Փետրվարի 15-ին վերագործարկվեց Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի` «Սոնատեքս» ԲԲ ընկերության կարի արտադրամասը: Ընկերության խորհրդի նախագահ Դերենիկ Մարգարյանը ձեռնարկություն այցելած Սյունիքի մարզպետի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար շրջայց կազմակերպեց: Մինչեւ տարեվերջ կգործարկվեն նաեւ մյուս արտադրամասերը: Կարտադրվեն մանկական եւ մեծահասակների ժակետ, ջեմպեր, ներքնազգեստ եւ այլն: Ըստ Դերենիկ Մարգարյանի` աշխատակիցներն անցնում են 12-օրյա ուսուցողական շրջան, իսկ սովորելուց հետո սկսում են աշխատել: Ֆաբրիկայի նախկին աշխատակիցներից ոմանք եւս աշխատում են այստեղ, կան նաեւ նորեկներ: Ընկերությունն աշխատում է միայն պատվերով: «Պատվերների հարցով անձամբ եմ զբաղվում, արդեն Ռուսաստանի մի քանի մարզերից պատվերներ կան, - նշեց Դ.Մարգարյանը: - Նյութերը նախկինում բերում էինք Թուրքմենիայից, Չինաստանից եւ Բելոռուսից, այժմ բերելու ենք Թուրքիայից եւ Չինաստանից: Արդեն ձեռք ենք բերել 8-9 տոննա կտոր, որով սկսել ենք աշխատանքները, իսկ թելերը, այլ կտորեղեն եւ նյութեր ընթացքում կգնենք»: Նա նշեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի ստեղծել շուրջ 500 աշխատատեղ: Այժմ նորացվում են գործող մեքենաները, համապատասխան մասնագետները նորացված ծրագրեր են տեղադրում համակարգիչներում, շուտով կաշխատի նաեւ գործող արտադրամասը: Ըստ ԲԲԸ խորհրդի նախագահի` իրացման խնդիր եւս չկա, աշխատավարձը սկբնական շրջանում գործավարձային է լինելու: Շրջայցից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր հետագա նպատակն է արտադրության ծավալների ընդլայնումը, եւ համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Խնդիր էինք դրել Կապանի կանանց եւ աղջիկների համար աշխատատեղեր ստեղծել եւ դրան մասնակիորեն հասանք: Նմանօրինակ այլ ծրագրեր եւս ունենք, որը մոտ ժամանակներում կիրականացնենք»: