Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27.07.2025 16:13
405

Հուլիսի 27-ին` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը:

Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։ Ճարտարապետներն են՝ Ասլան Մխիթարյանը և Հայկ Մկրտչյանը, իսկ շինարարությունն իրականացրել է «Հորիզոն 95» ՍՊԸ։

Արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերար տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանը և Յակուբյան ընտանիքի անդամներ ու հարազատներ, այս առիթով սփյուռքից ու Հայաստանից ժամանած ուխտավոր հայորդիներ։

Արարողությունը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով։ Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին աղոթասրահի երկու մատուռների Սուրբ Սեղանները: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո Սրբալույս Մյուռոնով Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Այս առիթով մատուռներում զետեղվեցին նաև առաքյալների մասունքներ։

Բացման արարողության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ազգային բարերար լուսահոգի Գառնիկ Յակուբյանի, Յակուբյան և Չաթալպաշյան գերդաստանաց ննջեցյալների հոգու խաղաղության համար։

Բացման արարողության առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ գոհություն մատուցելով առ Բարձրյալն Աստված, որ հայոց հոգևոր կենտրոնում՝ Սուրբ Էջմիածնում, մեր ժողովրդի հոգևոր մխիթարության, հավատքի զորացման նվիրական մի նոր սրբատեղի հառնեց։

«Հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու այսպիսի նախաձեռնություն ծրագրվել էր տակավին 1955 թ.՝ Վազգեն Ա երջանկահիշտակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք։ Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում, որն այսօր արդեն հոյաշեն կերպով իրագործված՝ հավատավոր մեր ժողովրդի համար ծառայելու է նաև որպես մոմավառության աղոթասրահ։

Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ մեծանուն բարերար տիար Գառնիկ Յակուբյանի և իր ազնիվ կողակցի՝ տիկին Անահիտի հովանավորությամբ կյանքի կոչվեց այս ձեռնարկումը։

Կաթողիկոսական դամբարանը, սիրելիներ, ամփոփավայրն է լինելու մեր Սուրբ Եկեղեցու ննջեցյալ Հովվապետերի, որոնց կյանքը եղել է ամբողջանվիրում Աստծուն, ազգին ու հայրենիքին։

Դամբարանը գալիք սերունդներին յուրովի հիշեցնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել ու ծաղկել է համայն մեր ժողովրդի ազգային և եկեղեցական անդաստանը։ Մեր Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսների ծառայությունը լի է եղել զոհողությամբ, Քրիստոսապատգամ սիրո, արդարության և ճշմարտության քարոզչությամբ, բայց նաև հայրական հորդորով ու քաջալերությամբ՝ ապրելու և արարելու առ Աստված հավատով հանուն ազգի ու հայրենյաց», - ասաց Հայոց Հովվապետը՝ հավելելով, որ երանաշնորհ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար՝ ծառացած դժվարություններն ու նեղությունները հաղթահարելու և նորանոր հաջողություններ արձանագրելու։

Դիմելով ներկաներին՝ Նորին Սրբությունը ընդգծեց, որ մեր օրերում, երբ տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները, այսպիսի եկեղեցական շինությունները, սրբավայրերն ու ուխտատեղիները իրենց կրոնական և ծիսական կարևոր նշանակությամբ հավատքի զորացման, հոգու փրկության և աստվածահաճո կյանքի ամրապնդման օրհնաբեր օջախներ են։

«Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողություններ են մատուցվելու, և հավատացյալներն իրենց սրտառուչ հայցն ու աղոթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում և աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», - նշեց Վեհափառ Հայրապետը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի կառուցումը ազգի զավակների անշիջանելի հավատքի, բարեգործության ազնիվ ոգու, արժանավորին արժանին մատուցելու երկնահաճո արտահայտություն է։ Այս կապակցությամբ, երախտագետ զգացումներով հիշելով մեծանուն բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանին և Յակուբյան ընտանիքի բացառիկ աստվածսիրությունն ու ազգանվիրումը, ի գնահատություն այս գովարժան իրագործման Նորին Սրբությունը մեծազնիվ տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանին շնորհեց «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշան, իսկ որդուն՝ Արամ Յակուբյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։

Վերջում Հայոց Հայրապետը մաղթեց, որ տերունաշնորհ հավատքի լույսը մշտավառ լինի հայ ժողովրդի հոգում, և այս սրահից ևս հանապազ հնչի հայցը առ Աստված հայրենյաց խաղաղության, ազգի բարօրության, Սուրբ Եկեղեցու պայծառության համար։

Արարողության մասնակիցները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Պայծառակերպության տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46