ մեծ շուքով ու ոգևորությամբ

10.08.2026 00:00