Կապան քաղաքի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող այդ սրբավայր այցելեցինք 2026 թ. ապրիլի 1-ին։
Մեր ստեղծագործական խմբում էին Սամվել Ալեքսանյանը, Վահրամ Օրբելյանը, Գրիշա Սմբատյանը, Մարի Նավասարդյանը և Հենրիկ Քարամյանը։
Ղաթարը, որ մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Կատար, Ղաթարն անվանումներով, Զանգեզուրի գավառի հայտնի պղնձավայրին մոտ գտնվող բնակավայր էր։
Հանքավայրը շահագործվել է 1850-1920 թթ.: Տարեկան այնտեղ արտադրվում էր 20 հազար փութ պղինձ։
Գյուղը 1886-ին ուներ 250, 1907-ին՝ 380, 1914-ին՝ 139 բնակիչ։
Լքվել է 1920-ականներին, որից հետո այդտեղ զետեղվել են Զանգեզուրի պղնձի կոմբինատի պայթուցիկ նյութերի պահեստները, իսկ հետագայում՝ 40-ական թթ., նրա տարածքը մտել է Ղափան քաղաքի շրջագծի մեջ։
Այդտեղ է գտնվում Կատարո վանքը, որը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Կատարավանք, Կատարո վանք անվանումներով։
Կառուցել է իշխանական զարմից Գևորգ անունով մեկը՝ 936 թվականին։
Վանքի միաբանություն հիմնելու փաստն այսպես է հիշատակում Ստեփանոս Օրբելյանը՝ «զվայրն ամենայն շրջակայ ի ժառանգութիւն եկեղեցւոյն»:
Ներկայումս կիսականգուն վիճակում է Կատարո վանքի մի մասը հանդիսացող եկեղեցին, տանիքի արևմտյան հատվածը՝ քանդված: Քանդված են նաև եկեղեցու բեմը, ավանդատները, ներսում շինանյութի մնացորդներ են, որոնք պետք է օգտագործվեին 1980-ականների վերջին կատարվող նորոգումների ժամանակ:
1980-ականների վերջին սրբավայրը փորձել է փլուզումից փրկել Հենրիկ Քարամյանը՝ իր նախաձեռնությամբ, իր պատկերացրած ձևով:
Սակայն հետագայում աշխատանքները դադարեցվել են Արցախյան պատերազմի պատճառով։
Հիմա էլ մտադիր է վերսկսել կիսատ մնացած աշխատանքները...
Կարծում ենք, մինչդեռ, ապագա աշխատանքները պետք է սկսել բացառապես նախագծային փաստաթղթերը պատրաստելուց հետո: Ավելին, ողջամիտ կլիներ քանդել 1980-ականներին կատարածը, քանզի այդ ամենը (որքան էլ սրտացավությամբ է կատարվել ու անձնական միջոցներով) եկեղեցուն զրկել է նախնական տեսքից և նշանակությունից:
Կատարո վանքի մասին հիշում է նաև Ղևոնդ Ալիշանը․ «... Կավարտի հարավակողմից 860 ոտնաչափ բարձր Ղաթար հայանուն գյուղն է, որ չի հիշված ցուցակներում և պատմության մեջ, այլ միայն՝ Կատարո վանք։ 1890 թ․ մայիսի վերջին կաթոլիկ մարդաբան Շանդրն այս գյուղում կատարեց մարդաբանական քննություն։ Գյուղի սահմանին ... հայտնաբերված է պղնձահանքը, ինչը որոշ հույների և ագուլեցի հայերի կալվածքն է։ Այստեղ կան հալոցներ, զտելու քուրաններ, որի պատճառով գյուղը բարգավաճել է իր սահմանակից բնակավայրերով, որոնք միաբանվելով 1891-ի սկզբին մեծագումար դրամ հանգանակեցին դպրոցներ հաստատելու համար։ Պղնձահանքի մի հարուստ, ով հալոցներ հաստատեց, Նազարբեկյանցն է, ով ուսանել էր Ֆրայբուրգում։ Պղինձն առատ է, չհալվածը մոտ 56 տոկոս, շուրջ 20 հազար փութ (320 հազար կգ) տարեկան արդյունահանում, տեղում մեկ փութը վաճառվում է 11 ռուբլով, մի մասն առաքվում է Շամախի և մեծ մասը՝ Մոսկվա։ Սակայն փայտի և վառելանյութի պակասը գործը դժվարացնում է ոչ քիչ. փայտածուխի 1 իշաբեռն արժե 2 ռուբլի, իսկ գործավորների օրավարձը 60-80 կոպեկ է։ Այս տվյալներն ըստ Ռադդեի են, ով քննեց այդ վայրը (11-12 հունիս, 1890 թ.), համարյա նույն օրերին, ինչ Շանդրը»։
Ղաթարից դեպի հյուսիս-արևմուտք Կատար լեռն է՝ Բարգուշատի լեռնաշղթայի արևմտյան հատվածում, Վերին Գիրաթաղ գյուղից հյուսիս-արևելք (բարձրությունը՝ 3012 մ):
Լուսանկարները՝ Մարի Նավասարդյանի