«Կոչ ենք անում հրապարակայնորեն պարզաբանել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելուն աջակցելու մասին իր հայտարարությունը և հանդիպել Կաթողիկոսին»․ իրավապաշտպան կազմակերպությունները՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https

23.07.2026 11:03
287

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունն այսօր հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում և խստորեն դատապարտում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ ձայնագրված հայտարարությունների կապակցությամբ, որոնցում նա, ինչպես հայտարարության տեքստում է նշված՝ ըստ երևույթին պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնի հեղինակությունն ու հնարավորությունները ծառայեցնել աջակցելու ՀՀ կառավարությանը Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու արշավում։
Հայտարարության մեջ, որը ստորագրել են Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ամրագրված է․ «Այն փաստը, որ մի կազմակերպության ամենաբարձր պաշտոնյան, որի հիմնարար հանձնառությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, նույնիսկ ենթադրաբար պատրաստ է քննարկելու նման խնդրանք, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։ Մենք գիտակցում ենք, թե ինչ հանգամանքներում են ձեռք բերվել այդ հայտարարությունները։ Դրանք ստացվել են ռուս պրանկերների կողմից, որոնք հեռախոսազրույցի ընթացքում ներկայանալով որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։ Զրույցը հրապարակվել է հուլիսի 8-ին։ Նշված պրանկերները հայտնի են նրանով, որ բազմիցս թիրախավորել են քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց՝ զգայուն հանրային հարցերի վերաբերյալ հայտարարություններ ստանալու նպատակով։ Մենք չենք արդարացնում նման խաբեությունը։ Սակայն, թեև ընդունում ենք, որ զրույցը կազմակերպվել էր մոլորեցման միջոցով, այնուամենայնիվ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի սեփական խոսքերն արտահայտում են մի դիրքորոշում, որը անհամատեղելի է նրա զբաղեցրած պաշտոնի պատասխանատվության հետ»։
Հայտարարության հեղինակները հիշեցնում են՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այդ զրույցի ընթացքում մեղադրել է Ամենայն հայոց կաթողիկոսին Հայ առաքելական սուրբ եկեղեցին քաղաքականացնելու մեջ։ Այնուհետև նա համաձայնել է «ուսումնասիրել», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել ՀՀ վարչապետի ներկայացող անձին՝ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։ Երբ գլխավոր քարտուղարը հարցրել է, թե արդյոք նա կարող է «փոխել Կաթողիկոսին», ՀՀ վարչապետ ներկայացած անձը պատասխանել է, որ «դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»։ Այդ անձը նաև խնդրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի աջակցությունը, եթե հանրային քննադատություն հնչի, ինչին վերջինս պատասխանել է. «Լավ, կանեմ առավելագույնը, կփորձեմ»։
4 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությունում նշված է․ «Զրույցի որևէ հատվածում գլխավոր քարտուղարը չի առարկել, որ պետության կողմից կրոնական առաջնորդի հարկադրված հեռացումը կխախտի հենց այն ազատությունները, որոնց պաշտպանությանը ԵԱՀԿ-ն հանձնառու է։ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար հանձնառությունը՝ պաշտպանելու «մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ներառյալ մտքի, խղճի, կրոնի և համոզմունքների ազատությունը»։ Այս հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է և պարտադիր է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրույն կարգավորելու իրավունքը հենց այս երաշխիքի առանցքային բաղադրիչներից են։ Քանի որ գլխավոր քարտուղարը կոչված է պաշտպանելու այս հանձնառությունը, նա չպետք է նույնիսկ պայմանական աջակցություն ցուցաբերի մի կառավարության, որը նպատակ ունի պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։ Այս հայտարարությունները չեն կարող դիտարկվել ընդհանուր համատեքստից դուրս։ 2025 թվականի մայիսից ՀՀ կառավարությունը համակարգված և շարունակական արշավ է վարում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ՝ որպես ժողովրդավարության և իրավունքի գերակայության նկատմամբ ավելի լայն հարձակման մաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ է արել հեռացնել Ամենայն հայոց Կաթողիկոսին, հրապարակել է նրան պաշտոնանկ անելու քայլերի «ճանապարհային քարտեզ», ինչպես նաև առանց հիմնավոր ապացույցների մեղադրանքներ է ներկայացրել Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառվել են արտերկիր մեկնելու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել են այնպիսի քրեական մեղադրանքներով, որոնք, ըստ ամենայնի, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այս գործողությունները միասին վերցված՝ պետության կողմից կազմակերպված փորձ են եկեղեցին ենթարկելու կառավարության կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը»։
Հայտարարությամբ ամրագրված է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին քաղաքական վեճի կողմ չէ, այլ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր եկեղեցին վճռորոշ դեր է կատարել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանված է՝ որպես եկեղեցու «բացառիկ առաքելություն»․ «Հակառակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պնդման, թե Կաթողիկոսը քաղաքականացնում է եկեղեցին, նա փորձել է իրականացնել հենց այս սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայերի իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնական ազատությունների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև երկրի հաստատված սահմանադրական կարգը։ Ուստի մենք կոչ ենք անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին հրապարակայնորեն պարզաբանել և հետ վերցնել իր ցանկացած ակնարկ, թե ԵԱՀԿ-ն կաջակցի Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացմանը կամ որևէ կերպ կմիջամտի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կառավարմանը, վերահաստատել ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ Հայաստանում պաշտպանելու կրոնի և համոզմունքների ազատությունը՝ համաձայն կազմակերպության՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների, հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, նրա հոգևորականության և հավատացյալների իրավունքները լիարժեք հարգվեն»։ Հայտարարությունը ստորագրած գործիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնում հանդիպելու ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ ու իրենց մտահոգությունները և վստահեցնում՝ շարունակելու են ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործողություններին։ Հայտարարությունն ամփոփվում է այս ամրագրմամբ․ «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի կրոնական ազատությունների խախտումների դեմ պաշտպանության հենասյուն, այլ ոչ թե դրանց կամավոր օժանդակողը։ Այս հայտարարությունների լույսի ներքո կարելի է եզրակացնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն չի արդարացրել այդ պատասխանատվությունը և այժմ պարտավոր է հստակ հայտարարել իր դիրքորոշումը»։

Տաթև Հարությունյան

www.aravot.am/2026/07/23/1570450/

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08