ԼԵՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Բուհը պիտի լինի ոչ միայն ուսուցման, այլեւ գիտական, կրթական, տեխնիկական լրացուցիչ ծրագրերի կենտրոն»

15.05.2015 14:55
3387

2015-16 ուստարվա ընդունելության նախապատրաստական աշխատանքների, բուհական համակարգում իրականացվող փոփոխությունների եւ զարգացման հեռանկարային ծրագրերի մասին է զրույցը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի հետ:


– Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս եք նախապատրաստվում 2015-16 ուստարվա ընդունելությանը:

– 2015-16 ուստարվա ընդունելության համար բավականին նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել: Անցյալ տարվանից դիմորդների մասնագիտական կողմնորոշման ուղղության համար զանազան հանդիպումներ ենք կազմակերպում տարածաշրջանի ավագ եւ միջնակարգ դպրոցներում: Այս տարի` ապրիլի 21-ին, բաց դռների օրը բուհը հյուրընկալեց Մեղրու եւ Կապանի տարածաշրջանների դպրոցների բոլոր այն շրջանավարտներին, ովքեր պատրաստվում են դիմել մեր բուհ կամ էլ մաթեմատիկայի միասնական քննությանը մասնակցելու հայտ են ներկայացրել, բայց դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Այս տարի բաժանել ենք նաեւ գովազդային բուկլետներ` մեր մասնագիտությունների համառոտ բովանդակությամբ:

Այստեղ մեր խնդիրը միայն մեր մասնաճյուղի հետագա գործունեության համար ուսանողական համակազմով համալրումը չէ: Մեզ համար մտահոգիչ է տարածաշրջանում երիտասարդներին պահելու խնդիրը: Այդ առումով մենք վիճակագրական բավականին տխուր պատկեր ունենք: Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ շրջաններից մայրաքաղաքում մասնագիտական կրթություն ստանալու նպատակով մեկնող երիտասարդների զգալի մասն այլեւս չի վերադառնում: Եվ որպես կանոն նախընտրում է մայրաքաղաքում մնալ` հաճախ աշխատելով ոչ իր մասնագիտությամբ: Այս առումով մեր շրջանավարտների վիճակը համեմատաբար բարվոք է, քանի որ տարածաշրջանում գործող երեք կոմբինատում, տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում կարողանում են գտնել համապատասխան աշխատանք: Մեղրու տարածաշրջանում (մի քանի տարի է` այդ տարածաշրջանից առկա ուսուցմամբ դիմորդներ չենք ունենում) այս տարի հանդիպումներին մասնակից ենք դարձրել նաեւ ուսումնական հաստատությունների ծնողական կոմիտեներին` բացատրելով, որ մեր տարածաշրջանում ավելի հեշտ է նախընտրած մասնագիտությամբ աշխատանք գտնելը: Պետք է նշեմ, որ այս հանդիպումները դրական արդյունք են տալիս:

– Գալիք ուստարում ի՞նչ մասնագիտությունների գծով եք ընդունելություն կազմակերպելու:

– ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը 2015-16 ուստարվա համար կկատարի ընդունելություն հետեւյալ մասնագիտությունների գծով` տեղեկատվական տեխնոլոգիաներ (առկա եւ հեռակա), ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա (առկա), ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (լեռնամետալուրգիայի ճյուղում, առկա եւ հեռակա), օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում (առկա եւ հեռակա), մետալուրգիա եւ նյութագիտություն (առկա եւ հեռակա), շինարարություն, շինարարական իրերի եւ կառուցվածքների արտադրություն (առկա եւ հեռակա), փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում ու կառավարում (հեռակա): Նշեմ, որ վերջին երեք տարում ավելացրել ենք առկա ուսուցմամբ մեկ, հեռակա ուսուցմամբ` երկու մասնագիտություն:
Հաջորդ տարի նախատեսվում է մասնագիտությունների խոշորացում, եւ մեր մասնաճյուղը պիտի կողմնորոշվի մասնագիտությունների ընտրության հարցում, որ պիտի նպաստի մեր տարածաշրջանի արդյունաբերական համալիրի սպասարկմանը:

– Նախորդ տարիների տվյալներից ելնելով` կարո՞ղ եք առանձնացնել այն մասնագիտությունները, որոնք առավել նախընտրելի են:

– Որպես կանոն համարյա միշտ համալրվում է ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (լեռնամետալուրգիայի ճյուղում) մասնագիտությունը: Ընդհանուր առմամբ մենք լիցենզիայով տեղեր շատ ունենք, բայց պատվերը շատ չենք տալիս: Վեց մասնագիտություն` 20-ական տեղ, յուրաքանչյուր մասնագիտության գծով` 2-3 անվճար տեղ: Բոլոր մասնագիտությունների գծով յուրաքանչյուր կուրսում ունենք 14, ընդամենը` 56 անվճար տեղ: Հաջորդ առավել պահանջարկ վայելող մասնագիտությունն ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկան է, որ նոր մասնագիտություն է մեր մասնաճյուղում: Այնուհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաները, օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում, մետալուրգիա եւ նյութագիտություն, շինարարություն, շինարարական իրերի եւ կառուցվածքների արտադրություն, փոխադրումների կազմակերպում եւ կառավարում մասնագիտությունները, իհարկե, այս տվյալները հարաբերական են: Հեռակա ուսուցմամբ դիմորդներն առավել շատ նախընտրում են օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում, ինչպես նաեւ ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (լեռնամետալուրգիայի ճյուղում) մասնագիտությունները: Ընդունելության տեղերի թիվը պատվիրում ենք համեմատաբար ավելին, որպեսզի դիմորդների շրջանում մտավախություն չառաջանա, թե կարող է դրական միավոր ստանալով չընդունվել:

– Հետաքրքիր է հեռակա ուսուցմամբ ընդունվողների տարիքային վիճակագրությունը. արդյո՞ք հեռակա ուսուցումը կարող է նորավարտ շրջանավարտին տալ համապատասխան մասնագիտական լիարժեք կրթություն:

– Խորհրդային տարիներին կրթություն ստանալու որոշակի տարիքային սահմանափակում կար. առկա ուսուցմամբ մասնագիտական կրթություն կարող էր ստանալ մինչեւ 35 տարեկան անձը, իսկ հեռակա ուսուցմամբ` մինչեւ 50 տարեկան: Այսօրվա իրականությունն այն է, որ տարիքային որեւէ սահմանափակում բուհական կրթական որեւէ ծրագրով չկա: Հեռակա ուսուցմամբ ընդունվում են հիմնականում աշխատանք ունեցող մարդիկ կամ էլ դպրոցների շրջանավարտները, ովքեր նպատակահարմար են գտնում աշխատանքն ու ուսուցումը համատեղել, որ հատկապես արդյունավետ է լինում մասնագիտական աշխատանքի ընդունվելիս: Ինչ վերաբերում է նորավարտ շրջանավարտի գիտելիք ստանալուն, ապա գիտելիք ունենալը ցանկությամբ է պայմանավորված:

– Միջին վիճակագրությամբ առավելագույնը քանի՞ միավոր պիտի ստանա դիմորդն անվճար ընդունվելու համար:

– Միջին վիճակագրությամբ երկու քննությունից դիմորդը պիտի վաստակի 28-30 միավոր, առավելագույն 40 միավորից, եթե հաշվի առնենք անցյալ տարիների փորձը:

– Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիներին մարզի, ինչու չէ, նաեւ հանրապետության գրեթե բոլոր բուհերում դիմորդների թվի պակասը:

– Մեր երկրում, ցավոք, դեմոգրաֆիական փոփոխություններ են կատարվում, որ բնավ մեր օգտին չեն. դպրոցներում շրջանավարտների թիվը չի աճում: Արդեն մի քանի տարի է` բոլոր բուհերն էլ այդ խնդիրն ունեն, բայց, կարծեք, այդ առումով կայունության միտում է նկատվում: Գալիք երեք տարվա համար կարող եմ ասել, որ մեր մարզի դպրոցների շրջանավարտների թիվը գրեթե նույնն է` չնչին տարբերությամբ: Մեր մասնաճյուղի առումով կարող եմ ասել, որ նախանցյալ տարի առկա ուսուցմամբ ընդունել ենք 45 հոգի, անցյալ տարի` 59, հույս ունենք, որ նոր ուսումնական տարում այդ թիվը կպահպանվի: Հեռակա ուսուցմամբ դիմորդների թիվը համեմատաբար կայուն է` 45-50, բայց պիտի նշեմ, որ մենք շեշտը դնում ենք առկա ուսուցման վրա, որ ավելի հեռանկարային է:

– Ընդհանուր առմամբ նկատելի է, որ մեզանում կրթության որակն իջել է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ես այն կարծիքին չեմ, որ ուսման մակարդակի շեշտակի անկում կա: Ասեմ, որ ուսանողության մեջ էլ տարաբաժանում պիտի մտցնել. կա ուսանողական կորիզ, որ լավ է սովորում, բավականին ակտիվ մասնակցում է ուսումնական գործընթացներին: Դրա կողքին կա մի զանգված, որ ուսման նկատմամբ անտարբեր է, եւ նրա համար դիպլոմ ունենալն է կարեւոր. միգուցե ժամանակին ցանկություն չի ունեցել այդ մասնագիտությունը ստանալ եւ ծնողների դրդմամբ է ընտրել այն: Ներկայումս բուհերի մասնագիտությունների զգալի հատվածում մրցակցություն գրեթե չկա, ճիշտ է, բուհերն ունեն ինքնուրույնություն, բայց դրա հետ մեկտեղ ունեն նաեւ բազում խնդիրներ: Մեծ մասը վճարովի տեղեր են, իսկ պետպատվերով տեղերի թիվը քիչ է: Այս տեսակետից բուհերը ստիպված են ուսանողական հաամակազմը պահել:

– Միջազգային հավատարմագրման գործընթացի ո՞ր փուլում եք:

– Ինչպես հանրապետության մի շարք բուհեր, այնպես էլ ՀԱՊՀ-ն միջազգային հավատարմագրման գործընթացի մեջ է, որն իրականացվում է երկու փուլով` ինստիտուցիոնալ, որ արդեն անցել ենք, եւ ծրագրային, որով ուսումնասիրում են տվյալ հաստատության կրթական ծրագրերի մակարդակը: Միջազգային հավատարմագրում նշանակում է տվյալ բուհի դիպլոմի միջազգային ճանաչում: Ինչպես հայտնի է, Եվրոպական տարածաշրջանային կրթական համակարգով կամ Բոլոնիայի համաձայնագրով բավականին շատ կրթական ծրագրերի, ուսումնական տարբեր գործընթացների, մասնագիտական կրթական հաստատությունների համադրում է կատարվում` մեր երկրի կրթական փաստաթղթերը մի շարք երկրներում (հատկապես եվրոպական տարածաշրջանային երկրներ) ճանաչելի դարձնելու նպատակով: Նշեմ, որ ունենք ուսանողներ, ովքեր աշնանային եւ գարնանային դասընթացների եւ քննաշրջանների մասնակցությամբ հեռակա ուսուցում են անցնում, բայց հիմնականում բնակվում եւ աշխատում են ՌԴ-ում, եւ մեր տրամադրած փաստաթղթով այնտեղ համապատասխան աշխատանք են գտել: Ես այն համոզման եմ, որ այդ խնդրի լուծման համար պարզապես ժամանակ է հարկավոր:

– Ձեր նշած Բոլոնիայի գործընթացի հետեւանքով մեր երկրի կրթության ոլորտում բավականին շատ փորձարարություններ են կատարվել, որոնք շատ հաճախ չեն նպաստում ուսման որակի բարձրացմանը:

– Բոլոնիայի գործընթացը կրթական ծրագրերի համադրման գործընթաց է: Կյանքը զարգանում է, գիտությունն առաջընթաց է ապրում, փոխվում են պահանջները: Այսօր ոչ միայն բուհի, այլեւ դպրոցի շրջանավարտը պիտի որոշակի պատրաստվածությամբ դուրս գա ուսումնական հաստատությունից` հետագայում որպես մասնագետ հեշտ կայանալու համար: Ներկայիս կրթական չափորոշիչներն ու ծրագրերը, դասագրքերը ժամանակին համահունչ պիտի լինեն: Իհարկե, 20-30 տարի առաջ կիրառվող դասագրքերն արդեն չեն համապատասխանում ներկայիս չափորոշիչներին ու ծրագրերին, բնական է, որ պիտի համալրում կատարվի` գիտատեխնիկական նորամուծություններից հետ չմնալու համար: Ես չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական է, իհարկե կան սխալներ, որոնք շտկման ճանապարհին անպայման կվերանայվեն: Յուրաքանչյուր ռեֆորմ միշտ էլ սկզբնական շրջանում բազում դժվարություններով է հաստատվում: Պարզապես ամեն երկիր այդ փոփոխությունները յուրովի պիտի անի` համապատասխանեցնելով ազգային հոգեկերտվածքին:

– Մասնաճյուղում ինչպե՞ս է իրականացվում ուսման վարձի լրիվ փոխհատուցումը կամ ռոտացիան:

– Առաջնորդվելով 100 բալանոց կրեդիտային համակարգով, հաշվի առնելով մեկ ուսումնական տարում ընտրված մասնագիտությունից ունեցած արդյունքները` վճարովի ընդունված ուսանողը կարող է դառնալ անվճար, եթե իր առաջադիմությամբ գերազանցում է կուրսի անվճար սովորողին:

Նշեմ, որ ռոտացիան չի ազդում բանակ զորակոչվելու տարիքի ուսանողի վրա այն առումով, որ եթե նա անվճար է ընդունվել, բայց բավարար առաջադիմություն չունենալու հետեւանքով անցել է վճարովի ուսուցման, ապա նա, միեւնույնն է, բանակ չի զորակոչվում: Իսկ ընդհանրապես, եթե ուսանողը զորակոչվում է բանակ, ապա ուսումնառությունը ժամանակավորապես դադարեցվում է: Երկու տարի ծառայելուց հետո գալիս եւ շարունակում է ուսումն այն կետից, որտեղ դադարեցրել էր:

– Բուհում ինչպե՞ս է գործում զեղչային համակարգը:

– Մեր մասնաճյուղում զեղչերի բավականին ճկուն համակարգ է գործում: Նոր ուստարվանից զեղչերի տոկոսները բավականին կավելանան, քանի որ վարձավճարների ընդհանուր գումարի 7 տոկոսը տրամադրվելու է զեղչեր իրականացնելուն, որ կարգավորվում է կառավարության համապատասխան որոշումներով` զոհված ազատամարտիկի, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, սոցիալապես անապահով կամ ընտանիքում 2 կամ 3 վճարովի սովորող ունենալու դեպքում, ինչպես նաեւ նա, ով բանակում մարտական դիրքերում է ծառայել, 50 տոկոս զեղչ է ստանում: Կարճ ասած ուսանողների 10 տոկոսն օգտվում է զեղչային համակարգից: Բացի դրանից` մենք ունենք հովանավորներ` «Վիվասել ՄՏՍ», «Օրանժ» ընկերությունները, Պոլիտեխնիկի շրջանավարտների լոսանջելեսյան միությունը: Վիվասել ՄՏՍ-ը տարեկան 10 ուսանողի վարձավճար է փոխանցում, «Օրանժ»-ը տասը ուսանողի վարձավճարը կրթաթոշակի ձեւով տրամադրում է մասնակի, իսկ լոսանջելեսյան միությունը երկու ուսանողի հովանավոր է: Բնական է, որ հովանավորները նախապատվությունը տալիս են սոցիալապես անապահով, սակայն բարձր կամ լավ առաջադիմությամբ սովորող ուսանողներին: Որոշ ուսանողների վարձերի մարումը փոխանցումով են կատարում, հատկապես կոմբինատներում աշխատող ծնող ունեցողների վարձավճարները շատ հաճախ փոխանցում է կոմբինատը: Ծայրահեղ դեպքերում բուհը տվյալ ուսանողի համար լրացուցիչ զեղչ է սահմանում:

– Ինչպես գիտենք, բուհերն ինքնաֆինանսավորվող հաստատություններ են: Ինչպե՞ս եք կարգավորում ֆինանսական հարցերը:

– Բուհերը պետության կողմից ֆինանսավորվում են միայն պետպատվերով տրված տեղերի համար: Անցյալ տարի այդ գումարը կազմել է մոտ 18.5մլն դրամ, նոր ուսումնական տարում հավանաբար կկազմի մոտ 24մլն, տարիներ առաջ եղել է 30մլն: Մնացած գումարը տարբեր աղբյուրներից է գոյանում, հիմնականում վարձավճարներից: Երբեմն միջազգային ծրագրերից ենք գումար ստանում, իհարկե, միայն ծրագրում ներգրավված անձինք: Սկսել ենք իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր, որի համար 19 ուսումնական պլան ենք հաստատել համալսարանի գիտխորհրդով: Երկու եռամսյա ծրագիր` հաշվապահական եւ գործավարական դասընթացների, Կապանի զբաղվածության կենտրոնի հետ համատեղ արդեն իրականացրել ենք: Այն անձինք, ովքեր գրանցվել են զբաղվածության կենտրոնում եւ աշխատանք չունեն, գալիս եւ դասընթացներ են անցնում, որի համար կենտրոնից գումար է փոխանցվում: Դասընթացն ավարտողը ստանում է վկայական` մայր բուհի կնիքով եւ ռեկտորի ստորագրությամբ: Առաջին փուլին մասնակցել է 19 հոգի, ասեմ, որ որոշներն արդեն աշխատանք են գտել:

– Երբ դարձաք մասնաճյուղի տնօրեն, ինչքա՞ն էր կազմում մասնաճյուղի պահուստային ֆոնդը, եւ ի՞նչ նպատակներով այն ծախսվեց:

– Պահուստային ֆոնդը, եթե չեմ սխալվում, կազմում էր 52 մլն դրամ: Բայց այստեղ նոր խնդիրներ առաջացան, եւ մենք ստիպված դրա մի մասն օգտագործեցինք: Նախ` իմ պաշտոնավարումից մեկուկես ամիս առաջ աշխատողների աշխատավարձը միանգամից բարձրացվել էր 15 տոկոսով, ինչը, իմ կարծիքով, առանց մեր հնարավորությունները հաշվի առնելու էր կատարվել: Դրա հետեւանքով պետական ֆինանսավորումից եւ վարձավճարներից գոյացած ֆոնդը չէր բավականացնում աշխատավարձերը տալու համար, եւ օգտվեցինք պահուստային ֆոնդից: Տարիների կտրվածքով եթե հաշվեինք, մեր ունեցածն ընդամենը մեկ տարվա համար էր բավարարում: Մյուս խնդիրն առաջացավ` պայմանավորված հանրապետությունում նվազագույն աշխատավարձի ավելացմամբ, որը մեկ-երկու տարվա ընթացքում 35 հազարից հասավ 66 հազար դրամի: Արդյունքում մենք ստիպված հաստիքների վերանայում արեցինք, եւ այդ գործընթացը դեռ շարունակվում է: Այս ամենից բացի` եթե մենք ուզում ենք մրցունակ լինել, մարդկանց ներկայացնել, որ կարող ենք որակյալ ուսուցում կազմակերպել, պարտավոր ենք նորմալ պայմաններ ստեղծել` բարելավելով, նախեւառաջ, նյութատեխնիկական բազան: Սա հնարավոր է զարգացման ծրագրեր իրականացնելով, որ մեկ անգամ պիտի գլոբալ անել, հետո` աստիճանաբար: Երեք տարվա ընթացքում այս ուղղությամբ մեծ աշխատանք կատարեցինք, եւ այդ փոփոխություններն ակնհայտ են` լսարանների, առանձին կաբինետների վերանորոգում եւ կահավորում, լաբորատորիաների վերանորոգում, որոնց գույքով համալրումը կատարվել է միջազգային ծրագրերով: Հեռավար ուսուցման համար լսարան ենք վերանորոգել եւ համապատասխան գույք ձեռք բերել, վերանորոգել եւ կահավորել ենք Վաչե Եփրեմյանի անվան լսարանը եւ մի շարք այլ աշխատանքներ կատարել: Բնական է, որ այս ամենն իրականացնելու համար պիտի օգտագործեինք պահուստային ֆոնդից գումար: Բայց նշեմ, որ մենք որոշակի գումար պահուստային ֆոնդում ունենք: Մասնաճյուղին հովանավորել է նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, եւ հիմա կարող եմ ասել, որ ֆինանսական կայունությունն ապահովված է:

– Արդյո՞ք վերն ասվածից կարելի է ենթադրել, որ հաստիքների կրճատում է տեղի ունեցել:

– Հաստիքի էական կրճատում չի կատարվել, միայն որոշակի կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: «Քրոնիմետ մայնինգ» ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ֆինանսավորմամբ մոտ 40մլն դրամի ներդրում է կատարվել: Ճաշարանի նախկին մեկհարկանի մասնաշենքը վերանորոգել, կահավորել ենք` դարձնելով համակարգչային ուսումնական կենտրոն` մոբայլ ծրագրերի կենտրոն, որտեղ ոչ միայն բուհի, այլեւ քոլեջի ուսանողները, դպրոցների աշակերտները կարող են անցնել համակարգչային դասընթացներ: Ծրագրի շարունակական լինելու դեպքում մասնաշենքի ամբողջ տարածքը կբարեկարգվի:

– Հայտնի ճշմարտություն է, որ լավագույն գիտնականները, առաջընթաց ունեցող դասախոսները նախընտրում են դասավանդել մայրաքաղաքային բուհերում: Ինչպե՞ս եք համալրում դասախոսական կազմը:

– Դասախոսական կադրերի համալրումը մի գործընթաց է, որ մշտապես իրականացման փուլում է: Բուհում դասավանդում են գիտական աստիճան ունեցող դասախոսներ, վերջին շրջանում ատենախոսական պաշտպանություններ են եղել: Ես մեծ տեղ եմ տալիս գիտական աստիճան եւ կոչում ստանալուն եւ ամեն կերպ խթանում այդ գործընթացը: Ներկայումս դասավանդողների մի մասը մեր շրջանավարտներն են, որ մագիստրատուրան եւ ասպիրանտուրան ավարտել են Երեւանում, բայց վերադարձել են Կապան: Մեծ տեղ եմ տալիս հայցորդներին, փորձում ընդառաջել նրանց: Իմ նպատակն է բուհում ավելացնել գիտական աստիճան եւ կոչում ունեցող դասախոսների թիվը: Երբեմն մասնագիտական դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համար մայր բուհից մասնագետներ ենք հրավիրում: Մեր մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները շատ հաճախ մագիստրոսական կրթությունն անվճար են ստանում մայր բուհում: Նոր կարգի համաձայն` մեզ քվոտա են տալու, ըստ որի` մեր առաջադիմության արդյունքներով որոշելու ենք մագիստրատուրա ընդունվողներին:

– Կրթական ծրագրերը տարբերվո՞ւմ են մայր բուհի ծրագրերից:

– Հարցին այսպես պատասխանեմ. մենք մեծ համալսարանի մասնաճյուղ ենք: Եթե չենք տարբերվում, հաստատ պակաս էլ չենք: 2013թ. հունիսի վերջին ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների առաջին փուլն ամփոփելու համար ժամանած հանձնաժողովը, ուսումնասիրելով շենքային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առանձնազրույցներ ունենալով ղեկավար եւ ուսանողական անձնակազմի հետ, ամենաբարձր գնահատական է տվել մեր մասնաճյուղին` մայր բուհի, Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերի միավորների համեմատ: Իհարկե, ես չեմ ասում` մենք իդեալական ենք, ամեն ինչ համեմատելով է գնահատվում:

– Ի՞նչ ծրագրեր ունեք:

– Բավականին հեռանկարային ծրագրեր ենք մշակել: Պիտի շարունակենք լաբորատորիաների վերանորոգման եւ կահավորման գործընթացը, համալրենք նոր սարքավորումներով, տեխնիկական հագեցվածությունը պիտի շարունակենք ապահովել, էլեկտրոնային գրադարանը համալրենք: Այս ամենից բացի` պիտի շարունակենք «Քրոնիմետ»-ի հետ մեր համագործակցությունը:

Մասնագիտությունների խոշորացման դեպքում պիտի մասնագիտությունների վերջնական ընտրություն կատարենք: Կապանում պիտի ստեղծվի տեխնոպարկ, որ խոշոր կառույց է լինելու. Գյումրիում եւ Վանաձորում արդեն գործում է: Կապանում նպատակահարմար է, որ մեր մասնաճյուղի բազայի վրա ստեղծվի, քանի որ մենք ունենք համապատասխան պայմաններ: Հունիսին նախատեսում ենք մեկ այլ գիտատեխնիկական լրացուցիչ ծրագրի մրցույթին մասնակցել: Մի խոսքով` անընդհատ փնտրտուքների մեջ ենք. բուհը ոչ միայն ուսուցման, այլեւ գիտական, կրթական, տեխնիկական լրացուցիչ ծրագրերի կենտրոն պիտի լինի:

– Տեւական ժամանակ է` պաշտոնավարում եք, ինչո՞ւ է ձգձգվում տնօրենի հաստատման հարցը:

– Երբ պաշտոնակատար նշանակվեցի, բուհի առկա կարգավիճակում կանոնադրական փոփոխություններ էին նախատեսվում, որ ձգձգվում էին: Այնուհետեւ ռեկտորի փոփոխություն եղավ, բուհի կարգավիճակը փոխվեց. ՊՈԱԿ-ից վերածվեց հիմնադրամի, որ բերեց կարգերի ու կանոնադրությունների փոփոխության: Բուհի կանոնադրությունը հաստատվել է, մենք գործում ենք որպես առանձին ստորաբաժանում, որ իր գործունեությունը պիտի իրականացնի ինքնածախսածածկման սկզբունքով: Դրանից ելնելով` մենք պիտի որոշենք մեր հաստիքացուցակը` ժամաքանակ, ժամավճար եւ այլն: Ըստ համալսարանի կանոնադրության` մեր մասնաճյուղը գործում է իր կանոնադրության համաձայն, որ հաստատվում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Մեր մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի կազմն արդեն հաստատվել է, որ պիտի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատի, որով, կարծում եմ, պաշտոնի նշանակման հարցը կլուծվի:

– Բավականին շատ են հրապարակումներ այն մասին, որ մեր տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները մասնագետների կարիք ունեն: Արդյո՞ք մասնաճյուղը չի կարողանում տարածաշրջանի ձեռնարկությունները կադրերով ապահովել:

– Մեր ուսանողները նախաավարտական պրակտիկան անցնում են Զանգեզուրի, Կապանի, Ագարակի կոմբինատներում: Այն ուսանողները, ովքեր իրենց գիտելիքներով աչքի են ընկնում, անպայման աշխատանքի են ընդունվում: Իսկ ավարտական աշխատանքների պաշտպանությանը ներկա կոմբինատների ներկայացուցիչները շատ հաճախ տեղում են աշխատանք առաջարկում տվյալ ուսանողին: Այնպես որ` գիտելիքով զինված մարդուն աշխատանքն ինքն է գտնում: Կադրերի համալրման կարիք բոլոր ձեռնարկություններն էլ մշտապես ունենում են:

– Չե՞ք կարծում, որ ինքնածախսածածկման մեթոդով գործունեությունը նպաստում է, որ բուհերն ընդունեն ուսանողներ ոչ թե ելնելով գիտելիքից, այլ սեփական բյուջեն մեծացնելու հնարավորությունից:

– Այսօր մեր պետությունն այն վիճակում չէ, որ կարողանա կրթությունը դարձնել անվճար: Մեր տնտեսությունը խորհրդային կարգերից հետո դեռ չի վերականգնվել, եւ շատ մասնագիտությունների պահանջարկ չունի: Մենք գոյությունը պաշտպանելու, տնտեսության զարգացման առաջնահերթության բազում խնդիրներ ունենք:

Մյուս կողմից էլ ես այն կարծիքին եմ, որ ընդունելության քննության ներքին շեմը հաղթահարող դիմորդը հնարավորություն ստանալու իրավունք ունի. քիչ չեն դեպքերը, երբ նվազագույն շեմը հաղթահարած դիմորդը հետագայում իր աշխատասիրությամբ ավելի բարձր առաջադիմություն է ցուցաբերում:

– Ձեր խոսքը 2015-16 ուստարվա դիմորդներին:

– Ես միշտ ասել եմ` գիտելիքով զինված մարդը միշտ էլ իր տեղը գտնում է այս կյանքում, նույնիսկ ապացուցել եմ, որ բնագիտական եւ տեխնիկական մասնագիտական կրթություն ստացողներից նա, ով չի կարողանում դիֆերենցիալ հավասարում լուծել, դրանով թուլացնում է մեր երկրի անվտանգությունը (խմբ.` բերում է համոզիչ օրինակներ):

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25