Կարեն Գրիգորյան. «Վստահ եմ՝ այսուհետ նույնպես, ինչպես նախորդ տարիներին, կունենանք ձեռքբերումներ եւ զարգացում»

26.12.2017 10:53
4964

Զանգեզուրի կայազորային հոսպիտալի գործունեության, սպասարկման շրջանակների, կադրային քաղաքականության եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության մայոր Կարեն Գրիգորյանի հետ:

Այցեքարտ 

Ծնվել է 1982թ. Սիսիան քաղաքում, 1999 թվականին, ավարտելով տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Մխ.Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը, 2000թ. տեղափոխվել է ռազմաբժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 2006թ.: Նույն տարում ընդունվել է ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան, որն ավարտել է 2007-ին՝ անցնելով ծառայության ՀՀ ՊՆ 20666 զորամասում՝ բուժկետի պետ-բժշկի պաշտոնում: 2009 թվականից տեղափոխվել է ՀՀ ՊՆ 60369 զորամաս՝ ծառայելով բուժծառայության պետի պաշտոնում մինչեւ 2010թ., որից հետո ընդունվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, որն ավարտել է 2013թ.: Նույն տարում նշանակվել է ծառայության ՀՀ ՊՆ 70011 զորամասում՝ որպես ընդհանուր վիրաբույժ, վիրաբուժական բաժանմունքի բժիշկ-օրդինատոր: 2014-ին, պաշտոնի առաջխաղացման կարգով, նույն զորմասում նշանակվել է հրամանատարի բուժական գծով տեղակալ, ապա՝ բուժծառայության պետ: 2017թ. նշանակվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ: 


- Պարո՛ն Գրիգորյան, Դուք ստանձնել եք տարածաշրջանում մեծ համբավ ունեցող հաստատության՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ղեկավարումը, մի հաստատություն, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է հանրապետության լավագույն հոսպիտալ: Արդյո՞ք պատասխանատու եւ բարդ գործ չէ նման հաստատության ղեկավարումը:  

 - Իհարկե Զանգեզուրի կայազորային հոսպիտալում գործելաոճի բարձր նշաձող է սահմանված, բայց, հաշվի առնելով մեր անձնակազմի մասնագիտական բարձր որակները, աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածությունն ու պատասխանատվության զգացումը, վստահ եմ՝ այսուհետ նույնպես, ինչպես նախորդ տարիներին, կունենանք ձեռքբերումներ եւ առաջխաղացում: Այն մոտեցումը, սկզբունքները, որոնք առկա են հոսպիտալում եւ ընդունված ամբողջ ազգաբնակչության շրջանում, պետք է պահպանվեն: Ամեն ինչ անում ենք եւ կանենք՝ բուժօգնության որակը բարձրացնելու, նոր չափանիշներ սահմանելու եւ նորարարական մոտեցումներ ցուցաբերելու համար:  

- Հոսպիտալի տարածքում վերանորոգման աշխատանքների ավարտից հետո որեւէ այլ կառուցվածքային փոփոխություններ՝ աշխատանքային պայմանների բարելավման իմաստով կատարվե՞լ են:  

- Կառուցվածքային փոփոխություններ չեն եղել, պարզապես բարելավվել են մեր կենցաղային պայմանները, բուժսպասարկման համար անհրաժեշտ տարածքները, հոսպիտալը համալրվել է որոշ սարքավորումներով, ինչը դրականորեն է անդրադարձել սպասարկման որակի, օպերատիվության վրա, այսինքն՝ հնարավորություն ենք ստացել նույն աշխատանքներն իրականացնել ավելի արագ՝ չսպասեցնելով հիվանդներին կամ հերթական բուժզննում անցնող քաղաքացիներին:

- «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» եւ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների միավորման մասին տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունը կարծեք թե առարկայական է դառնում: Ըստ էության կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են այդ ուղղությամբ. Ձեր կարծիքը միավորման վերաբերյալ:

-  Այսօր երկու հաստատության միավորման գործընթացը քննարկման փուլում է, թե ինչ կառուցվածք կլինի, որ կենտրոնը որին կմիանա, ինչպիսի ծառայություններ կմատուցվեն, եւ մի շարք նման հարցերի վերաբերյալ դեռեւս կոնկրետ որոշում չկա, բայց, կարծում եմ, շուտով կլինի: Մի խոսքով՝ միավորման գործընթացը դեռեւս կազմակերպական փուլում է: Միավորման աշխատանքների պլանավորման ժամանակ մեր հոսպիտալի շենքային պայմանների բավարարման վերաբերյալ հարցը բարձրացվել է, համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կկարողանանք հիվանդներին տեղավորել մեզ մոտ: Հնարավոր է, որ թեթեւակի նեղվածություն զգանք, բայց պլանավորվում է նաեւ նոր մասնաշենքի կառուցում, ինչն էլ ավելի կբարելավի շենքային պայմանները:    

Միավորման գործընթացի վերաբերյալ գնահատականս ժամանակի ընթացքում կձեւավորվի, այս պահին կարող եմ խոսել միայն դրա նպատակի մասին, այն է՝ երկու փոքր կառույցի փոխարեն ունենալ մեկ՝ ավելի հզոր կառույց նույն տարածաշրջանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոսպիտալում մեծ թիվ են կազմում երիտասարդ, նոր մոտեցումներով բուժաշխատողները՝ մեր փորձը կտարածենք նաեւ քաղաքացիական բժշկական հաստատությունում աշխատող բժիշկների ու բուժանձնակազմի վրա՝ ունենալով մեկ ընդհանուր ձգտում՝ ավելի բարձր որակի բուժսպասարկում, ինչին փորձելու ենք հասնել ե՛ւ հոսպիտալի, ե՛ւ հիվանդանոցի համատեղ ուժերով:

- Տարին ավարտվում է, եթե կարելի է, որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեք հիվանդների թվի, նրանց աշխարհագրության, որոշ հիվանդությունների գերակշռության եւ այլնի մասին:

- Քանի որ զինվորական կառույց ենք, կոնկրետ թվային տվյալներ չեմ կարող նշել: Ընդամենը համեմատական առումով կարող եմ ասել, որ քաղաքացիական ազգաբնակչության դիմելիության թվի աճի միտում կա, ինչը եղել է նաեւ անցյալ տարի, իսկ միավորման դեպքում, բնականաբար, այդ թվի թռիչքային աճ կունենանք: Ինչ վերաբերում է հիվանդների սպասարկման աշխարհագրությանը, այն շատ լայն է, բացի Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից՝ մեզ մոտ վիրահատության են գալիս նույնիսկ մայրաքաղաքից, ինչը, կարծում եմ, մեր հանդեպ ունեցած վստահության եւս մեկ չափանիշ է: Հոսպիտալը սպասարկում է ՀՀ ԶՈՒ 1-ին եւ 4-րդ բանակային կորպուսների զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, իսկ քաղաքացիական բնակչության առումով կարող եմ ասել, որ աշխարհագրությունըբավականին լայն է: 

Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, թե ովքեր են համարվում զինծառայողի ընտանիքի անդամներ. զինծառայողի ծնողները, ամուսինը (կինը), նրանց երեխաները՝ մինչեւ 18 տարեկան, իսկ եթե ուսանող են, մինչեւ 23 տարեկան, խնամակալության վերցրած երեխաները մինչեւ չափահաս դառնալը, զինհաշմանդամները, զինթոշակառուները, մարտական գործողությունների մասնակիցները եւ նրանց ընտանիքի անդամները: Նշածս խմբերի մեջ բուժսպասարկումը հոսպիտալում իրականացվում է անվճար: 

Ինչ վերաբերում է դիմելիության մեջ որեւէ հիվանդության գերակշռությանը, ապա չեմ  կարող առանձնացնել կոնկրետ հիվանդություն: Բայց եթե առանձնացնելու լինենք, կասեմ, որ ավանդաբար մեր հոսպիտալում վիրաբուժական պրոֆիլն ինչ-որ առումով գերակայում է: Դրա օբյեկտիվ բացատրությունն էլ կա. տարիներ շարունակ այստեղ աշխատել են լավագույն վիրաբույժներ, այս պահին հոսպիտալում ունենք չորս պրակտիկ վիրաբույժ, որոնցից յուրաքանչյուրը հիվանդների սպասարկման իր կոնտինգենտն ունի: Իսկ եթե ընդհանրացնենք ու փորձենք գնահատականներ տալ, ապա կարող եմ ասել, որ հոսպիտալի հաջողությունները պայմանավորված են կուռ և պատրաստակամ կոլեկտիվի թիմային աշխատանքով, ովքեր հստակ տիրապետում են իրենց առաջ դրված խնդիրներին:

- Տարիների ձեռքբերումները պայմանավորված են, նախեւառաջ, համապատասխան բժշկական կադրերով: Այս պահին հոսպիտալում կադրերի խնդիր կա՞, եւ ընդհանրապես ինչպե՞ս են համալրվում կադրերը, կազմակերպվում նրանց վերապատրաստումն ու գիտության նորարարություններին ծանոթանալու գործընթացը: 

- Հոսպիտալն այս պահին առօրյա աշխատանքներ իրականացնելու համար համալրված է անհրաժեշտ կադրերով, իհարկե լավ կլիներ, եթե ավելի նեղ մասնագետներ ունենայինք: Բայց քանի որ մեզ վրա այդ առումով մեծ ծավալի խնդիրներ դրված չեն, ուստի լիովին բավարարում է առկա բժշկական ներուժը: Բժիշկներ ունենք, ովքեր, որպես կադրային սպաներ, ավարտել են իրենց 20 տարվա ծառայությունը, բայց կրկին պայմանագիր են կնքել եւ շարունակում են ծառայությունը մեր հոսպիտալում: Իսկ այն բժիշկները, ովքեր իրենց քաղաքացիական պարտքն են կատարում՝ ժամկետային ծառայություն անցնելով մեզ մոտ, երբեմն քաղաքացիական հաստատություններում փորձում են աշխատել ծառայությունից հետո, բայց, առանց ավելորդ համեստության ասեմ, որ ոչ բոլոր բժշկական հաստատություններում է հնարավոր գտնել աշխատանքային նման պայմաններ, և  ծանրութեթեւ անելուց հետո վերադառնում են հոսպիտալ:

Եթե Սիսիանի տարածաշրջանի երկու բժշկական հաստատությունը միավորվեն, բնականաբար ավելի լայնածավալ աշխատանքների իրականացման համար համապատասխան կադրերի համալրման կարիք կլինի, ինչը, կարծում եմ, թե՛ Պաշտպանության, թե՛ Առողջապահության նախարարությունները հաշվի կառնեն:

Քանի որ զինվորական համակարգում ենք աշխատում, բնականաբար, դժվարություն կա տարբեր կոնֆերանսների մասնակցելու առումով, բայց պարբերաբար անցկացվող վերապատրաստման դասընթացների միջոցով փորձում ենք այդ բացը լրացնել: Վերապատրաստումը շարունակական գործընթաց է, տարեկան 10-15 հոգի վերապատրաստվում է, նոր զորակոչված՝ երկտարեցի բժիշկներն իրենց հետ նոր գիտելիքներ, փորձ են բերում, եւ հասցնում ենք կիրառել նորարարություններն այնքանով, որքանով մեր հոսպիտալի պայմաններն այդ հնարավորություններն ընձեռում են: 

- Եվ, այնուամենայնիվ, կարո՞ղ եք առանձնացնել հոսպիտալում առկա մի քանի խնդիր:

- Փառք Աստծո, մեր բարձրացրած բոլոր խնդիրները պատշաճ լուծում են ստանում, մեզ անհանգստացնող, առաջնային լուծում պահանջող որեւէ խնդիր՝ որպես այդպիսին, չունենք: Այսօր մեր հնարավորությունները բավարարում են պատշաճ բուժսպասարկում իրականացնելու համար, մենք էլ հետեւողական ենք՝ մեր խնդիրներին դրական լուծում տալու ճանապարհին:

- Այս պահին Ձեր սպասարկման ենթակայության զորամասերի զինծառայողների շրջանում կա՞ն սեզոնայնությամբ պայմանավորված վարակներ:

- Այս պահին սեզոնային բնույթի բռնկումներ, բարեբախտաբար, չկան, եւ վիճակը վերահսկելի է: Արդեն երկրորդ տարին է՝ վարակի համատարած բռնկում չի լինում նաեւ շնորհիվ առաջին կանխարգելող օղակի՝ զորամասային բժիշկների հետեւողական աշխատանքի: 

- Զորամասերի բուժկետերի հետ փոխհարաբերություններն ինչպե՞ս են կարգավորվում:

- Զորամասի բուժկետերը ղեկավարվում են զորամասի եւ վերադաս հրամանատարությունից, ինչպես նաեւ ռազմաբժշկական վարչությունից: Մեր խնդիրն է՝ աջակցել նրանց խորհրդատվությամբ, առաջացած բարդությունների դեպքում՝ օժանդակել: 

- Մարզի այլ բժշկական հաստատությունների հետ համագործակցո՞ւմ, թե՞ մրցակցում եք:   

- Առողջ մրցակցությունն իհարկե ողջունելի է, բայց մարզի բժշկական հաստատությունների հետ սերտ համագործակցության մեջ ենք, այլ ոչ մրցակության: Չի եղել դեպք, որ այդ բուժհաստատություններից որեւէ մեկում ըստ անհրաժեշտության բուժօգնություն չցուցաբերվի զինծառայողին: Սուր դեպքերի, ծանր պատահարների ժամանակ, եթե մեր սարքավորումները կամ փորձը չեն բավականացնում համապատասխան հետազոտության կամ միջամտության համար, հիվանդին ուղարկում ենք Գորիսի բժշկական կենտրոն կամ մեկ այլ բուժհիմնարկ: Չեմ հիշում դեպք, որ զինծառայողին, ով հոսպիտալի հնարավորություններից դուրս հետազոտման կարիք ունի, չընդառաջեն: Մի խոսքով՝ մեր միջեւ ոչ թե մրցակցային, այլ գործընկերային հարաբերություններ են:

- Աստված մի արասցե, բայց պատերազմական գործողությունների ժամանակ հոսպիտալն ի վիճակի՞ է դաշտային պայմաններում աշխատել:

- Այո՛, ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները դաշտային պայմաններում աշխատելու համար, ապրիլյան գործողությունների ժամանակ այդ պայմաններում վիրահատություն կատարելու կարիք չեղավ, բայց լիովին պատրաստ էինք:  

- Ինչպե՞ս եք գնահատում  նախազորակոչային տարիքի պատանիների, զինակոչիկների առողջական վիճակը:

- Ազգաբնակչության շրջանում հատկապես այդ տարիքի պատանիների, զինակոչիկների շրջանում առողջական խնդիրները քիչ չեն, բայց դրա օբյեկտիվ պատճառաբանությունն էլ կա. այսօր բավականաչափ զարգացել են ախտորոշիչ հնարավորությունները, ինչի արդյունքում թաքնված ընթացք ունեցող շատ հիվանդություններ են հայտնաբերվում, մյուս կողմից էլ՝ նախկինի համեմատ մեծացել է պարտադիր հետազոտությունների ծավալը և բժիշկների պատասխանատվությունը:Հիվանդությունների ավելացման գործոններից մեկն էլ պայմանավորված է պասիվ կենսակերպով, սպորտով զբաղվելու մշակույթը երկրորդային պլան մղելով, ինչը հենաշարժիչ համակարգի վրա բացասական ազդեցություն է թողնում:

- Ձեր գնահատականը Զանգեզուրի կայազորային հոսպիտալի նախկին պետ, այժմ արդեն Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Դանիել Մկրտչյանի գործունեության վերաբերյալ: 

- Բժիշկ Դանիել Մկրտչյանի գործունեությանը բարձր գնահատական տվել են ոչ միայն ազգաբնակչությունը, հոսպիտալի զինծառայողները, այլեւ վերադաս հրամանատարությունը, ինչի վառ վկայությունը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ նշանակվելն է: Իսկ պաշտոնի առաջխաղացման միակ չափանիշը նրա պրոֆեսիոնալիզմն է, տարիների բարի համբավը, ձեռք բերած վստահությունը: Լավագույն մասնագետի նրա համբավը տարածաշրջանում միշտ էլ կմնա, ուրախ եմ, որ եղել եմ նրա աշակերտը եւ համատեղ ծառայության ընթացքում հասցրել որոշակի հմտություններ ձեռք բերել՝ նրան ընդօրինակելով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19