Շուռնուխից վերադարձանք անուրախ տրամադրությամբ ․․․

28.04.2023 11:24
3558

Սահմանամերձ գյուղերի հիմնախնդիրներին ծանոթանալու մեր հերթական հասցեն սահմանամերձ Շուռնուխն էր…

Տանձավեր գյուղ հասնելուն պես թեքվում ենք աջ և ընթանում նորակառույց ասֆալտապատ ճանապարհով (մոտ 500 մետր), այնուհետև ճանապարհը (13 կմ) հողածածկ է: Երևում է՝ հողային լուրջ աշխատանքներ են կատարվել, բայց թե երբ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ կլինի, միայն ենթադրություններ կարելի է անել:

Երկփեղկված այդ գյուղ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այս անգամ այցելեց Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ, ով Սյունիքի սահմանամերձ գյուղերի հիմնախնդիրներին ծանոթանալու և դրանք վերին ատյաններ հասցնելու գնահատելի գործելակերպ է որդեգրել: Եվ արդեն հասցրել է լինել մարզի մի քանի գյուղերում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո ակամա սահմանամերձ դարձած:

Շուռնուխում տեղյակ էին պատգամավորի այցելության մասին, և հանդիպումները հանպատրաստից էին ստացվում:

Բացի գյուղի բնակիչների անվտանգությանն առնչվող հարցերից, առաջնային խնդիրներից մեկը գյուղը խմելու ջրով ապահովելն է…

Բանն այն է, որ գյուղի վերին հատվածում առանձնատներ են կառուցվում (13 հատ), և ինչպես նշում է գյուղի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը. «Եթե դրանք պատրաստ էլ լինեն, ոչ մեկը չի գնալու այնտեղ բնակվելու, քանի դեռ չի լուծվել խմելու ջրի հարցը: Եթե գան էլ՝ շախով-շուխով կարմիր ժապավեն կտրեն, միևնույն է, ոչ մեկն այդ տուն չի մտնելու: Եթե մեր պատկերացրած վայրից պիտի ջուրը հասցնեն գյուղ, մի տարի է տևելու, ինչո՞ւ հիմիկվանից այդ մասին չեն մտածում…»:

Գյուղի չլուծված հիմնախնդիրներն են պատճառը, որ զրույցը շուռնուխցիների հետ երբեմն թեժ բնույթ էր ստանում: Եվ քանիցս Ազգային ժողովի պատգամավորը զրուցակիցներին հանդարտության կոչ էր անում, համբերատար բացատրում, թե որ խնդրին ինչ լուծում պիտի տալ:

Գրիգոր Դարբինյանի տունը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, նորից վերահաստատվել է վերին թաղում, հաստատակամ է. Շուռնուխից հեռանալու մտադրություն չունի, բայց նաև նշում է, թե պիտի մարդկանց անվտանգությունն ապահովվի ըստ պատշաճի: Երեք երեխա ունի, կրտսերը՝ ութ ամսական: Իր խոզերի մի մասն անցել է ադրբեջանցիների կողմը, հնարավոր չի եղել վերադարձնել: Անասնապահությամբ զբաղվող մարդու համար դա լուրջ կորուստ է, ուստի նրա խոսքը դուրս է գալիս վերահսկողությունից, ինքը դառնում դյուրաբորբոք. «Անասնապահությունը գյուղում հետընթաց է ապրում, 300 գլուխ խոշոր եղջերավոր անասունից 30-ն է մնացել գյուղում, եղած անասունն էլ թուրքի բերանում ենք պահում: Ասում ենք՝ ճանապարհի եզրով փշալարեր անցկացրեք, որ անասունը չանցնի ադրբեջանցու կողմը, պատասխանում են՝ դու դրանով քո սահմա՞նն ես գծում, բա ի՞նչ անենք»:

Շուռնուխցիները բողոքում են սոցիալական անարդարությունից, ըստ Հասմիկ Հարությունյանի՝ բարեգործական օգնությունը գյուղի կեսին հասնում է, կեսին՝ ոչ: Երեք որդի ունի, որից մեկը՝ զինվոր. «Անցած տարի Կապանի Նորաշենիկ գյուղում տուն պիտի գնեի, գյուղապետն ուրախացավ, թե՝ ինչ լավ է, գյուղում մի ընտանիք կավելանա, ընդ որում՝ երեք տղա, աճող ընտանիք, իսկ Շուռնուխում դա չեն գիտակցում: Այստեղ միայն գալիս են, խոստումներ տալիս ու գնում: Եկան ասացին՝ Ձեզ «խելացի» կով ենք տալու. կուտը տվին, գնացին: Թուրքի բերանում ենք, գոնե դա հաշվի առնեն: Երբ երեկոյան ու գիշերն էլեկտրամատակարարումը խափանվում է, շորերը հագնում ենք ու նստում, որովհետև կարծում ենք, թե յուրաքանչյուր վայրկյան թշնամին կարող է հարձակվել: Եթե իմ սեփականությունը վաճառեմ, քաղաքից կարող եմ տուն գնել, բայց եթե ես դուրս գամ, մյուսը դուրս գա, Շուռնուխի վերջն ի՞նչ է լինելու…»:

Տիկին Ֆլորան 30 տարի է՝ Շուռնուխում է ապրում: Կապանի տարածաշրջանի Սրաշեն գյուղից է. «Մենք այստեղից գնացողը չենք, թուրքը ո՞ւմ շունն է, որ մեր տունն ու տեղը թողնենք-հեռանանք: Այնպես արեք, որ գյուղացու վիճակն էլ մի քիչ բարելավվի»,- դիմում է Ազգային ժողովի պատգամավորին: Վերջինս էլ սպիտակահեր կնոջը հուսադրում է, որ համայնքի հիմնախնդիրներն աստիճանաբար լուծվելու են: Տիկին Ֆլորան նախևառաջ խոսում է այն մասին, որ Շուռնուխում ջուր չկա, և պատգամավորի ուշադրությունը հրավիրում հատկապես այդ հարցի վրա:

Քիչ բարձրանալով՝ հասնում ենք նոր կառուցվող թաղամասը: Շինարարությունն իրականացնում է «Արտ կոնստրակտ» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Արթուր Հայրապետյան, աշխղեկ՝ Լենդրուշ Լենդրուշյան): Տեղեկանում ենք՝ շինանյութի մատակարարման հետ կապված որոշակի դժվարություններ կան, Գորիսից ավելի են հեռացել (այլընտրանքային ճանապարհով են գալիս), բետոնախառնիչը դժվարությամբ է տեղ հասնում: Ուստի հստակ չեն կարողանում ասել, թե երբ են առանձնատները շահագործման հանձնելու: Այդ օրը շինարարությունում 35 մարդ էր աշխատում, ովքեր Գորիսից են գալիս, և ամեն օր երկար ճանապարհ կտրելը բացասաբար է անդրադառնում նրանց աշխատանքային կենսունակության վրա:

Ծանոթանում ենք շենքային պայմաններին, շինարարներից մեկը ցույց տալով գլխավոր սենյակը, ասում է՝ այստեղ կարելի է նաև բանակի քեֆ անել: Իսկ ընդհանրապես յուրաքանչյուր առանձնատուն ներառում է երկու ննջասենյակ, խոհանոց, հյուրասրահ:

Իհարկե, բարեհարմար առանձնատներ են կառուցվում, բայց անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ դրանց շուրջը բարեկարգման ահագին աշխատանքներ պիտի իրականացվեն (ասֆալտապատում, ջրահեռացում, խմելու ջրագծի անցկացում և այլն): Շինարարները ևս ջրի խնդրի մասին են բարձրաձայնում: Գիշերը տարաները լցնում են, որ առավոտվանից շինաշխատանքների կարիքների համար ջուր ունենան:

***

Հիմա՝ մի փոքր ավելի հանգամանալից այն խնդիրների մասին, որոնք առավել շատ են մտահոգում շուռնուխցիներին:

Շուռնուխի այլընտրանքային ճանապարհի հարցը...

Մենք շարունակում ենք մնալ կարծիքին, որ սխալ երթուղով ու վատ նախագծով է կառուցվել ճանապարհը, կարելի էր ավելի կարճ այլընտրանքային ճանապարհ ունենալ:

Եվ, այդուհանդերձ, չենք կարող չնշել՝ «Սահակ-Արցախ» ՍՊ ընկերությունը հսկայածավալ ու բարեխիղճ աշխատանք է կատարել՝ կառուցելով այդ ճանապարհը: Պարզ չէ սակայն՝ նորակառույց ճանապարհն ասֆալտապատվելու և կահավորվելո՞ւ է, թե՞ մնալու է այդ վիճակում:

Հաջորդը՝ գյուղի էլեկտրասնուցման հարցը... Շատ ամոթ է, որ խնդիրն այդպես էլ չի լուծվում: Մի օր հին և փտած հենասյուններն են կոտրվում-ընկնում, մեկ ուրիշ օր՝ երկնահաս ծառերի չորացած ճյուղերն են ընկնում և էլեկտրական լարերը կտրում, մյուս անգամ…

Եվ այսպես շարունակ, իսկ պատկան մարմինները հայեցողի դերում են՝ մեղքը միմյանց վրա բարդելով:

Հաջորդը՝ ջրի հարցը... Խնդիրը նոր չէ, որ մտահոգում է շուռնուխցիներին: Դեռևս 2021-ի ապրիլի 23-ին, երբ մասնակցում էինք գյուղի նոր բնակելի թաղամասի հիմնարկեքին, բոլորն ամենից շատ և ամենից առաջ կարևորում էին խմելու ջրի հարցը, համոզում, որ առանց տվյալ խնդրի լուծման Շուռնուխն ապագա չի կարող ունենալ, եթե անգամ տնազուրկ դարձածների համար պալատներ կառուցվեն:

Պետական այրերն այդ օրը խոստացան՝ խնդիրը կարճ ժամանակում ուսումնասիրել և լուծմանը միտված գործնական քայլեր ձեռնարկել: Հարցի լուծման երկու տարբերակ էր մատնանշվում՝ ա) ստորերկրյա (արտեզյան) ջրերի վերհանում, բ) Արամազդի փեշերից՝ 14-15 կմ հեռավորությունից (Տաթև և Սվարանց գյուղերի ջրահավաք ավազաններից) խողովակաշարով ջուրը գյուղ հասցնել:

Հաջորդը՝ գյուղի արոտավայրերի ու վարելահողերի հարցում որոշակիություն մտցնելն է, որը ձգձգվում է: Իսկ այդ հարցը, հատկապես անասնապահությամբ զբաղվողների համար, չափազանց կարևոր նշանակություն ունի:

Հաջորդը՝ նորակառույց թաղամասի շինարարության ընթացքը... Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2021-ի ապրիլի 23-ին: Ծրագրի նախնական արժեքը՝ 1.2 մլրդ դրամ: Նախատեսվում էր թաղամասը շահագործման հանձնել՝ նախ՝ 2021-ի տարեվերջին, հետո երկարաձգվեց ժամկետը՝ վերջնաժամկետ սահմանվեց 2022-ի չորրորդ եռամսյակը, բայց հիմա՝ 2023-ի ապրիլին, պարզ չէ նույնիսկ, թե երբ շահագործման կհանձնվեն բնակելիները:

Հարցերի հարցը, անշուշտ, անվտանգային իրավիճակն է: Գյուղի արևելյան հատվածում ադրբեջանական թաղամասն է, որից դեպի արևելք և հյուսիս-արևելք նորակառույց ճանապարհներ են հիմնվել՝ թեև հողածածկ: Իսկ գյուղի հյուսիսարևելյան բարձունքում (Մ2 մայրուղուց փոքր-ինչ արևելք) ադրբեջանական հենակետն է՝ գյուղից գրեթե պարզորոշ երևացող. եթե նախկինում այնտեղ չորս վրան էր սոսկ տեղադրված կամ նույնքան փայտյա տնակ, հիմա հսկայածավալ կառույց է...

Շուռնուխում այսօր էլ կեղծ ու չհիմնավորված են համարում 2021 թ. հունվարի 5-ին գյուղի արևելյան հատվածն ադրբեջանցիներին հանձնելը, որի հետևանքով 11 տան բնակիչներ զրկվեցին տարիներով իրենց արած-դրածից: Հիմա այդ թաղամասում ադրբեջանցի զինյալներն են վխտում: Իսկ մեր տեղահանված հայրենակիցներից չորս ընտանիքի 2022-ի օգոստոսի 12-ին՝ Շուռնուխի երբեմնի գյուղապետարանի շենքում, որ Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ վերափոխվել է բնակելիի, բնակարան հատկացվեց:

Գյուղացիները, այդ բոլոր խնդիրներով ու մտահոգություններով հանդերձ, ամուր են կանգնած իրենց բնօրրանում: Մենք հյուրընկալվեցինք մի հրաշալի ընտանիքում՝ ադրբեջանական թաղամասից մոտ 50 մ հեռավորությամբ: Տնեցիների մտքով անգամ չի անցնում, որ երբևէ կլքեն իրենց բնակարանը...

Ամենավտանգավորը, շուռնուխցիների կարծիքով, թուրքին դեմ առ դեմ ապրելը չէ կամ նրանցից ամեն րոպե սպասվող վտանգը, այլ գյուղի հանդեպ անտարբերությունը, ընդգծված անտարբերությունը: Նախարարի անուն են տալիս, ով գալիս է Շուռնուխ, կառուցվող շենքի մոտ լուսանկարվում և հետ դառնում՝ առանց մերձակայքում կանգնած մարդկանց բարևելու անգամ:

Շուռնուխցիները, իբրև անտարբերության և անլրջության ցցուն օրինակ են համարում տարածված այն հիվանդությունը, երբ պետական այրը գալիս է գյուղ, խոստումներ տալիս ու հեռանում՝ ժամեր անց այլևս չհիշելով իր խոստումների մասին: Որոշ բարձրաստիճան չինովնիկներ նույնիսկ հոգնում-հրաժարվում են պատասխանել Շուռնուխից ստացվող հեռախոսազանգերին (գյուղացիները կոնկրետ չինովնիկների անուններ էին հնչեցնում):

Պատգամավոր Դավիթ Դանիելյանի այցը, որքան հասկացանք, անտարբերության այդ սառույցը կոտրելու և գյուղի հիմնախնդիրները հետևողականորեն ու աստիճանաբար բարձրացնելու միտում ուներ, ինչը (ուզում ենք հավատալ) գործնական դրսևորումներ կունենա:

***

…Շուռնուխից անուրախ տրամադրությամբ վերադարձանք: Սփոփիչ էր գյուղի վրա հպարտորեն ծածանվող եռագույնը: Նաև այն, որ Կապան վերադարձանք Մ-2 միջպետական մայրուղու՝ մասամբ պատանդված և մեր կողմից (անհասկանալի պատճառներով) լքված ու մոռացված Շուռնուխ-Չայզամի-Կարմրաքար՝ ռիսկեր պարունակող հատվածով, որի մի կողմում դիրքավորված են մեր հակառակորդները, և ինչպես երևում է՝ ամրաշինական լուրջ աշխատանքներ են կատարել: Ինչևէ, վաղուց չէինք երթևեկել այդ ճանապարհով և որոշակիորեն առանք՝ երբեմնի բանուկ ու հարազատ այդ ճանապարհով երթևեկելու կարոտը...

 

Սամվել Ալեքսանյան

Վահրամ Օրբելյան

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29