Կապա՛ն, դո՛ւ՝ իմ ներկան ու ապագան

18.10.2016 18:24
1918

Հոկտեմբերի 14-15-ին Կապանը տոնեց քաղաքի կարգավիճակ ստանալու 78-ամյակը: Տոնական միջոցառումներն այս տարի նշվեցին «Կապա՛ն, դո՛ւ՝ իմ ներկան ու ապագան» կարգախոսով: Միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 14-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում Ապրիլյան պատերազմում հերոսի մահով նահատակված Նորայր Գասպարյանի անվան դասասենյակի բացմամբ, որն այսուհետ յուրահատուկ հայրենասիրական դաս կտա այնտեղ մտնող ամեն մի աշակերտի: Փոքրիկ հինգերորդցիների մասնակցությամբ անցկացված գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում ներկայացվեց նաեւ մերօրյա հերոսի կարճ, բայց բովանդակալից կյանքի ուղին:

Տոնի առթիվ այդ օրը Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանն այցելեց նաեւ քաղաքի ամենատարեց բնակչուհուն՝ 102-ամյա Աշխեն տատին՝ նրան հանձնելով դրամական պարգեւ: Աշխեն տատն էլ իր հերթին բարեմաղթանքի եւ օրհնանքի խոսքեր հղեց երիտասարդներին՝ «իրիքնակը ըրաները նի, աստղները՝ կլխավը շոռ տան»:

Հոկտեմբերի 15-ին Կապանի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում օրհնության կարգ կատարելով, որին մասնակցում էր նաեւ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը շնորհավորեց տոնի առթիվ. «Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված իր ամենազոր աջի ներքո պահի եւ պահպանի հայոց աշխարհը, Սյունյաց երկիրը, մասնավորաբար Կապան քաղաքը: Հուսով եմ՝ յուրաքանչյուր կապանցու երազանքն է տեսնել իր սիրելի քաղաքը շատ ավելի գեղեցիկ, բարեկարգ ու լուսավոր, ինչի համար պահանջվում է յուրաքանչյուրիս ջանքն ու եռանդը»:

Այնուհետեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչի օծում՝ ի փառաբանություն եւ ի փառք Աստծո: Խաչքարի հեղինակը «Կապան-2016 քանդակագործության առաջին սիմպոզիումի» մասնակիցներից Ալեքսան Առաքելյանն է: Ի դեպ, շուտով Կապանում կկանգնեցվեն նաեւ սիմպոզիումի մասնակից երիտասարդ կապանցի քանդակագործների այլ խաչքարերը եւս:

Տոնի մասնակիցներն իրենց խոնարհումը բերեցին նաեւ հայրենիքի անկախությունը կերտողներին՝ այցելելով Բաղաբուրջի եւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրներ:

Քաղաքի կենտրոնում քաղաքապետի եւ քաղաքի ավագներից մեկի ձեռամբ կտրվեց ավանդական տոնական տորթը, որը քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը բաժանեց որոշ թաղամասերում՝ բաժին հանելով նաեւ քաղաքում տեղակայված զորամասի զինվորներին, «Արծվաբույն» տարեցների կենտրոնի եւ բարեգործական ճաշարանի շահառուներին, հատուկ կրթահամալիրի, երեխաների խնամքի կենտրոնի, մանկական կենտրոնի սաներին:

Արդեն ավանդական դարձող կրոսավազքի եւ հեծանվավազքի մրցաշարի այս տարվա մասնակիցների թիվը զգալիորեն աճել էր: Մրցանակային տեղեր զբաղեցրած 12 հոգին քաղաքապետարանից մրցանակներ, հավաստագրեր եւ գավաթներ ստացավ, իսկ «Վորլդ վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը նվերներ հանձնեց բոլոր մասնակիցներին: «Արեւորդի» հկ-ն, որ վերջերս Կապանին նվիրել էր հեծանիվներ, տոնի առթիվ դրանց թիվը եւս երեքով ավելացրեց:

Տոնական օրվա առթիվ մշակույթի կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր նիստում ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Շնորհավորական ուղերձում նա մասնավորապես նշեց. «Քաղաքի տոնի առթիվ շատ տեսանելի այս միասնականությունը մի բան է վկայում. մենք միասնական ենք այն ամենի շուրջ, ինչն, իսկապես, սիրում ենք, իսկ մենք սիրում ենք Կապանը եւ յուրաքանչյուր կապանցուն: Ես ինքս ինձ ու ձեզ չեմ փորձի խաբել, թե մենք շատ արագ կարողանալու ենք բոլորիս հոգսերը թեթեւացնել ու բոլոր վերքերը վաղն իսկ բուժել: Ո՛չ իհարկե: Բայց մի բանում հաստատ համոզված եմ: Համոզված եմ, որ կարող ենք կանգնել յուրաքանչյուր կապանցու կողքին, երբ նա դրա կարիքն ունենա՝ փորձելով օգնել նրան: Իմ այս համոզմունքը բոլորիս է վերաբերում եւ, իհարկե, առաջին հերթին՝ ինձ: Մենք միասին շատ բան կարող ենք անել ամեն մի կապանցու համար: Շատ եմ ուզում հավատալ, որ այսօրվա միասնականությամբ մենք քայլեր կանենք գալիք ողջ տարում: Եվ թող գալիք տարվա այս օրը դառնա ոչ միայն Կապանի, այլեւ կապանցու օրը: Այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկենք, որ այդ օրը նոր ասելիք ունենանք»:

Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գեւորգյանը նշեց, որ քաղաքը մեծ սիրով հանձնում են այսօրվա սերնդին, որ բանիմաց է, խելացի՝ միաժամանակ խորհուրդ տալով երիտասարդներին լինել հանդուրժող եւ աշխատասեր: Նա ցանկություն հայտնեց տարեցտարի քաղաքի բնակչության թիվը՝ ավելացած, քաղաքը՝ կանաչապատ ու բարեկարգ տեսնել:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, շնորհավորելով տոնի առթիվ, մասնավորապես նշեց. «Այս տոնը միավորում է բոլորիս, քանի որ նրա էությունն ու խորհուրդը մեկն է՝ սերն առ հայրենի քաղաք: Մաղթում եմ, նախեւառաջ, խաղաղություն՝ արժեք, որն ամենից թանկն է պատերազմ տեսած քաղաքի համար, եւ որի կարեւորությունը, ցավոք, եւս մեկ անգամ զգացինք այս տարի. խաղաղությունն է այն գրավականը, որը պիտի թույլ տա արարել, կառուցել, զարգացնել  համայնքը»: Տոնի առթիվ նա շնորհակալագրեր եւ պատվոգրեր հանձնեց քաղաքում ներդրում ունեցող տարբեր բնագավառների ներկայացուցիչներին:

Տոնական միջոցառումների շարքը եզրափակվեց համերգով՝ կապանցի կատարողների ու ստեղծագործական խմբերի մասնակցությամբ: Դե իսկ երեկոյան կապանյան երկինքը լուսավորվեց տոնական հրավառությամբ:

Բոլորիս մաղթանքը մեկն է՝ թող խաղաղություն լինի հայոց երկնակամարում, իսկ թնդանոթներն արձակեն միայն գունավոր ու թղթե «փամփուշտներ»:

Ի դեպ, Կապանի օրվան իր յուրահատուկ նվերը մատուցեց «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը՝ 4:0 հաշվով հաղթելով «Բանանց»-ին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06