Մարզպետի հերթական արկածախնդրության հետեւանքը՝ դպրոցի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում

02.02.2018 15:41
4635

Հոգեւոր-մշակութային-կրթական Սյունիքն ամայացնելու եւ փոխարենը Սյունիք-արոտավայր ստեղծելու վահեհակոբյանական ծրագրի իրականացման գլխավոր թիրախն ի սկզբանե մարզի մտավորականությունն էր:

Նա հաջողեց բազում երեւելի մտավորականների վարկաբեկել, պաշտոնանկ անել, ասպարեզից հեռացնել…

Հերթական թիրախը Սյունիքի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանն է:

Ո՞վ է Լիլիթ Առաքելյանը եւ ինչո՞ւ է անցանկալի անձ հայտարարվել մարզպետի կողմից:

Ըստ կրթության ոլորտի մի շարք մասնագետների՝ Լիլիթ Առաքելյանը մարզի հանրակրթական դպրոցների լավագույն տնօրեններից է եւ աչքի է ընկնում դպրոցական գործի անմրցելի իմացությամբ, կազմակերպչական կարողություններով, գործարարությամբ եւ բարոյական վեհ հատկանիշներով: Պաշտոնավարման մոտ մեկուկես տարվա ընթացքում պետբյուջեի հատկացումներից բացի կարողացել է նկատելի ներդրումներ բերել դպրոց եւ ուշագրավ բարեփոխումներ կատարել այնտեղ: Մեծ սեր ու հարգանք է վայելում դպրոցականների ու մանկավարժների, ծնողների ու առհասարակ կապանյան հասարակության շրջանում: Հանրակրթության իսկական կազմակերպիչ է, ստեղծագործող մտավորական, գիտական մի շարք հոդվածների հեղինակ եւ հարգված ու ճանաչված ընտանիքի դուստր: Եղել է «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի 2012թ. հաղթող, Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի պատմության եւ հասարակագիտության մասնագետ ու վերապատրաստող ուսուցիչ, 1-ին աստիճանի տարակարգված ուսուցիչ: 

Մինչդեռ հանրակրթական դպրոցի լավ տնօրենի վերաբերյալ մարզպետն ունի իր սեփական պատկերացումները, որոնցով եւ աղավաղում է մարզի կրթական համակարգը:

… Նոր տարվա առաջին օրերին մարզպետի հետախույզները «բացահայտել» ու մարզպետին տեղեկացրել են, որ Լիլիթ Առաքելյանը «հանցավոր» գործունեությամբ է զբաղվում. վերջին տարիներին մի քանի հոդված է հեղինակել «Սյունյաց երկրում», անգամ թերթ է բաժանորդագրվել… 

Մարզպետն անմիջապես կարգադրել է ստուգում սկսել Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցում, որի տնօրենն է Լիլիթ Առաքելյանը:

Ստուգումը դեռ չէր ավարտվել, երբ տնօրենը փորձեց մարզպետի հետ քննարկել ինչ-ինչ հարցեր, տեղեկացնել նրան մինչեւ ստուգումը տնօրենի նախաձեռնությամբ բացահայտված որոշ թերությունների մասին: 

Մեծ դժվարությամբ նա ընդունելության թույլտվություն ստացավ հունվարի 18-ին: Մարզպետն ինկվիզիցիայի ժամանակներին բնորոշ պահվածքով եւ արտահայտություններով դիմավորեց Լիլիթ Առաքելյանին՝ քո մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ եմ հավաքել, դու «Սյունյաց երկիր» թերթում հոդվածներ ես հեղինակել…

Եվ տնօրենին խոսելու-պատասխանելու հնարավորություն չտալով՝ պահանջել է դուրս գալ ու աշխատանքից ազատվելու դիմում գրել: Իրադարձությունների հետագա ընթացքը ներկայացնելուց առաջ փորձենք հիշել, թե ինչ հոդվածներ է հեղինակել Լիլիթ Առաքելյանը «Սյունյաց երկրում», որի մասին հիշեցրել է մարզպետը:                                                         

                                                                         ***

Իսկապես, ի՞նչ հոդվածներ է հեղինակել Լիլիթ Առաքելյանը «Սյունյաց երկիր» թերթում:

Ահա՝ 

1. Երիտթուրքական շարժումը (N10, 2015թ.),

2. Մովսես Տաթեւացու ժամանակը (N23, 2015թ.),

3. 1720-ական թվականների Սյունյաց իշխանապետությունը (N27,2016թ.),

4. Արիստոտելի մերօրյա շառավիղն էր նա. Ռոբերտ Էջանանցու մասին (N37, 2016թ.),

5. Նա իր մեջ կրում է հայ ժողովրդի եւ հատկապես սյունեցու հայրենասեր ոգին (հոդվածը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է), (N15, 2017թ.):

Հետաքրքիր է, այս հոդվածներից ո՞ր մեկն է զայրացրել Վահե մարզպետին՝ հայ ազգային-եկեղեցական վերջին սուրբ Մովսես Խոտանանցու մասին գրվա՞ծը, Դավիթ Բեկի մասին գրվա՞ծը, թե՞ Սերժ Սարգսյանի:

Իսկ միգուցե մարզպետին դուր չի եկել, որ Լիլիթ Առաքելյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով դատափետել է երիտթուրքական շարժումը:

Իմիջիայլոց, նշված հոդվածները հրապարակվել են նաեւ հանրապետության գիտական ամսագրերում, հանդեսներում:                                                        

                                                                            ***

Հիմա այն մասին, թե ինչ իրադարձություններ հաջորդեցին դպրոցի տնօրեն-մարզպետ հանդիպմանը: 

2018թ. հունվարի 19-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանի սենյակում Լիլիթ Առաքելյանը հոգեբանական ճնշումների արդյունքում եւ հարկադրաբար գրել է դիմում աշխատանքից ազատվելու մասին՝ առանց ժամկետ նշելու: Դիմումը մարզպետարանի կադրերի բաժնում պաշտոնապես մուտքագրվել է հունվարի 22-ին: Մեկ օր անց, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի հայտնի դրույթներով, Լիլիթ Առաքելյանը գրել է երկրորդ դիմումը եւ հրաժարվել առաջին դիմումից՝ հանձնելով այն նույն Ռոբերտ Հայրապետյանին:

Եվ այդ ամենից հետո, շրջանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջները, հունվարի 23-ին Վահե մարզպետը կարգադրություն է ստորագրել Լիլիթ Առաքելյանին դպրոցի տնօրենի պարտականություններից ազատելու վերաբերյալ:

Տեղի ունեցածի մասին հունվարի 24-ին դպրոցի տնօրենը տեղյակ է պահել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:Տեղի ունեցածի առիթով բողոքի ձայն է բարձրացրել դպրոցի մանկավարժական կոլեկտիվը՝ մոտ 30 հոգու ստորագրությամբ դիմում հղելով երկրի վարչապետին:                       

                                                                               ***

Փորձենք հայացք ձգել մարզպետի 2018թ. հունվարի 23-ի N17-Ա կարգադրությանը, որով լուծվել է Լիլիթ Առաքելյանի աշխատանքային պայմանագիրը:

Մենք մի առիթով ասել ենք, որ մարզպետարանում հիմա մի խումբ երեւանցի կիսագրագետների թագավորություն է, անգամ սահմանադրությունից են քաղվածքներ բերում աչքաչափով:

Մարզպետի նշված կարգադրությունը, թույլ տվեք ասել, իրավական անհեթեթության բացառիկ ու անկրկնելի հուշարձան է:

Պարզագույն մի հանգամանք հիշեցնենք ընթերցողին՝ իհարկե կարելի է եւ դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել: Բայց տնօրենին աշխատանքից ազատելու համար առնվազն մեկ հիմք պետք է լինի ՀՀ աշխատանքային օրենսգրքից կամ ՊՈԱԿ-ի մասին օրենքից կամ տվյալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրից, որի մեջ մանրամասն նշված են պայմանագրի լուծման հնարավոր հիմքերը: Եթե որեւէ հիմք նշված օրենքներից կամ աշխատանքային պայմանագրից չկա, ապա տվյալ կարգադրությունն առ ոչինչ է:

Իսկ մարզպետն այսպես է կառուցել իր կարգադրությունը՝ «Լիլիթ Առաքելյանին 2018թ. հունվարի 23-ից ազատել «Սյունիքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով 2016թ. հոկտեմբերի 10-ին նրա հետ կնքված N8 աշխատանքային պայմանագիրը»:

Հիմա հարց աշխարհի բոլոր տառաճանաչ մարդկանց՝ ինչի՞ համար է ազատվել Լիլիթ Առաքելյանը, Հայաստանի ո՞ր օրենքի, օրենքի ո՞ր հոդվածի կամ աշխատանքային պայմանագրի ո՞ր մի կետի համաձայն է լուծվել տնօրենի հետ կնքված պայմանագիրը: Որեւէ օրենքի որեւէ հոդվածի վկայակոչում չկա: Իսկ դա նշանակում է, որ Լիլիթ Առաքելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծվում:

Իսկ ինչո՞վ է ղեկավարվել մարզպետը նման կարգադրություն ստորագրելիս. իրավական շատ կարեւոր հարց է դա: 

Ղեկավարվել է (ինչպես գրված է կարգադրության սկզբնամասում) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածով եւ ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ եւ 1.9-րդ կետերով: 

Ընթերցողին խնդրում ենք բացել եւ ծանոթանալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 110-ին. մարզպետը ոչ միայն շրջանցել է այդ հոդվածը, այլեւ ուղղակիորեն հաստատել է, որ Լիլիթ Առաքելյանը շարունակում է գլխավորել «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը, որ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծվում: 

Խնդրում ենք բացել եւ ընթերցել ՀՀ նախագահի վերոնշյալ հրամանագրի 1.6-րդ կետը. ընդամենը մարզպետին կարգադրություններ տալու իրավունք է վերապահվում, բայց չի լիազորում գործող օրենքներին հակասող կարգադրություն անել, այսինքն՝ եթե մարդուն ազատում ես աշխատանքից, ապա բարի եղիր ասել՝ ինչու: 

Ընթերցեք ՀՀ նախագահի վերոնշյալ հրամանագրի 1.9-րդ կետը. մի անմեղ, բայց եւ հստակ ձեւակերպում՝ «Մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով պաշտոնի  է նշանակում եւ պաշտոնից ազատում մարզպետը»: Տեսեք՝ «օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով»: Հարց. մարզպետի կարգադրության մեջ ո՞ւր է օրենքով նախատեսված դեպքը, ո՞ր կարգով է գործել մարզպետը, երբ կարգադրություն է ստորագրել: Ոչ մի նշում այդ մասին…

Լիլիթ Առաքելյանը մարզպետի օրինախախտության մասին տեղյակ է պահել (գրավոր դիմումով) ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին (25 հունվարի 2018թ.):

Այդ ամենից հետո Լիլիթ Առաքելյանը որոշել է դատական հայցով մտնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մարզպետի կարգադրությունը չեղարկելու եւ այս օրերին իրեն հասցված բարոյական վնասը հատուցելու համար: 

Մինչ այդ՝ հունվարի 30-ին, մարզպետարանից հանձնախումբ է ժամանել Սյունիքի միջնակարգ դպրոց՝ հանձնում-ընդունում կատարելու համար:

Լիլիթ Առաքելյանը հանձնախմբից պահանջել է ցույց տալ գործող օրենսդրության այն դրույթը, որի համաձայն լուծվում է իր աշխատանքային պայմանագիրը: Սկիզբ առած լարված բանավեճում, նաեւ վերջին օրերի լարվածության հետեւանքով, հանկարծակի վատացել է Լիլիթ Առաքելյանի առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են Կապանի հիվանդանոց:

Այդ իրավիճակում Լիլիթ Առաքելյանի փաստաբան Արշավիր Խալափյանն անթույլատրելի է համարել գրեթե անգիտակցության մեջ հայտնված տնօրենի կողմից որեւէ փաստաթղթի ստորագրում…

Ահա թե ինչ հետեւանք կարող ունենալ մարզպետ կոչվածի արկածախնդրությունը:

Հ.Գ.1

Վահե-Էլիզաբեթ ընտանեկան լրատվամիջոցներից մեկն օրերս իբր ներկայացրել է Սյունիքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցածը՝ «մոռանալով» նշել, որ Լիլիթ Առաքելյանը երկրորդ դիմումով առաջին դիմումը հետ է վերցրել:

Հ.Գ.2

Լիլիթ Առաքելյանի հեղինակած հրապարակումների մակարդակին ծանոթանալու համար ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահի մասին 2017թ. մարտին գրված հոդվածը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

Նա իր մեջ կրում է հայ ժողովրդի եւ հատկապես սյունեցու հայրենանվեր ոգին

Հայաստանը կրկին կանգնած է ընտրություն կատարելու առջեւ. պետական կառավարման ոլորտում անցում է կատարվում խորհրդարանական մոդելին, եւ հասարակությունը պետք է որոշի՝ քաղաքական ո՞ր ուժին վստահել երկրի կառավարումն առաջիկա հինգ տարում:

Բայց ես ուզում եմ մի պահ շրջանցել բուն հարցը եւ հիշել մեր պատմության գլխավոր դասերից մեկը՝ հայոց պետականությունների կորուստը միշտ էլ ժողովրդի անմիաբանության հետեւանք էր, երկրի ներքին քաղաքական կյանքում անհանդուրժողականության դրսեւորման արդյունք:

Ուրեմն՝ այսօր, նախեւառաջ, փորձենք ձերբազատվել հասարակության բեւեռացումից, միմյանց փնովելուց ու թերագնահատելուց՝ նկատի ունենալով, որ նաեւ արտաքին մարտահրավերների առաջ ենք կանգնած: Եվ ապրիլի 2-ին ցույց տանք, որ կարող ենք օրինավոր ընտրության անցկացնել, մարդկանց գիտակցական ընտրության հնարավորություն տալ:

Ընտրական մրցապայքարի ելած ինը քաղաքական ուժի նախընտրական ծրագրերի մեջ, անշուշտ, գրավիչ շատ դրույթներ կան, եւ ես հիմքեր չունեմ չհավատալու այդ ծրագրերին, դրանց հեղինակ քաղաքական ուժերին: Բայց եւ ավելի սրտամոտ ու իրատեսական եմ համարում ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Ինձ դուր է գալիս հատկապես ծրագրի անկեղծությունը՝ «Անցնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ սխալների շարանով՝ Հանրապետականը սովորել է սխալներից, գիտակցել փոխվելու հրամայականը: Հանրության բոլոր շերտերն ընդգրկող թիմն ունի սովորելու ցանկություն եւ պահանջ իր իսկ նկատմամբ՝ փոխվելով եւ փոխելով իրականությունը դեպի լավը»:Այդ անկեղծությունը ստիպում է, որ մենք էլ անկեղծ լինենք նրա հանդեպ, արժանին մատուցենք կատարվածի համար եւ չտարվենք միայն քննադատելով ու վատաբանելով:

Ես ծնող եմ, կրթության ոլորտի աշխատող: Եվ տեսնում եմ այն հետեւողական աշխատանքը, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ իրականացնում է կրթության, գիտության, աճող սերնդի դաստիարակության ոլորտում: Այդ բնագավառում էլ, մինչդեռ, արմատական փոփոխությունների պահանջ եմ տեսնում, որը նույնպես արտացոլված է կուսակցության նախընտրական ծրագրում:

Պետության հզորացման հիմնական գրավականը հայրենասեր սերնդի դաստիարակումն է, որը սկսվում է ընտանիքից: Սակայն որոշ դեպքերում տղամարդը հարկադրված ու պարբերաբար բացակայում է ընտանիքից՝ մեկնելով արտագնա աշխատանքի: Հայ տղամարդը պետք է լինի իր հայրենիքում, իր օջախում եւ սեփական օրինակով դաստիարակի իր զավակներին: Ուրախ եմ, որ օրախնդիր այդ հարցի գիտակցումը եւս տեղ է գտել ՀՀԿ նախընտրական ծրագրում:

Հանրապետականի հանդեպ վստահության, հավատի ու լավատեսության յուրօրինակ աղբյուր է ինքը՝ կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, ով հատկապես վերջին տարիներին ու ոչ սովորական իրավիճակներում ցույց տվեց պետական փորձառու, հեռատես գործչին հատուկ հատկանիշներ: Այդ ամենից զատ՝ նա իր մեջ կրում է հայ ժողովրդի եւ հատկապես սյունեցու հայրենանվեր ոգին:

Գտնում եմ՝ ապրիլի 2-ին հնարավորություն պիտի տանք քաղաքական այդ ուժին՝ իրագործելու պետության հզորացման ու բարգավաճման շարունակական ծրագիրը:

ԼԻԼԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ

25 մարտի 2017թ.

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41