ՋԻՎԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «Կապանում ջրամատակարարման ռեժիմի խախտումները պայմանավորված էին ջրամբարների փականները փոխելով»

20.10.2014 10:02
4370

Ջրամատակարարում


Սյունիքի մարզի քաղաքներում ներքին ջրատար ցանցի վերափոխումների, համայնքային իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների ու ընկերությունում կատարվող կառուցվածքային փոփոխությունների մասին է հարցազրույցը «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի հետ:


– Պարո՛ն Մարգարյան, ինչպես նկատում ենք, մարզի գրեթե բոլոր քաղաքներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն սկսել է ջրամատակարարման բարելավման լայնածավալ աշխատանքներ:

– Համաշխարհային եւ Ասիական բանկերի ֆինանսավորմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը մարզում սկսել է ջրամատակարարման բարելավման աշխատանքներ: Ագարակ քաղաքի ներքին ջրատար ցանցը եւ մաքրման կայանն ամբողջովին հիմնանորոգվել են: Ավելին ասեմ` Ագարակում ջրամատակարարումը բավականին վատ էր, իսկ այժմ այնտեղ ապահովված է շուրջօրյա ջրամատակարարում, իսկ մաքրման կայանն օրինակ կարող է ծառայել շատ քաղաքների համար: Մեղրիում դեռեւս շարունակվում են ներքին ջրատար ցանցի վերափոխման աշխատանքները: Մեկ այլ ծրագրով նախատեսվում է Զվարի ջրահավաք ավազանը եւ Մեղրու օրվա կարգավորիչ ջրամբարները հիմնանորոգել: Բանն այն է, որ Զվարի ջրահավաք ավազանի ջրամբարի պատերը ժամանակին ձյութով են պատել, որ անորակ ջրի մատակարարման պատճառ է դարձել: Մեղրու կլիմայական պայմանները թույլ կտան ավելի երկար աշխատել, եւ հուսով եմ, որ նախատեսվածից ավելի շուտ կավարտենք աշխատանքները: Շինարարական աշխատանքները Մեղրու «ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունն է կատարում, պայմանավորվածության համաձայն` քանդված ասֆալտը պիտի ամբողջովին վերականգնվի: Վարդանիձորի ներքին ջրատար ցանցը պիտի վերանորոգենք: Ճիշտ է, գյուղապետարանը որոշ աշխատանքներ է կատարել, բայց դա հիմնանորոգում չի կարելի համարել:

Կապանում եւս իրականացնում ենք ջրամատակարարման բարելավման ծրագիր` երեք ուղղությամբ, որի արդյունքում ներքին ջրատար ցանցը գրեթե ամբողջովին պիտի փոխվի:

Գորիսի վեց, Սիսիանի Սպանդարյան եւ Իշխանասար գյուղերում նույնպես նախատեսվում է կատարել հիմնանորոգման աշխատանքներ:

– Ներքին ջրատար ցանցում կատարվող աշխատանքները, բնականաբար, վնասում են տվյալ հատվածի ասֆալտապատ տարածքը: Ինչպե՞ս եք կարգավորում այդ հարցը:

– Ընդհանրապես ոչ մի ծրագիր առանց համայնքային իշխանության հետ համաձայնության չի իրականացվում: Համայնքային իշխանություններն այս հարցը լուծելիս ունենում են իրենց ներդրումը: Ամեն քառակուսի մետր քանդելուց հետո կրկին ասֆալտապատում պիտի կատարվի:

– Կարելի՞ է ասել, որ «Հայջրմուղկոյուղի»-ն հանրապետության մասշտաբով է իրականացնում բարեփոխման աշխատանքներ:

– Միանշանակ, կարող ենք ասել, որ ընկերության առաջնային նպատակը հանրապետության ողջ տարածքում ջրամատակարարման մակարդակի բարձրացումն է:

– Վերջերս Քաջարանում, կարծեք, ջրերի հետ կապված խնդիր առաջացավ, թունավորման դեպքերի հավանական վարկած համարեցին խմելու ջուրը:

– Ես միայն կարող եմ ասել, որ Քաջարանի ջրամատակարարման համար մեր ընկերությունը պատասխանատու չէ, այն համայնքային սեփականություն է:

– Կապանում հաճախ են հանրային լսումներ կազմակերպվում ջրի որակի հետ կապված, եւ ջրի որակը դարձել է բնակչությանը մտահոգող ամենալուրջ հարցերից մեկը:

– Մի բան է ասելը, մեկ այլ բան` ապացուցելը: Գոյություն ունեն ջրի որակի չափանիշներ, որոնց Կապանի ջուրը համապատասխանում է: Կապանում ջրի որակի խնդիր առաջանում է հիմնականում հորդառատ անձրեւների ժամանակ, որը մենք վերահսկել չենք կարող: Եթե բանախոսները կապացուցեն, որ Կապանի ջուրն անորակ է եւ առողջության համար վտանգավոր, մենք կսկսենք լրջորեն զբաղվել այդ հարցով: Հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված նմանատիպ հանրային լսումները մեզ ստիպում են ավելի հետեւողական եւ զգուշավոր լինել ջրի որակի հարցում, բայց քննադատությունն էլ պիտի լինի հիմնավոր, փաստարկված, գրագետ…

– Այս տարի` ամռան ամենաշոգ օրերին, Կապանում որոշ ժամանակ օրվա ընթացքում մի քանի ժամ ջուր չի եղել: Ինչո՞վ էր պայմանավորված:

– Չեմ ժխտում, իսկապես Կապանում ջրամատակարարման ռեժիմի խախտումներ են եղել, որ պայմանավորված էր ջրամբարների փականները փոխելով: Մեկ փական փոխելը տեւում է 12 ժամ: Ընդհանուր առմամբ փոխվել է ութ փական:

– Կապանում ի՞նչ նոր ծրագիր եք պատրաստվում իրականացնել:

– Կապանում նախատեսվում է օգտագործել ստորերկրյա ջրեր, որի համար կատարում ենք համապատասխան աշխատանքներ: Բանն այն է, որ երբեմն, օրինակ, մեքենաների դիզվառելիքը թափվում է գետ, որտեղից մաքրման կայան լցվող ջուրը դժվարությամբ է մաքրվում: Հնարավոր է, որ այդ ընթացքում ջրի որակը խախտվի. այդ է պատճառը, որ մենք անցնում ենք ստորերկրյա ջրերի օգտագործմանը:

– Վերջերս շրջանառվում են խոսակցություններ ընկերության կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու մասին:

– Ընկերության կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, որ բնական եմ համարում: ժամանակի հետ ամեն ինչ ավելի է մասնագիտացվում: Աշխատանքներ կան, որոնց կարիքը ժամանակի ընթացքում արդեն չի զգացվում, եւ բնական է, որ պիտի կրճատումներ լինեն: Բացի դրանից` ընկերության նպատակն է նաեւ տարեցտարի աշխատավարձի բարձրացումը, որ երբեմն կատարվում է աշխատատեղերի կրճատումների հաշվին: Ես, բացի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղը ղեկավարելուց, այժմ նաեւ հյուսիսարեւմտյան մասնաճյուղի ղեկավարն եմ:

– «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը, կարծեք, տեւական ժամանակ մարզի քաղաքային իշխանությունների հետ խնդիրներ ուներ: Ներկայումս հարաբերությունների սուր դրսեւորումներ կա՞ն, թե՞…

– Մեղրու քաղաքային իշխանության հետ կարգավորվել են հարցերը. 15 տարով պայմանագիր ենք ստորագրել` ներքին ցանցի օգտագործման վերաբերյալ: Կապանում, Գորիսում, Սիսիանում նույնպես այդ հարցը լուծված է: Ես այն կարծիքին եմ, որ ժամանակի ընթացքում տեղական իշխանությունները կհասկանան, որ միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ ներքին ջրատար ցանցում հիմնանորոգում անել, եւ այդ գործը պիտի վստահել մասնագիտացված ընկերությանը, որ այս պահին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունն է:

– Մշտապես խոսում ենք ջրամատակարարման մասին` կարծեք մոռանալով, որ ընկերությունը պատասխանատու է նաեւ կոյուղու համար, որտեղ պատկերն այնքան էլ մխիթարական չէ:

– Համամիտ եմ, որ այստեղ բավականին շատ աշխատանքներ ունենք կատարելու: Ես այն կարծիքին եմ, որ ինչքան ջրամատակարարումը կարգավորվի, այնքան կոյուղու խնդիրները կշատանան: Նախկինում, երբ ջրաչափներ չկային, ջուրն անընդհատ հոսում էր, եւ կոյուղին մաքրվում էր, հիմա երբ մարդիկ ջուրը խնայում են, կոյուղու հետ կապված խնդիրները շատանում են: Բանն այն է, որ կոյուղու կեղտաջրերը երբեմն խառնվում են խմելու ջրին, եւ բնական է, որ ջրի որակի խնդիրներ են առաջանում: Սովորաբար ամենամեծ խնդիրներն Ամանորին ենք ունենում: Ընկերությունը, իհարկե, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարում է: Հանրապետությունում կոյուղու կեղտաջրերի մաքրման կայաններ ենք կառուցում. Գավառում, Մարտունիում ավարտվել են աշխատանքները: Կգա ժամանակ, որ Սյունիքի քաղաքներում նույնպես այդ հարցը պատշաճ լուծում կստանա:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41