Մեղրի-Նախիջեւան սահմանագծի իշխող բարձունքներում հայ մարտիկների տիրական ներկայությունն է

23.05.2016 14:49
4838

Մեղրու շրջանի եւ Նախիջեւանի տարածաշրջանի միջեւ ձգվող հայ-ադրբեջանական պետական սահմանի եւ այնտեղ տիրող իրավիճակի մասին հիմնավոր պատկերացում կարելի է կազմել Զանգեզուրի լեռնաշղթայի՝ այդ հատվածում գտնվող կատարներին լինելուց հետո:

Առաջնագիծ գնալու հավելյալ պատճառներ էլ կային: Նախ՝ վերջին մեկուկես ամսում շրջանառվում էր Նախիջեւանի տարածքում՝ Հայաստանի սահմանին մերձ, կատարվող զորաշարժերի, զինական տեխնիկայի կուտակումների մասին խոսակցություն: Մյուս կողմից՝ Արցախյան 2-րդ պատերազմի օրերին եւ հաջորդած ժամանակաշրջանում, օրինաչափորեն, բոլորիս ուշադրության կենտրոնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն էր: Եվ հետո՝ ինչ-որ ասեկոսեներ էին համառորեն շրջանառվում՝ կապված ադրբեջանական դիրքերի՝ մեզ համար անցանկալի փոփոխության հետ:

***

Ագարակ քաղաքից Գողթանսար (Սոյուխ) հասանք մոտ մեկ ժամում: 3143մ բարձրության վրա գտնվող գագաթ գնացինք զառիթափ լանջերով ու խիտ անտառներով: Ճանապարհը, հուրախություն, լավ վիճակում էր: Այնտեղից ուղղվեցինք դեպի մեզ հետաքրքրող վայրեր՝ Խաշինք (Խաշլիդաղ, բարձրությունը՝ 2689մ) եւ Խորխատ (բարձրությունը՝ 2392մ) լեռնագագաթներ:

Մեզ ուղեկցող Արմեն Գյուլասարյանը, ով զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալն է, պատմեց, որ ճանապարհը կառուցվել է Վազգեն Սարգսյանի օրերում, երբ գնդի հրամանատարը Ղեւոնդ Հովհաննիսյանն էր: Սակայն դրանից հետո էլ, գրեթե ամեն տարի, բարեկարգվել է ճանապարհը՝ հատկապես գարնանային ձնհալից ու հորդառատ անձրեւներից հետո, նաեւ նոր ճանապարհներ են հիմնվել ու հիմնվում:

Լեռնագագաթի մատույցներում էինք, երբ հանդիպեցինք «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության (տնօրեն՝ Ազատ Գասպարյան) «Komatsu» հզոր տրակտորին: Մեքենավար Ռազմիկ Գինոսյանը տեղեկացրեց, որ նոր առաջադրանք ունի՝ հենակետերից մեկի ուղղությամբ այլընտրանքային ճանապարհ է կառուցվում:

Ի դեպ, առաջնագծում քանիցս դրվատանքի խոսքեր լսեցինք Ազատ Գասպարյանի մասին:

- Անհրաժեշտության դեպքում Մեղրու ճանշինը, առանց հապաղելու, օգնում է ամբարձիչով, ավտոկռունկով, ինքնաթափ մեքենայով, բուլդոզերով, շինանյութով (խիճ, ավազ, ցեմենտ), իսկ ձմռանը՝ մաքրող տեխնիկայով եւ այլ միջոցներով, - պատմում էին զորամասի պատասխանատուները:

Առաջնագծում կատարվող աշխատանքները, մինչդեռ, չեն սահմանափակվում միայն ճանապարհների պատրաստմամբ ու բարեկարգմամբ: Մի քանի տեղ էլ ինժեներական ուրիշ կառույցներ էին ամրացվում:

Զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Գոռ Ղարիբյանը, ով նույնպես ուղեկցում էր մեր ստեղծագործական խմբին, ինժեներական կառույցների արդիականացումն  իրավիճակով  պայմանավորված քայլ չէր համարում:

- Դրանք մշտապես կատարվող, շարունակական գործողություններ են՝ դիրքերն առավել հուսալի եւ ապահով դարձնելու համար,  - ասաց Գոռ Ղարիբյանը:

***

Արցախյան քառօրյա պատերազմի եւ հաջորդած օրերին յուրահատուկ իրավիճակ էր ստեղծվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջեւանյան հատվածի այդ մասում:

Կար հավանականություն, որ ադրբեջանական կողմը երկրորդ ճակատը կբացի:

Սպասողական վիճակ էր սահմանի ամբողջ երկայնքով:

Բոլոր դեպքերում հայոց զինական ուժը պատրաստ էր արժանապատվորեն «դիմավորելու» հրոսակներին:

Եվ, այդուհանդերձ, երկրորդ ճակատ բացելու ցնորական քայլին Ադրբեջանը չդիմեց, ինչն ավելի շատ, կարծում ենք, բխում էր Նախիջեւանի շահերից:

Մեզ հետ, անտարակույս, համամիտ կլինեն բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ այցելել են Սոյուխ եւ տեսել իշխող բարձունքներում արմատներ ձգած մեր դիրքերը, որոնցից յուրաքանչյուրը, իսկապես, մի-մի ամրոց է հիշեցնում:

Հիացմունք առաջացրեց այդ դիրքերում ծառայություն իրականացնող զինվորի մտածելակերպը:

Ապրիլյան լարված օրերին նրանք կոչ էին անում կամավորականներին՝ չգալ իրենց մոտ, այլ մեկնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ, իրենք միայնակ էլ հակահարված կտան հակառակորդին, եթե…

Այսօր էլ դիրքապահ զինվորը նույն կարծիքն ունի, այսօր էլ զինվորը կարեւորում է թիկունքի աշխատանքը:

- Եթե թիկունքում ամեն ոք իր գործը նվիրումով կատարի, ապա դա կլինի ամենամեծ աջակցությունն առաջնագծում կանգնած զինվորին, - բարձրաձայն խորհրդածում էր ժամկետային զինծառայողներից մեկը:

Այդ բոլորով հանդերձ՝ քառօրյա պատերազմի եւ հաջորդած օրերին Մեղրի-Նախիջեւան սահմանի դիրքապահները Մեղրու տարածաշրջանի բնակչության չթուլացող ուշադրության կենտրոնում էին: Գոհունակության խոսքեր էինք լսում տարածաշրջանի համայնքային իշխանությունների, հանրության բոլոր խավերի մասին: Նշվում էր Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի անունը, ով համակարգում էր ցուցաբերվող օգնությունը:

***

Կարեւոր մի խնդիր, այնուամենայնիվ, առավել հետաքրքրություն էր ներկայացնում մեր այցելության ընթացքում: Հնարավորինս պետք է պարզեինք՝ որքանո՞վ է հավաստի բնակչության շրջանում տարածված խոսակցությունը, թե մեկ-մեկուկես տարի առաջ Ադրբեջանի զինված ուժերը ճեղքել են պետական սահմանը եւ դիրքավորվել մեր տարածքում՝ Ագարակ քաղաքի ուղղությամբ:

Փոխգնդապետ Արմեն Գյուլասարյանն ու մայոր Գոռ Ղարիբյանը մեզ տարան այնպիսի տեղանք, որտեղից կարելի էր դիտարկել ադրբեջանական այդ հենակետը:

Նոր հենակետը գտնվում է Ծիրանաձորից դեպի հյուսիս ձգվող կամ Կալպեկից հարավ ձգվող լեռնաշղթայի արեւմտյան լանջին: Ընդ որում՝ հայ-ադրբեջանական սահմանն այդտեղ Գողթանսարից դեպի հարավ ձգվող շղթան է, իսկ մեզ հետաքրքրող վայրը շղթայի հարավարեւմտյան հատվածում է: Ասել է թե՝ ադրբեջանական նոր հենակետն իրենց տարածքում է, եւ սահմանախախտման մասին խոսք լինել չի կարող:

«Թագավոր», «Գեւորգ», «Մխիթար սպարապետ» հենակետերում էլ համոզվեցինք, որ ադրբեջանական նշված դիրքը մեր կողմից գրեթե օղակի մեջ է առնված եւ ռազմավարական տեսակետից զրո նշանակություն ունի: Ավելին՝ ադրբեջանական այդ հենակետին գրեթե դեմ հանդիման մեր «Խաչ», «Հալիձոր», «Դավիթ Բեկ» հենակետերն են:

***

Առաջնագծի հենակետերում մեր ստեղծագործական խմբին ջերմությամբ էին ընդունում: Քանի-քանի անգամ լսեցինք՝ «Բարի գալուստ մեր հենակետ»: Րոպեներ անց էլ Վահրամ Օրբելյանն ու Համլետ Գեւորգյանը «ձուլվում» էին մթնոլորտին՝ կարծես ժամկետային զինծառայողների վաղեմի մարտական ընկերները լինեին:

Զինվորներին հետաքրքրում էր նախեւառաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող վիճակը: Իսկ «Մխիթար սպարապետ» հենակետում իսկական «քաղպարապմունք» ստացվեց: Մենք հաճույքով պատասխանում էինք զինվորների հարցերին:

«Գեւորգ» հենակետում հնչեցրած մեր հարցին՝ «Դժվար չէ՞ ձմռանն այս դիրքերում, չէ՞ որ սաստիկ քամիներ են լինում, երբեմն 30-40 աստիճանի ցրտեր», ժամկետային զինվորը պատասխանեց՝ «Եթե ոչ մենք, ապա ուրիշ ո՞վ պետք է դիմանա ու պաշտպանի Հայաստանի սահմանները»:

Իսկապես, մեր սահմանապահ տղաները սովորական զինվորներ չեն, նրանք մեր երկրի այսօրվա ու վաղվա արժանապատիվ տերերն են:

Առհասարակ հաճելի էր հենակետերի մթնոլորտը: Հենակետ ասվածն էլ, իր մի քանի շուրջօրյա դիտակետով, մի ընտանիք է, մի տնտեսություն, մի բերդ՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով՝ դեղի արկղից մինչեւ խոհանոց, ջրի թերմոսներից մինչեւ վառարաններ, հանգստյան սենյակից մինչեւ շարահրապարակ, զինանոցից մինչեւ պաշտպանական գոտի, գիշերային լուսավորության հնարավորությունից մինչեւ զինվորի համար առաջին անհրաժեշտության պարագաներ եւ, իհարկե, կապի հուսալի միջոցներ…

Մեր այցելության օրը երեք հենակետում հերթական 14-օրյա հերթապահությունն էր իրականացնում կապիտան Վարդան Խդրյանի վաշտը: Իսկ վաշտի սպաները հենակետերի պատասխանատուներ էին՝ ավագ լեյտենանտ Գուրգեն Կոստանյանը՝ «Մխիթար սպարապետ»-ում, ավագ լեյտենանտ Գրիշա Նիկողոսյանը՝ «Գեւորգ»-ում, ավագ լեյտենանտ Էդուարդ Սահակյանը՝ «Թագավոր»-ում:

Բայց նրանք, որքանով հասկացանք, արժանապատիվ ու քաջ հրամանատարներ չեն սոսկ, այլ՝ զինվորների ծնողներ, ավագ ընկերներ, բարեկամներ… Առաջնագծում այլ վիճակ չէինք էլ պատկերացնում:

***

Համոզված ենք՝ յուրաքանչյուր ոք, ով այցելում է «Թագավոր» հենակետ, սքանչանում է եւ հպարտություն ապրում:

Այդտեղ լինելուց հետո ես միայն հասկանում, թե ինչու են հենակետին հենց այդ անունը տվել: Իրոք որ թագավոր… Ե՛վ դիրքով, ե՛ւ ամրությամբ ու հուսալիությամբ, ե՛ւ հակառակորդին (հարկ եղած դեպքում) հարվածելու բացառիկ հնարավորությամբ:

Զորամասի հրամանատար Կարեն Սեդրակյանի հետ քիչ ենք շփվել, մեր այցելության օրն էլ զորամասում չէր: Բայց միայն «Թագավոր» հենակետի կառուցման համար, որ իրականացվել է մոտ մեկ տարի առաջ, արժանի է բարձր գնահատության:

Շատերի հավաստմամբ՝ զորամասի հրամանատարը՝ առավել, քան նախորդ հրամանատարներից որեւէ մեկը (Ղեւոնդ Հովհաննիսյանից բացի), ամենամեծ ուշադրությունն է դարձրել (եւ դարձնում) առաջնագծի ինժեներական կառույցների արդիականացմանը, հենակետերի ու դիտակետերի հուսալիության ապահովմանը:

Դրանում համոզվեցինք նաեւ «Մխիթար սպարապետ» եւ «Գեւորգ» հենակետերում:

Հենակետերի անուններն էլ հենց այնպես չեն ընտրված: Ամեն մի անուն մի ողջ պատմություն է, ոգեշնչման ակունք, պատասխանատվության հավելյալ ազդակ. Դավիթ Բեկ, Մխիթար սպարապետ, Հալիձոր (նկատի է առնվել 1727թ. մարտին Հալիձորի բերդի հերոսական պաշտպանությունը), Գեւորգ (1992-ին այդ դիրքերում նահատակված մեղրեցի ազատամարտիկ Գեւորգ Խաչատրյանն է), Խաչ, Կաքավաբերդ…

Հենակետերի տպավորիչ ու ոգեւորող վիճակը, անշուշտ, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի նվիրական աշխատանքի հերթական արտացոլանքն է:

***

Երբ ամիսներ առաջ «Սյունյաց երկրին» հարցազրույց տվեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, հասկանալի դարձան շատ-շատ հանգամանքներ՝ կապված նախիջեւանյան սահմանի հետ:

Բայց սույն այցելությունը մեզանում ամրապնդեց համոզվածությունն ու վստահությունը, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի այդ հատվածի պահպանությունը, հիրավի, հուսալի ձեռքերում է:

Դժվար, բայց եւ պատվավոր այդ առաքելությունը Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում իրականացնում է Ագարակի փառապանծ զորամասը: Մերձարաքսյան Ծիրանաձորից մինչեւ Կապուտջուղի երկնաքեր բարձունքներ ու Գեղիի ձոր հենց այդ զորամասի հսկողության ներքո է գտնվում մեր պետական սահմանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
21 մայիսի 2016թ.

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25