Կարեն Համբարձումյան. «Թող ոչ մեկը չփորձի Սյունիքն օգտագործել իր ոչ օրինական եւ ոչ պետական ծրագրերի, անձնական ամբիցիաների համար»

26.05.2020 14:58
1665

«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը

- Պարոն Համբարձումյան, Դուք հաճախակի եք լինում Սյունիքում եւ հանդիպում ընտրողների հետ, սակայն ներկա այցը, որ համընկել է քաջարանցիների բողոքի ակցիային, որոշակի հետաքրքրություն է առաջացրել մեզանում:

Ի՞նչ առաքելությամբ եք Կապանում:

- Երեկ տեղեկացա մարզում, ավելի ստույգ՝ Կապանի ոստիկանության եւ մարզի քննչական վարչության շենքերի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին:

Որպես տարածաշրջանից ընտրված պատգամավոր` պարտքս համարեցի լինել տեղում, լինել մարդկանց հետ, իմ ընտրողների հետ, որ հստակ պատկերացում կազմեմ, թե ինչ է կատարվում մարզկենտրոնում։

Կեսգիշերին մոտ ուղեւորվել եմ Կապան, լուսադեմին տեղ հասել եւ անմիջապես իրավապահ մարմինների ղեկավարների հետ հանդիպումներ սկսել:  Վաղ առավոտից Կապանում եւ Քաջարանում նույնպես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել։ Իսկ ճանապարհին օն-լայն տարբերակով հետեւում էի տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքին, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել եւ ինչ-ինչ պահանջներ էին ներկայացնում։

Այժմ, կարող եմ ասել, լիարժեք պատկերացում ունեմ կատարվածի վերաբերյալ:

- Ձեր գնահատականը Կապանում մայիսի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիային։

- Եթե մայիսի 24-ի բողոքի ակցիան լիներ ժողովրդի ցանկությամբ եւ օրինական պահանջներով, կարելի էր նորմալ գնահատել, բայց…

Կատարվածն արդարացում չունի մեկ այլ առումով եւս: Երկիրը գտնվում է արտակարգ դրության մեջ, եւ, ցավոք, դեռ չգիտենք, թե ինչ հետեւանքներ կունենա մարդկային նման կուտակումը համաճարակի տարածման առումով, թեեւ անընդհատ պահանջ էր դրվում պահպանել սոցիալական հեռավորություն, չհավաքվել իրար գլխի եւ այլն։

Բացի այդ, ի՞նչ է նշանակում հավաքվել ոստիկանության շենքի դիմաց եւ ցույց անել, երբ ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորը հենց ոստիկանությունն է։

Մի խոսքով՝ արտակարգ իրավիճակը պատեհ պահ չէր մարդկանց հավաքելու եւ ցույց անելու համար։

Երկրորդ` ակցիան դիտում եմ որպես նախաքննական մարմնի վրա ճնշում գործադրելու գործողություն։ Արդյո՞ք  իրավունք ունենք խոչընդոտել ոստիկանության կամ նախաքննական մարմնի գործունեությունը, երբ խոսքը կոնկրետ քրեական գործի սահմաններում իրականացվող նախաքննության մասին է:

Մինչդեռ արդար խոսքը տեղ հասցնելու տարբեր հարթակներ կան. Մարդու իրավունքների պաշտպան, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով եւ այլն։ Ինքս էլ որպես Վայոց ձորից եւ Սյունիքից ընտրված պատգամավոր` միշտ իմ ընտրողների կողքին եմ՝ նրանց սատար լինելու պատրաստակամությամբ՝ հնարավորություններիս չափով։ Իսկ իմ գործելակերպը` օրենքի սահմաններում ընտրողների առաջադրած հարցերին լուծում տալն է:

- Ինչպես  շատ լրատվամիջոցներ, Դուք էլ, ըստ էության, այն համոզմանն եք, որ քաջարանցիների բողոքի ակցիայի ինքնաբուխ լինելը խիստ թեական է:

- Հարցին այսպես պատասխանեմ. որոշ մարդիկ իրենց «կաշին» փրկելու համար ժողովրդին կենդանի վահան էին դարձրել, նաեւ նման ձեւով իրենց ամբիցիաները պաշտպանելու քայլեր ձեռնարկել։ Առայժմ ձեռնպահ եմ մնում անուններ տալուց, բայց կգա ժամանակը, եւ կհնչեն հստակ անուններ` ով ինչ գործառույթներ էր իրականացրել քաջարանցիների բողոքի ակցիան կազմակերպելու եւ իրականացնելու համար:

Ի դեպ, նաեւ ոստիկանության գործառույթների տիրույթում է՝ պարզել՝ ակցիան ինքնաբո՞ւխ էր, թե՞ ոչ:

-Եվ, այդուհանդերձ, ըստ ակցիայի մասնակիցների՝ ոստիկանություն բերված չորս անձինք բռնության են ենթարկվել: Միգուցե այս փա՞ստն է հիմք ծառայել, որ պահանջում էին  նախաքննությունը Սյունիքում իրականացնել եւ ոչ թե Երեւանում։

- Ինձ հասած տեղեկություններով՝ բռնություն է տեղի ունեցել մի քաղաքացու հանդեպ. այդ հարցով ՀՀ ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել, եւ, համոզված եմ, ճշմարտությունը ջրի երես դուրս կգա։

Քանիցս նշել եմ, որ մեր քաղաքական թիմը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ուղիղ են նայում իրենց ընտրողների աչքերի մեջ։ Նախաքննության գործընթացը սկսված է, հետեւողական ենք լինելու, որ այն իրականացվի գործող օրենսդրությանը խիստ համահունչ:

- Մայիսի 24-ին սոցիալական ցանցերում հանդիպում էինք մտքեր, թե իբր Սյունիքում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, ոտքի է կանգնել ողջ մարզը, Կապանում լարված իրավիճակ է եւ այլն։

-  Նախ՝ Սյունիքում զանգվածային ձերբակալություններ տեղի չեն ունեցել, մարզը ոտքի չի կանգնել, ակցիայի մասնակիցների՝ իրենց միանալու կոչը՝ ուղղված կապանցիներին, գորիսեցիներին, սիսիանցիներին, մեղրեցիներին, ամբողջովին անպատասխան է մնացել:

Ձեր հարցը նույնպես հաստատում է այն ճշմարտությունը, որ հավաքն ինքնաբուխ չի եղել եւ այլ նպատակ է հետապնդել:

Սյունեցին իր էությամբ պետականամետ է, ամուր կանգնած է իր հողին, ինչը հաստատված է դարերի պատմությամբ։ Եվ սյունեցիների հետ նման խաղեր կազմակերպելն անպտուղ գործ է:

Ինչ վերաբերում է մամուլի նմանատիպ հրապարակումներին… Բոլորս գիտենք, թե այդ լրատվամիջոցները որտեղից են ղեկավարվում եւ ինչ միջոցներով: Կգա ժամանակը, եւ այն հեռու չէ, ամեն ինչ իր տեղը կընկնի…

Չպիտի լինի հրապարակում, որ անհավաստի լինի եւ մնա անպատասխան ու անարձագանք։

Մեր ճանապարհը մեկն է` գործել հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու շահերի։

Սյունյաց աշխարհը կանգնած է հեղափոխության ակունքներում եւ քայլում է այն ճանապարհով, որ որդեգրել ենք 2018 թվականին։

Ինձ դուր եկավ մարզի ոստիկանության զսպվածությունն ու համբերատարությունը ստեղծված իրավիճակում։ Այնպես որ՝ գնահատում եմ մարզի ոստիկանության գործելակերպը մայիսի 24-ին ստեղծված չափազանց բարդ իրավիճակում:

- Վերջին օրերին մայրաքաղաքային  որոշ լրատվամիջոցներ անընդհատ քննարկում են Սյունիքի համայնքապետերի հարցը, թե իբր նրանց հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եվ այդ հրապարակումների մեջ քանիցս  թացը խառնվում է չորի հետ։

- Նախ՝ որեւէ համայնքապետի հանդեպ Սյունիքում քաղաքական հետապնդում չի իրականացվում: Ինչ վերաբերում է թացը չորից զատելուն, ապա վաղուց այդ հարցում եւս Սյունիքում ամեն ինչ պարզ է… Օրինակ, ինչպես կարելի է հիացմունքով չարտահայտվել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի գործունեության մասին: Ընդ որում՝ դա միայն իմ գնահատականը չէ, կապանցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հաճախ եմ նրա մասին դրական կարծիքներ լսում:

-  Չե՞ք կարծում, որ, այդ բոլորով հանդերձ, բացակայում է սյունիքյան իրողություններն իրենց անուններով կոչելու համապետական համարձակությունը։

Խոսքը, նախեւառաջ, Քաջարանի կոմբինատի սեփականատերերին է առնչվում։ Հիմնական սեփականատերը, ով ունեցել է 75 տոկոս բաժնեմաս, այն է` գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը (նախագահ` Գյունտեր Պիլարսկի) մեկ-երկու ամիս առաջ  միանգամից անհետացել է բաժնետերերի ցանկից: Եվ ոչ ոք անհանգստացած չէ, որ Հայաստանում օտարերկրացի ամենախոշոր ներդնողներից մեկն անհետացել է Քաջարանից:

- Այդ հարցի առնչությամբ գրավոր հարցում կանեմ, որպեսզի պատասխանս հիմնավոր լինի։ Ունեմ իմ տեսակետը, որոշակի տեղեկատվության տիրապետում եմ, բայց, կարծում եմ, ճիշտը հարցն օբյեկտիվորեն ուսումնասիրելն է:

- Ոմանք այս օրերին, օգտվելով առիթից, մայրաքաղաքից փորձեցին պիտակավորել մեր երկրամասը՝ «հեղափոխության որջ» եւ այլն:

- Ես դատապարտում եմ նման հայտարարությունները:

Դրանք անպատասխանատու հայտարարություններ են եւ Սյունիքի հետ որեւէ առնչություն ունենալ չեն կարող:

Նման հայտարարություններ կարող են անել Սյունիքը եւ սյունեցիներին չճանաչողները, ինչպես եւ նրանք, ովքեր փորձում են այս իրավիճակն օգտագործելով իրենց կայանալու խնդիրը լուծել:

- Երկրորդ օրն է, ինչ Կապանի փողոցներում ոստիկանական խմբեր են պահակային-պարեկային ծառայություն իրականացնում, այն էլ՝ մեծ թվով: Երեւում է՝ այլ տարածքներից այցելած ոստիկաններ են:

Կա՞ դրա անհրաժեշտությունը:

- Տեղական ուժերը, կարծում եմ, կարող են մարզում ինքնուրույն ապահովել պատշաճ կարգ ու կանոն:

- Ձեր խոսքը Սյունիքի ընտրողներին, հատկապես Կապանի եւ Քաջարանի ընտրողներին։

- Չէի ցանկանա տարանջատել` Կապան, Քաջարան, մարզի մյուս բնակավայրերը։ Սյունիքն ինձ համար մի հասկացություն է: Կխնդրեմ իմ հարազատ սյունեցիներին, որ չգործեն պահի ազդեցության տակ, որ իրավիճակի տերը լինեն եւ թույլ չտան, որ ոմանք իրենց անձնական շահերի մղումով մարդկանց օգտագործեն։ Գուցե որեւէ մեկը նեղսրտի, որ խոսքս այսպես ձեւակերպեցի, բայց ուզում եմ իմ համերկրացիներին այդպես տեսնել։

Հիշո՞ւմ եք Նժդեհի խոսքը՝ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է… Սյունիքը համահայկական երեւույթ է եւ անգերազանցելի իրողություն ոչ միայն հազարամյակների կտրվածքով, այլեւ այսօր՝ Հայաստանի երրորդ հանրապետությունում:

- Կարելի՞ է համարել, որ մայիսի 24-ին տեղի ունեցածն արդեն անցյալ է։

- Կարծում եմ` այո, թեեւ պետք է հանգամանալից ուսումնասիրել դրա կազմակերպման եւ իրականացման մանրամասները, որպեսզի ավելի ողջամիտ եզրակացության հանգենք:

Բոլոր դեպքերում մերժելի է երեւույթը, երբ մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, դեռ ավելին` շնաձուկ:

Հաստատապես համոզված եմ, որ այդ ամենն իրոք անցյալում է մնացել։ Բայց եթե, այնուամենայնիվ, նույն ուժերը փորձեն խարխլել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի անվտանգությունը, կայունությունը, համարժեք եւ իրավաչափ պատասխանի կարժանանան։

Թող ոչ մեկը չփորձի Սյունիքն օգտագործել իր ոչ օրինական եւ ոչ պետական ծրագրերի, անձնական ամբիցիաների համար:

 

Զրույցը` Վահրամ Օրբելյանի

26 մայիսի 2020 թ.

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25