Լիլիթ Առաքելյան. «Եթե ավագ դպրոց ընդունվելու մեխանիզմ չմշակվի, ապա գոնե հասարակության համար ավագ եւ միջնակարգ դպրոցների միջեւ էական տարբերություն գտնելը դժվար կլինի»

15.12.2015 14:22
4506

Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունների, մասնավորապես ավագ դպրոցի ձեւավորման եւ զարգացման ընթացքին պարբերաբար անդրադարձել ենք, բայց քանի դեռ հասարակության մեջ շարունակում են գերակշռող մնալ իրարամերժ կարծիքները, ուստի որոշեցինք զրուցել Կապանի N2 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի, «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի 2012թ. հաղթող, Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի պատմության եւ հասարակագիտության մասնագետ եւ վերապատրաստող ուսուցիչ, 1-ին աստիճանի տարակարգված ուսուցիչ Լիլիթ Առաքելյանի հետ:

Ավագ դպրոցներ հիմնելիս առաջնային խնդիրներից էր համարվում կրկնուսուցման վերացումը, որ գործող ծրագրերի եւ շտեմարանների պահանջների առկայության դեպքում ոչ միայն չի վերանում, այլեւ շարունակում է գերակայել: Վերջերս նույնիսկ հրապարակումներ եղան այն մասին, որ թույլատրելի համարվի կրկնուսուցումը, միայն թե դասապրոցեսից հետո կազմակերպվի, իսկ ուսուցիչներն էլ մտնեն հարկային դաշտ: Բայց ավագ դպրոցի լիարժեք կայացման ճանապարհին, բացի վերոնշյալից, կան մի շարք այլ խոչընդոտներ, որոնց հարկ ենք համարում եւս մեկ անգամ անդրադառնալ:


- Ի՞նչ առաքելությամբ ստեղծվեց ավագ դպրոցը:

- Հանրակրթության բնագավառում սկսված բարեփոխումների կետերից մեկն էլ ավագ դպրոցի ստեղծումն էր, որ նպատակաուղղված էր կրթության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը, կրթության բովանդակության կատարելագործմանը: Այսօր ավագ դպրոցը նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակն է, որի գործունեությունից էլ մեծապես կախված են սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը եւ հետագա ուսումնառության հաջողությունը: Ինչու չէ, ավագ դպրոցի ձեւավորումը նաեւ ժամանակի պահանջ էր. ծնողները դժգոհում էին, որ երեխաները, ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալով, չեն կարողանում ճիշտ մասնագիտական կողմնորոշում ունենալ, ուստի անհրաժեշտ էր ներդնել առանձին ավագ դպրոցի համակարգը, որտեղ սկսվեցին իրականացվել այդ կրթական ծրագրերը՝ համապատասխան հոսքային ուսուցմամբ, որը հնարավորություն է տալիս երեք առարկա խորացված ուսումնասիրել: Ավագ դպրոցի առավելություններից է նաեւ սովորողներին ինքնուրույն կյանքին, նրանց հակումներին, կարողություններին, ընդունակություններին համապատասխան նախնական միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը, ինչպես նաեւ աշխատանքի շուկա մտնելու նախապատրաստումը:

- Ի սկզբանե տարանջատվե՞լ էին ավագ դպրոցի կայացման փուլերը, թե՞ այն ներդրվեց ճանապարհին առաջացած խնդիրներն աստիճանաբար հաղթահարելով՝ մինչեւ կայացման հասնելը:

- Ո՛չ, նմանատիպ փուլային տարանջատում չի եղել: Եթե սկսենք ուսուցչական համակազմից, պիտի նշենք, որ ավագ դպրոցում պիտի ներառվեին տարակարգ, ինչպես նաեւ գիտական աստիճան ունեցող մասնագետներ, ովքեր հնարավորինս պիտի խթանեին հետաքրքրությունն ուսուցանվող առարկայի հանդեպ: Երբեմն առաջ էին քաշում այն վարկածը, որ հիմնական դպրոցի ուսուցիչը կարող է ավագ դասարանի աշակերտի հետ աշխատելու խնդիր ունենալ: Բայց ես այն կարծիքին եմ, որ միջնակարգ դպրոցում սովորող աշակերտը, հիմնական եւ ավագ դասարաններում սովորելով միեւնույն ուսուցչի մոտ, ավելի հեշտ է հարմարվում նրա պահանջներին եւ ուսումնառության ընթացքում ավելի մեծ հաջողություններ գրանցում, քան տարանջատված դպրոցներում՝ մի դպրոցից մեկ այլ դպրոց գնալով:

- Եթե հոգեբանական առումով դիտարկենք հարցը, աշակերտի համար տարիքային ամենաբարդ անցումային շրջանում նա հայտնվում է այլ միջավայրում, որտեղ «իրերի նոր դասավորություն» պիտի տեղի ունենա: Արդյո՞ք սա մեծ խոչընդոտ չի ստեղծում ուսուցչի, աշակերտի, տնօրենության համար. աշակերտը, մինչեւ հարմարվում է նոր միջավայրին, դպրոցն ավարտում է:

- Ձեր նշած երեւույթը բավականին խնդիրներ է ստեղծում. աշակերտի կայացման ամենապատասխանատու տարիքում տարբեր դպրոցներից գալիս են ավագ դպրոց, որտեղ պիտի նորովի ինքնահաստատվեն՝ ով ինչպես կարողանա: Հաճախ մինչ բուն ուսուցման գործընթացին անցնելն ուսուցիչը, նախեւառաջ, դնում է աշակերտի դաստիարակության խնդիրը, քան կրթության որակի ապահովումը: Ավագ դպրոցի թերություններից մեկն էլ այն է, որ այստեղ հայտնվում են աշակերտներ, ովքեր չեն գիտակցում, թե ինչու են եկել ավագ դպրոց: ՀՀ սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք: Հանրակրթության մասին օրենքում եւս որեւէ սահմանափակում չկա այն առումով, թե երեխան որտեղ կարող է ստանալ կամ շարունակել կրթությունը: Ծնողն ու աշակերտն են ընտրում իրենց նախընտրած դպրոցը եւ շարունակում ուսումնառությունը, ուստի որեւէ դպրոց չի կարող սահմանափակում կիրառել եւ սիրով չընդունել իրենց դիմած աշակերտին՝ անկախ նրա ունեցած գիտելիքից ու կարողությունից: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ավագ դպրոց մտնող աշակերտը չպետք է շահարկի իրավունք հասկացությունը եւ բարձրաձայնի. «Ես կսովորեմ այնտեղ, որտեղ կցանկանամ», այլ պետք է հասկանա՝ եթե սովորում է ավագ դպրոցում, ունի որոշակի լրացուցիչ պարտականություններ. պետք է ենթարկվի տվյալ դպրոցի ներքին կարգապահական կանոններին, ուսուցիչների պահանջներին եւ պետական կրթական չափորոշիչներով իրականացնի ուսումնառությունը:

Ինչ վերաբերում է նոր միջավայրին հարմարվելուն, եթե հետադարձ հայացք ձգեմ, պետք է նշեմ, որ հատկապես տղաների շրջանում առաջացող տարաձայնությունները ներկայումս այնքան էլ սուր բնույթ չունեն. առաջին տարիներին նման երեւույթներ նկատվում էին, այսօր ավելի հեշտ են հարմարվում, քանի որ նրանք գիտակցաբար են մոտենում այն հարցին, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո այլ դպրոց կտեղափոխվեն: Սա իր առավելությունն էլ ունի. երեխան ինքնուրույն հարմարվում է նոր միջավայրին եւ ինքնահաստատվում: Կյանքի ժամանակակից պայմաններում պետք է պատրաստ լինել հարմարվելու ցանկացած իրավիճակի: 21-րդ դարի կրթության հիմնական նպատակը հետեւյալն է՝ կարողանալ ապրել, կարողանալ աշխատել, կարողանալ ապրել միասին, կարողանալ սովորել: Կյանք մտնող պատանին պետք է պատրաստ լինի համագործակցության, ինքնուրույն գործունեության եւ հանդուրժողականության, քանզի մեր իրականության մեջ զգացվում է մարդկային առողջ փոխհարաբերությունների պակաս, ուստի ուսուցիչներիս խնդիրն է աշակերտների ճիշտ ուղղորդումն այդ չափանիշներին համապատասխան:

- Ներկայումս որո՞նք են ավագ դպրոցի առաջ ծառացած հիմնական խնդիրները:

- Ավագ դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է մշակել ընդունելության մեխանիզմ: Իմ կարծիքով՝ 12-ամյա պարտադիր կրթության համակարգի ներդրման դեպքում փոփոխություն կկատարվի նախեւառաջ ավագ դպրոցի ընդունելության հարցում, որովհետեւ երեխաները երբեմն ընտրում են այնպիսի մասնագիտական հոսքեր, որոնց մասին գաղափար չունեն: Ընտրելով հոսքը՝ աշակերտը, բացի նախընտրած առարկաներից, հրաժարվում է սովորել մյուս առարկաները: Դեռեւս չի ձեւավորվել այն գիտակցումը, որ հանրակրթական որոշ առարկաների ուսումնասիրումը պարտադիր է՝ պայմանավորված պետական ավարտական քննությունների հետ: Օրինակ՝ տնտեսագիտական հոսքում սովորողը կարծում է, որ պատմություն կամ հասարակագիտություն առարկան երկրորդական է  եւ պարտադիր չէ այն սովորել՝ առանց գիտակցելու, որ որպես մեր պետության վաղվա քաղաքացի՝ նա պետք է իր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններն իմանա, քաղաքական տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար դասեր քաղի հայոց պատմությունից. չէ՞ որ պատմությունն անընդհատ կրկնվում է, պարզապես փոխվում են դերակատարները: Մյուս խնդիրն ավագ դպրոցում աշակերտի թվով ֆինանսավորումն է, երբ մեծ թվով աշակերտների ընդունելություն է կատարվում՝ անկախ նրանց ունեցած գիտելիքներից եւ կարողություններից: Երբեմն հոսքային դասարաններն աշակերտների համապատասխան թվաքանակի պակասի պատճառով չեն կայանում, ուստի անհրաժեշտ է ավագ դպրոցում վերացնել աշակերտի թվով ֆինանսավորման սկզբունքը՝ փոխարենը մտցնել ֆինանսավորման այլ տարբերակ՝ աշակերտների թվաքանակի հետ կապ չունեցող: Ընդունելությունը պետք է կատարել համաձայն հարցազրույցի կամ թեստավորման արդյունքի, որպեսզի ավագ դպրոց մուտք գործող աշակերտը գիտակցի՝ ուսուցչի խնդիրը դասապրոցեսում զգոնության եւ կարգապահության հարցերով զբաղվելը չէ, այլ սովորողին գիտելիք հաղորդելը եւ որակյալ կրթություն ապահովելը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր աշակերտները չեն ցանկանում աշխատել տանը.  լայնացել է նրանց հետաքրքրությունների շրջանակը, դասագրքերում զետեղված ծավալուն տեսական նյութի պատճառով օտարվում են այն առարկաների ուսումնառությունից, որոնք իրենց նախամասնագիտական կողմորոշմանը չեն առնչվում: Որակյալ կրթության ապահովման պահանջներից մեկն էլ այն է, որ աշակերտը դպրոցում պետք է նոր դասանյութը յուրացրած տուն գնա, իսկ տանն արդեն զբաղվի որոնողական, հետազոտական աշխատանքով՝ դպրոցում ստացած գիտելիքը հարստացնելու համար: Չնայած նրան, որ բոլոր դպրոցների ուսուցիչներն անցել են առարկայական նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ, քննարկել դասին ներկայացվող որակական պահանջները, ծանոթացել ժամանակակից մեթոդներին եւ հնարներին, սակայն չեն կարողանում ձերբազատվել դասավանդման ավանդական մեթոդներով աշխատելուց: Դասի ընթացքը փուլերով տարանջատելիս, խթանման փուլում անդրարարձ կատարելով հին դասանյութին, իմաստի ընկալման եւ կշռադատման փուլերում պետք է իրականացվի նոր նյութի յուրացումը եւ ամրապնդումը:

- Երբ ստեղծվեցին ավագ դպրոցները, ամենից շատ խոսեցին կրկնուսուցման վերացման մասին: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ծնողը ֆինանսական ինչպիսի խնդիրների առաջ է կանգնում կրկնուսույցին վճարելու համար, մանավանդ մեր օրերի սոցիալական ծանր պայմաններում: Բայց մյուս կողմից էլ առանց լրացուցիչ պարապմունքի հնարավոր չէ բարձր միավորներով ընդունվել բուհ: Ստացվում է, որ հոսքային առարկաներին տրված լրացուցիչ ժամաքանակն իր գլխավոր նպատակին չի ծառայում:

- Մեր հասարակությունը դեռեւս գիտակցաբար չի մոտենում այն հարցին, որ երեխան դպրոցում ստացած գիտելիքներով պետք է ընդունվի բուհ: Այստեղ միայն ծնողի, աշակերտի, դպրոցի խնդիրը չէ: Խնդիրը բուհ ընդունվելու համար ներկայացվող առարկայական գիտելիքների իմացության ծավալն ու բարդությունն է: Անգամ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտը խոստովանում է, որ առանց կրկնուսույցի չի կարող բարձր միավորներով ընդունվել բուհ եւ լավ մասնագետ դառնալ: Շտեմարանային պահանջները ծավալուն են, դասագրքում տրված նյութը երբեմն բավականին խրթին է լիում եւ առանց լրացուցիչ ու մատչելի բացատրության հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի: Բնական է, շտեմարանները կազմված են դասագրքերին համապատասխան, սակայն աշակերտներին չի հաջողվում ինքնուրույն հաղթահարել ծավալուն նյութի յուրացումը: Կրկնուսուցումը բոլոր ժամանակներում էլ, նույնիսկ Հին Հունաստանում, արդիական է եղել եւ դժվար է այն արմատախիլ անել:

Նախ՝ ծնողը  մտածում է իր երեխային համապատասխան գիտելիքներով զինված ուղարկել բուհ, իսկ բուհն էլ իր հերթին պետք է ընդունելության համար ներկայացվող գիտելիքի պահաջները թեթեւացնի: Դուք մի՛ կարծեք, թե ուսուցիչն ուրախությամբ է կատարում այդ աշխատանքը, որն իրենից խլում է նախեւառաջ առողջությունը, ապա ժամանակը, որը կարող է տրամադրել իր ընտանիքին, նախասիրություններին, մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, գիտական աշխատանքին: Ինչո՞ւ ուսուցիչը չպետք է ըստ արժանվույն գնահատվի, սոցիալապես եւ ֆինանսապես ապահովված լինի. սոցիալական խնդիրներն են ստիպում նրան զբաղվել կրկնուսուցմամբ: Կորեական պատերազմից հետո (1950-1953թթ.) Հարավային Կորեան  համաշխարհային բանկից ատացված զգալի գումարը ներդրեց կրթության բնագավառում: Այստեղ նախընտրեցին 5-10 տարի քայքայված տնտեսություն ունենալ, բայց կրթությունը հասցնել բարձր մակարդակի: Ուսուցչին բարձր աշխատավարձ տալով եւ որակյալ ուսուցում պահանջելով՝ ձեւավորվեց առաջատար մասնագետներով համալրված երիտասարդ մի սերունդ, որը հետագայում զարգացրեց իր երկրի տնտեսությունը: Ուստի, եթե այսօր ուսուցիչը ֆինանսապես ապահովված լինի, նույնիսկ չի էլ մտածի կրկնուսուցմամբ զբաղվելու, ընտանիքի ֆինանսական վիճակն ինչ-որ ձեւով կայունացնելու մասին:

- Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգով են առաջնորդվում, համապատասխան քայլեր է արվում նաեւ միջին մասնագիտական հաստատություններում այն ներդնելու համար, գիտենք նաեւ, որ ավագ դպրոցներում եւս պիտի կիրառվի այդ համակարգը: Ի՞նչ կտա դա ավագ դպրոցի աշակերտին:

- Ավագ դպրոցի կայացումը չի ավարտվել, եւ ցավալի է, որ մեր երեխաներն անընդհատ փորձության են ենթարկվում: Ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման դեպքում հնարավոր է, որ կրկնուսուցումը վերանա, երբ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտին արտաքին գնահատման արդյունքների հանրագումարով հնարավոր լինի ընդունվել բուհ: Այն կնպաստի հանրակրթությունից մասնագիտական կրթություն ավելի սահուն անցմանը եւ մասնագիտական կողմնորոշման կատարելագործմանը, ստեղծագործական աշխատանքի, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման եւ կիրառման հմտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացմանը, սովորողների հաճախումների բարելավմանը եւ այլն: Այն կսկսվի փորձնական փուլից՝ 5 տարի (3 տարի՝ ավագ դպրոցում, 2 տարի բուհում)՝ 2015-16 ուստարվա 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլը կներառի ՀՀ պետական բուհերի կազմում գործող ավագ դպրոցների (թվով 11) 10-րդ դասարանները: Յուրաքանչյուր բուհ իր կազմում գործող ավագ դպրոցում կներդնի տվյալ բուհում գործող կրեդիտային համակարգի մոդելը, եւ եթե ավագ դպրոցի սովորողն ընդունվի տվյալ բուհը, հնարավորություն կունենա իր հայեցողությամբ եւ գործող մոդելին համապատասխան՝ ազատվելու որոշ հանրակրթական առարակների ուսումնասիրությունից: Երկրորդ փուլը (2020-21 ուստարի) կներառի ՀՀ ԿԳՆ ենթակայության առանձին գործող ավագ դպրոցները: Երրորդ փուլը (2021-22 ուստարի) կներառի ՀՀ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կրթական ծրագիր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները: Ի դեպ, 2-րդ եւ 3-րդ փուլերը կիրականացվեն 1-ին փուլի արդյունքների վերլուծության հիման վրա՝ լրամշակած ծրագրով:

- Դուք նշեցիք, որ ավագ դպրոցի ուսուցիչները ժամանակի ընթացքում պիտի տարակարգ ստանան՝ կատարելագործելով իրենց մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: Ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը:

- Եթե ասենք, որ ուսուցիչների տարակարգ ստանալու հարցն այս տարիների ընթացքում ամբողջովին լուծվել է, ճիշտ չի լինի: Սա անընդհատ կատարվող գործընթաց է. Կապանի թիվ 2 ավագ դպրոցում ներկայումս 14 ուսուցիչ տարակարգ է ստացել: Ավագ դպրոցի ուսուցիչները պարբերաբար  մասնակցում են տարբեր լրացուցիչ մրցույթների, դասընթացների, հոդվածներ տպագրում, որոնք նպաստում են մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, որակավորման բարձրացմանը: Իսկ ընդհանրապես լավ ուսուցիչը պիտի խթանի, ոգեւորի աշակերտին, իր առարկայի գիտակը լինի, ընտրի ճիշտ մեթոդներ՝ դասի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար: Ուստի՝ ուսուցիչների որակավորումն անընդհատ իրականացվող գործընթաց է:

- Ըստ Ձեզ՝ կրթության նորագո՞ւյն, թե՞ ավանդական մեթոդներն են առավել արդյունավետ եւ արդյո՞ք կարելի է ավանդական մեթոդներով բավարարել այսօրվա սերնդի պահանջները:

- Ավանդական մեթոդներով դասապրոցեսն այսօր այնքան էլ չի բավարարում երեխայի  հետաքրքրության շրջանակը: Այլ դպրոցների մասին չեմ կարող խոսել, բայց մեր դպրոցը նյութատեխնիկական բազայով ապահովված է: Սակայն այստեղ այլ հարց է առաջանում. արդյոք բոլո՞ր դպրոցներում են ուսուցիչները կարողանում կիրառել նորագույն մեթոդները, օգտվել տեխնոլոգիական հնարավորություններից: Նվազագույնն ամիսը մեկ անգամ դասապրոցեսը պետք է կազմակերպել համակարգչային սենյակում, ուսուցանող ֆիլմեր ցուցադրել: Նորագույն տեխնոլոգիաների առկայության դեպքում հնարավոր չէ, որ ավանդական եղանակով կազմակերպվող դասը հետաքրքրություն առաջացնի:

- Ուսուցչի տարիքը կարո՞ղ է որոշակի դեր ունենալ դասավանդման գործընթացում կամ մեթոդների կիրառման հմտության մեջ:

- Ուսուցչի տարիքը բացարձակապես կապ չունի մեթոդների ընտրության հետ, որովհետեւ եթե ուսուցիչը գիտակցում է իր առաքելությունը, ուրեմն ամեն ինչ կանի ժամանակի պահանջներին համահունչ արդյունավետ դասապրոցես կազմակերպելու համար:

- Մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչներից, նրա առաջ դրվող պահանջներից, բայց մոռանում ենք հարցնել աշակերտին՝ ավագ դպրոցն ի՞նչ է տալիս նրան:

- Պարբերաբար աշակերտներին հարցնում եմ այդ մասին եւ ասեմ, որ կարծիքները տարբեր են, հաճախ՝ իրարամերժ: Կան աշակերտներ, ովքեր կարծում են, որ բնավ ավագ դպրոց ունենալու կարիք չկար, մյուս մասն էլ, որտեղ գերկաշռում են բարձր առաջադիմությամբ աշակերտներ, կարծում են, որ ավագ դպրոցն անհրաժեշտություն է, նպաստում է մասնագիտական կողմնորոշմանը, բայց նույն հոսքում աննպատակ հայտնված աշակերտները խանգարում են ուսումնառությանը:

- Վերոնշյալից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ, հակասություններով հանդերձ, ավագ դպրոց ունենալը ժամանակի թելադրանք էր եւ անհրաժեշտություն:

- Եթե ավագ դպրոցի ընդունելության մեխանիզմը փոխվի, ինչո՞ւ չպետք է գործեն միջնակարգ դպրոցները: Այսօր անհրաժեշտ են որակյալ արհեստավորներ, իսկ նրանց պատրաստելու համար ե՛ւ միջնակարգ, ե՛ւ ավագ դպրոցները կարող են հիմնական օղակ լինել: Եթե աշակերտը որեւէ առարկայական կողմնորոշում չունի, նա ցանկանում է ստանալ ընդհանուր կրթություն, որի համար միջնակարգ դպրոցը լավագույն վայրն է: Ավագ դպրոցում նույնպես կարող են արհեստագործական հոսքեր բացվել: Կրկնում եմ՝ եթե ավագ դպրոց ընդունվելու մեխանիզմ չմշակվի, ապա գոնե հասարակության համար ավագ եւ միջնակարգ դպրոցների միջեւ էական տարբերություն գտնելը դժվար կլինի:

Յուրաքանչյուր լավ գաղափար ժամանակի մեջ է խմորվում, բայց նրա իրականացման ընթացքը չես կարող ճիշտ գնահատել, քանի դեռ այն վերջնականապես չի կայացել: Մեր կրթական համակարգը դեռեւս կայացման փուլում է, պետությունն էլ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի հանրակրթությանը: Հետաքրքիր նախաձեռնություն է, օրինակ, Արարատյան բակալավրիատի ներդնումը մեր կրթության բնագավառում, որը կբարձրացնի դպրոցի եւ ուսուցչի հեղինակությունը, կրթության որակը եւ երեխաների գիտակցական մակարդակը:

- Հաճախ կարելի է լսել, որ աշակերտը լավ չի սովորում, չի սիրում դպրոցը:

- Այս հարցին միանշանակ պատասխանել չի կարելի, քանի որ գործոնները տարբեր են: Երեխան դպրոցից հետո առնվազն 4-5 աստղաբաշխական ժամ պետք է տրամադրի հաջորդ օրվան նախապատրաստվելուն, բայց նա ոչ միայն չի ցանկանում այդ ժամանակը տրամադրել, այլեւ չի հասցնում. չէ՞ որ նա պետք է հասնի ժամանակի հետեւից: Երեխան սիրում է հաճախել դպրոց, այլ է խնդիրը՝ սիրո՞վ է բացում դասագիրքը, պատրաստվում դասին: Ավագ դպրոցի կայացմանը մեծապես խանգարում են նաեւ այն աշակերտները, ովքեր դպրոց են գալիս միայն ժամանակ անցկացնելու համար՝ ուսումնառությունը հետին պլան մղելով:

-  Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք կրթության բարեփոխումներից, արդյո՞ք դրանք կհասցվեն ցանկալի հանգրվան:

- Իմ կարծիքով՝ ավագ դպրոցը կկայանա, կրթական համակարգի բարեփոխումների արդյունքում կունենանք մեր երազած դպրոցը, որտեղ համապատասխան միջավայր կստեղծվի հաճելի ու հետաքրքիր ուսումնառության համար: Աշակերտը կգիտակցի, որ ավագ դպրոց է գալիս նախեւառաջ որակյալ կրթություն ստանալու համար, որը կնպաստի հետագայում նախամասնագիտական կրթությանը: Պետությունը պետք է հասնի նաեւ նրան, որ ուսուցչի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ձեւավորվի հասարակության մեջ: Այսօր հազվադեպ աշակերտ է ցանկանում ուսուցիչ դառնալ: Հուսանք` կհասնենք այն օրվան, որ դպրոցը կդառնա կարեւորագույն օղակը, որտեղ աշխատելու համար տասնյակ մասնագետներ կմասնակցեն մրցույթին: Մեր ապագան դպրոցի ձեռքում է, ուսուցչին զինի՛ր անհրաժեշտ միջոցներով, նյութապես ապահովի՛ր, գրագրության բեռն ուսերից թեթեւացրո՛ւ, եւ կրթության որակը կերաշխավորվի:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57