Հունվարի 31-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հանդիպեց քաղաքի համատիրությունների նախագահների եւ թաղային լիազորների հետ: Քննարկվեցին համատիրությունների գործունեության հետ կապված հարցեր: Քաղաքապետը շեշտը դրեց այն բանի վրա, որ տարիներ շարունակ համատիրությունները ձեւական գործունեություն են ծավալել, առանց բնակիչների սպասարկման որեւէ ծառայություն մատուցելու նրանցից պահանջել սպասարկման վճար, ինչն առաջացնում է բնակիչների դժգոհությունը: Համատիրությունների ներկայացուցիչները, որպես արդարացում իրենց անգործության, պատճառ բերեցին վճարումների բացակայությունը, բնակչության զգալի մասի անվճարունակությունը: Կապանի համայնքի ղեկավարը նշեց, որ վճարումը պետք է կատարել միայն մատուցվող ծառայության դիմաց, ուստի, որպեսզի համատիրությունները ֆինանսապես ի վիճակի լինեն որեւէ աշխատանք կատարելու, անհրաժեշտություն է դառնում գնալ համատիրությունների խոշորացման ճանապարհով: