Կապան. որդեկորույս մայրերի վշտից, նաեւ հրթիռակոծվելուց հողը ոչ թե ճաք է տալիս, այլ ավելի կարծրանում եւ համընդհանուր հերոսություն ու ցասում երկնում

14.10.2020 15:34
73960

Առերեւույթ գեղեցիկ այս աշունը թախիծով է պարուրել նաեւ Կապան համայնքը. մարզկենտրոնն արդեն կորցրել է իր լավագույն զավակներից շատերին: Սակայն որդեկորույս մայրերի վշտից ու արցունքներից մայր հողը ոչ թե ճաք է տալիս, այլ ավելի կարծրանում եւ ծնունդ տալիս համընդհանուր հերոսության ու միասնության, Հայոց երկրին հայտարարված լայնածավալ պատերազմի հաղթական ավարտն ապահովելու գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու վճռականության:
Հոկտեմբերի 10-ի հրթիռակոծումից հետո Կապանն արիանում է նորովի…
Մարզկենտրոնի իրավիճակին առավել հանգամանալից ծանոթանալու համար հոկտեմբերի 13-ին «Սյունյաց երկիրը» հանդիպեց համայնքապետ Գեւորգ Փարսյանին՝ նրան ուղղելով հետաքրքրող մի քանի հարց:

***

- Պարոն Փարսյան, առաջին հարցը, որ ուղղում ենք, վերաբերում է հոկտեմբերի 10-ին թշնամու կողմից Երիցվանքի մերձակայքի` Կաղնուտ (Մողես) եւ Արծվանիկ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հասցրած հարվածին։ Սա, փաստորեն, Վարդենիսից հետո երկրորդ դեպքն է, երբ ներկայիս պատերազմական գործողությունների ընթացքում ոտնձգություն է կատարվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Կուզենայինք տեղեկանալ ահաբեկչական այդ քայլի հետեւանքների, Կապան համայնքին հասցված վնասների մասին։
- Այո, հոկտեմբերի 10-ին անօդաչու թռչող սարքի կողմից հարված է հասցվել Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող ռազմական օբյեկտներից մեկին։ Եվ այդ ոտնձգության ամենադառը հետեւանքը եղավ այն, որ ունեցանք երեք զոհ։ Դրանք անդառնալի կորուստներ են, շատ ցավալի… Կրկին ցավակցում եմ նրանց հարազատներին ու մերձավորներին, նաեւ բոլոր կապանցիներին` մեր քաջորդիների ողբերգական մահվան կապակցությամբ։
Մյուս վնասները` նյութական, այդ նահատակների պարագայում, անկարեւոր են, վերականգնելի…
- Իսկ բարոյահոգեբանական տեսանկյունից ազդեցություն ունեցա՞վ թշնամու հարձակումը. խոսքը, իհարկե, մարդկանց տրամադրության մասին է։
- Ճշմարիտն ասած` խուճապային տրամադրություններ ավելի շատ նկատվեց մարզից դուրս բնակվող մարդկանց մեջ, քան Կապանում, Սյունիքում։ Մարդիկ անընդհատ զանգահարում էին ինձ, անհանգստանում, թե ի՞նչ է կատարվում Կապանում։ Բայց ահա կապանցիների շրջանում խուճապ, անհանգստանալու երեւույթներ չեմ նկատել. դա նաեւ պայմանավորված է հանգամանքով, որ կապանցին (միջին սերունդը եւ դրանից բարձր) ոչ վաղ անցյալում պատերազմ է տեսել, ռմբակոծումներ եւ հրթիռակոծումներ, ապաստարանային կյանք… Հիմա էլ կարող եք շրջել Կապանում եւ տեսնել մարդկանց տրամադրությունն ու անընկճելի ոգին։ Ճիշտ է, մտահոգություն կա, բնական է, բայց դա խուճապ անվանել չի կարելի։
- Որքան էլ Կապանը հեռու է առաջնագծից, բայց ներկայիս հեռահար հրետանու դեպքում ճակատամերձ գոտի ենք համարվում, եւ տրամաբանական հարց է ծագում` համայնքը, նրա մեջ մտնող բնակավայրերը որքանո՞վ են պաշտպանված, որքանո՞վ է ապահովված բնակչության անվտանգությունը` քաղաքացիական պաշտպանության տեսակետից։
- Կարելի է ասել` որ համայնքը գրեթե պատրաստ է սպասվող զարգացումներին։
Մեկ անգամ եւս նշեմ` 1990-ականներին Կապանը հրթիռակոծվում էր, եւ բնակչությունը գիտի, թե ինչպես պաշտպանվել հրետակոծությունից, հրթիռակոծությունից։
Այս տարվա հուլիս-օգոստոսից սկսած, քանի որ վիճակը լարվել էր հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, եւ զգացվում էին իրավիճակի սրացումներ, սկսել էինք մոնիթորինգը` Կապանում ապաստարանների հետ կապված։ Գրեթե բոլոր ապաստարանները կամ թաքստոցները ներկա դրությամբ պատրաստ են, նույնիսկ շենքեր կան, որոնց բնակիչները սեփական նախաձեռնությամբ են դատարկել այն տարածքները, որտեղ նախկինում պատսպարվել են (1992-1994 թվականներին)։ Համայնքապետարանն օժանդակել է դրանք մաքրելուն, կահավորելուն, լուսավորություն անցկացնելուն…
- Ազդանշանային համակարգի մասին, որ այնքան կարեւոր է ռազմական դրության պայմաններում, այն էլ` Կապանում…
- Շչակները գործում են ինչպես մարզկենտրոնում, այնպես էլ բոլոր գյուղական բնակավայրերում։ Կարծում եմ` վտանգն ազդարարելու գործում խնդիրներ չեն առաջանա։
- Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Կապան համայնքի բարոյահոգեբանական վիճակը. քիչ առաջ խոսեցինք հոկտեմբերի 10-ի միջադեպի մասին, բայց երբ երկիրը հայրենական պատերազմի մեջ է, երբ Կապանը (ինչպես ամբողջ Հայաստանը) զոհեր է տալիս, երբ շատ-շատ կապանցիներ առաջնագծում են, մարտական գործողությունների են մասնակցում…
- Պատերազմ է, եւ ինչպես արդեն նշեցի, որոշակի անհանգստություն կա ձեր նշած ամեն ինչի հետ կապված, բայց կարեւորն այն է, որ խուճապ չկա։ Դեռ ավելին, հազարավոր մարդկանց մոտ նկատում եմ  մարտական բարձր ոգի։ 
Կապանցիներից հարյուրավորները կանգնած են առաջնագծում` ե՛ւ որպես պայմանագրայիններ ո՛ւ ժամկետայիններ,  ե՛ւ որպես կամավորներ։ Անընդհատ կապի մեջ եմ. շատ ձիգ են ու մարտականորեն տրամադրված, նույնիսկ այսպիսի զրույց եղավ, ասում են` միջնորդիր, որ մեզ մարտական առավել պատասխանատու առաջադրանք տան։ Փառք ու պատիվ այդ տղաներին…
- Ռազմական դրության պայմաններում  է անցնում մեր առօրյան, ուստի մարդկանց հետաքրքրում է Կապանի տարածաշրջանի ենթակառուցվածքների գործունեությունը (տնտեսություն, ուսումնական հաստատություններ, նախադպրոցական հիմնարկներ, սպասարկող ծառայություններ). բնականոն գործո՞ւմ են, թե՞ ինչ-որ բան խաթարված է։
- Ոչինչ չի խաթարված, ոչինչ չի կանգնել, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, ձեռնարկությունները գործում են, եւ բոլորն էլ պատրաստակամորեն աջակցում են բանակին, զինվորին։ Չկա այնպիսի կազմակերպություն կամ անհատ, որոնց որեւէ խնդրով դիմենք, եւ նրանք չարձագանքեն պատրաստակամությամբ, հանձն չառնեն դրա  լուծումը։
- Արտակարգ դրությունը նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ է պահանջում համայնքապետարանից, մի կողմից` սահմանափակումներ, մյուս կողմից` լրացուցիչ պարտականություններ, պատասխանատվություն նոր մակարդակ։ Կարողացե՞լ եք ամսի 27-ից սկսած համայնքապետարանի աշխատանքը վերակառուցել այնպես, որ համահունչ լինի ռազմական դրությանը, եւ աշխատանքները դրվեն պահանջվող ռելսերի վրա։
- Ռազմական դրության հետ կապված կար արդեն մշակված պլան, մենք սկսեցինք այդ պլանով առաջնորդվել, նախանշված ձեւաչափերով, բայց կյանքը շտկումներ է մտցնում նաեւ դրանում, քանզի մարտական գործողությունների ձեւերն ու մեթոդներն աննախադեպ են։ Ռազմական դրության պայմաններում համայնքապետարանն ունի որոշակի պարտականություններ` հատկապես զորահավաքի աջակցության հետ կապված։ Մեր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել ենք շատ օպերատիվ ու արդյունավետ, եւ շարունակում ենք կատարել։ Համայնքապետարանի աշխատանքային ռիթմը համապատասխանեցվել է ռազմական դրության թելադրած պահանջներին. շուրջօրյա աշխատանք ու հերթապահություն, ծագող խնդիրների օպերատիվ լուծում…
- Երկու օր առաջ «Սյունյաց երկրի» խմբագրակազմը ճակատամերձ տարածքներում լրիվ պատահականորեն հանդիպեց Ձեզ։ Ուշ երեկո էր, մենք չկարողացանք երկար զրուցել, մանավանդ որ վերադառնում էիք կրակագծից եւ Գորիսում ինչ-ինչ հարցեր պետք է լուծեիք անհապաղ` ճակատին առնչվող։
Կապը ճակատ մեկնած համերկրացիների հետ, որքանով տեսնում ենք, սերտ է…

- Մի քանի անգամ արդեն եղել եմ այն վայրերում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում։ Նպատակս էր հանդիպել կապանցիներին, ծանոթանալ նրանց հոգսերին եւ հնարավորինս արագ լուծում տալ առկա խնդիրներին։ Նման շփումները ոգեւորում են առաջնագծում կանգնած մարտիկներին։
Այդ շփումներն անընդմեջ բնույթ են կրում։
- Պարոն Փարսյան, ամբողջ Հայաստանով մեկ ժողովուրդն օգնում է ռազմաճակատում գտնվող մարդկանց` նյութական օժանդակությամբ, առաջին անհրաժեշտության ապրանքներով, սննդով եւ այլն։ Սեպտեմբերի 27-ից ականատեսն ենք, որ այդ նույնը եւ բավականին ակտիվ դրսեւորումներով կատարվում է մարզկենտրոնում եւս։ Ի՞նչ կասեք այդ մասին` օգնության համակարգման ու նաեւ այն առնչությամբ, թե որքանով է այդ ամենն օպերատիվորեն եւ հասցեական տեղ հասնում։
- Օգնություններն ինչպես պարենամթերքի, այնպես էլ ֆինանսական տեսքով են։ Սկզբնական փուլում մեր հայրենակիցների կողմից ֆինանսական մուծումներ են եղել «Կապան» հիմնադրամ։ Մեծ օգնություն ենք ստացել պարենամթերքի, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով։ Այդ ամենը կենտրոնացվում է։ Աստծո ամեն օր այդ մթերքներով եւ ապրանքներով բեռնավորված ավտոմեքենաները շարժվում են առաջնագիծ։ 
Միեւնույն ժամանակ չմոռանանք, որ Կապանում կան ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի իրենց օջախներից ժամանակավորապես տարհանվածներ։ Նրանցից ոմանց նախ ապահովել ենք առաջին անհրաժեշտության ապրանքներով ու սննդով։ 
Մի խոսքով` այն, ինչ մտնում է համայնքապետարան, նպատակային է բաժանվում եւ, կասեի, հասցեական։ 
Պատեհ առիթը բաց չեմ թողնում երախտագիտությունս հայտնելու բոլոր կապանցիներին եւ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ներդրում են ունեցել թե՛ ֆինանսական հանգանակության, թե՛ նյութական օգնության տեսքով։ Եվ, իհարկե, նախեւառաջ նրանց, ովքեր հայրենիքի կանչով մեկնել են ճակատ։
Նաեւ նշեմ` եթե մարդիկ ցանկանում են ֆինանսական օգնություն այսուհետ եւս ցուցաբերել, ապա նպատակահարմար է գումարն ուղղել «Հայաստան համահայկական հիմնադրամի» հաշվեհամարին։
- Ի՞նչ կարող եք ասել Կապանի տարածաշրջանի բուժհաստատությունների գործունեության, բժիշկների աշխատանքի մասին. մարզկենտրոնի բուժհաստատությունները եւս մեծածավալ աշխատանք են կատարում վիրավորներին օգնելու համար։
- Վերջին անգամ հիվանդանոցում էի, երբ թշնամին հարվածել էր Կաղնուտին ու Արծվանիկին։ Զինվորներից մեկը տեղում մահացավ, երկուսի կյանքը բժիշկները փորձում էին փրկել, բայց` ապարդյուն։ Տեսա, թե բժիշկներն ինչպիսի նվիրումով են մաքառում, ինչ սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում վիրավորների հանդեպ։ Բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը։ Իմ համոզմամբ` բժիշկների աշխատանքն այս օրերին հավասարազոր է առաջնագծի մարտական գործողություններին։
- Պատերազմի ժամանակ վիրավորները, վնասվածքները բազմազան են լինում, մանավանդ` հրազենային. բժշկական նեղ մասնագիտությամբ մասնագետներ հրավիրվե՞լ են մայրաքաղաքից։
- Լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել մայրաքաղաքից, ովքեր իրենց հմտություններով ու գիտելիքներով օգնում են տեղացի բժիշկներին` փորձելով շարք վերադարձնել վիրավոր զինվորներին եւ փրկել մարդկային կյանքեր։

Հ.Գ.
Մեր զրույցը գրեթե ավարտվել էր, երբ (ժամը 16:00-ի սահմաններում) Գեւորգ Փարսյանը սահմանամերձ գյուղերից ահազանգ ստացավ. ռազմաճակատի հարավային թեւից համայնքի արեւելյան գյուղերի ուղղությամբ հրթիռ է արձակվել, որն էլ ոչնչացվել է:
Զրույցը, բնականաբար, այլեւս չէինք կարող շարունակել…
Բոլորս անակնկալի եկանք, բայց եւ համայնքապետն անմիջապես ուժ գտավ իր մեջ՝ ձեռնարկելու իրավիճակից բխող քայլեր, մասնավորապես ճշտելու տեղեկատվության իսկությունը եւ արձակված հրթիռի հետեւանքները՝ ոտքի հանելով նաեւ արտակարգ իրավիճակների մարզային կառույցին, Ագարակ, Արծվանիկ, Դավիթ բեկ գյուղերի բնակիչներից շատերին:
Րոպեներ անց պարզ դարձավ, որ թշնամու հրթիռն իսկապես վնասազերծվել է հայկական ուժերի կողմից, եւ օդային տագնապ հայտարարելու կարիք չի եղել։ Ու քիչ առաջ համակած մտահոգությունն ու տրտմությունը ոգեւորության փոխակերպվեցին…
Կարճ ժամանակ տեւած տագնապի մեջ, որին ներկա էինք, չէր կարելի չնկատել համայնքապետի, նաեւ գյուղերի վարչական ղեկավարների օպերատիվ աշխատանքն ու խելամիտ քայլերը:
Տեղեկացանք նաեւ, որ համայնքի՝ Արցախի Հանրապետության հետ սահմանակից բոլոր գյուղերում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, իսկ համայնքապետարանը գործում է 24- ժամյա ռեժիմով:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի եւ Սամվել Ալեքսանյանի 
 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03