ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ. «Հայոց Արցախը հայկական պահելու միակ եւ անքննելի ճանապարհը սրբազան այս հողի վրա ապրելն ու արարելն է»

02.01.2022 14:36
3605

Շուշիում մնացած կրթամշակութային հաստատությունների, դրանցում եղած գույքի քանակի, նշանակության ու ճակատագրի մասին է մեր զրույցը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ:

Տիկին Ղարախանյանը ողջունում է Շուշիի մասին հատուկ համար ունենալու «Սյունյաց երկրի» նախաձեռնությունը:

Վիշտ, ահա, թե ինչ ենք տեսնում նրա հայացքում, անտանելի, անթաքցնելի ցավ, որը նրա ձայնի երանգում է, նրա ամեն բառի հետևում, որը երբեմն վերափոխվում է վրիժառության արդար պահանջի, երբեմն բողոքում է անարդարության դեմ: Բայց վիշտը նրան չի թևաթափել, մեր առջև պաշտոնյա չէ, Արցախցի՛ է, Հայուհի՛, ով այս դժվարագույն ժամանակաշրջանում ղեկավարում է ամենապատասխանատու ոլորտներից մեկը:

Մեր առաջին հարցով խնդրում ենք տիկին Ղարախանյանին ներկայացնել Շուշիում մնացած մշակութային-կրթական օջախները, դրանցում եղած գույքը:

– Ավերված ենք, – ասում է տիկին Ղարախանյանը, ու մենք զգում ենք, թե որքան ծանր է նրա համար խոսել Շուշիում մնացածի մասին, – Շուշիից փրկվածի մասին եմ ուզում նախ ասել՝ փրկել ենք Շուշիի գորգերի կոմպոզիցիան, որոշ քանդակներ, մի քանի քանդակ էլ կա, որ մարդիկ վերջում իրենց հետ են վերցրել:

Ամեն ինչ փաթեթավորված էր, արկղերով, կապարակնքված, բայց փաթեթավորել էինք ոչ թե տարհանելու, այլ ռմբակոծությունից այդ եզակի նմուշները փրկելու համար: Շուշիի պատկերասրահում մեծ քանակությամբ գեղանկարներ կային, դրանց մեջ Ժանսեմի գործերից, Մարտիրոս Սարյանի կտավներից ունեինք՝ մեկ հատ, բարձրարժեք շատ գործեր: Միներալների, երկրագիտական թանգարանների գույքը մնաց՝ էլի փաթեթավորված: Քաղաքային գրադարան ունեինք այնտեղ՝ հսկայական գրքային ֆոնդով:

Կրթօջախները՝ բազմամյա ավանդույթներով, նորակառույց շենքեր՝ հսկայական կրթական, ուսումնական, գիտական գույքով ու սարքավորումներով: Շուշիի հումանիտար քոլեջը, որը Թեմական և Ռեալական ուսումնարաններիի իրավահաջորդն էր, Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, որը մոտ 600 աշակերտ ուներ, Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցը, Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը, որը տարածաշրջանում միակն էր իր տեսակով՝ աշխատում էր հայֆրանսիական կրթական մոդելով, Տեխնոլոգիական համալսարանը՝ կից գործող միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնով, Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը:

Տիկին Ղարախանյանն ընդհատում է խոսքը և մեզ մի հրաշալի գիրք ընծայում՝ «Շուշիում 1920 թ. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» վերտառությամբ: Նրա ձայնում բարկություն կա, ցասում, ցույց է տալիս գրքի շապիկին պատկերված հրեշտակը.

– Էս հրեշտակն էլ չկա՝ բարբարոսության զոհ է դարձել, գրքի շապիկին Շուշիի երկու նկարներն են՝ 1920 և 2020 թվականների: Այստեղ Շուշիի վերաբերյալ մեծածավալ նյութ կարող եք գտնել՝ բազմաթիվ հոդվածներ, հուշագրություններ ու վկայություններ, շատ կարևոր պատմական փաստաթղթեր, որոնք պատմում են Շուշիի հայկական լինելու մասին:

Մոտ 6000 աշակերտ դարձել է դպրոցազուրկ և տնազուրկ, 1618 ուսուցիչ մնացել է առանց աշխատանքի, 617 հազար գիրք, 12 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա մնացել են բարբարոս թշնամուն:

Պատմամշակութային և պատմաճարտարապետական 2000 հուշարձան օկուպացված է՝ 536 խաչքար, 13 վանական համալիր, 122 եկեղեցի, ամրոցներ և արգելոցներ են մնացել Արցախի բռնազավթված տարածքներում: Դա սոսկ հայկական ժառանգություն չէ, դրանք այնպիսի հուշարձաններ են, որոնք համայն մարդկության հոգևոր-մշակութային հարստության բացառիկ նմուշներ են: Քաղաքի թանգարաններում մնացել են 20885 թանգարանային ցուցանմուշ, գորգեր...

Սրտի ցավով եմ նայում Ալիևների՝ Ազոխի քարանձավում սելֆիներ անելուն. ի՞նչ կապ ունի Ադրբեջանը նախաքրիստոնեական դարաշրջանի Ազոխի քարանձավի հետ, որը միջազգային գիտակրթական ուսումնասիրության օբյեկտ էր, այնտեղ միջազգային հեղինակավոր արշավախմբեր են աշխատել:

Բայց միայն Ադրբեջանը չէ, Թուրքիայի գործուն մասնակցությունը ևս տեսանելի է՝ Էրդողանը թքեց մեր հոգու մեջ՝ Շուշի գալով, ես եղեռնի զգացողություն ունեցա, վերապրեցի 1915 թիվը:

Շատ ծանր օրերի միջով եմ անցել, Արցախյան առաջին պատերազմում դեռահաս եմ եղել, անցել եմ պատերազմական ու հետպատերազմյան բոլոր դժվարություններով: Այս 44-օրյա արհավիրքն եմ ապրել, բայց Էրդողանի այցը Շուշի, Թուրքիայի դրոշները… Անտանելի ցավ է, աննկարագրելի, դժոխային ցավ: Ես հոգնել եմ պատերազմներից, բայց ինձ վրա ազդում է դրանց ներկայությունը, մենք ամեն օր բարոյական հալածանքների ենք ենթարկվում, շատ դժվար է աշխատել այս պաշտոնում, ես բոլորին ասում եմ՝ մենք դուրս չենք գալու, որ մնալու ենք, սա մեր երկիրն է, և, իսկապես, սա մեր երկիրն է: Բայց ամեն օր՝ նոր ազդակներ, որոնք միայն մի բան են ասում. ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել հնարավոր չէ, գոյատևել անհնար է. Մարտակերտում նուռ քաղողին սպանեցին՝ ձայն բարբառո հանապատի, Ճարտարից 30 անասնագլուխ սահմանն անցել է՝ ոչ մի կերպ չեն վերադարձնում, սրանք՝ վերջին օրերին միայն:

Բայց ես հավատում եմ Արարչի, տիեզերքի, բնության օրինաչափությանը և ուժին, չեմ վհատվում արդարությունը հաղթանակելու է…

– Տիկին Ղարախանյան, խոսեցիք ԿԳՄՍ նախարարի պաշտոնում աշխատելու դժվարության մասին: Արդյո՞ք կարողանում եք Ձեր մեջ ուժ գտնել և հավուր պատշաճի լուծել եղած ու առաջացող խնդիրները, որոնք, համոզված եմ, քիչ չեն:

– Մենք շարունակում ենք կերտել մեր պատմությունը, շարունակում ենք աշխատել՝ ոլորտային, մեր ուժերի ներածին չափից էլ ավելի: Սա փորձություն է, սա Աստծո փորձությունն է, այս փորձությունը պետք է պատվով հաղթահարել: Սա ծառայություն է, սա շատ ծանր աշխատանք է, որով Աստված քննում է մեզ: Ինձ համար հաճելի է ժողովրդին ծառայելը: Սա բարձրագույն ապրումներ է ինձ պարգևում, ես տառապանքը շոշափում եմ, ես գիտեմ, որ հոգին հղկվում է տառապանքով: Ես չեմ ափսոսում, հաղթահարելու եմ. հոգեբանության մեջ մի այսպիսի վարկած կա, որը կոչվում է կիսատ գործողություն՝ կիսատ գործողության մեխանիզմը մարդուն հետապնդում է մինչև կյանքի վերջ, այսինքն՝ չի կարելի որևէ բան կիսատ թողնել: Ես աշխատելու եմ այնքան, որքան պետք եմ իմ երկրին այս պաշտոնում:

Պատմական գրեթե նույն իրավիճակն է եղել մեկ դար առաջ. Նիկոլ Աղբալյանը լուսավորության և արվեստի նախարարն էր, կարճ ժամանակահատվածում արմատական, իրավիճակային շատ ճիշտ լուծումներ է տվել: Ես գիտեմ մի բան՝ կրթական համակարգն է համազգային ընկճախտի մեջ գտնվող Հայաստանին ոտքի կանգնեցրել, և իմ հանդիպումներում տնօրեններին, ուսուցիչներին ասում եմ՝ ինտելեկտուալ ազդակներն էս համակարգից պիտի դուրս գան, մենք պետք է մեկտեղենք մեր բոլոր հմտությունները:

Մենք ունենք «Հմտություններ Արցախին» ծրագիրը, որով մտադիր ենք աշխարհի լավագույն հայ միտքը բերել Արցախ: Այստեղ էր Արտեմ Օգանովը՝ հանրահայտ բյուրեղագետ, նյութագետ: Ես նրան խնդրել եմ սկսել դասախոսություններ Արցախի լավագույն քիմիա, ֆիզիկա իմացող երեխաների համար: Մենք լոկալ ձևերով սկսել ենք բնագիտական առարկաները զարգացնել: Մենք սկսել ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ տեղադրել, ես ցանկանում եմ, որ առաջիկա երկու տարում բոլոր դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ լինեն. մենք տեխնոլոգիական մտածողությունն ենք զարգացնելու: Մենք պատերազմից հետո ստեղծել ենք տեխնոպարկ՝ ավիալաբորատորիաներով, մեկի համար էլ ֆոնդահայթայթում ենք սկսել: Մենք գյուղերում երեխաներ ունենք, ովքեր փող են աշխատում IT 12 մասնագիտություններով, ես նրանց ասում եմ՝ աշխարհում կա 3 միլիոն IT մասնագիտությամբ թափուր աշխատատեղ, դուք պետք է մնաք գյուղում, մենք ձեզ զարգացնենք, դուք արմատներով մնաք կպած մեր հողին ու աշխարհին ապացուցեք, որ արցախցու միտքը լավագույնն է: Ես հավատում եմ մեր երեխաների ուժին, մեր ուսուցիչների խիզախությանը:

Պատերազմից հետո ամենաարագն ինքնակազմակերպվել է կրթական համակարգը. այսօր ունենք գործող 106 դպրոց, 108-ն են, բայց երկուսը շատ մոտ են թշնամուն, որի պատճառով չեն աշխատում: Ունենք հանրակրթական դպրոցի 20 հազար աշակերտ, ունենք մանկապարտեզ հաճախող 2000-ից ավել երեխաներ, 5000-ին մոտ ուսանողներ:

– Թշնամու տիրապետության տակ անցած տարածքներից հաճախ են համացանցում հրապարակվում մեր մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման կադրեր: Ձեզ հայտնի՞ է թշնամուն անցած կրթական և մշակութային օբյեկտների ճակատագիրը:

– Մենք ամեն օր, բացի ֆիզիկական հալածանքներից, ենթարկվում ենք բարոյական հալածանքների: Ադրբեջանը՝ պետական մակարդակով, դժոխքի է վերածում մեր կյանքը, աղվանացման քաղաքականություն է տարվում, որը, փառք Աստծո, ակադեմիական շրջանակներում լուրջ չի ընդունվում, բայց տեղեկատվական ահռելի արշավ են սկսել, որը չի կարող անհետևանք մնալ: Մշակութային ու կրթական օջախների ու կոթողների ոչնչացման բազմաթիվ օրինակներ են մեզ հայտնի՝ գերեզմանատներ են ավերվել, հիմնահատակ է արվել Խանփերյանցի անվան թանգարանը՝ Հադրութում, Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, Տողի մելիքական ապարանքը, հողին են հավասարեցվել Հին Թաղերի և Սղնախի, Ավետարանոցի գերեզմանատները: Թալիշի՝ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն ընդամենը երկու օր առաջ են ոչնչացրել: Մենք 21-րդ դարում ականատես ենք բարբարոսության, վայրենության, վայրագության: Էթնիկական հոգեբանության մասնագետներն ազգերի զարգացման երեք փուլ են առանձնացնում՝ վայրենություն, բարբարոսություն, քաղաքակրթություն. ադրբեջանցիները գտնվում են բարբարոսության փուլում, նույնիսկ կարող եմ ասել, որ ավելի ցածր՝ վայրենության փուլում են դեռ: Եվ այդ տեսակը պիտի որոշի, թե մեր եկեղեցիներն ինչ ծագում ունեն: Մենք հիմա պատկերացում չունենք, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ ռեստավրացիաներ են անում Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում. 19-րդ դարում ներկայիս եկեղեցու տեղում գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է եղել: Չգիտենք՝ ի՞նչ են անում, բայց համոզված ենք, որ մեր ինքնությունը վնասելու, մեր մշակույթը թալանելու հերթական գործընթացն է: Ավերել են 1847-57 թթ. կառուցված Շուշիի Կանաչ ժամը: Սրանք էթնիկ զտման դասական օրինակներ են:

 Հադրութի ենթաբարբառը յուրահատուկ է, մենք հադրութցիների համար առանձին դպրոց ենք ստեղծել, նաև Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ, որովհետև ուզում ենք բարբառը պահվի, չկորչի:

Մշակութային ժառանգությունը ֆիզիկապես անհնար է վերահսկել, մենք չունենք մոնիթորինգի մեխանիզմներ: Արցախի օկուպացված տարածքում կատարվում է ազգային ինքնության կողոպուտ...

– Ասացիք, որ 21-րդ դարում ականատեսն ենք վայրագության. աշխարհից ի՞նչ արձագանքներ կան:

– Հոկտեմբերի 9-ին նամակ եմ գրել ԵԽԽՎ, որտեղ նշել եմ մեր բոլոր կորուստների, նաև Նախիջևանում 2005  թ. ավերված խաչքարերի մասին: Գրել եմ դիտավորյալ աղվանացման թեզի վերաբերյալ: Եղավ բանաձևը, որում բացասականը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու անվան դիմաց փակագծում գրված Ղզնչի անվանումն ու Շուշիին Շուշա անվանելն էր միայն, մնացածը մեզ համար նպաստավոր էր:

Վտանգված է ամբողջ քաղաքակրթության ճակատագիրը, և, եթե մեզ չօգնեն, այս ուղտը վաղ թե ուշ չոքելու է նաև նրանց դռներին՝ այս մասին ասել եմ թե՛ ֆրանսիայից եկած պատվիրակությանը, թե՛ եվրոպական մյուս երկրների ներկայացուցիչներին:

Սա մեր հերոս նախնիներից ժառանգված սրբազան հող է, այն թողնել ու որևէ տեղ գնալ չի կարելի...

– Իսկ խաղաղապահնե՞րը, նրանց միջոցով կամ օգնությամբ փորձո՞ւմ եք ինչ-որ բան անել:

– Ինտենսիվ աշխատել ենք, բայց ոչ մի արդյունք: Պատերազմից անմիջապես հետո փոխանակման առաջարկներ ենք արել, բայց Շուշիի ադրբեջանցի պարետն անդրդվելի է: Ադրբեջանի ղեկավարության հետ որևէ համաձայնության գալ անհնար է: Շուշեցիներից շատերն են խնդրել, որ թույլ տան իրենց տներից գոնե լուսանկարներն ու փաստաթղթերը վերցնելու նպատակով այցելեն Շուշի, բայց ապարդյուն:

Մեծ գիտաժողով ենք նախաձեռնել՝ ալբանացման վերաբերյալ, այդ թեզը պիտի ամբողջապես ժխտվի, դրա անհեթեթությունը պիտի ապացուցվի ամբողջ աշխարհի առաջ: Ադրբեջանը զբաղված է նենգափոխմամբ, իրեն խաղաղարար հռչակած այդ պետությունը զբաղված է քրիստոնեական հետքի ոչնչացմամբ:

– Կրթական ծրագրերն արդյո՞ք բավարար չափով են միտված հայրենասիրությանն ու հայրենատիրությանը, արդյո՞ք դրանցում փոփոխությունների կարիք չկա:

– Մենք Հայաստանի Հանրապետության հետ կրթական նույն ծրագրերով ենք աշխատում: Մեր կրթական համակարգում փոփոխություն ասվածն այսպես է՝ ես իմ հանդիպումներում անընդհատ շեշտում եմ, որ հայրենասիրությունը պիտի լինի բոլորի խոսքում ու գործում: Բոլորս պիտի շարունակենք ապրել ու արարել մեր հողի վրա: Հայոց Արցախը հայկական պահելու միակ ու անքննելի ճանապարհն այս հողի վրա ապրելն ու արարելն է:

Շուշին մերն է լինելու. Արցախում վրեժով լցված սերունդ է մեծանում, որի առաջին նպատակը Շուշին հետ բերելն է...

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25