ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. «Թող առողջ լինեն բոլորը...»

11.09.2014 17:00
6614

Հարցազրույց Գորիսի սրտաբանական կենտրոնի բուժական մասի ղեկավար, միջամտական բժիշկ Կարեն Համբարձումյանի հետ

«Սյունյաց երկիր» թերթը մեկ անգամ արդեն անդրադարձել է Գորիսում տեղակայված «Ֆրանս-հայկական» սրտաբանական կենտրոնին, որն իր գործարկման մեկուկես տարվա ընթացքում, ինչ-ինչ պատճառներով, երկու-երեք ամիս չէր աշխատում:

Արդեն մեկ տարի է, ինչ սրտաբանական կենտրոնը նորից գործում է:

Ավելորդ չէ մեկ անգամ եւս փոքրիկ անցումով հիշել կենտրոնի բացման պատմությունը:

2010թ. հոկտեմբերի 16-ին Գորիսում նշվեց «Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի» կառուցման աշխատանքների ավարտը:

Բուժհաստատության կառուցման նախաձեռնությամբ հանդես էր եկել Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը» եւ Ֆրանսիայի Բոշ դյու-Ռոն նահանգի վարչակազմը:

Ծրագրի նվիրատուներից է նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:

Զգալի գումար է հատկացրել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը` կտակի համաձայն:

Ծրագրի արժեքը կազմել է ավելի քան 432 միլիոն ՀՀ դրամ:

Արդեն 1,5 տարի է, ինչ սրտաբանական կենտրոնն իր ողջ հնարավորություններով աշխատում է: Սպասարկել է շուրջ 2000 հիվանդի, կատարել 300 եւ ավելի զոնդավորում ու 200 եւ ավելի ստենդավորում, բուժել սիրտ-անոթային տարբեր հիվանդություններ:

Բուժանձնակազմը համալրված է տեղի վերապատրաստված, շնորհալի բուժքույրերով:

Ցավոք, վերջին շրջանում մինչ այդ Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնից պարբերաբար ժամանող լավագույն բժիշկ-բուժքույրերի այցը կտրականապես դադարել է, որը, ինչ խոսք, բացասաբար է անդրադառնում կենտրոնի լիարժեք սպասարկման աշխատանքներին:

2013թ. հունվարի 22-ին տեղի ունեցավ «Համահայկական հիմնադրամի» միջոցներով կառուցված «Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի» բացումը, որին մասնակցեցին նաեւ Ֆրանսիայի բարերարները:

Երկհարկանի բուժհաստատությունում նախատեսված են էխոկարդիոգրաֆիայի, էլեկտրակարդիոգրաֆիայի, ռենտգեն, սթրես-տեստավորման, զոնդավորման, ստենդավորման, վերակենդանացման կաբինետներ, արյան լաբորատորիա, շտապ օգնության սենյակ, ինչպես նաեւ ութ հիվանդասենյակ` երկուական մահճակալով:

Ֆրանսիական կողմը կենտրոնին տրամադրել է նաեւ շտապ օգնության չորս մեքենա: Բացարձակ խնդիր չկա ամբուլատոր հիվանդներին զննելու համար` նորագույն սարքավորումների միջոցով:

Հիվանդանոցն ունի կենտրոնական ջեռուցում եւ առանձին ջրամատակարարում, կահավորված է արդիական բուժտեխնիկայով եւ սարքավորումներով:

Կենտրոնի գործադիր տնօրենը Մելքոն Գարսեֆերյանն է:

Այս անգամ անդրադառնում ենք կենտրոնը համալրած մեկ շնորհալի, երիտասարդ բժշկի` բուժմասի ղեկավար, միջամտական /ինտերվենցիոնալ/ բժիշկ Կարեն Համբարձումյանին:

Ծնվել է 1983 թվականին Արմավիրում: Ավարտելով Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը` հետագայում մասնագիտացել է միջամտական սրտաբանության գծով եւ 1999-2005թթ. անցել կլինիկական օրդինատուրա` «Սրտաբանություն» մասնագիտությամբ:

2009-2012թթ. աշխատել է «Զեյթունի սիրտ-անոթային բժշկական կենտրոնում»` ինտերվենցիոնալ բաժանմունքի ղեկավար:

Սրտաբան Կարեն Համբարձումյանն ութ ամիս ծառայելով Արցախում, արդեն ինը ամիս է, ինչ աշխատում է Գորիսի սրտաբանական կենտրոնում, միաժամանակ իր զինվորական ծառայությունը կատարելով 60369 զորամասում: Այդ ամիսների ընթացքում երիտասարդ բժիշկն արդեն հասցրել է կատարել սրտի տասնյակ զոնդավորումներ եւ ստենդավորումներ` սպասարկելով հարյուրավոր հիվանդների:

Մի քանի հարց ուղղելով բժիշկ Կարեն Համբարձումյանին` միաժամանակ հիվանդների երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք փոխանցում շնորհալի սրտաբանին:

– Բժիշկ, Ձեր կարծիքով ինչո՞ւ որոշվեց սրտաբանական կենտրոնը բացել Գորիս քաղաքում, եւ այսօր այն ինչպիսի՞ առաքելություն է իրականացնում տարածաշրջանում:

– «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» մասնագետների կողմից խոր եւ ճիշտ ուսումնասիրության շնորհիվ նպատակահարմարը Գորիս քաղաքը համարվեց` իր աշխարհագրական դիրքով, մարզի մյուս քաղաքներին եւ Արցախին մոտ լինելու կարեւոր հանգամանքով:

Թեեւ Գորիսի քաղաքային հիվանդանոցում գործում է սրտաբանական բաժանմունք` միայն թերապեւտիկ օգնությամբ, նշված պատճառների համաձայն, անհրաժեշտ էր քաղաքում ունենալ առանձին մասնագիտացված հաստատություն, որտեղ կիրականացվեր սրտի ամբողջական բուժումը:

Ըստ սոցիոլոգիական ուսումնասիրության՝ տարածաշրջանում տարեկան 40-50 հոգի սրտի խնդիրներ է ունենում: Մասնագետների բացահայտմամբ` սրտի հիվանդությունների եւ հատկապես կաթվածի վտանգի դեպքում զոնդավորում պետք է կատարել առաջին վեց ժամվա ընթացքում: Ուշացումը հիվանդի համար կարող է ճակատագրական լինել:

Մինչդեռ, բոլորիս հայտնի է թե մարզի կտրվածությունը մայրաքաղաքից, եւ թե` ձմռան ամիսներին ճանապարհների հաճախակի անանցանելիությունը, էլ չեմ խոսում սուր ինֆարկտով հիվանդի տեղափոխման անհնարինության մասին:

Նոր պայմաններում հիվանդանոցում հնարավոր է կատարել վեց զոնդավորում եւ սպասարկել 16 ստացիոնար ու 20 ամբուլատոր հիվանդի:

Այսօր կենտրոնում աշխատում են Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում վերապատրաստված եւ համապատասխան աշխատանքային փորձառություն ունեցող մասնագետ բուժքույրեր:

Ցավով պետք է նշեմ, որ կենտրոնը կարիք ունի նեղ մասնագետ բժիշկների, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագետների պարբերական գործուղումների` մինչեւ Գորիսի սրտաբանական կենտրոնի համալրվելը` վերապատրաստված եւ համապատասխան մասնագիտացված իր տեղական կադրերով:

Կենտրոնը հոկտեմբերին արդեն սպասում է օրդինատուրան ավարտած առաջին տեղական կադրին: Սա արդեն ողջունելի է: Կարծում եմ` մոտ ապագայում Սյունիքի փայլուն մասնագետներն իրենց հաջողությունները կգրանցեն նաեւ քաղաքի սրտաբանական կենտրոնում, եւ կենտրոնն ընդհանրապես կարիք չի ունենա դրսից հրավիրվող մասնագետների:

Սեպտեմբերին կենտրոնում իրենց մասնագիտական որակավորումը եւ օրդինատուրան կանցնեն չորս հոգի` կլինիկական առկա բազայի հիման վրա:

Սպասարկումը պատշաճ որակով եւ արդիական եղանակով իրականացնելու նպատակով կենտրոնն այսօր շարունակում է համագործակցել Ֆրանսիայի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» բժիշկների հետ:

Ունենք ուղիղ կապ Ֆրանսիայի առաջատար մասնագետների հետ եւ հարկ եղած դեպքում նրանց հետ հաղորդակցվում, խորհրդատվություն ենք անում:

Ինչ վերաբերում է կենտրոնի առաքելությանը, այն շատ մեծ է, անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին սիրտն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ ճակատագրական եւ անվերադարձ լինի հիվանդի համար:

Մեր վիճակագրությամբ եւ ճշգրիտ ուսումնասիրությամբ` սրտի միջամտական բուժումները հիվանդի կյանքը երկարացնում են ութ տարով: Սա ծայրահեղ, սուր ինֆարկտների դեպքում, իսկ ընդհանրապես հիվանդը կարող է միանգամայն երկար տարիներ նորմալ կենսակերպ վարել` հետեւելով առողջ ապրելակերպի ցուցումներին:

– Բժիշկ, ի՞նչ հիվանդությունների հակվածությունն է գերիշխում մեր տարածաշրջանում, որոնք կարող են բերել սիրտ-անոթային ախտահարումների: Արդյո՞ք ամբողջական սպասարկում է իրականացվում կենտրոնի կողմից` տարածաշրջանի, Արցախի հիվանդների նկատմամբ: Մեր սրտաբանական կենտրոնը համեմատելով մայրաքաղաքի առաջատար սրտաբանական հիվանդանոցների հետ, իր արդիական սարքավորմամբ ինչպիսի՞ սանդղակի վրա է գտնվում:

– Գորիսի սրտաբանական կենտրոնը, իմ աշխատած ամիսների կտրվածքով, ասեմ, որ իրոք լիարժեք սպասարկում է մարզի եւ Արցախի հիվանդներին: Հիվանդները գալիս են Մեղրուց, Քաջարանից, Կապանից ու Սիսիանից, Արցախի ամենահեռավոր վայրերից:

Որոշ դեպքերում քաղաքային հիվանդանոց դիմած հիվանդները մեզ մոտ են տեղափոխվում հիվանդանոցի շտապ օգնության մեքենայով:

Իսկ ընդհանրապես, մեր կենտրոնն ունի շտապ օգնության ծառայություն, իր մեքենաները:

Մեզ մոտ հիվանդն անմիջապես ենթարկվում է համապատասխան բուժզննման, եւ ոչ մի ակնթարթ չկորցնելով, ճիշտ ժամանակին կատարում ենք միջամտական բուժումներ:

Տարածաշրջանում, համեմատաբար, մի քիչ ավելի տարածվածություն ունեն սիրտ-անոթային հիվանդությունները, որոնց պատճառը կարող է լինել լեռնային սուր գոտին, ոչ կիրթ վերաբերմունքը` սեփական առողջության նկատմամբ, անառողջ ապրելակերպը, ինչո՞ւ ոչ` նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ սահմանամերձ լինելու հանգամանքը: Գործոնները շատ են, եւ յուրաքանչյուրը պետք է առաջին իսկ առողջական ահազանգի դեպքում դիմի համապատասխան մասնագետի եւ կանխարգելի նրա հետագա խորացումն ու բարդացումը:

Այնպիսի հիվանդություններ եւ գործոններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը, օրգանիզմում խոլեստերինի ավելցուկն ու յոդի չափաբաժնի պակասը, համապատասխան բուժում չանցնելու դեպքում, անկասկած հանգեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների:

Առանց չափազանցելու պետք է ասել, որ Գորիսի սրտաբանական կենտրոնն իր արդիական սարքավորումների հագեցվածությամբ ոչ միայն չի զիջում մայրաքաղաքի ամենաառաջատար մասնագիտացված կենտրոններին, այլեւ` շատ դեպքերում նույնիսկ գերազանցում է նրանց:

Ինչպե՞ս կարելի է չողջունել այն փաստը, որ մեր կենտրոնում արդեն տեղադրվել է 2-րդ անգիոգրաֆ բացառիկ սարքավորումը, որն իրականացնում է ոտքի, ձեռքի, պերիֆերիկ անոթների ստենդավորումներ:

Կենտրոնն ունի նաեւ էխոկարդիոգրաֆիա, որն ամենազգայուն սարքերից է եւ վաղաժամ հայտնաբերում է սրտի իշեմիկ հիվանդությունները, հնարավորություն ընձեռում վաղ եւ լիարժեք բուժման:

– Բժիշկ, մեկ շատ նուրբ հարց. եթե հիվանդն այդ պահին գումար չունի, բայց հանկարծակի սիրտ-անոթային խնդիրներ են ծագել, օգնություն իրականցվու՞մ է կենտրոնում: Եվ ընդհանրապես, օրվա կտրվածքով քանի՞ հիվանդ եք սպասարկում ու հիմնականում` ի՞նչ ուղղությամբ: Պատահո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդներ են գալիս նաեւ այլ մարզերից կամ մայրաքաղաքից: Հիվանդը կարո՞ղ է երաշխիք ունենալ, որ իր սրտի ստենդավորումը կատարվում է բարձրորակ ստենդներով: Չէ՞ որ, գիտենք, այսօր հայաստանյան շուկան լցված է նաեւ կեղծ ստենդներով, որոնք կարող են ոչ թե բարելավել, այլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը, հասցնել` ընդհուպ մահվան: Ինչպե՞ս է այս հարցին վերաբերում առողջապահության նախարարությունը:

– Սկսեմ նրանից, որ մեր կենտրոնում, համաձայն ֆրանսիական կողմի հետ պայմանավորվածության եւ նրա օրենքների, հիվանդին նախ եւ առաջ պետք է ընդունել եւ հարկ եղած դեպքում միջամտական բուժում անցկացնել` նախապես չկարեւորելով հիվանդի դրամ ունենալ-չունենալու հարցը: Դա շատ մարդասիրական վերաբերմունք է հիվանդի նկատմամբ, միաժամանակ բարձրացնում է կենտրոնի ու նրա բուժանձնակազմի վարկանիշը:

Ասեմ, որ մենք զգուշացված ենք նաեւ ՀՀ առողջապահության նախարարի կողմից` յուրաքանչյուր սուր ինֆարկտի դեպքերում անվճար միջամտական, վիրահատական բուժումներ կատարելու մասին:

Սա եւս բնակչությանն ի նպաստ քայլ է:

Գները նույնն են, չեն փոխվել եւ, կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի ցանկության դեպքում կարող է տասնհինգ հազար դրամ ունենալ ամբուլատոր հետազոտության համար:

Զոնդավորման եւ ստենդավորման դեղորայքը կենտրոնը տրամադրում է անվճար:

Ցավոք, առայժմ զեղչեր, պետպատվերներ չունենք: Կարծում եմ` վաղ թե ուշ այս հարցերը կմտնեն առողջապահական համակարգի ծրագրերի մեջ:

Կենտրոնն օրվա ընթացքում միջին հաշվով սպասարկում է 15-20 հիվանդի` կատարելով խորհրդատվություն, ամբուլատոր բուժզննումներ եւ մեկ-երկու հոգու զոնդավորում ու ստենդավորում:

Գորիսի սրտաբանական կենտրոնի բարձրորակ աշխատանքի, բուժանձնակազմի պատրաստվածության մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ այստեղ գալիս են ոչ միայն Սյունիքի մարզից եւ Արցախից: Հիվանդները կենտրոնին են դիմում ինչպես հանրապետության այլ մարզերից, այնպես էլ` Երեւանից: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ վստահում են Գորիսի սրտաբանական կենտրոնի բուժանձնակազմին, նրա օգտագործած միջամտական սարքավորումների բարձրորակությանը:

Այո, ցավոք, լինում են դեպքեր, որ հենց մայրաքաղաքի սրտաբանական կենտրոններում կամ հիվանդանոցներում մասնագետները հիվանդներին ստենդավորում են կեղծ ստենդներով, օրինակ` չինական, որոնց համար անտեղյակ եւ խաբված հիվանդը վճարում է անորակ ստենդի իսկական գնից անհամեմատ բարձր:

Նման փաստերը ոչ միայն խղճի դեմ են, բժիշկների տված Հիպոկրատի երդումից շատ հեռու, այլեւ` ավելի են վատթարացնում հիվանդի վիճակը` հաճախ էլ հասցնելով մահվան:

Գորիսի սրտաբանական կենտրոնը նման աշխատաոճ չունի, օգտագործում ենք բարձրորակ` ամերիկյան, ճապոնական, գերմանական եւ այլ պետությունների արտադրած իսկական, բարձրորակ եւ ոչ կեղծ ստենդներ:

Ահա թե ինչու են մեր կենտրոն միջամտական բուժման գալիս նաեւ Երեւանից:

Առողջապահության նախարարությունն այսօր լուրջ քայլեր է ձեռնարկում այդ արատավոր, կասեի` հանցավոր երեւույթը կանխելու, վերացնելու ուղղությամբ:

Կարծում եմ` ճիշտ եւ հետեւողական տարվող պայքարն անպայման արդյունք կտա:

– Բժիշկ, խոսակցություններ կան Արցախում սրտաբանական կենտրոնի բացման մասին: Որքանո՞վ են դրանք իրական եւ նպատակահարմար: Ինչպիսի՞ն են տարածաշրջանի հիվանդանոցների հարաբերությունները մեր սրտաբանական կենտրոնի հետ: Կարողանու՞մ են սրտային խնդիրներով իրենց դիմած հիվանդներին ժամանակին եւ ճիշտ ուղղորդում տալ` դեպի կենտրոն, թե՞ բավարարվում են թերապեւտիկ բուժումներով` հիվանդի առողջությանը հաճախ անվերադարձ եւ մեծ վնաս հասցնելով: Մահացության ինչպիսի՞ տոկոս է գրանցվել կենտրոնում իր գործարկման մեկ եւ կես տարում: Եղե՞լ են հիվանդներ, որոնց շտապ ուղարկել եք մայրաքաղաքի սրտաբանական կենտրոն` վիրահատության: Ծրագիր չկա՞ առաջիկայում սրտի վիրահատություն կատարել նաեւ Գորիսի սրտաբանական կենտրոնում: Ո՞րն է կենտրոնի ամենամեծ ձգտումը:

– Արցախում սրտաբանական կենտրոն բացելու մասին խոսակցություններ իրոք եղել են եւ գուցե` հիմա էլ կան:

Անձամբ ես, որպես սրտաբան եւ բժիշկ, դրա նպատակահարմարությունը չեմ տեսնում: Սյունիքի տարածաշրջանում մեկ սրտաբանական կենտրոնը լիուլի բավական է: Արցախի ամենահեռավոր վայրերից անգամ հիվանդը հանգիստ կարող է հասնել Գորիս` ամենեւին չուշանալով նախատեսված վեց ժամից, ավելին, այդ ժամանակամիջոցում նա արդեն կարող է համապատասխան բուժում ստանալ եւ վերադառնալ տուն:

Եթե որեւէ բժշկական կենտրոնի բացման հնարավորություն կա Սյունիքի կամ Արցախի որեւէ քաղաքում, կարծում եմ, այն պետք է այլ ուղղություն ունենա, ասենք, ուռուցքաբանական կամ նեյրովիրաբուժական: Ե՛վ նպատակահարմար կլինի, եւ բազմազան, եւ ի նպաստ հիվանդների ու կենտրոնների ներդաշնակ գործունեության:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի հիվանդանոցների բարեկամական, կամեցողային հարաբերություններին մեր կենտրոնի հետ, միանգամից ասեմ` կարծես այդ հարաբերություններն այդքան էլ բարեկամական չեն, որից միայն իրենց դիմած հիվանդն է տուժում:

Հաճախ սրտի դեղորայքային բուժումները միայն վատթարացնում են ինֆարկտի նախանշաններ ունեցող հիվանդի վիճակը, էլ չասեմ, որ դեղորայքային բուժումներ են կատարվում նաեւ ինֆարկտ տարած հիվանդի հետ: Սրանք ես համարում եմ հիվանդի կյանքի համար վտանգավոր եւ սիրողական բուժումներ:

Գորիսի հիվանդանոցի դեպքում պատկերը մի քիչ այլ է. բժիշկներն ուզեն թե ոչ, հիվանդին ուղղորդում են կենտրոն, որովհետեւ եւ հիվանդներն են տեղեկացված, եւ բնակավայրն է նույնը:

Կուզեի տարածաշրջանի հիվանդանոցների հարաբերությունները կենտրոնի հետ ավելի անմիջական, փոխշփումային եւ ջերմ լինեին:

Մեզ մոտ մահացության տոկոսի մասին ասեմ, որ ամենաիդեալական աշխատանքի դեպքում էլ, դրանից, ցավոք, խուսափել չես կարող: Վերջին մեկ տարում մեզ մոտ գրանցվել է մեկ մահացություն հենց իմ ստենդավորման ժամանակ: Հիվանդը յոթանասունն անց տարիքում էր, բայց դա էլ կարեւոր չէ. հիվանդին, դժբախտաբար, բերել էին մեծ ուշացումով եւ արդեն լիովին ախտահարված սրտով ու անոթներով: Շատ ցավալի են ինձ համար նման դեպքերը: Կցանկանայի ընդհանրապես այդպիսի դեպքեր չլինեին, եւ սրտի խնդիր ունեցող մարդը ժամանակին ներկայանար կենտրոն ու համապատասխան բուժում ստանար:

Քիչ, բայց եղել են դեպքեր, երբ այլեւս նպատակահարմար չենք գտել հիվանդի միջամտական բուժումները եւ նրան ուղարկել ենք Երեւանի սրտաբանական կենտրոն` վիրահատության:

Կարծում եմ, առաջիկա տարիներին կենտրոնը կընդլայնի իր տարածքն ու գործունեությունը` իրականացնելով նաեւ սրտի վիրահատություն: Այստեղ կմշակվեն անոթային վիրաբուժության հետ կապված բուժման նոր եղանակներ:

Հրատապ է նաեւ տեղական կադրերի պատրաստման, նեղ մասնագետներով կենտրոնը մշտական համալրելու խնդիրը:

Իսկ մեր ամենամեծ ձգտումը որակյալ եւ արդյունավետ սպասարկման շնորհիվ ճանաչում եւ հեղինակություն ձեռք բերելն է ոչ միայն Հայաստանում, այլեւ` նրա սահմաններից դուրս:

– Բժիշկ, ո՞րն է կենտրոնի ամենամեծ խնդիրը, գուցե` խնդիրները: Ձեր խոսքը` ուղղված մեր բնակչությանը:

– Այնպիսի անհրաժեշտ եւ բարձրակարգ բուժհաստատություն, ինչպիսին Գորիսի սրտաբանական կենտրոնն է` իր արդիական հագեցվածությամբ, պետք է սրբորեն պահպանել եւ ավելի կատարելագործել, քաղաքային եւ մարզային իշխանությունների կողմից այն պետք է արժանանա նրբանկատ եւ հոգատար վերաբերմունքի, սրտացավության` նրա հոգսերի ու խնդիրների նկատմամբ:

Ես կասեմ ընդամենը ճանապարհի մասին. կենտրոնի գործարկումից ի վեր ճանապարհը խիստ անբարեկարգ է, խորդուբորդերով, իսկ անբարենպաստ եղանակներին` ուղղակի անհնարին եւ չափազանց վտանգավոր` ծանր հիվանդ տեղափոխելու համար:

Ամեն ինչ չէ, որ Ֆրանսիայի բարերարների խնդիրն է, իշխանությունները պետք է մտածեն, որ դա նախ եւ առաջ իրենց քաղաքն է, իրենց քաղաքի ճանապարհը, մանավանդ, որ այն տանում է դեպի այդպիսի մի կարեւորագույն հաստատություն:

Եզրակացությունը թողնում եմ ձեզ:

Տարածաշրջանի բնակչությանը կհորդորեի` աչալրջորեն հետեւեք ձեր առողջությանը, ժամանակ առ ժամանակ հետազոտվեք, առողջ ապրելակերպ վարեք, ձեզ զերծ պահեք բացասական սթրեսներից, ավելորդ հուզական ծանրաբեռնվածությունից:

Աստված մի արասցե, սիրտ-անոթային կամ դրան նպաստող որեւէ հիվանդության ազդանշանի դեպքում էլ անմիջապես դիմեք համապատասխան բժշկի, որպեսզի հետո շատ ուշ չլինի, չբարդանա հիվանդությունը, եւ բժիշկն էլ կարողանա օգտակար լինել հիվանդին` ժամանակին եւ արդյունավետ բուժելով նրան:

Թող հիշեն մեր քաղաքացիները` հիվանդության կանխումն ու ժամանակին բուժումը հազար անգամ ավելի հեշտ են, քան` երբ այն արդեն բարդացված է:

Թող առողջ լինեն բոլորը:

– Շնորհակալություն:

 

Հարցազրույցը՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30