Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Ռուբեն Վարդանյանի որդի

27.02.2026 16:40
296

Բաքվում քսան տարվա ազատազրկման «դատապարտված» Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում է հարցազրույցը թարգմանաբար.

France 24 – Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավճիռը չեք բողոքարկելու։ Դա այդպե՞ս է, եթե այո, կարո՞ղ եք ասել, թե ինչու։

Դավիթ Վարդանյան – Այո, այդպես է։ Հորս հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո որոշել ենք չբողոքարկել դատավճիռը Ադրբեջանում՝ հաշվի առնելով ադրբեջանական դատարանի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը։ Ինչպես գիտեք, և սա նաև ընդգծել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, միայն այն փաստը, որ նրա պես քաղաքացիական անձը, որը երբեք չի զբաղեցրել զինվորական պաշտոն, դատվել է ռազմական տրիբունալում, հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Հորս միջազգային փաստաբանները չեն կարողացել նրա հետ շփվել երկուսուկես տարի՝ նախնական կալանքի ամբողջ ընթացքում, թույլ են տրվել միջազգային և հենց ադրբեջանական օրենքների բազմաթիվ այլ, կոպտագույն խախտումներ։ Այս ամենը վկայում է, որ տեղի ունեցածն իրական դատաքննություն չի եղել, այլ  քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի և, հնարավոր է, նաև որոշ արտաքին դիտորդների  համար։ Սա, անկասկած, արդար և օրինական դատավարություն չէր, ուստի հայրս հրաժարվել է մասնակցել դրան։

France 24 -Լսենք Ադրբեջանի նախագահին։ Նա այս ամսվա սկզբին խոսեց France24-ի հետ այս գործի մասին։ Այսպիսով, կարծես, մոտ ապագայում ներումներ չեն լինելու, եթե, իհարկե, դա պարզապես պարծենկոտություն  չէ ։ Ի՞նչ կարծիքի եք:

Դավիթ Վարդանյան – Ակնհայտ է, որ մեզ խորապես մտահոգում են այդ խոսքերը {Նյուրնբերգի և ֆաշիզմի հետ համեմատությունը-խմբ}՝ հաշվի առնելով նաև այն, որ մայրս հրեական ծագում ունի և հիմա լսում է այդպիսի կոշտ մեղադրանքներ հորս հասցեին, ով, ինչպես գիտեք, մարդասեր է և, հավանաբար, տարածաշրջանի ամենահայտնի մարդասերը։ Ձեր հեռուստադիտողների համար կարծում եմ կարևոր կլինի նաև նշել, որ Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում  նաև «Ավրորա» նախաձեռնության հասցեին, որը մարդասիրական մրցանակ է և համահիմնադրվել ու նախաձեռնվել է ոչ միայն հորս, այլև այնպիսի ճանաչված մարդասերների կողմից, ինչպիսիք են երջանկահիշատակ Էլի Վիզելը, Վարդան Գրեգորյանը և այլք։ Ադրբեջանը ահա այս մրցանակը ստեղծած հիմնադրամն անվանում է ահաբեկչական կազմակերպություն։

Այնպես որ, սրանք շատ կոշտ և ուշադրության արժանի մեղադրանքներ են, որոնք չեն հիմնավորվել։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ այս հակամարտությունն ի վերջո կկարգավորվի։ Եվ, վերջին հաշվով, այն, ինչ մենք՝ և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, և՛ բոլորը, ուզում ենք, դա տարածաշրջանում իրական և երկարատև խաղաղությունն է: Կարծում եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է, նրանց տուն վերադարձնելը, երկրների միջև հարաբերությունների իրական կարգավորումն ու անցյալի բոլոր վերքերն ամոքելը։

France 24 – Եվ այնուամենայնիվ, եղել են ձեռքսեղմումներ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, ուղիղ եթերում։ Մենք տեսանք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը երկու երկրներ՝ դատավճռից առաջ, փետրվարի 10-ին։ Անցած շաբաթ երկու երկրների առաջնորդները ներկա էին Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի անդրանիկ միջոցառմանը։  Եվ Թրամփը երկուսին կոչ արեց ձեռք սեղմել Վաշինգտոնում անցկացված Խաղաղության խորհրդի միջոցառմանը։ Ինչպե՞ս կարձագանքեք։

Դավիթ Վարդանյան – Պետք է ձգտել այն ամենին, ինչը կօգնի միավորել երկրներն այդքան երկար արյունահեղությունից հետո։ Գնահատելի են Թրամփի վարչակազմի՝ տասնամյակներ տևած երկարատև հակամարտությունը լուծելուն ուղղված իրական ու էական ջանքերը։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այն, ինչ նախագահ Թրամփը հայտարարեց օգոստոսի 8-ին, երբ վարչապետ Փաշինյանին ասաց, որ Բաքվում այդ պահին պահվում են 23 հայ քրիստոնյա պատանդներ, և նա կօգնի նաև այս հարցում։ Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ բարձրացրել է այս հարցը, հաստատել է դա երկու առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ։ Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմը նույնպես հասկանում է, որ հարաբերությունների կարգավորման գործում շատ կարևոր է նաև պատանդների ազատ արձակումը։

Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել իրական և երկարատև խաղաղության։ Բայց առանց բարի կամքի, ստորագրված փաստաթուղթն ուղղակի թուղթ է։ Հավանաբար կհիշեք Նևիլ Չեմբերլենի հայտնի լուսանկարը․ թուղթը ոչինչ է, եթե չկան իրական և շոշափելի գործողություններ։

France 24 – Իսկ ի՞նչ կասեք Մոսկվայի մասին։ Մոսկվան որևէ ճնշում գործադրո՞ւմ է։ Ձեր հայրը ռուսական անձնագիր ունի։

Դավիթ Վարդանյան – Իրականում, հայրս Հայաստանի քաղաքացի է, և մյուս բոլոր հայ պատանդները միայն Հայաստանի քաղաքացիներ են։ Կարևոր հարց եք բարձրացնում․ ի վերջո Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ապահովել այս բոլոր գերիների ազատ արձակումը։ Եվ խոսքը ոչ միայն հորս, այլև ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների, նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու մասին է։ Հուսով եմ, որ տարածաշրջանի կարևոր խաղացողներից որևէ մեկը կօգնի լուծել այս հարցը, բայց, վերջին հաշվով, Հայաստանի կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն։

France 24– Եվս մեկ հարց։ Վերջին շփման ժամանակ ի՞նչ է ասել Ձեր հայրըի՞նչ ուղերձ է փոխանցել ընտանիքին։

Դավիթ Վարդանյան – Գիտեք, չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին և այն պայմաններին, որոնցում նա հայտնվել է վերջին 860 օրերի ընթացքում, նա շարունակում է շատ լավատես լինել։ Նա միշտ մեզ ասում է, որ չկորցնենք հույսը, հավատարիմ մնանք մեր սկզբունքներին։ Նա հենց դա է անում, չնայած բոլոր այն ճնշումներին, որոնց նա բախվել և բախվում է։ Այդ դժվարությունների բեռի տակ հեշտ է հրաժարվել համոզմունքից, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համագոյակցեն իրապես երկարատև խաղաղության պայմաններում, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա։ Բայց հայրս հավատարիմ է իր սկզբունքներին և կոչ է անում մեզ ևս չտրվել վախին և շարունակել պաշտպանել ճշմարտությունը` չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում, ու անկախ նրանից, թե որքան դժվար է։ Նա շարունակում է լավատես լինել, ոչ մեկի նկատմամբ որևէ զայրույթ չի տածում, և անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան, որպես հարևաններ, գտնել համագոյակցելու ձև։

24news.am

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38