Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը 80 տարեկան է

03.04.2015 15:45
3992

Արդեն 80 տարի է, ինչ Սյունյաց աշխարհի կենտրոնում՝ Կապանում, ապրում է Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը: 80 տարի է՝ նրա բեմում կենդանանում են համաշխարհային դրամատուրգիայի գրական հերոսները, 80 տարի է՝ կապանցին թատրոնում շնչում է համաշխարհային արվեստի շնչով:

Վոլտերն ասել է. «Եթե քաղաքը չունի թատրոն, ուրեմն այն մեռած է»: Այս համատեքստում կարող ենք անվարան փաստել. Կապանը՝ որպես քաղաք, իր քաղաքային կենցաղավարությամբ շնչում, ապրում ու հավերժ է...

Այս թատրոնի կամարների ներքո քանի՜-քանի՜ անգամներ դեմ հանդիման կանգնել են չարն ու բարին, կանգնել են զորեղն ու անզորը, գեղեցիկն ու անգեղը... Եվ միշտ հաղթել է իմաստունը... Եվ միշտ հաղթել է թատրոնը, քանզի այն ապրել է 80 տարի:

Թատրոնը հունարենից թարգմանաբար նշանակում է տեսարանների վայր:

Արվեստի այս տեսակն իր մեջ սինթեզում է բոլոր ճյուղերը, եւ արտահայտման միջոցը դերասանն է, ով, կիրառելով թատերական տարբեր հնարներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ վառվել է դրամատուրգի եւ ռեժիսորի մեջ, այն, ինչ հրդեհվում է բեմում, այն, ինչով պետք է բոցավառվի հանդիսատեսը:

Ահա հենց այստեղ է, որ ամեն ինչ պետք է հասցնել հանելուկի, պետք է կերտել այն ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա:

Ներգործեցի՞ր, հաղթեց Իմաստունը, հաղթեց Հանելուկը, հաղթեց այն «խաղալիքը», որով սիրում են խաղալ ե՛ւ մեծերը, ե՛ւ փոքրերը, որով խաղում են մարդու միտքն ու հոգին...

Ղափանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնվել է 1935թ.` նույն ժամանակահատվածում գործող թատերական խմբերի հիման վրա եւ նույն թվականին էլ Ալ.Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով առաջին անգամ բարձրացրել վարագույրը:

Դերասաններ Վանյա Բալայանը, Անիկ Հարությունյանը, Բագրատ Կիրակոսյանը, Արուսյակ Մարտիրոսյանը, Մխիթար Դավթյանը, Խորեն Սարգսյանը, Ռուբեն Սարգսյանը, Համեստ Ստեփանյանը եւ նկարիչ Արտյուշա Վանյանը՝ ռեժիսոր Սուրեն Միրզոյանի գլխավորությամբ, եղան եւ թատրոնի պատմության մեջ մնացին որպես նահապետներ:

Իրար հաջորդեցին «Պատվի համար», «Նամուս» ներկայացումները: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվեցին «Ռուզան», «Վագիֆ», «Զոյա»` հայրենասիրություն քարոզող եւ ոգեշնչող թեմաներով ներկայացումները:

Պատերազմի ավարտից հետո բեմադրվեցին Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա», Շեքսպիրի «Օթելլո», ապա «Պլատոն Կրետչետ», «Ուրիշի երեխան», «Պեպո», «Խաթաբալա» ներկայացումները: 1951թ. Հենրիկ Մալյանն Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» ներկայացումով իրականացրեց իր ռեժիսորական դիպլոմային աշխատանքը: 1951թ. էլ թատրոնը ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշումով լուծարվեց, եւ թատրոնի դերասանների մի մասը տեղափոխվեց Գորիսի թատրոն:

1958թ. Ղափանի թատրոնը կրկին վերաբացվեց, կոչվեց Զանգեզուրի պետական միջշրջանային թատրոն: Այն նոր շունչ ու ոգի առավ, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մի խումբ շրջանավարտներ (Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Արծրուն Մանուկյան, Գուժ Մանուկյան, Ռաֆայել Քոթանջյան, Ալիկ Քոչարյան եւ այլք) եկան Ղափան՝ լրացնելու տնօրեն Ալեքսեյ Հովհաննիսյանի եւ գլխավոր ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանի ու ռեժիսոր Լեւոն Մարտիրոսյանի ղեկավարած ստեղծագործական կոլեկտիվը: Նրանցից շատերը հետագայում դարձան ճանաչված դերասաններ: Նրանք թատրոնի հիմնական կազմի՝ հանրապետության վաստակավոր արտիստուհի Արաքսյա Գասպարյանի, Վանյա Բալայանի, Անիկ Հարությունյանի, Անիկ Տոնոյանի, Ռուբեն Սարգսյանի հետ կարողացան ստեղծել մի կուռ, ուժեղ կոլեկտիվ: Ապա թատրոն եկան Ջուլիետ Կաժոյանը, Բորիս Հովհաննիսյանը, Գորիսի թատրոնից Ղափան վերադարձան Արուսյակ Մարտիրոսյանը, Միլիտոս Ղազարյանը, ժակ Ենգիբարյանը: Իրենց բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի համար 1977թ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման արժանացան թատրոնի դերասաններ Վանյա Բալայանը, Միլիտոս Ղազարյանը, Անիկ Հարությունյանը, ժակ Ենգիբարյանը, 1981թ.՝ Արուսյակ Մարտիրոսյանը: Իսկ 1986թ. վաստակավոր արտիստ Միլիտոս Ղազարյանն արժանացավ ժողովրդական արտիստի կոչման:

Այդ ժամանակներից սկսած՝ թատրոնը տարեցտարի հարստացնում էր իր խաղացանկը նոր ու փայլուն ներկայացումներով՝ «Նույն հարկի տակ», «Արամբի», «Քո ժպիտը միլիոն արժե», «Եզոպոս», «Սոս եւ Վարդիթեր», «Սեր եւ խարդավանք», «Մորգանի խնամին», «Պատվի համար», «Բոռ», «Երկու տիրոջ ծառա», «Մխիթար Սպարապետ», «Քանդած օջախ», «Վարազդատ», «Դպրոցական կատակերգություն», «Ռուզան», «Պաղտասար աղբար», «Կապկազ-թամաշա», «Բախտավոր մարդիկ», «Ախ, ներվեր, ներվեր», «Խելագարի հիշատակարանը», «Միրհավ», «Դռնփակ», «Քաջ Նազար», «Գնա մեռի, արի սիրեմ», «Տաքսի, տաքսի», «Երազանքների տունը» եւ այլն:

Թատրոնի խմբի հետ տարբեր տարիներ հյուրախաղերով հանդես են եկել մեծն Վահրամ Փափազյանը («Օթելլո»), Հրաչյա Ներսիսյանը («Նամուս»), Ավետ Ավետիսյանը («Պատվի համար»), 1963թ. թատրոնի կոլեկտիվի հետ «Ժայռը» ներկայացումով հանդես եկավ Գուրգեն Ջանիբեկյանը, 1983թ. Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ Պաղտասարի դերով հանդես եկավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը, 1986թ. Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» ներկայացման մեջ՝ վաստակավոր արտիստ Արմեն Խոստիկյանը:

1969թ. Հ.Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնին թատրոնի «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ներկայացումն արժանացավ փառատոնի երրորդ մրցանակին:

Ե.Չարենցի «Կապկազ-Թամաշա» ներկայացումը 1986թ. արժանացավ Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ՀԼԿԵՄ) մրցանակին: Այս ներկայացումը խաղացվեց նաեւ Մոսկվայում՝ Վ.Մայակովսկու անվան թատրոնում:

Թատրոնի պատմության մեջ իրենց լուսավոր հետքն են թողել ռեժիսորներ Սուրեն Միրզոյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Երվանդ Ղազանչյանը, Զեբիկ Զախարյանը, Գեւորգ Գեւորգյանը, Նոդիա Բաղդասարյանը, Սամվել Գայամյանը, Հակոբ Ղազանչյանը:

1990-ական թվականներից հետո սկսված շուկայական հարաբերությունների, ապա մեզ պարտադրված պատերազմի պայմաններում անգամ թատրոնը կարողացավ դիմակայել իրեն հասած փորձություններին: Նա լծվեց գոյատեւման, ազգի ինքնահաստատման համար մղվող պայքարի գործին: Ելույթներով հանդես եկավ զորամասերում, խրամատներում, առաջավոր գծում: Թատրոնը ստեղծեց իր պաշտպանության ջոկատը, մասնակցեց մարտերին, զոհեր տվեց, բայց ապրեց եւ ապրեցրեց, շունչ ու ոգի տվեց ժողովրդին:

Պատերազմի ավարտից հետո թատրոնը կրկին լծվեց իր խաղաղ, ստեղծագործ աշխատանքին: Աշխատելով օտար հարկերի տակ՝ ստեղծեց ներկայացումներ, որոնք սիրով ընդունվեցին հանդիսատեսի կողմից, մասնակցեց փառատոների՝ արժանանալով մրցանակների:

Բեմադրվեցին Պ.Սեւակի «Եռաձայն պատարագ», Ա.Բակունցի «Միրհավ», Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ», Կ.Եղիազարյանի «Նժդեհ», Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», ժ.Հարությունյանի «Բախտավոր մարդիկ», ժան Պոլ-Սարտրի «Երեքը դժոխքում», Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Մաշադուի «Բրազիլիայի գանձը» եւ այլ ներկայացումներ:
Երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը եւ ռեժիսոր Վազգեն Սարգսյանն արժանացան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման, Կամո Արզումանյանը եւ դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը՝ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ Վազգեն Սարգսյանը՝ Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի եւ հանրապետության մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ին, Արտավազդ Գրիգորյանը՝ Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»-ին:

Թատրոնը մշտապես մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող թատերական փառատոներին եւ արժանանում պատվոգրերի եւ շնորհակալագրերի: Կապանի թատրոնն իր գոյության ընթացքում երբեք իր սեփական շենքը չի ունեցել եւ 2005թ. ստացավ իր հիմնական շենքը՝ քաղաքի նախկին «Սյունիք» կինոթատրոնի շենքը, որը հիմնովին վերանորոգվելուց հետո 2009թ իր դռները բացեց հանդիսատեսի առջեւ եւ արդեն իր սեփական տանը շարունակում է բուռն ստեղծագործական աշխատանքը:

Այսօր էլ թատրոնը շարունակում է ծաղկել եւ գրանցել նորանոր հաջողություններ ոչ միայն իր տարեգրքում, այլ նաեւ այն քաղաքի, որի քաղաքակրթմանը կոչված է ծառայելու ինքը: Արդեն 25 տարի է` կոլեկտիվը ղեկավարում է թատրոնի նվիրյալ, անխոնջ մշակ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Կամո Արզումանյանը: Նրան բաժին ընկավ թատրոնի պատմության վատագույն շրջանը՝ պատերազմ, անտուն, անօթեւան դեգերումներ, սոցիալական դժվարագույն շրջան: Բայց տնօրենի համառ ջանքերի շնորհիվ թատրոնը հաղթահարեց փորձություններն ու ամուր կանգնած՝ առաջ է ընթանում: Հանրապետական փառատոների մրցանակների եւ բազմաթիվ պարգեւների է արժանանում Շիրվանզադեի թատրոնը, ստեղծում մնայուն գեղագիտական արժեքներ՝ հարստացնելով Սյունիքի արվեստի էջերը:

80-ամյա այս թատրոնը նաեւ Կապանի այցեքարտն է մայրաքաղաքում եւ ամբողջ հանրապետությունում, այն ոչ միայն մշակութային օջախ է Կապանի համար, այլեւ պատվո դեսպան, որով Կապանը ներկայանում է հանրապետությունում:

Թատրոնի նորագույն շրջանի ձեռքբերումները բազմաթիվ են եւ անկարելի է տեղավորել մեկ հոդվածում: Բարեգործական ներկայացումներ զորամասերում, ներկայացումներ սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում, Արցախում, Երեւանում: Թատրոնում գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսը, կուրսի ղեկավար՝ պրոֆեսոր, ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան: Միայն նախորդ թատերաշրջանի ընթացքում ծնվեց չորս ներկայացում՝ դասական դրամա՝ Ալ.Շիրվանզադե-«Եվգինե», երիտասարդական կոմեդիա՝ Գուրգեն Միքայելյան-«Ամերիկյան խառնաշփոթ», Սամվել Խալաթյան-«Փակուղուց այն կողմ», մանկական ներկայացում՝ Գեւորգ Սարգսյան - «Քարանձավի գաղտնիքը»: Այս օրերին թատրոնում ընթանում են Լ.Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» պիեսի բեմադրական աշխատանքները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

ՕՖԵԼՅԱ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21