Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ․ փաստաբան

23.09.2026 23:14
291

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս քրեական հետապնդումը և վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը՝ հնարավորություն տալով նրան այցելելու աշխարհասփյուռ իր համայնքներին և լիարժեք կատարելու իր հովվապետական պարտականությունները։ Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների օգտագործմամբ՝ ավելի քան 1700 տարի հայկական ինքնության և քրիստոնեական հավատի հենասյուն հանդիսացող Եկեղեցու առաջնորդին վարկաբեկելուն, լռեցնելուն և իր կարգավիճակից զրկելուն ուղղված իշխանության գործողություններով, որոնք վկայում են Եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը։ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից հեռացնելը, բանակից և քրեակատարողական հիմնարկներից հոգևորականներին հեռացնելը, Անմահ և Սուրբ Պատարագի ծիսակարգը փոփոխելու փորձերը, եկեղեցիների զավթումը, Եկեղեցու նոր կանոնադրություն մշակելու և Կաթողիկոսին փոխելու ծրագրերը, ինչպես նաև բազմաթիվ քրեական գործերով հոգևորականների նկատմամբ հետապնդումները, մեր գնահատմամբ, կազմում են Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված լայնածավալ ճնշումների շղթան։ Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Դրա պաշտպանությունն անմիջականորեն առնչվում է նաև հավատացյալների՝ իրենց կրոնը ազատորեն դավանելու իրավունքին։
Իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում Facebook-ի գրառումների, խորհրդարանական ելույթների և պետական լրատվամիջոցների միջոցով։ Իշխանությունը Եկեղեցուն և Հովվապետին վարկաբեկելու փորձերն իրականացնում է նաև այլ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերություններում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ ընթացող դատական գործով դատավորների ինքնաբացարկը ու գործը դատարանից դատարան փոխանցելը փաստացի երկարաձգում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժի սահմանափակումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են մի արարք կատարելու մեջ, որը հանդիսանում է իր բացառիկ կանոնական լիազորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել եպիսկոպոսին, որպիսի գործողությունը դատախազությունը համարել է որպես քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին դատական ակտի կատարման խոչընդոտում: Ընդ որում, քաղաքացիական գործով դատական ակտն էլ միջամտում է Եկեղեցի ներքին գործերին և ինքնավարությանը, որի անթույլատրելիության մասին ՄԻԵԴԸ տարբեր վճիռներով դիրքորոշում է արտահայտել:

Փաստաբանական թիմի պնդմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հիմա՝ դատարանում դեռևս նախնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Այս իրավիճակը խորացնում է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության ապահովման վերաբերյալ մեր մտահոգությունները։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տասնյոթ դարերի ընթացքում դիմակայել է կայսրությունների ճնշումներին, վերապրել է ցեղասպանությունն ու խորհրդային հալածանքները։ Այսօր, մեր համոզմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեփական երկրում քրեական հետապնդման է ենթարկվում իր Եկեղեցին առաջնորդելու և հովվապետական լիազորություններն իրականացնելու համար։

Մենք միջազգային հանրությանը չենք խնդրում որևէ կողմի դիրքորոշում ընդունել Հայաստանի ներքաղաքական հարցերում։ Մենք կոչ ենք անում գնահատել տեղի ունեցողը կրոնական ազատության և իրավունքի գերակայության տեսանկյունից։ Մեր գնահատմամբ՝ սա պետական արշավ է՝ աշխարհասփյուռ համայնքներ ունեցող անկախ կրոնական հաստատության նկատմամբ վերահսկողություն հաստատելու և նրա ղեկավարությանը պետական իշխանության լծակների, ահաբեկման ու հրապարակային նվաստացման միջոցով հեռացնելու նպատակով՝ ոտնահարելով Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։

Սա հարձակում է կրոնական ազատության դեմ։ Միջազգային հանրությունը պետք է Հայաստանի նկատմամբ հետևողականորեն կիրառի մարդու իրավունքների պաշտպանության նույն չափանիշները, որոնք կիրառում է եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հանձնառություն ստանձնած ցանկացած այլ պետության նկատմամբ։
Ակնկալում ենք հստակ հրապարակային արձագանք և դատավարության անկախ դիտարկում՝ կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության և արդար դատաքննության երաշխիքների պահպանման նպատակով»,-գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40