Իսրայելի օրակարգում շարունակում է մնալ Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելու նպատակը․ իրանագետ

29.10.2024 10:13
572

Իրանագետ Նվեր Դավթյանն այն կարծիքին է, որ Իսրայելի օրակարգում շարունակում է մնալ Իրանին մեծ պատերազմի մեջ քաշելու նպատակը։ Իրանագետը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Իսրայելի կողմից Ւրանի տարածքին հասցված հարվածներին։ 

«Տեղեկությունները հակասական են, բայց որ վաղուց Իսրայելը մտադրություն է ունեցել Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ, աներկբա է, պարզապես այս անգամ էլ չստացվեց։ Երբ Իսրայելը հարվածում էր Լիբանանի մայրաքաղաքին, մինչև մեկ տոննա կշռով ռումբեր էր նետում Բեյրութի վրա։ Ի՞նչը խանգարեց իսրայելական ռազմաօդային ուժերին, որ նույնը չկարողացան անել Իրանի պարագայում։ Դա, թերևս պայմանավորված է Իրանի  զսպող ուժի հնարավորություններով։ Մյուս կողմից բացառված չէ, որ Թել-Ավիվում նկատի են ունեցել այն, թե իրենց գործողությունից հետո ինչ պատասխան կարող է լինել, քանի որ միայն հարվածներ հասցնելով չէ, անհրաժեշտ է նաև մարսել այդ հարվածները»,- նշեց իրանագետը։

Ըստ Դավթյանի՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության հնարավորություններն Իրանի հերթական, նոր հրթիռային հարվածներից երկիրը պաշտպանելու առումով բավականին թույլ են։ Որքան էլ շրջանառվում են տեսակետներ, որ ամերիկյան հակահրթիռային համալիրներ են տեղակայվել Իսրայելի տարածքում, սակայն դրանց արդյունավետությունն էլ չի կարող երաշխավորել Իսրայելի անվտանգությունը, առավել ևս, որ դրանցից եղել են նաև Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներում, որտեղ տարբեր առիթներով ռազմական գործողությունների ժամանակ այդ համալիրներն այդքան էլ չեն փայլել իրենց արդյունավետությամբ։ 

«Իսրայելում այսօր հետևում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին և կանխատեսումներ կատարում հնարավոր արդյունքների վերաբերյալ, քանզի փաստ է, որ Իսրայելը միայնակ չի կարող Մերձավոր Արևելքում իրականացնել լուրջ գործողություններ։ Գուցե «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի պարագայում Իսրայելը շարունակի իր՝ մինչև այժմ իրականացրած գործողությունների մակարդակով պայքարը, բայց ավելի լայնամասշտաբ գործողություններ, առանց անհրաժեշտ աջակցության, ի վիճակի չէ կատարել՝ հաշվի առնելով, որ մեկ տարուց ավել պատերազմի մեջ է և երկրում կան ներքաղաքական խնդիրներ։ Պակաս կարևոր չէ նաև ԱՄՆ-ի դիրքորոշումն այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի աջակցության չափը։ Սիրիայի կամ Իրաքի պարագայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը գործում էին Իսրայելի քաղաքական որոշումներին համահունչ, բայց Իրանի դեպքում նման կոալիցիա չի ձևավորվում, ինչը լուրջ խնդիր է»,- մանրամասնեց Դավթյանը։ 

Նա հայտնեց, որ հետևում է իրանական մեդիա դաշտի հրապարակումներին, խորհրդակցում գործընկերների հետ և նշեց, որ իսրայելական վերջին հարվածներից հետո հարևան երկրում կա ավելի շատ պայքարելու հաստատակամություն, քան խուճապային տրամադրություններ։

«Տեղի ունեցածը, հավանաբար, պայմանավորված է տեխնիկական ու նաև քաղաքական հանգամանքներով։ Գուցե, նաև Իրանի ՀՕՊ համակարգի աշխատանքի շնորհիվ է, որ իսրայելական հարվածներն այդքան արդյունավետ չեն եղել։ Նախևառաջ իսրայելական ինքնաթիռներն Իրանի օդային տարածք չեն մտել կամ չեն կարողացել մտնել։ Նրանք հիմնականում Հորդանանի և Իրաքի տարածքով են մոտեցել Իրանի սահմանին, արձակել են հեռահար հրթիռներ ու հետ վերադարձել։ Դա նշանակում է՝ կա՛մ ՀՕՊ համակարգի ազդանշաններն են նկատել և խուսափել ավելի մոտենալ իսլամական երկրի օդային տարածքին, կա՛մ առհասարակ օդային տարածքը հատելու մտադրություն ի սկզբանե չեն ունեցել։ Հիմնականում գործողությունն իրականացվել է F-15, F-16, F-35 կործանիչների միջոցով»,- ասաց Դավթյանը

Նրա դիտարկմամբ՝ թեև իրանական ՀՕՊ համակարգը կատարել է իր աշխատանքը, բայցևայնպես կան որոշակի վնասներ, որոնցից առաջինը տեխնիկական մասով վերաբերում է Թեհրանի կենտրոնում տեղակայված արտադրական գործարանին։ Տեղեկություններ կային նաև ռազմարդյունաբերական այլ օբյեկտների մասին, սակայն ավելի ընդգծվեց այն հանգամանքը, որ հրթիռակոծումների արդյունքում զոհվել են չորս զինծառայողներ։ 

«Իրանի կողմից պատասխան հարվածներ հասցնելու վերաբերյալ հնչել են հակասական հայտարարություններ, բայց փաստ է, որ ՄԱԿ-ում հարևան երկրի ներկայացուցչի ու նախագահի մակարդակով տեղեկացվեց, որ Իրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ագրեսիային, քանի որ դրա արդյունքում խախտվել է իր ինքնիշխանությունը և վտանգվել է տարածքային ամբողջականությունը։ Հնչեց նաև, որ պատասխանը լինելու է ճիշտ պահին, իսկ թե ինչպիսի ուժգնությամբ կլինի այդ պատասխանը, դա պայմանավորված է քաղաքական որոշակի հանգամանքներով»,- նշեց իրանագետը։

 

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21