Խաղաղությունը հաստատված է, և այն պետք է ամենօրյա խնամքի և հոգատարության առարկա դառնա. վարչապետ

23.08.2025 11:03
499

Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի Անկախության հռչակագիրը։ 

«Այդ փաստաթղթով սկիզբ դրվեց մեր անկախ պետականության՝ Հայաստանի Հանրապետության հաստատման գործընթացին։ Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի հավաքական տրամադրությունը, կրում էր ընդամենը երկու տարի առաջ սկսված և գագաթնակետին հասնող Ղարաբաղյան շարժման կնիքը, և կանխորոշելու էր նոր-նոր ձևավորվող Հայաստանի անկախ Հանրապետության առանցքային հատկանիշները։

Այդպես էլ տեղի ունեցավ, որովհետև Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին և արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետևողականորեն մեզանում սերմանվել էր 1950-ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։

Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձևավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։

Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների/թատերական ներկայացումների միջոցով և այսպես ձևավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք, ԽՍՀՄ կողմից ձևավորված այդ սոցիալ-հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին և այդ սոցիալ-հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։ Այսօր ուզում եմ պատասխանել նաև մի հարցի, որը թերևս ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։

Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։

Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական և հետաքրքիր գործընկեր։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի առանցքային հատկանիշներից մեկն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքն է, այն ամենակարևոր արժեքն է, որը մենք ունենք և որ մենք ունեցել ենք վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում։ Եւ մենք պետք է առաջնորդվենք մեր պետության շահերով, և մեր պետությունն ու նրա շահերը պիտի լինեն մեր հայրենասիրության հենքն ու առանցքը, նրանում ապրող ստեղծագործ ժողովրդի՝ ձեր բոլորի սիրույն։

Մենք գնում ենք այս ճանապարհով և այդ ճանապարհին անցնելով դժոխային փորձությունների միջով՝ հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է և այն պետք է ամենօրյա խնամքի և հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ։

2025 թվականի օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը։

Շնորհավորում եմ բոլորիս այս առիթով։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է վարչապետը։

 

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21