Բացահայտե՞լ, թե՞ չբացահայտել

25.07.2013 18:30
2546

Խորհրդային իրականությունը, որ շատ հաճախ երանելի ժամանակներ է որակվում հանրության կողմից, լի էր բազմաթիվ խոչընդոտներով, որոնք այսօր, տարիների հեռավորությունից, կարելի է որակել որպես քաղաքական բռնություններ կամ ռեպրեսիաներ: ԽՍՀՄ` որպես պետական մեկ ամբողջություն, իր գոյության ընթացքում ունեցավ բավականին չբացահայտված հարցեր, որոնցից մեկն էլ վերաբերում է քաղաքական բռնություններին: Հստակ մեկնարկային ժամանակահատված չկա դրանց ծավալման հարցում, բայց մի բան ակնհայտ է՝ խորհրդային դարաշրջանի առաջին հատվածում հասարակությունն ապրում էր վախի ու թերարժեքության մթնոլորտում:

Ինչո՞ւ էին տեղի ունենում քաղաքական բռնություններ, որո՞նք էին դրանց հիմնական պատճառները, ովքե՞ր էին թիրախը. այս եւ նմանատիպ շատ այլ հարցերի քննարկմանն էր ուղղված հուլիսի 6-ին Կապանի երկրագիտական թանգարանում (տնօրեն` Գրիշա Սմբատյան) կազմակերպված «Խորհրդային շրջանի քաղաքական բռնաճնշումները Հայաստանում եւ դրանց հետեւանքները» թեմայով սեմինարը կամ, ինչպես կազմակերպիչները որակեցին, կլոր սեղանը: Այն կազմակերպվել էր «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ (ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ) «Դի-վի-վի ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի շրջանակներում: Սեմինարը վարում էին նշանավոր ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը, Գայանե Շագոյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լեւոն Աբրահամյանը: Սյունիքի մարզում հերթական քննարկումն անցկացնելու խթան է հանդիսացել Գրիշա Սմբատյանի «Երկաթե վարագույրից այն կողմ» աշխատությունը, որտեղ բռնադատվածների ու աքսորյալների կենդանի հիշողությամբ վեր է հանվել մասնավորապես Կապանում տեղի ունեցած քաղաքական բռնությունների պատկերը: Այդ աշխատության մեջ հեղինակը նշել է, որ այդքան ուսումնասիրություններ անելով հանդերձ` իր համար էլ մնացել են անհասկանալի շատ հարցեր, որոնց պատասխանները, թերեւս, հնարավոր չէ տալ նաեւ այսօր: Նշենք նաեւ, որ Կապանի երկրագիտական թանգարանում կազմակերպվել էր 1920-40-ականների քաղաքական բռնությունների վերաբերյալ ցուցադրություն:

«Պատմության նման վերանայումն անհրաժեշտ է մեր երկրին, որովհետեւ ճշմարիտ պատմությամբ միայն կարելի է սովորեցնել, դաստիարակել սերունդներին: Խրուշչովյան բնորոշումից բացի, այն է՝ քաղաքական ռեպրեսիա, մենք ոչինչ չենք ունեցել, մեր խնդիրն է պատմագիտական, պատմագրական գնահատական տալ, վեր հանել 20-րդ դարի քաղաքական բռնությունների օրինաչափություններն ու առանձնահատկությունները, քանի որ դրանց մասին նույնիսկ այն ընտանիքները, որոնք զոհ են դարձել այս իրողությանը, հստակ պատկերացում չունեն, իսկ այն ընտանիքներում, որտեղ քաղաքական բռնություններից տուժածներ չկան, ուղղակի շատ աղոտ, թռուցիկ պատկերացումներ ունեն: Ո՞վ է տարել, ինչպիսի՞ մարդկանց են տարել, ինչո՞ւ են տարել կամ ի՞նչ խնդիր են փորձել դրանով լուծել, գործնականում համարյա այս ընկալումը, նույնիսկ հարցադրումը չկա: Սա մոռացված անցյալ է, որին հաճախ պետք է ուշադրություն դարձնել, «հին դարմանը քամուն չտալով» մենք մեր պաշտոնական պատմագրության մեջ, կարծեք թե, բացթողում ենք անում», - մասնավորապես նշեց Հրանուշ Խառատյանը: Ճիշտ է` Հայաստանի Հանրապետությունում բռնադատվածների մասին օրինագիծ է ընդունվել ՀՀ Գերագույն խորհրդի կողմից (25 մայիսի 1994թ., Հ.Ն-1062-I), բայց այն նույնպես վերանայման կարիք ունի, մասնավորապես պետք է հստակեցումներ արվեն քաղաքական բռնության ձեւակերպման, դատապարտման, երեւույթը կրկնվելու դեպքում պատժի միջոցների հարցում:

Շիրակի մարզում կատարված քաղաքական բռնաճնշումները ներկայացնելիս մասնավորապես առանձնացվեց այն կարեւոր հանգամանքը, որ այստեղ քաղաքական բռնության ենթարկվողները կրկնակի զոհեր էին: Մի կողմից` իշխող դասակարգը նրանց դատապարտում էր Արեւմտյան Հայաստանից ներգաղթած լինելու համար, մյուս կողմից մեծ լարվածություն էր առաջանում տեղացիների եւ հազարավոր թշվառականների միջեւ, որոնց այնքան էլ մեծ հնարավորություն չէր տրվում վերագտնելու իրենց տեղն արդեն նոր հայրենիքում: Սյունիքի եւ Շիրակի մարզերում կատարված բռնաճնշումների մասին էր պատմում նաեւ «Անհարազատները» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ ականատեսների հիշողություններով մանրամասն ներկայացվում էին 20-րդ դարի հատկապես 30-ական թթ. ծավալված քաղաքական գործողություններն ու դրանց հետեւանքները: Մեկ այլ իրողության մասին էր նշանավոր ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Անծանոթ իմ հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ 1946թ. արդեն Խորհրդային Հայաստան եկած հայրենադարձների ճակատագրի հարցն էր «լուսաբանված», այն է` երկիր դրախտավայրն այն չէր, ինչ պատկերացնում էին հազարավոր հայեր դեպի հայրենիք բերող նավ բարձրանալիս:

Սեմինարին մասնակից պատմաբանների, ուսուցիչների, վերը նշված հարցերով զբաղվողների համար, թերեւս, մի բան ակնհայտ էր, պետք է վեր հանել պատմական ճշմարտությունը, բայց ի՞նչ տարբերակով. սա արդեն բավականին վիճահարույց հարց է: Այս հարցում կարծիքները տարբեր էին: Մասնակիցների մի մասը կարծում էր, որ պետք է անցյալում կատարած այդ գործողությունները վեր հանել ամբողջովին, նույնիսկ մատնիչներին, որոնց պայմանականորեն կարելի է երկու խմբի բաժանել (մատնիչներ, ովքեր նույնպես համակարգի զոհն էին եւ մատնում էին շատ դեպքերում նույնիսկ իրենց հարազատներին ճնշման ու խոշտանգման պայմաններում, եւ մատնիչներ, ովքեր նպատակային էին իրագործում համակարգի պահանջները), ներկայացնել սերունդներին, որպեսզի նրանք այդ անցյալից դասեր քաղեն, փորձեն «մաքրել» իրենց նախնիների ճակատին դրված խարանը: Իսկ մյուս մասն էլ կարծում է, որ սերունդներն ինչո՞ւ պիտի պատասխան տան իրենց նախնիների արարքների համար, որքանո՞վ է դա բարոյական, եւ ինչպիսի՞ հետեւանքներ կունենա դրանց բացահայտումը: Մի հարցում կարծեք թե բոլորն էլ համամիտ էին. պետք է ունենալ այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի, «իմունիտետ» կունենա այդ բացահայտումներին դիմակայելու համար: Մասնավորապես երկու կարեւորագույն հարցադրման պետք է ուշադրություն դարձնել. բացահայտումները կատարելիս ում ենք հարվածի տակ դնում, եւ ինչ է շահում դրանից հասարակությունը:

Երբ այսպես կոչված մատնիչները կամ նախկին համագործակցողները բացահայտվում են, եւ այն դառնում է իրավական մի գործընթաց, այդ գործընթացն անվանում են լյուստրացիա, որը թարգմանաբար նշանակում է մաքրվել զոհաբերությամբ: Բայց մտավախությունն այն է, որ այս գործընթացը կպահանջի հավելյալ զոհեր առանց այն էլ զոհաբերված հասարակությունից: Լյուստրացիայի մասին հայեցակարգային մոտեցումներից խոսելիս ազգագրագետ Գայանե Շագոյանը մասնավորապես նշեց. «Իրականում ամեն ինչ մեզանից է կախված, մենք պետք է ճանաչենք մեր պատմությունը, հետադարձ հայացք ձգենք դեպի այդ կողմ` նախ եւ առաջ ճիշտ գնահատական տալով մեր իսկ կողմից կատարված արատավոր երեւույթներին: Մենք պետք է կարողանանք խոսել մեր միջավայրի արատներից, քանի որ դրանք թաքցնելը նաեւ ինչ-որ տեղ պատասխանատվությունից ազատվել է»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41