Լեռնահանքի 1830 հորիզոնականում. հայացք ներսից…

03.10.2022 12:32
2869

2022 թ. սեպտեմբերի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բացահանք կատարած այցելության ընթացքում հերթական կանգառը 1830 հորիզոնականն էր…

Այդտեղ ե՛ւ հորատման աշխատանքներ էին կատարվում, ե՛ւ պայթեցումներ նախապատրաստում …

Մեզ նախեւառաջ հետաքրքրում էին հանքագործների տրամադրությունը, նրանց մտածումները ե՛ւ կոմբինատի, ե՛ւ մերօրյա անցուդարձի, ե՛ւ անցած-գնացած օրերի մասին:

Այդ հարցերի վերաբերյալ ուշագրավ պատասխաններ ստացանք լեռնագործների ու հատկապես Ապրես Գալստյանի հետ զրույցի ընթացքում: Ավելի ճիշտ՝ նրանց պատասխանները, կարծեք, յուրօրինակ պատուհան բացեցին, որտեղից կարելի է դիտարկել Զանգեզուրի կոմբինատի ներքին կյանքի, մարդկային հարաբերությունների, աշխատանքային առօրյայի, նաեւ ավանդույթների պատկերը:

1960 թ. ծնված Ապրես Գալստյանը 1983-ին ավարտել է Պոլիտեխնիկ ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: Երկար տարիներ աշխատել է Կապանի ավտոնորոգման գործարանոմ, իսկ 1996-ից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: 2004-ից բացահանքում է, տարբեր աշխատանքներ է կատարել, ներկայումս էլ բացահանքի մեխանիկական կառավարչության ղեկավարն է:

Դա մի ստորաբաժանում է, որը զբաղվում է մեխանիզմների վերանորոգմամբ եւ շահագործմամբ:

Մեզ հետաքրքրող առաջին հարցը համահունչ էր զրուցակցի անցած ճանապարհին՝ «Հարգելի Ապրես, 1983-ից առնչվում եք հանքարդյունաբերությանը, իսկ 28 տարի շարունակ՝ անմիջապես ԶՊՄԿ-ին: Փորձենք հետադարձ հայացք ձգել՝ արդյո՞ք շատ բան է փոխվել տարիների ընթացքում»:

- Եթե վերցնենք Քաջարանը, ապա տարիներ առաջ աշխատում էինք փոքր մեքենաներով, սկզբից՝ «Կռազ»-ներով, հետո՝ 25 տ տարողությամբ «Բելազ»-ներով, հետո՝ 30, 40, 55 տոննանոց… Հիմա, ինչպես տեսնում եք, աշխատում ենք «Կատերպիլլեր» ֆիրմայի ավտոինքնաթափերով:

Շատ  բան է փոխվել՝ հանույթի ծավալը, աշխատողների քանակը. եթե առաջ 1300 հոգի էին աշխատում, ներկայումս՝ մոտ 5 հազար…

- Ասում եք շատ բան է փոխվել. արդյո՞ք մարդը նույնպես փոխվել է, արդյո՞ք գործի հանդեպ վերաբերմունքն ու պատասխանատվությունն էլ են փոխվել:

- Կոմբինատը դառնում է 70 տարեկան, յոթ տասնամյակ առաջ չկային այնպիսի մասնագետներ, ինչպիսիք այսօր:

Մեծ հայրենականից հետո Կապանի, Գորիսի շրջանների գյուղերից մարդիկ, նաեւ որբացած երեխաներ, եկել-հավաքվել են այստեղ՝ Քաջարանում, ընտանիք կազմել, մասնագիտություն ձեռք բերել, հետո՝ աստիճանաբար խորացել մասնագիտության մեջ:

Այդպիսի սկիզբ է ունեցել կոմբինատը…

Ժամանակի ընթացքում բարելավվել են աշխատանքի պայմանները, երբեմնի ձեռքի աշխատանքը մեքենայացվել է, արտադրողականությունն է բարձրացել, աշխատանքի  վարձատրությունն է բարձրացել, մարդկանց սոցիալ-կենցաղային հոգսերի հանդեպ  վերաբերմունքն է փոխվել․․․

- Ձեր խոսքերից եզրակացնում ենք՝ ե՛ւ Դուք եք գոհ ու բավարարված, ե՛ւ ընտանիքը. ճի՞շտ նկատեցինք:

- Իմ անունից կարող եմ ասել՝ լիովին բավարարված եմ...

Ասածս հիմնավորող մի քանի փաստ վկայակոչեմ. ուսանող զավակիդ ուսման վճարը փոխանցում են, գնում ես բժշկական հետազոտության, անգամ սրտի վիրահատության կամ ստենտավորման՝ վճարում են:

Վերջերս՝ սիրտս են ստենտավորել. միայն ներկայացել եմ, մնացած  հոգսերից ազատված եմ եղել…

Ընկերության ուշադրության կենտրոնում են ոչ միայն հանքագործն ու նրա ընտանիքը, այլեւ մանկապարտեզը, դպրոցը:

Այնպես որ՝ շատ բան է փոխվել ե՛ւ սոցիալական, եւ ապահովագրական իմաստով:

Տեսեք՝ մեր ընկերությունը երկրի թիվ 1 հարկատուն է: Բազմաթիվ գործոններով է դա պայմանավորված, որոնցից մեկն էլ կոլեկտիվի համախմբվածությունն է, մարդու հանդեպ ուշադրությունը:

- Դուք պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում բացահանքում՝ մեխանիկական կառավարչությունն եք գլխավորում: Կարողանո՞ւմ եք (ծառայության աշխատակիցների հետ մեկտեղ) անընդհատ նորացվող տեխնիկային համահունչ քայլել, տիրապետել նորություններին:

- Ամեն ինչ մարդուց է կախված, եթե մարդ չի ուզում սովորել, եթե ձգտում չկա, ապա ոչինչ չի ստացվի:  Ավելին՝ եթե մարդը, ինժեները չկարդա, չսովորի, իր վրա չաշխատի՝ դարձյալ հաջողության չի հասնի: Ինքնակրթությունն այս պարագայում հատկապես պարտադիր պայման է, անկախ այն բանից, թե սկզբնական կամ մասնագիտական ինչ կրթություն ունի:

Մարդը մեզ մոտ է գալիս աշխատելու, արդյունք տալու, ուրեմն եւ պարտավոր է տեխնիկական առաջադիմությանը հաղորդակից լինել:

- Ձեր գնահատականն ընկերության ներկայիս սեփականատիրոջը, այսօրվա գործադիր ղեկավարությանը:

- Մեր աշխատանքում շատ դժվարություններ կան, բայց գործող թիմը թույլ չի տալիս, որ նեղվենք, ծագող խնդիրները հնարավորինս արագ լուծում են ստանում:

Ոչ սովորական մեր ժամանակներում, երբ աշխարհում խառնաշփոթ է, երբ հաղորդակցության ուղիների զգալի մասը շրջափակված է, ամեն ինչ կազմակերպվում է խելամտորեն:

Այդ հստակությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ ամեն մարդ իր տեղում է, հարկ եղած դեպքում մեկս մյուսին ձեռք ենք մեկնում եւ օրվա առաջադրանքը կատարում:

Այդ ամենը խոսում է կոմբինատը ղեկավարող թիմի գործունակության և խելամտության մասին:

- Վաստակաշատ հանքագործ եք, ճանապարհ անցած մասնագետ, ի՞նչ կուզենայիք ասել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ:

-Անշուշտ, շնորհավորանքի խոսք ունեմ, բայց նախևառաջ մաղթանքներ. հայոց աշխարհին՝ արժանապատիվ խաղաղություն, եթե չլինի խաղաղություն ու եթե չունենանք պաշտպանված հայրենիք՝ չի լինի ո՛չ ստեղծագործ աշխատանք, ո՛չ առաջադիմություն:

Այնուհետև՝ մեր երկրին հզորացում եմ ցանկանում:

Ամենագլխավորը՝ թեւ ու թիկունք լինենք հայ զինվորին, մեր բանակին:

Թող շնորհավոր լինի մեր կոմբինատի փառահեղ տարեդարձը:

***

Բացահանքի այդ հորիզոնականում հանդիպեցինք նաեւ պայթեցնող Գարուն Պողոսյանին, ով տվյալ տեղամասում 15 տարվա աշխատանքի փորձ ունի:

Դերենիկ Ալավերդյանին հանդիպեցինք, ով 2012-ից աշխատում է բացահանքում: Նախկին փականագործը 2019-ից բարձման տեղամասի էներգետիկն է՝ բարձրագույն կրթությամբ:

Նաեւ Արտաշես Աբրահամյանին հանդիպեցինք, ով հորատման հաստոցի օպերատոր է, ԶՊՄԿ-ում աշխատում է 1998 թվականից:

Նրանք նույնպես ցանկացան մեր թերթի միջոցով կոմբինատի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ շնորհավորանքի խոսք հղել իրենց գործընկերներին, լեռնագործների նախորդ սերունդներին, ընկերության այսօրվա պատասխանատուներին:

Զրույցի ընթացքում պարզվեց նաև, որ այդտեղ սերնդափոխությունն առաջնահերթ հարցերից է: Բազմաթիվ են հանքագործների դինաստիաները. որոշ դեպքերում գործ ունենք միեւնույն գերդաստանի երեք սերնդի ներկայացուցիչների հետ:

Չէր կարելի չնկատել հարգանքն ու պատկառանքը հանքագործների նախորդ սերունդների ներկայացուցիչների հանդեպ, որոնց տասնամյակների ջանքերի ու նվիրական աշխատանքի շնորհիվ է կերտվել կոմբինատի փառապանծ կենսագրությունը: Արտաշես Աբրահամյանը, օրինակ, հիշում է ոչ վաղ անցյալի գործընկերներին՝ Վլադիկ Գրիգորյանին, Ռուբիկ Գրիգորյանին, Գեւորգ Զաքարյանին, Էդիկ Առաքելյանին, որոնց հետ մշտական կապի մեջ է: Հիշում է նաեւ իր երեք աշակերտին, որոնցից մեկը՝ Արսեն Օհանջանյանը, Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված ազատամարտիկ է եւ արդեն իսկ տիրապետում է ընտրած մասնագիտությանը:

Մի տպավորություն եւս. բոլորն ունեն  Զանգեզուրի կոմբինատի՝ երկրի տնտեսության մեջ ունեցած առանձնահատուկ դերի գիտակցում: Բոլորի մեջ կա մտահոգություն երկրի ու մասնավորապես Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Յուրաքանչյուրն այն համոզմունքին է, որ հզոր տնտեսությամբ կարող է երկիրը դիմագրավել մերօրյա սպառնալիքներին ու մարտահրավերներին, որ հզոր թիկունքով կարող է ամուր լինել երկրի սահմանը, որ կայուն տնտեսությամբ կարող ենք ապահովել հայոց զինվորի տիրական ներկայությունը մեր վտանգված պետական սահմաններին:

Սամվել Ալեքսանյան

Մարի Նավասարդյան

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10