«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական բաժանմունքում 17 երեխա ստացիոնար բուժում է ստանում: Ախտորոշված հիմնական հիվանդությունները, ինչպես բաժանմունքի վարիչ Լարիսա Ջհանգիրյանն է նշում, շնչառական ուղիների վիրուսային վարակներն են, որոնք երեխաներն ավելի շուտ են ընկալում: Բաժանմունքում կան նաեւ թոքաբորբով հիվանդ երեխաներ՝ նույնպես կապված շնչառական ուղիների վիրուսային վարակների հետ: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Բոլոր երեխաները ստանում են համապատասխան բուժում: Բարեբախտաբար, բաժանմունքը նոր է վերանորոգվել, կան անհրաժեշտ սարքավորումներ, չկա նաեւ դեղորայքի պակաս: Մասնագետները բոլոր մայրերին խորհուրդ են տալիս առաջին հերթին ինքնաբուժությամբ չզբաղվել, եւ եթե երեխայի մոտ նկատվում են ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն, տրամադրության անկում, ձայնի խռպոտություն, ապա պետք է անհապաղ դիմել համապատասխան մասնագետներին` ճիշտ բուժում ստանալու համար: Միայն այդ դեպքում, ինչպես Լարիսա Ջհանգիրյանն է ասում, երեխան կկազդուրվի, եւ ծնողներն ավելորդ խնդիրների առջեւ չեն կանգնի: