Կապանի երկաթուղային կայարանի շենքում պաշտոնապես բացվում է «Թումո» կենտրոն

28.02.2025 17:29
5294

Մարտի 2-ին  ժամը 16:00-ին պաշտոնապես կբացվի Կապանի «Թումո» կենտրոնը, որը տեղակայված է քաղաքի երկաթուղային կայարանի շենքում։ Շենքը զգուշությամբ վերանորոգվել է` պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունն ու վերածվելով նորարարական հանգույցի։ 

Պաշտոնական բացմանը ներկա կլինեն համայնքի, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ և «Թումո»-ի ղեկավարությունը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր։ Բացմանը կհաջորդի Բարեկենդանի տոնակատարությունը. սպասվում են «Թումո» ստուդիաների մաղատպագրության ինտերակտիվ աշխատարան, «Թումո»-ի 3D սկանավորման նախագծի ներկայացում, գեղագրության պերֆորմանս, բարեկենդանյան դիմակահանդես, ավանդական երգ ու պար, համերգ, լարախաղացություն և աուդիովիզուալ տպավորիչ փորձառություն։ Միջոցառումը կավարտվի ժամը  20:00-ին։ 

«Թումո Կապան»-ի բացման և «Թումո»-ի այլ նախագծերի մասին զրուցել ենք կենտրոնի ղեկավար Անուշ Մեժլումյանի հետ:

-Ինչո՞ւ է կարևոր «Թումո Կապան»-ը:

-Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ «Թումո»-ի համար, և մեր նպատակն է «Թումո»-ի կրթական մոդելը հասանելի դարձնել մարզի բոլոր պատանիներին և աղջիկներին: Այս նպատակին հասնելու ճանապարհը սկսել ենք մեկ «Թումո» տուփից՝ հասնելով մինչև կրթական հանգույց: Սյունիքում առաջին տուփը բացեցինք Կապանում 2021 թվականին, իսկ այժմ արդեն ունենք մարզի հարավում մեր կրթության հասանելիությունն ապահովող կրթական ցանց՝ «Թումո» տուփեր Մեղրիում ու Քաջարանում և Կապանի կենտրոնը, որը մինչև շենքի բացումը ժամանակավոր գործում է վեց տուփերից բաղկացած կենտրոնում։ Ցանցը գործում է հետևյալ կերպ՝ փոքր համայնքներում ուսանողներն անցնում են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացներին և աշխատարաններին մասնակցելու համար գալիս են մեծ կենտրոն, այս դեպքում՝ Կապան:

Շենքի բացումը մեզ հնարավորություն կտա ավելի շատ ուսանողներ ներգրավել, ինչպես նաև հետաքրքիր հնարավորություններ կստեղծվեն համայնքի համար: Կգործեն տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ձեռներեցությունը խթանող ծրագրեր։ 

Այս հավակնոտ ծրագիրը հնարավոր դարձավ Թումո-համայնք-ԵՄ արդյունավետ համագործակցության և մեր հավատարիմ բարերարներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի շնորհիվ։

-Ինչո՞ւ է «Թումո»-ն ընտրել Կապանի կայարանի շենքը:

-«Թումո»-ն մշտապես կարևորել է պատմամշակութային ժառանգության պահպանությունը, ուստի պատահական չէ, որ մեր կենտրոնը պաշտոնապես բացվում է կայարանի շենքում, որը Կապանի ամենանշանավոր ճարտարապետական կառույցներից է: Թումո Կապանի ճարտարապետական դիզայնի շուրջ մենք համագործակցել ենք փարիզյան Normal Studio-ի հետ, որը հայտնի է իր նորարարական ու համարձակ լուծումներով: Կայարանի շենքը, որ երկար տարիներ լքված էր, խնամքով վերանորոգվել է: Մենք պահպանել ենք պատմական շունչն ու հմայքը և հավելել նորարարական կրթական տարածքներ ու պայմաններ:

-Ի՞նչ միջոցառումներ են  սպասվում կենտրոնի բացման ժամանակ:

-Պաշտոնական բացումը մենք համատեղել ենք «Թումո»-ի ամենասիրված տոներից Բարեկենդանի օրվա հետ: Բացման արարողությանը կհաջորդեն ինտերակտիվ աշխատարաններ, դիմակահանդես, լարախաղացություն, «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի և «Կաթիլ» ֆոլք բենդի կատարումները, ինչպես նաև աուդիովիզուալ փորձառություն:

Սիսիանցի երիտասարդների հիմնած «Որոտնա» հայկական երգ ու պարի խումբը ուսանողներին ու հյուրերին կներկայացնի ու կսովորեցնի ազգային-ավանդական պարեր: Իսկ «Կաթիլ» ինդի բենդը կապահովի տոնական երաժշտությունը` տարբեր գավառների երգերի ժամանակակից կատարմամբ: Երեկոն կեզրափակվի տպավորիչ լուսային և ձայնային փորձառությամբ` Կապանի պատմական կայարանի շենքի անցյալի, ներկայի և ապագայի թեմայով:

Ուրախ կլինենք տեսնել բոլորին Կապանի կայարանի պատմական շենքի վերածննդին ու Բարեկենդանի տոնակատարությանը մարտի 2-ին ժամը 16:00-ին, Երկաթուղայինների 18/1 հասցեում:

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10