Լեւոն Մարգարյան. «Մեր կրթական համակարգի թույլ կողմերից մեկն էլ ուսուցիչներին մրցույթով աշխատանքի ընդունելն է»

07.06.2016 16:52
3407

2015-16 ուստարվա ավարտին Կապանի N 1 հիմնական դպրոցում սովորում էր 403 աշակերտ (2014-15 ուստարում՝ 399 աշակերտ), 9-րդ դասարանն այս տարի կավարտի 39 աշակերտ, նախորդ տարի ավարտել է 24: Առաջին դասարան է ընդունվել 43 աշակերտ, անցյալ տարի՝ 51: «Դպրոցում շարժը քիչ է, այս ուստարում դպրոցից 10 աշակերտ է դուրս եկել՝ արտերկիր մեկնելու նպատակով, իսկ առհասարակ դպրոցից դուրս են գալիս հիմնականում բնակության վայրը փոխելու դեպքում», - պարզաբանեց տնօրեն Լեւոն Մարգարյանը:

Չնայած իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում դպրոցների վերանորոգմանը, այնուամենայնիվ դեռեւս կան դպրոցներ, որոնք հիմնանորոգման, գույքով թարմացվելու կարիք ունեն: «Մեր դպրոցի առաջնային խնդիրը եղել եւ ցայսօր մնում է հիմնանորոգումը: Դպրոցի ե՛ւ հատակը, ե՛ւ տանիքը, մի խոսքով՝ նկուղից մինչեւ դասասենյակներ նորոգման կարիք ունեն: Վերադաս մարմինները տեղյակ են խնդրի մասին, համապատասխան ուսումնասիրություններ կատարվել են, եւ ես լիովին վստահ եմ, որ առաջիկայում այդ խնդրին լուծում կտրվի: Դպրոցը կենսունակ օրգանիզմ է, որտեղ անընդհատ աշխատանք պիտի կատարվի. վերանորոգումը շարունակական գործընթաց է», - նշեց տնօրենը եւ հավելեց, որ լաբորատոր սարքավորումները նույնպես իրենց դարն ապրել են, ինչպես նաեւ դպրոցական գույքը փոխելու անհրաժեշտություն կա: Ի դեպ, դպրոցի «Դ» մասնաշենքը հատկացվել է մանկապարտեզի կառուցման համար, որ նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա հինգ տարվա ընթացքում:

Դպրոցի հիմնանորոգումը, իհարկե, առաջնային խնդիրներից է, բայց նախեւառաջ կարեւոր է ուսուցչական համակազմը, եւ, ինչպես տնօրենը նշեց, տարին բարեբեր էր դպրոցի համար, քանի որ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Անահիտ Մինասյանն արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման, իսկ Կապանում ընդամենը չորս հոգի է արժանացել այդ կոչմանը: Չորս ուսուցիչ ստացել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ, ինչը վկայում է դպրոցի վարկանիշի, մանկավարժների արդյունավետ գործունեության մասին:

2015-16 ուստարվա հաջողություններից էր դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում երեք մրցանակային տեղ գրավելը ռազմագիտություն եւ հայոց պատմություն առարկաներից: Տնօրենը վստահությամբ նշեց, որ եթե շատ առարկաներից օլիմպիադայի մասնակցությունը թույլատրվի 9-րդ դասարանի աշակերտներին, ապա մրցանակային տեղեր ավելի շատ կգրավեն: Բացի դրանից՝ ավագ կամ միջնակարգ դպրոցները շատ ու շատ աշակերտների օլիմպիական հաջողություններով պարտական են, նախեւառաջ, հիմնական դպրոցներին. չէ՞ որ 10-րդ դասարանի աշակերտի՝ վեց-յոթ ամսվա կտրվածքով ստացած գիտելիքները չեն միայն հաջողության գրավականը: Վրդովմունք է առաջացնում հատկապես այն փաստը, որ այդ հարցում հիմնական դպրոցի ներդրումն ըստ արժանվույն չի գնահատվում: Մաթեմատիկա առարկայի 5-7-րդ դասարանների օնլայն մրցույթում Կապանի տարածաշրջանի 5-րդ դասարանի աշակերտներից միայն այս դպրոցի աշակերտն է իրավունք ստացել մասնակցելու հանրապետական փուլին, որ անց է կացվել մայրաքաղաքի ֆիզմաթ դպրոցում:

«ՀՀ Աժ գավաթի խաղարկության» մրցումների մարզային փուլում 3-4-րդ դասարանները գրավել են առաջին մրցանակային տեղ, բայց հանրապետական փուլին կմասնակցի միայն 4-րդ դասարանի թիմը (հանրապետական փուլին մասնակցում են 4-րդ դասարանից սկսած):

«Մանկավարժական կադրերի պակաս այս պահին չի զգացվում, բայց ես կարող եմ փաստել, որ Կապանում ռեզերվում չկան ֆիզիկայի, աշխարհագրության, մաթեմատիկայի եւ ֆիզկուտուրայի ուսուցիչներ: Փոխարենը գերակշռում են դասվարները եւ անգլերենի ուսուցիչները: Ես կարծում եմ՝ մեր կրթական համակարգի թույլ կողմերից մեկն էլ ուսուցիչներին մրցույթով աշխատանքի ընդունելն է, եւ լավ է, որ ԿԳ նորանշանակ նախարարն այդ կարգը վերանայելու մտահոգություն է հայտնել: 100 հարց անգիր անելով՝ դեռեւս մրցույթի մասնակցի գիտելիքների մասին լիարժեք հնարավոր չէ պատկերացում կազմել», - նշեց Լ.Մարգարյանը:

Տնօրենի հավաստմամբ՝ կենսաթոշակառու ուսուցիչների հարցն օրակարգային է բոլոր դպրոցների համար. մի կողմից երիտասարդ կադրերն են մնում առանց աշխատանքի, մյուս կողմից էլ՝ այդ ուսուցիչներն ի զորու են աշխատել: «Ասենք՝ առաջին դասարանի վեց տարեկան երեխային պարապում է 66 տարեկան ուսուցիչը. 60 տարվա տարբերությամբ պայմանավորված՝ ուսուցիչն ու աշակերտն իրար գրեթե չեն հասկանում: Ճիշտ է, փորձառու են, բայց… Այսօրվա երիտասարդությունը շատ ավելի հեշտ է կարողանում ընկալել աշակետին եւ ընկալվել նրա կողմից: Կենսաթոշակի տարիքի հասած մանկավարժը պետք է մեծություն ունենա եւ ինքնակամ զիջի իր տեղը երիտասարդներին», - պարզաբանեց տնօրենը:

Ուսուցիչների դասաժամերով ծանրաբեռնվածության մասին, կարելի է ասել, խոսք լինել չի կարող, քանի որ հիմնականում թերբեռնված են աշխատում: Դպրոցի մանկավարժներից միայն 3-4 հոգի է մեկ դրույքաչափով աշխատում: Բացի դրանից՝ Լ.Մարգարյանի պնդմամբ՝ 22 ժամ ուսուցիչը պարապում է 35 հոգանոց դասարանում, իսկ մեկ ուրիշն էլ՝ 3 հոգանոց դասարանում, բայց նրանց վարձատրությունը տարբեր է: Իրականում չի կարելի դասաժամի վարձատրության մեջ տարբերություն դնել, քանի որ ի՞նչ նշանակություն ունի՝ ուսուցիչը նույն դասը վարում է 35 հոգո՞ւ համար, թե՞ 3: Վարձավճարի տարբերություն կարելի է սահմանել խմբակների, դասղեկության համար կամ այլ աշխատանքի:

Նորագույն մեթոդներով դասավանդելը ոչ միայն ցանկալի է, այլեւ ժամանակի հրամայականը, առանց որոնց ժամանակակից սերնդի համար դասապրոցեսը հետաքրքիր կազմակերպել հնարավոր չէ: «Ինչ մեթոդ ուզում ես, կիրառի՛ր, միայն թե տվածդ գիտելիքը հասանելի լինի աշակերտին. դա կլինի հին, նոր, թե չարչրկված մեթոդով, էական չէ, էականը ստեղծագործ միտք ունենալն է: Եթե ձեւական է լինելու, ապա ավելորդ է կիրառված մեթոդների մասին խոսելը: Մանկավարժության մեծագույն զենքերից մեկն էլ կրկնողությունն է», - նշեց Լ.Մարգարյանը:

Հանրակրթության մասին տարբեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք կրթական համակարգի բազմաբնույթ խնդիրներին: Տնօրենի հավաստմամբ՝ ծերացած մանկավարժական համույթներում գրեթե բոլոր նորամուծություններն էլ դժգոհելու տեղիք են տալիս: Այլ հարց է, երբ ուսուցիչն ի վիճակի է լիարժեք կատարել իր առջեւ դրված խնդիրը եւ չի կատարում: Մերօրյա տեխնիկային աշակերտը լավագույնս է տիրապետում, որը դարի հրամայականն է, իսկ ավագ սերունդը դժվարությամբ է հարմարվում հատկապես տեխնիկայի արագընթաց զարգացմանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր պահանջներն է թելադրում, եւ միշտ վերջին խոսքը նորին գերազանցություն ժամանակինն է. կատարված փոփոխությունը ժամանակի քննությունը կբռնի՞, թե՞ ոչ: «Յուրաքանչյուր նորամուծություն ծնվում է դժվարությամբ, մեռնելով, տանջվելով ու տնքալով. ես նորից եմ կրկնում, ժամանակն է ցույց տալու՝ ճի՞շտ ճանապարհին ենք, թե՞ ոչ», - նշեց Լ.Մարգարյանը եւ հավելեց, որ եթե չհետեւենք միջազգային կրթական նորմերին, ապա համաշխարհային կրթական մակարդակից հետ կմնանք: Բայց երկու դիտարկում եւս, որ առաջին հայացքից թվում է ոչ առանցքային, տնօրենը կատարեց. գրքերը շատ ծանր են, եւ լավ կլիներ, եթե աշակերտները երկուական օրինակից ունենային, այդ ավելորդ ծանրությունը տնից դպրոց եւ հակառակը քարշ չտալու համար: Ուսուցչից բավականին ժամանակ է խլում նաեւ թղթավարությունը:   

Լ.Մարգարյանի պնդմամբ՝ դպրոցն առաջընթաց սիրում է, բայց չմոռանալով պահպանողականությունը. մանկավարժության բնագավառում ունեցած հարուստ ավանդույթները պիտի կարողանանք համադրել նորօրյա պահանջների հետ: Ինչպես Եզնիկ Կողբացին է ասել, եթե չես կարող կշտամբել անարժանին, մի՛ լինիր ուսուցիչ: «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայրենասիրական օլիմպիադայում հայ զինվորը գերազանցում է բոլորին: Եվ այն մտավախությունը, որ եթե պատերազմ լինի, ներկայիս սերունդը չի կարող դիմադրել, բոլորովին չարդարացավ: Հայոց արգանդը դեռեւս չի ամլացել: Դուք պետք է տեսնեիք, թե այդ օրերին աշակերտներն ինչպես էին զգում պատերազմը, ինչ հուզիչ նամակներ են ուղարկել զինվորներին, եւ, ամենակարեւորը, թե՛ աղջիկների, թե՛ տղաների մարտական ոգին զարմացնում էր բոլորիս: Այսօրվա մեր վիճակում ամոթ կլինի այն ուսուցչին, ով կհամարձակվի դժգոհել ներկայիս սերնդից: Եթե առաջադիմություն չունենանք, ազգը կգնա կործանման», - նշեց տնօրենը:

Խոսելով խորհրդային տարիների կրթական համակարգից՝ Լեւոն Մարգարյանն ընդամենը մեկ նկատառում կատարեց. հայրերը միշտ էլ քննադատել են որդիներին եւ հակառակը: Ինչ վերաբերում է այն տարիներին աշակերտների՝ հանրակրթության շնորհիվ ձեռք բերած գիտելիքներին, ապա այսօր էլ բնականաբար ցանկալի է, որ դպրոցից դուրս եկողը բազմակողմանի զարգացած լինի. ի՞նչ վատ է, երբ բժիշկը, բացի իր մասնագիտական առարկաներից, հավասարաչափ տիրապետի նաեւ, օրինակ, գրականություն առարկային:

2010թ.-ից Կապանի N 1 հիմնական դպրոցն իրականացնում է ներառական կրթություն (այս ուստարում դպրոցում ներառական կրթություն է ստացել 15 աշակերտ): Դժվարություններ հատկապես նախնական շրջանում առաջացել են, բայց ներկայումս շատ հարցեր լուծում են ստացել: «Դասավանդող ուսուցչի հմտությունն ամենաառաջնայինն է, բայց կարեւոր է նաեւ ծնողների ու աշակերտների հետ տարվող հոգեբանի, սոցիալական մանկավարժի, լոգոպեդի ու հատուկ մանկավարժի արդյունավետ աշխատանքը: Անհատական ուսումնական պլանով է կարգավորվում կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխայի դասապրոցեսը», - նշեց դպրոցի հոգեբան Արմինե Հարությունյանը: Նա փաստեց նաեւ, որ եթե երեխայի խնդիրն առաջին հայացքից տեսանելի չէ, ապա դրա մասին հիմնականում առաջինը բարձրաձայնում է ուսուցիչը: Դպրոցի՝ աուտիզմով ունեցող աշակերտը զգալի առաջընթաց է գրանցել. նա արդեն հանգիստ մասնակցում է դասապրոցեսին, ճանաչում շրջապատը, ազատ տեղաշարժվում դպրոցում:

Դպրոցի հոգեբանի եւ  հատուկ մանկավարժ Աննա Մելքումյանի հավաստմամբ՝ սկզբնական շրջանում դժվար էր նաեւ ծնողներին բացատրել իրենց երեխայի խնդրի մասին, շատ հաճախ նրանք չէին ցանկանում, որ իրենց երեխան ներառվի հատուկ կարիքավորների շարքում: Բայց ներկայումս արդյունավետ աշխատանքի շնորհիվ հասել են նրան, որ ծնողներն են դիմում իրենց երեխաների խնդիրները վերացնելու հարցում աջակցելու համար: Մասնագետներին ոգեւորում է այն, երբ բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնը երեխայի կարիքը վերագնահատելիս դրական եզրակացության է գալիս, եւ երեխան այլեւս կրթության առանձնահատուկ կարիք ունեցողների մեջ չի ներառվում:

Երեխաների հետ աշխատելու համար զննական պարագաներ մասնագետներն են ստեղծում, իսկ վերապատրաստման դասընթացներ հիմնականում Կրթության ազգային ինստիտուտն է կազմակերպում, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպություններ:

«Ուսուցչիներիս կարեւորագույն բացթողումներից կարելի է համարել այն, որ սովորեցնում ենք խոսել, բայց չենք սովորեցնում լսել: Սա երեւի նաեւ ազգային հոգեկերտվածքով է պայմանավորված: Իմ կարծիքով՝ այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ ձեւավորել լսելու կարողություն», - նշեց Մարգարյանը, ինչպես նաեւ հավելեց, որ ուսուցիչը քչով բավարարվող մարդ է, փոքրիկ խրախուսանքը, աշակերտի հյուլեաչափ հաջողությունը ոգեւորում են նրան. չէ՞ որ այդ ամենը նաեւ իր քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

Շնորհավորելով ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ՝ նա Կապանա տան (ինչպես կասեր երջանկահիշատակ Ռոբերտ Էջանանցին) ուսուցիչներին եւ աշակերտներին մաղթեց բախտաբերություն, արեւշատություն, խաղաղություն. «Թող այլեւս պատերազմ չլինի, հայ մանուկի աչքերից երբեք տխրություն չծորա»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51