Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար

16.07.2021 10:28
747

Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի:

ԱԳ նախարարի խոսքով՝ թեև Արցախը հիմա «վերակենդանացման բաժանմունքում է», թեև արցախյան «վահանը» ջարդված է, բայց ոչնչացված չէ: Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

- Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենց հասած «ոչ պաշտոնական տեղեկություններով»՝ «Հայաստանը պատրաստ չէ» Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը: Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասաց, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ՝ այլ լուծումների մասին դժվար կլինի խոսել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում Ալիևը, ի՞նչ նպատակով է նման հայտարարություն անում և որքանո՞վ է հիմա ընդհանրապես իրական խոսել խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ հաշվի առնելով այն բարդ խնդիրների ամբողջ համալիրը, որ այսօր ունենք Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթում:

- Ես ասեմ հետևյալը: Մենք ընդհանրապես պետք է կենտրոնանանք ոչ թե Ալիևի կողմից հնչեցվող այդ իրավական գաղափարների վրա, ասենք՝ պայմանագիր, համաձայնագիր, խաղաղություն և այլն, այլ նրա կողմից շրջանառության մեջ արդեն իսկ դրված նոր թեմայի վրա, որը շատ կանխատեսելի էր և որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, կարծես, թե բոլորը հասկանում էին, բայց հիմա զարմանում են՝ «էդ ո՞նց է, էդ ի՞նչ է կատարվում»: Ալիևը նոր աշխարհաքաղաքական թեմա է բացել, նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացել՝ զանգեզուրյան ճակատը: Եվ սա արդեն դարձել է քննարկման առարկա, դարձել է իրականություն: Տարիներ շարունակ մենք ասում էինք՝ եթե, Աստված մի՛ արասցե, Արցախը թուլանա, մայր Հայաստանը կլինի մահացու վտանգի տակ, ոմանք մտածում էին, թե Արցախը բեռ է, ազատվելով լավ կապրեն, առևտուր կանեն: Ո՛չ, այդպես չէ և չի լինելու այդպես: Տեսնո՞ւմ եք՝ Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել: Հիմա Ադրբեջանը անցել է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման գործընթացին:

- Ի՞նչ է դա նշանակում:

- Դա նշանակում է հետևյալը, որ Արցախի՝ այս վիճակում հայտնվելուց հետո, - աշխարհաքաղաքական, հոգեբանական, տնտեսական և այլ առումներով մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, - այդ վահանը ջարդված է. ոչնչացված չէ, բայց ջարդված է, և հիմա այլ ճակատ է բացվել՝ զանգեզուրյան ճակատը:

Ի՞նչ են անում նրանք: Նրանք միշտ խոսում էին, որ «Զանգեզուրը ադրբեջանական է» և նմանատիպ անհեթեթ բաներ: Հիմա անցել են դրա պրակտիկ կիրառմանը, այդ պրոյեկտի իրականացմանը: Ստեղծել են «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»: Իմիջիայլոց, այդ տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է: Հետո այդ տնտեսական շրջանները վերածվելու են մարզերի կամ վիլայեթների: Բայց հարցն այն է, որ «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» և ընդհանրապես Զանգեզուր անունը կրող որևէ տնտեսական, մշակութային կամ վարչատարածքային միավոր Ադրբեջանում երբեք չի եղել: Հիմա նրանք ստեղծել են այդ տնտեսական շրջանը: Վաղը դա կդարձնեն վարչատարածքային միավոր:

Եթե կա «Արևելյան Զանգեզուր»՝ մենք ասել ենք, որ հենց դա ստեղծեց՝ կխոսի «Արևմտյան Զանգեզուրի» մասին: Երեկ Ալիևը դրա մասին խոսեց: Ասաց, թե «Արևմտյան Զանգեզուրը, որը բռնակցված է Հայաստանին, պետք է ազատագրվի»: Եվ ի՞նչ արեց: Նա «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը», որը նախկինում կոչում էին Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան, թեպետ նրանք չէին վերահսկում, բայց դրա մեջ ներառեց նույն Քելբաջարը՝ Քարվաճառը, ինչպես նաև Հադրութի հարավային մասը՝ Ջաբրայիլ կոչեցյալը: Այսինքն՝ ո՛չ այդ Ջաբրայիլը, ո՛չ էլ Քարվաճառը պատմականորեն երբեք Զանգեզուր չեն կոչվել: Հետևաբար ինչո՞ւ է հիմա այդպես կոչել. որ զուգահեռաբար նույնանման տարածքի վրա ստեղծի «Արևմտյան Զանգեզուր» հասկացությունը և սկսի այդ գործընթացը: Իսկ դա Սևանա լճի գրեթե ողջ հարավային ավազանն է, Վայոց ձորն է, Սյունիքի մարզն է: Եվ արդեն առաջին քայլն արել է՝ այդ հասկացությունը դնելով շրջանառության մեջ: Եվ խոսում է ոչ թե նույնիսկ Մեղրիի, այլ «զանգեզուրյան միջանցքի» մասին: Այսինքն՝ այդ աշխարհաքաղաքական ճակատը արդեն սկսել է գործել:

Պետք է սթափվե՛նք, հասկանա՛նք՝ ինչ է կատարվում, պատրա՛ստ լինենք: Նրանք շատ պատրաստված են գալիս աշխատանքին, գործին պատրաստված են մոտենում: Մենք սա էլ պետք է հաշվի առնենք: Քայլ առ քայլ են մոտենում: Սկզբում՝ տնտեսական շրջան, հետո դարձնելու են վարչատարածքային: Եվ հիմա սկսել է գործել: Դրա համար անընդհատ նմանատիպ հայտարարություններ են անելու: Եթե ինքը ուզում է խաղաղության պայմանագիր, ապա ասելու է՝ «հանձնեք ինձ Արևմտյան Զանգեզուրը», «հանձնեք ինձ Գյոքչան», որը Սևանն է, «հանձնեք ինձ Երևանը»: Եվ դա արդեն երևում է: Իրենց աշխարհաքաղաքական հիմնական հարվածների ուղղությունները շատ պարզ են: Նրանք ամենաազնիվ թշնամիներն են. երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակները:

- Պարոն Բաբայան, վարչապետի պաշտոնակատարը ասել է, որ Ադրբեջանը այսպես կոչված «միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար:

- Տեսեք: Մենք տրանսպորտային կոմունիկացիաները պետք է տարբերենք աշխարհաքաղաքական հասկացությունից: Նա չի ասում՝ Մեղրիով անցնող ճանապարհ, նա ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Զանգեզուր», «Արևելյան Զանգեզուր»: Սա արդեն աշխարհաքաղաքական է, հասկանո՞ւմ եք:

- Երևանը ասում է՝ միջանցք՝ չէ, բայց ճանապարհ կարող է բացվել: Իսկ ի՞նչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ «միջանցք» ասելով:

- «Միջանցքը», իրենց պատկերացմամբ, «Արևմտյան Զանգեզուրի» միացման առաջին քայլն է: Այսպես պետք է հասկանալ: Թուրքիա-Ադրբեջան միացման և «Արևմտյան Զանգեզուրի», ասել է, թե մեր հայոց ժայռաբեկորների աստիճանաբար բռնակցումն է Ադրբեջանին: Սրանք այդպես են մտածում, և պետք չէ իլուզիաներով տառապել:

- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Արցախի մեծ մասի բռնազավթումից հետո Ադրբեջանը անցնելու է Սյունիքի բռնազավթմա՞նը:

- Արդեն անցե՛լ է: Պարզապես ոչ թե սրընթաց ձևով, լայնածավալ պատերազմ հայտարարելով, այլ՝ կամաց-կամաց:

- Բայց, ներեցեք, այս իրավիճակում խոսում են խաղաղության համաձայնագրի, ճանապարհների բացման, տրանսպորտային կապերի վերականգնման, ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման մասին: Այս իրավիճակում, երբ, ինչպես Դուք եք ասում, Ադրբեջանը փաստացի սկսել է Սյունիքի բռնազավթման իր ծրագրի իրականացումը, նմանատիպ խոսակցությունները մի քիչ տարօրինակ չե՞ն:

- Իսկ Ալիևը երբևիցե թաքցրե՞լ է իր այդ մտադրությունները: Նա բացեիբաց հայտարարում է դրա մասին: Ոչ մի տարօրինակ բան չկա, որովհետև կա տարբեր մոտեցում, տարբեր պատկերացում, տարբեր աշխարհընկալում: Իրենց աշխարհընկալումն այդպիսինն է:

- Պարոն Բաբայան, պատերազմից հետո ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում խոսում են խաղաղության պայմանագրի, բանակցությունների վերսկսման և այլնի մասին, Երևանն ասում է՝ առաջնահերթությունը Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցն է, Ադրբեջանը այլ հայտարարություններ է անում: Որտե՞ղ է Արցախը այս խոսակցություններում: Արցախի Հանրապետությունը այլևս սուբյեկտ չէ՞: Ո՞րն է Արցախի դիրքորոշումը: Արցախի կարծիքը ոչ ոք չի՞ հարցնում հիմա:

- Արցախի կարծիքը մնացել է անփոփոխ՝ մենք Ադրբեջանի մաս չենք լինելու երբեք: Բոլորը պետք է սա լավ հասկանան: Ասենք, դեսպանները վեր են կենում, գալիս են Շուշի: Դրանով, փաստորեն, Ադրբեջանին ասում են՝ «Արցախը ձերն է»: Մեզ համար դա անընդունելի է: Մենք ասում ենք՝ այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ պետք է կանգնենք մինչև վերջ, մինչև վերջին կաթիլ արյունը, կոտորվենք, կա՛մ պետք է ազգովի դուրս գանք: Ուրիշ տարբերակ չկա, չե՛նք լինելու Ադրբեջանի կազմում: Սա պարզ է: Սա է մեր դիրքորոշումը:

- Շատ լավ: Այդ դեպքում ինչպե՞ս է պաշտոնական Ստեփանակերտը պատկերացնում Արցախի կարգավիճակը մոտ ապագայում՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական դրությունը և մասնավորապես՝ ռուս խաղաղապահների, ռուսական զորքերի ներկայությունը Արցախում:

- Ինքնակառավարվող, անկախ երկիր, առանձին սուբյեկտ, որը ունի իր աշխարհաքաղաքական դերակատարությունը տարածաշրջանում: Որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ պետք է հանդես գանք:

- Անկախ հանրապետություն, որը հետո ձգտելու է Հայաստանի հետ միացմա՞նը, թե՞ որը լինելու է Ռուսաստանի կազմում կամ այլ կարգավիճակ է ստանալու:

- Տեսեք: Սա այնքան հեռավոր ապագայի խնդիր է, որ հիմա շահարկելը, Կիկոսի պատմությունը սարքելը ճիշտ չէ: Ամենակարևորը՝ չե՛նք լինելու Ադրբեջանի կազմում, պահպանելու ենք մեր ինքնիշխանությունը: Այնուհետև կտեսնենք:

- Շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Բաբայան:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25