Լեւոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ

17.05.2018 11:25
1353

Ցանկացած հեղափոխության համար ամենակարեւոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգեւորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսեւորել եւ փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երեւույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեեւ իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի եւ ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաեւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սեւանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, եւ այլն:

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչեւ հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը եւ բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, եւ մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարեւորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարեւորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթեւեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեեւ ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ եւ ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաեւ նախկին ռեժիմի կողմից, որը, թեեւ նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա եւ խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով եւ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը եւ երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետեւ բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ,  բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի եւ Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը եւ պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաեւ հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռեւանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:

Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց եւ խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների եւ անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում եւ Մեղրիում անվտանգության եւ ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երեւանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում եւ այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը եւ ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին եւ Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից եւ արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլեւ բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ եւ հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը եւ հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաեւ ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար:

ilur.am

17.05.2018

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19