Կապանում տեւական ժամանակ գործող տիկնիկային թատրոնը, կարծեք, ստվերում է մնում

15.05.2015 15:07
3033

Գրիշա Մարգարյանը ծնվել է 1958թ. հոկտեմբերի 31-ին Գյումրիում` բնիկ գյումրեցիների ընտանիքում: 1976թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Գյումրու թատրոնին կից թատերական ստուդիա` ուսանելով Երվանդ Ղազանչյանի, այնուհետեւ Գրիգոր Մկրտչյանի մոտ: Վերջինիս շնորհիվ նրա համակուրսեցիները դարձան դերասաններ, ռեժիսորներ: «Դերասանի համար բնավ կարեւոր չէ ինստիտուտ ընդունվել, կարեւորը տաղանդ ունենալն է» սկզբունքով առաջնորդվելով չի շարունակել ուսումը թատերական ինստիտուտում: Շատ կարճ ժամանակ աշխատել է Գյումրու տիկնիկային թատրոնում, որից հետո տեղափոխվել Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն: Մինչ այդ նկարահանվել է «Եռանկյունի», «Հեղկոմի նախագահ», «Կտոր մը երկինք» ֆիլմերում: 2013թ. նկարահանվել է Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմում:
100-ից ավելի դերեր է խաղացել թատրոնում, բայց տիկնիկային թատրոն հիմնելու գաղափարը միշտ ունեցել է: 1980թ. փորձեց Կապանում բացել տիկնիկային թատրոն, բայց աջակցություն չգտավ: Շատ է կարեւորում Սարտրի «Երեքը դժոխքում» ներկայացման մեջ մարմնավորած դերը: Ի դեպ, սա խորհրդային տարիներին համարվում էր սենսացիոն ներկայացում բաց տեսարանների համար, եւ ներկայացումը երկար կյանք չունեցավ:
Որոշ ժամանակ հեռացել է թատերական աշխարհից` կատարելով տարբեր աշխատանքներ: 2008թ. հիմնել է «Տիկնիկ» հասարակական կազմակերպությունը եւ մինչ այժմ զբաղվում է թատրոնի կայացմամբ:


Երեխաների հոգեւոր դաստիարակության եւ աջակցության «Տիկնիկ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Գրիշա Մարգարյանի նախաձեռնությամբ 2008թ. հունիսի 1-ին: Երկու տարի դռնեդուռ ընկնելուց հետո, Կապանում գործող ոչ մի հիմնարկ-ձեռնարկությունից աջակցություն չստանալով` 2010թ. պատրաստի ծրագրով դիմել է «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակին: Վերջինս ծրագիրն ուղարկել է Շվեյցարիա, որտեղ էլ այն հավանության է արժանացել: Արդյունքում ձեռք են բերել 40 տիկնիկ եւ անհրաժեշտ սարքավորումներ: Ըստ պայմանավորվածության` «Տիկնիկ»-ը պիտի հանդես գար հոգեւոր ներկայացումներով` «Սուրբ ծնունդ» եւ «Սուրբ զատիկ»:

Հկ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց Կապանի N6 հիմնական դպրոցը, որի 3-4-րդ դասարանի աշակերտներն ընդգրկվեցին դերասանական կազմում:

Մինչ այժմ փոքրիկ տիկնիկավարներն այդ դպրոցի սաներն են: Ի դեպ, դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը ստեղծման օրվանից աջակցել է հկ-ին. տեւական ժամանակ ներկայացման նախապատրաստական աշխատանքների մի մասը դպրոցում է իրականացվել:

Այնուհետեւ «ԱՄՆ խաղաղության կորպուս/Հայաստան» ծրագրի կամավոր Ջոյը տեսավ ներկայացումները եւ շատ հավանեց` առաջարկելով ծրագիր ներկայացնել ԱՄՆ դեսպանատուն, որ այդ ժամանակ իրականացնում էր «Դեմոկրատ երկիր» գրանտային ծրագիր: Ջոյի խորհրդով ներկայացրին ծրագիր, որի քննարկման սկզբնական փուլում թերահավատության արժանացավ: Բայց մանրամասն ուսումնասիրելուց հետո հասկացան, որ դեմոկրատիան, նախեւառաջ, պետք է սերմանել երեխաների մեջ, եւ երեք ներկայացում պատրաստեցին` կաշառակերության, բնության պահպանության, ստի եւ կեղծիքի թեմաներով: 2012թ. վեբկայքի միջոցով ծանոթանալով «Տիկնիկ»-ի գործունեությանը` «Գյուլբենկյան» հիմնադրամի խորհրդատու Արմինե Իշխանյանը Կապանում տեսավ ներկայացումները եւ առաջարկեց դիմել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին հստակ ծրագրով: Ծրագրի հիմնական նպատակը երեխաներին քաղաքացիություն սովորեցնելն է, մանկուց նրանց մեջ սերմանելը, որ նա իր երկրի լիարժեք քաղաքացին է: Արդյունքում «Ասպետների մենամարտը», այնուհետեւ Եվգենի Շվարցի «Վիշապը» քաղաքական բնույթի հետաքրքիր ներկայացումներ արեցին, որ հավանության արժանացավ, եւ հիմնադրամն առաջարկեց շարունակել հովանավորությունը, իսկ 2014 թվականից մշտական հովանավորության պայմանագիր կնքեցին: «Մեր խաղացանկում ընդգրկում ենք այն գործերը, որոնք ժամանակին եւ մեր երկրի իրավիճակին համահունչ են` դրանով մատաղ սերնդի մեջ որոշակի աշխարհայացք ձեւավորելու նպատակով», – նշում է Գ.Մարգարյանը:

Հասարակության մեջ այն կարծիքն է իշխում, որ տիկնիկային թատրոնը միայն փոքրերի համար է նախատեսված: Բայց թատրոնի խաղացանկում կան այնպիսի գործեր, որոնք մեծահասակների համար են: Ժամանակին տիկնիկային թատրոնի հիմնադիրներից Սերգեյ Օբրազցովի ներկայացումները, մանավանդ «Աստվածային կատակերգություն»-ը եւ «Դոն Ժուան»-ը, որոնք նախատեսվել էին 18 տարեկանից բարձր անձանց համար, մեծ հետաքրքրություն են վայելել:

2014թ. հկ նախագահ Գրիշա Մարգարյանի առաջարկով ներկայացումներում ներառվեցին հաշմանդամները: Սա բավականին համարձակ քայլ էր, որ պսակվեց հաջողությամբ: Նրանց հետ աշխատելու հիմնական դժվարությունը ֆիզիկական բնույթի է, բայց նրանց մեջ աշխատելու ցանկությունն այնքան մեծ է, որ առաջացած խնդիրները հեշտությամբ հաղթահարվում են: «Մեծ բավականությամբ են աշխատում, ամենակարեւորը` իրենց լիարժեք են զգում, մանավանդ երբ շտապում են` ասելով` աշխատանքից ուշանում եմ: Աշխատելու ընթացքում ինձ համար տարբերություն չկա, եթե եկել է աշխատանքի, ուրեմն պիտի լիարժեք մասնակցի դրան. սա նրանց համար ամենամեծ ձեռքբերումն է», – ոգեւորությամբ նշում է Մարգարյանը: Բացի դրանից` չմոռանանք, որ դրանով հնարավորություն է տրվում բարելավելու հաշմանդամների նյութական վիճակը, մանավանդ մեր երկրում, երբ նրանց համար սահմանված թոշակը բավարար չէ նույնիսկ կենցաղային կարիքները հոգալու համար:

Հկ-ում ներկայումս աշխատում է 27 հոգի, բացի Կապանից, որ կենտրոնն է, գործում է եւս երեք մասնաճյուղ` Գյումրու (Հայաստանի մշակույթի կենտրոն), Ալավերդու (հեռավոր մարզի քաղաք) եւ Շուշիի (Ղարաբաղի մշակույթի կենտրոն): «Մեր երկրի քաղաքականության ամենամեծ բացթողումներից մեկը, թերեւս, ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու «մոլուցքն» է: Ես կարծում եմ, որ երկրի զարգացման կարեւոր երաշխիքներից մեկը ծայրամասերը զարգացնելն է», – նշում է հկ նախագահը:

Ներկայացումներն անվճար են կազմակերպում, հարցին, թե ինչու դրանք վճարովի չեն, պատասխանեց` հարկային դաշտի հետ «համագործակցել» չենք ուզում:

Հետաքրքիր մի իրողություն, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել. Կապանում գործող տիկնիկային թատրոնի մասին գիտեն աշխարհի տարբեր երկրներում, բայց մարզկենտրոնում շատերը նույնիսկ տեղյակ չեն դրա գոյության մասին: Թերեւս, պատճառը մշակութային կյանքի հանդեպ ծայրահեղ անտարբերությունն է: «Համաքաղաքային միջոցառումներին մշտապես նույն պարային եւ երաժշտական կատարումներն են, այնինչ մեր խաղացանկում թե՛ մանուկների եւ թե՛ մեծահասակների համար ունենք ներկայացումներ, որոնք, համոզված եմ, մեծ ոգեւորությամբ կընդունի հանրությունը: Բազմազանությունը մեզանում գրեթե բացակայում է», – մտահոգվում է Գ.Մարգարյանը:

Հովանավորությունը միայն «Գյուլբենկյան» հիմնադրամից է: Հիմնադրման օրվանից «Տիկնիկ»-ի գերխնդիրը եղել եւ մնում է սեփական տարածք ունենալը, կատարված աշխատանքը տարբեր քաղաքներում, փառատոներին ներկայացնելու համար հովանավոր գտնելը. չէ՞ որ այդպիսով նախեւառաջ Կապանի անունն է հնչում: «Տարիներ առաջ հովանավոր էինք գտել, որ պատրաստ էր մեզ համար եվրոպական չափանիշներին համապատասխան թատրոն կառուցել, բայց քաղաքում համապատասխան տարածք մեզ չտրամադրեցին` պատճառաբանելով, որ ազատ տարածք չկա: Մենք հիմա նույնիսկ միջոց չունենք մոտակա գյուղում ներկայացում տալու համար», – նշում է նա:

Իրենց գործունեությունը ներկայացնելու համար տարբեր դպրոցներից աշակերտների համար Կապանի մշակույթի պալատում անվճար խաղացին «Սասունցի Դավիթ» ներկայացումը, որը, կարծեք, նպաստեց «Տիկնիկ»-ի հանրաճանաչությանը: Դրան որոշ դպրոցներից հրավերներ հաջորդեցին:
Ստեղծագործական եւ կազմակերպական առումով բոլոր հնարավորությունները կան տարբեր ներկայացումներ խաղալու: «Գյուլբենկյան» հիմնադրամի նպատակներից մեկն է նաեւ մոռացությունից փրկել արեւմտահայերենը, որ ցավալիորեն մեռնող լեզու է դառնում: Եվ «Տիկնիկ»-ը բեմադրեց «Տժվժիկը»` դրանով ապացուցելով, որ ի վիճակի է ներկայացնելու այն, ինչ կպատվիրեն, միայն թե դա բխի համազգային շահերից:

«Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին մասնակցելու համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել են շնորհակալագրի: Շնորհակալագրեր եւ պատվոգրեր են ստացել նաեւ զորամասերից ու դպրոցներից: Հանրապետությունում անցկացվող փառատոներին չեն կարողանում մասնակցել, քանի որ համապատասխան միջոցներ չունեն: Երբեւէ հյուրախաղերով Հայաստանից դուրս չեն գնացել, բնականաբար, պայմանավորված նյութական պայմաններ չունենալով:
ԱՄՆ-ից Մարինա Ներսիսյանը փոքր հիմնադրամ էր բացել եւ հավաքած գումարով ֆունկցիոնալ տիկնիկներ ուղարկել: Նշենք, որ մարդկանց ոգեւորում է հատկապես հաշմանդամ տիկնիկավարների` աշխատանքին ներգրավվածությունը:

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի տեղեկացմամբ` տիկնիկային թատրոնի ֆինանսավորումն այլեւս հիմնադրամի ռազմավարական ծրագրերից է: Հկ-ի անդամները սպասում են հյուրախաղերով Պորտուգալիա մեկնելուն:

«Տիկնիկային թատրոնը կարող է հրաշքներ գործել, մեր գործունեության ընթացքում նույնիսկ դեպք է եղել, երբ խոսքի խնդիր ունեցող երեխան, դիտելով մեր ներկայացումը, սկսել է խոսել: Մեկ տիկնիկով ներկայացրածն ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել երեխայի վրա, քանի որ միաժամանակ տեսնելով ու լսելով` ավելի արագ են յուրացնում նյութը», – նշում է Գ.Մարգարյանը:

Ներկայումս գործող մասնաճյուղերը ղեկավարում են հմուտ տիկնիկավարները, որոնց հետ սերտ համագործակցում են: Ի տարբերություն Կապանի` նրանք, բացի հիմնադրամից, առանձին հովանավորներ ունեն: Շուշիի մասնաճյուղին աջակցում է ԼՂՀ մշակույթի նախարարությունը, Ալավերդիում` առանձին անհատներ:

«Տիկնիկ»-ի «Սասունցի Դավիթ» ներկայացումը, թերեւս, ամենածավալուն աշխատանքն է. 70 տիկնիկ է բեմ բարձրանում, իսկ «Հորիզոն» ստուդիայում կատարված ձայնագրությունը, որին մասնակցեցին Գյումրու թատրոնի դերասանները, ձայնային տպավորիչ ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա:

«Սասունցի Դավիթ»-ը որոշել են ներկայացնել նաեւ տեսաձայնասկավառակներով եւ տարածել աշխարհի հայաշատ գաղթօջախներում. այստեղ ամենաառաջնային խնդիրը լեզվի պահպանության խնդիրն է:

«Եթե հայ մանուկները չկարդան հայերեն, գոնե լսելով կհաղորդակցվեն մայրենի լեզվին. ցավով պետք է արձանագրենք, որ շատերն ընդհանրապես հայերեն չեն հասկանում: Ես կարծում եմ, որ գաղթօջախներում ազգային ներկայացումներով տիկնիկային թատրոնների ստեղծումը ուսուցողական եւ դաստիարակչական մեծ նշանակություն կունենա», – նշում է Գ.Մարգարյանը:

«Ցեղասպանության 100- ամյակին մենք խաղացինք ոչ թե լացուկոծով ներկայացում, այլ «Սասունցի Դավիթ»` ցույց տալով, որ իրական հաղթանակի կարելի է հասնել միայն պայքարի միջոցով, բայց ցավով պիտի նշեմ, որ դահլիճը գրեթե դատարկ էր», – տեղեկացրեց հկ նախագահը:

«Տիկնիկ»-ը զբաղվում է նաեւ բարեգործությամբ. համայնքի բոլոր մանկապարտեզներին, այդ թվում` Բարաբաթում բանավանի, վերջերս նվիրել են տիկնիկներ, որոնք, ի դեպ, պատրաստում են տեղում:
«Տիկնիկ»-ի ստեղծմանը ոչ ոք չաջակցեց, բայց ինչպես Գ.Մարգարյանն է ասում, գյումրեցու «թասիբի» ու իր համառության շնորհիվ հասավ տիկնիկային թատրոնի կայացմանը:

Խաղացանկում ընդգրկվում են Գրիշա Մարգարյանի, մեր դասական հեղինակների գործերը, իսկ վերջերս էլ սկսել են ներկայացնել ազգային ավանդազրույցները: Նշենք, որ Գրիշա Մարգարյանի որդին` Աշոտ Մարգարյանը, շարունակում է հոր գործը` իր ներկայացումներում կիրառելով նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները` տեսաձայնային հետաքրքիր որակներ ստանալու համար:

«Մենք չենք ուզում, որ մեր երեխաները միայն անգլերեն խոսեն, – ասում է Գ.Մարգարյանը, – չենք ուզում, որ մեր վզին փաթաթեն օտար մշակույթը, որ ավելի շատ խաթարում է երեխաների հոգեբանությունը: «Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ տարիքից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան», - նշում է Ալան Դալեսը Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագրում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հայն օտար ափերում հասնում է բարձունքներին: Պատճառն այն է, որ մենք չենք գնահատում մեր արժեքները, հայրենակիցների ձեռքբերումները, հեռացնում ենք լավին, որ մեր վատն ակնհայտ չդառնա: Հզորացնենք մեր երկիրը մեր մշակույթով, պայքարենք մեր սերնդի ազգային մտածողության ու ոգու պահպանման համար, գնահատենք մեր հոգեւոր արժեքները»:

Կապանում չե՞ն ուզում նկատել տիկնիկային թատրոնի գործունեությունը, թե՞ պարզապես դրա ժամանակը չէ: Ստացվում է, որ գյումրեցի Գրիշա Մարգարյանը Կապանի մշակութային կյանքի առաջխաղացման համար ավելի է մտահոգվում, քան կապանցիները:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03