Մեղրու արաքսամերձ գյուղերում, ոռոգման ջրի սակավության պատճառով, վտանգված է բերքը՝ գյուղացիների ապրուստի միակ միջոցը

31.08.2022 15:26
2735

Մի քանի օր է՝ Մեղրու արաքսամերձ գյուղերից ահազանգ ենք ստանում՝ ոռոգման ջրի աննախադեպ նվազման և այդ պատճառով՝ ընթացիկ տարվա բերքը փչացման վտանգի առջև հայտնվելու մասին...

Օգոստոսի 30-ին այդ բնակավայրերում հանդիպումներ ունեցանք ոչ միայն բնակիչների, այլև համայնքային իշխանության ղեկավարների, «Սյունիք» ՋՕԸ-ի Մեղրու մասնաճյուղի պատասխանատուների հետ...

Մեղրու տարածաշրջանում այս օրերին, առանց չափազանցության, բոլորի խոսակցության թեման ոռոգման համակարգում ստեղծված խայտառակ վիճակն է, այգիներին սպառնացող վտանգը...

Վարդանիձոր գյուղի մերձակայքում տեղակայված ԱԻՆ-ի ամառային սպասարկման կետում, որտեղ առավոտյան հանդիպեցինք համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանին և «Սյունիք» ՋՕԸ-ի պետի տեղակալ Ալեքսան Օհանջանյանին, մարդիկ այդ խնդիրն  էին քննարկում:

Քննարկումներն ավելի թեժ էին Շվանիձորի պոմպակայանի մերձակայքում, որտեղ տեխնիկայի օգնությամբ, նաև ձեռքի աշխատանքով փորձում էին Արաքսի ջուրը՝ փոքրիկ ջրանցքի միջոցով, մոտեցնել պոմպակայանին:

Օրվա վերջին, երբ արդեն վերադառնում էինք Շվանիձորից, Արաքսաշենի բնակիչները դարձյալ ջրի հարցն էին քննարկում և Բագրատ Զաքարյանից լուծումներ պահանջում՝ քաջատեղյակ լինելով նաև, որ խնդիրը դուրս է համայնքային իշխանության գործառույթներից:

Ինչո՞ւ են մեղրեցիները և հատկապես արաքսամերձ գյուղերի ջրօգտագործողներն այդքան անհանգստացած:

Միայն մեկ փաստ՝ 40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում որոշ այգիներ ջրի երես չեն տեսնում 26 օր շարունակ, որովհետև... հերթն իրենց  չի հասնում:

Եվ ամիսների չարչարանքի, ծախսերի արդյունք միրգը, որ այդ գյուղերի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, փչացման ստույգ վտանգի առջև է հայտնվել:

Իրավիճակն արդեն իսկ բացասական անդրադարձներ է ունեցել բերքի և ընդհանրապես այգիների վրա:

Շվանիձորցի երիտասարդն է դիտարկում՝ «Եվս նման 10-15 օր, և կունենանք շատ քիչ նուռ, այն էլ՝ անորակ և շուկայում պահանջարկ չունեցող»:

Մեկ ուրիշն էլ հավելում է՝ «Ճիշտ է, թզի բերքն արդեն հավաքել ենք, բայց ծառերը չջրելու դեպքում՝ եկող տարի բերք չեն ունենա»:

Բագրատ Զաքարյանն էլ այդ կարծիքին է՝ ոռոգման ջրի անբավարար մատակարարման հետևանքով այգեգործներն արդեն վնասներ են կրում Ագարակ քաղաքի վերին հատվածում, Նռնաձորում, Արաքսաշենում, Ալվանքում և հատկապես Շվանիձորում:

Գլխավոր հարցը՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ոռոգման համակարգը չի հասցնում ջուր մատակարարել ջրօգտագործողներին:

Այդ տարածաշրջանում, խոստովանենք, չտեսնված երաշտ է այս տարի, որի հետևանքով ջրային ռեսուրսների էական նվազման իրողության ենք բախվել:

Մեղրի գետը հիմա մի փոքրիկ առվակի է նման, իսկ Արաքսը չափազանց սակավաջուր է դարձել...

Իրավիճակն օբյեկտիվ գնահատելու համար փորձեցինք նախ՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի կարծիքն իմանալ, և ստացանք յուրովի ու ընդհանրական պատասխան՝ «Այս ամենը ջրային ռեսուրսների վատ կառավարման հետևանք է»:

«Սյունիք» ՋՕԸ-ի պատասխանատուներն էլ իրենց դիրքորոշումը հայտնեցին:

Ալեքսան Օհանջանյան, «Սյունիք» ՋՕԸ-ի պետի տեղակալ

- Ստեղծված իրավիճակի պատճառը մեկն է՝ սակավաջրություն, Արաքսի ջուրը պակասել է: Օրվա ընթացքում ջրի հոսքը երբեմն այնքան է պակասում, որ չենք հաջողում ջուր վերցնել:

Պոմպերի հետ կապված խնդիր չունենք. Արաքսի վրա ութ պոմպակայան ունենք, բոլորն էլ աշխատում են: Կան նաև 2-րդ աստիճանի պոմպակայաններ, որոնք նույնպես, որոշ բացառությամբ, աշխատում են:

Պոմպերի ընթացիկ նորոգումներն անում ենք տեղում, իսկ լուրջ խնդիրների դեպքում՝ Երևանում:

Իհարկե, պոմպերը, պոմպակայաններն արդիականացման խնդիր ունեն:

Կազմակերպական խնդիրներ էլ չունենք. և «Սյունիք» ՋՕԸ-ի ղեկավար Նաիրի Հովհաննիսյանը, և մյուսներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Մեղրու տարածաշրջանին:

Ինչ վերաբերում է Մեղրի գետին...

Գետից եկող ինքնահոս ջրատարն աշխատում է՝ Լեհվազից սկսում  և Մեղրի-Ագարակ խաչմերուկում բաժանվում է. մի ճյուղը՝ Արաքսաշեն-Ալվանք-Շվանիձոր-Նռնաձոր, մյուս ճյուղը՝ Ագարակ:

Մինչև օգոստոսի 1-ը ինքնահոս այդ ջրատարը նորմալ է աշխատել և, կարելի է ասել, խնդիրներ չենք ունեցել: Դրանից հետո գետը ցամաքել է ու հիմա, ինքներդ կարող եք տեսնել, գրեթե ջուր չի հոսում:

Օգոստոսի 29-ից ստիպված ենք եղել Լեհվազ, Թխկուտ, Վարդանիձոր գյուղերի ոռոգման ջուրը ժամանակավորապես կտրել և ուղղել դեպի Արաքսաշեն...

Գևորգ Առաքելյան, «Սյունիք» ՋՕԸ-ի Մեղրու տեղամասի պետ

- Ալվանքում և Նռնաձորում Արաքսի հոսքը մասնակիորեն անցնում է Հայաստանի տարածքով, և կարողանում ենք, անգամ  սակավաջրության  դեպքում, ջուրը մոտեցնել պոմպերին և նորմալ ջրամատակարարում ապահովել:

Այլ է խնդիրը Շվանիձորում... Ներկա պահին այդտեղ գործ ունենք Արաքսի ջրային հոսքի աննախադեպ նվազման հետ: Երեկվանից մինչև այսօր, օրինակ, գետի խորությունը կես մետրով պակասել է:

Եվ այդ իրավիճակում պիտի կարողանանք ջուրը մոտեցնել պոմպին. դա է խնդիրը, որ դառնում է մարդկանց դժգոհության, հերթերի պատճառ:

Պոմպի խնդիր չունենք, շարժիչի խնդիր չունենք, խնդիրը միայն ու միայն (այս պահին) Արաքսի սակավաջրության մեջ է:

Ընդ որում՝ Արաքսը բացառիկ տիղմաբեր գետ է, և այդ պայմաններում կարողանում ենք ապահովել պոմպերի անխափան աշխատանքը:

Հետաքրքիր էր նաև ջրօգտագործողների կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հովհաննես Օհանյան, Շվանիձորի բնակիչ

- Գարնանից մինչև օգոստոսի կեսը ոռոգման խնդիրը լուծվել է ինքնահոս ջրամատակարարմամբ (Մեղրի գետից եկող) և գյուղի չորս քահրիզով:

Օգոստոսի 15-ից, հասկանալի պատճառներով, քահրիզները դադարել են ջուր տալ, կանգ է առել նաև ինքնահոս ջրամատակարարումը...

Արդյունքում՝ գյուղացիների տնամերձերը և սեփականաշնորհված 42 հա հողերը մնացել են մեկ պոմպի հույսին՝ ժամում 180 տոննա ջուր թողունակությամբ: Իսկ այդ մեկ պոմպը նույնիսկ ներքևի գոտուն չի բավարարում:

Եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեն և ջրի մատակարարումը շարունակի նվազել, ապա այգիների վիճակն ավելի է վատթարանալու:

Կան այգիներ, որ 26 օր շարունակ ջուր չեն տեսել, ու չգիտենք էլ՝ հերթը երբ է հասնելու:

Ալիկ Թումանյան, Շվանիձորի վարչական ղեկավար

- Արաքսամերձ գյուղերում բնակավայրերի գոյության գլխավոր պայմանն այգեգործությունն է: Շվանիձորում՝ 78 տնտեսություն, 280 բնակիչ... Այդ ընտանիքների, այդ մարդկանց հույսը 80 հա-ի հասնող ջրովի այգիներն են: Ահա, թե ինչ կարևորություն ունի ոռոգման ջուրը մեր գյուղում...

Շրջանառվող տեսակետը, թե Մեղրու ոռոգման համակարգում ստեղծված վիճակի պատճառներից մեկը Մեղրի գետի վրա կառուցված փոքր հէկերն են՝ լիովին հերքեց այդ ոլորտին քաջատեղյակ Բորիկ Սարգսյանը, ում դիրքորոշմանը հավանություն տվեց համայնքապետը. արդեն 15 օր է՝ այդ հէկերը չեն աշխատում:

Մենք եղանք նաև Ալվանքի պոմպակայանում. իրավիճակն այդտեղ համեմատաբար մտահոգիչ չէ: Պոմպավար Աբել Ոսկանյանի հավաստմամբ՝ «Օրական 17-18 ժամ ջուր ենք տալիս գյուղին, ընտիր բերք է սպասվում, մնում է իրացումը... Անցած տարվա այս օրերին այստեղ կռիվ էր, ջրի կռիվ, «նասոսները» չէին աշխատում: Համայնքապետ Բագրատ Զաքարյանի շնորհիվ գարնանը ջրավազանն է մաքրվել...»:

Իսկ ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը՝ հեռանկարային կտրվածքով:

Որպես հեռանկարային ելք՝ բոլորը միաբերան այն կարծիքն ունեն, որ Մեղրու ջրային խնդրի լուծումը Լիճքի ջրամբարի կառուցումն է: Ի դեպ, այդ խնդիրն օրակարգում է մի քանի տասնամյակ շարունակ՝ դեռևս նախորդ դարի 50-60-ական թվականներից:

Ըստ Բագրատ Զաքարյանի՝ Լիճքի ջրամբարի կառուցումը հանրապետությունում կառուցվելիք ջրամբարների առաջին փուլի ծրագրի մեջ է: Նախատեսվող ջրամբարը կունենա 3 մլն խորանարդ մետր տարողություն, որը կբավարարի Մեղրու կարիքները:

Բորիկ Սարգսյանն էլ ավելացնում է՝ «Մեղրին անսպառ ջրային պաշարներ ունի. գարնանը մեր լեռներից այնքան ջուր է հոսում... Եթե դրա մի մասը հավաքենք ջրամբարում, ապա որևէ խնդիր չենք ունենա: Իսկ ամռանը... Օրերս եղել եմ Սպիտակ ջուր կամ Ցուրտ ջուր կոչվող վայրում, հիմա այդ լճից վայրկյանում 50-60 լիտր ջուր է դուրս գալիս և մի քիչ ներքև բաժանվում Քաջարանի ու Մեղրու միջև: Գարնանը դրանից հինգ հարյուր անգամ ավելի ջուր է հոսում այդտեղից, ինչո՞ւ չհավաքել...»:

Հովհաննես Օհանյանն էլ կարծում է, որ խնդիրը կարելի լուծել նաև Ծիրանաձորից (Արաքսի հունը՝ Ագարակի և Օրդուբադի միջև ընկած տարածքում) խողովակով ջուր տեղափոխելով: Բայց հիմնավոր լուծումը ջրամբարն է:

Ի՞նչ անել այս պահին, չէ՞ որ բերքը չորանում է:

Գյուղացիների մեծ մասի կարծիքով՝ ելքը ջրի մուտքի նկատմամբ ամենօրյա հսկողությունն է, Շվանիձորի դեպքում՝ պոմպակայանի երկրորդ մուտքի ապահովումը:

Ագարակ քաղաքի բնակիչ Աշոտ Մովսիսյանի կարծիքով՝ խնդիրը կարելի է լուծել գետի հունի մեջ՝ պատնեշի օգնությամբ ջրի մակարդակը որոշ տեղերում բարձրացնելով, և դրանով իսկ ջուրը պոմպերին հասցնելով:

Այդ գաղափարն ընդդիմախոսները ողջամիտ չհամարեցին՝ նկատի ունենալով, որ գետի վարարման դեպքում, րոպեների ընթացքում, պատնեշը կվերանա:

Անշուշտ, վերոնշյալ դիտարկումներից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության, և մենք չենք պատրաստվում դրանք հերքել կամ բանավեճի առարկա դարձնել: Այդ բոլորով հանդերձ՝ մի քանի հարց չէր կարող առավել չմտահոգել մեզ:

Նախ՝ Արաքսի ջրային հոսքի աննախադեպ նվազման մասին:

Ջրային ռեսուրսները տնօրինող պետական մարմինները պետք է պարզաբանեն՝ արդյո՞ք սուբյեկտիվ գործոնների արդյունքում է Արաքսի ջուրն ամռան այս տապին էականորեն նվազել: Որոշ մեղրեցիներ այդ երևույթը բացատրում են Նախիջևանի տարածքում հէկերի համար օգտագործվող ջրով, որն այնուհետև չի վերադարձվում գետի հուն:

Հաջորդը՝ այդ ո՞ր մի կոտրած ձեռքն է, որ 2000 թվականից Մեղրու տարածաշրջանի գյուղերի համար սահմանված ոռոգման ջրի զեղչված 5,5  դրամ սակագինը (1 խորանարդ մետրի դիմաց) դարձրել 11 դրամ (բացի Նռնաձորից)՝ թեև ՀՀ կառավարության 2000 թվականի որոշման մեջ, որով սահմանվել էր զեղչը, փոփոխություն չի կատարվել:

Վճարումների հարցը. առկա պարտքերի մասին ստույգ  տեղեկություններ չկարողացանք ստանալ: ՋՕԸ-ի Մեղրու պատասխանատուն դրա վերաբերյալ տեղեկություն տալն իր իրավասություններից դուրս հարց է համարում:

Այդուհանդերձ, ինչո՞ւ գյուղացիների զգալի մասը հրաժարվում է վճարել ոռոգման ջրի համար: Ջրօգտագործողներից մեկն այսպես ասաց՝ «Եթե մրգի հասունացման շրջանում ջուր չի տրվում, և միրգը փչանում է, ինչո՞ւ պետք է վճարեմ»:

Մյուս կողմից՝ մարդիկ ուզում են իմանալ՝ ի՞նչ նկատառումով է 2021-ից ջրի սակագնի զեղչը վերացվել:

Մեկ այլ տեսակետ՝ «Մեզանից ջրի վարձը վերցնում են ոչ թե խորանարդ մետրով, այլ ժամանակի կտրվածքով, որը սխալ է: Դրեք ջրաչափ, իմանանք՝ որքան ջուր ենք օգտագործել, և կվճարենք: Իսկ հիմա՝ տալիս են ժամով, ու թե որքան ջուր է այգի հասնում՝ ներքին ցանցի անմխիթար վիճակում, միայն ենթադրել կարելի է»:

Շվանիձորում զարմացած են՝ «Գյուղի ներսի 2-րդ աստիճանի պոմպակայանը 2-3 տարի է՝ չի գործում, ասում են՝ հոսանքի պատճառով: Այդ հարցը չի լուծվում, և ուզում ենք, որ գյուղի վերին գոտին ջո՞ւր հասնի, չի ստացվի»:

Գևորգ Առաքելյանը, ի պատասխան այդ հարցադրումերի, արձագանքում է՝ «Ջրաչափմանն անցնելը ճիշտ է, մարդիկ կիմանան, թե կոնկրետ որքան ջուր են ստացել, իսկ Շվանիձորի 2-րդ աստիճանի պոմպակայանի վերագործարկումը գալիք տարվա ծրագրերի մեջ է»:

Եվս մեկ հարց՝ ոլորտի աշխատողների աշխատավարձը... Ալվանքի բնակիչ Գրիշա Մաթևոսյանը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ից գյուղում ջրբաշխիչ չկա: Որոշ տեղերում էլ, պարզվում է խնդիրներ կան պոմպավարների հարցում: Այսինքն՝ այդ ոլորտում աշխատելը, կարծեք, գրավիչ չէ...

***

Այդ ամբողջ լարվածության մեջ, խոստովանենք, չէր կարելի չնկատել և՛ համայնքապետ Բագրատ Զաքարյանի, և՛ ՋՕԸ-ի տեղացի աշխատակիցների եռանդուն գործունեությունը՝ առկա դժվարությունները հնարավորինս մեղմելուն միտված:

Բագրատ Զաքարյանը, իսկապես, գործի մարդ է և իր տեղում է: Նրա նախաձեռնությամբ են գարնանը մաքրվել պոմպակայանների ջրավազանները, որ վերջին անգամ 7-8 տարի առաջ էին մաքրվել: Հիմա էլ՝ ՋՕԸ-ի պատասխանատուների հետ ձգտում է շատ թե քիչ հաղթահարել առկա դժվարությունները, փորձում է վերադաս մարմինների հետ լուծել դրանց մի մասը:

Իսկ ՋՕԸ-ի աշխատակիցները՝ մի մասն Արաքսի ջուրը պոմպակայանին հասցնող ջրանցքն է մաքրում և խորացնում, մյուս մասը պոմպերն է վերանորոգում, երրորդ խումբը՝ ջրի կորուստները վերացնում...

Մեղրու ոռոգման համակարգում ստեղծված մտահոգիչ վիճակի և բնակչությանը հուզող հարցերի մասին ակնկալում ենք լսել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ինչպես և Ջրային պետական կոմիտեի ղեկավար Վահագն Գևորգյանի պարզաբանումը: Չէ՞ որ խոսքը մի ամբողջ տարածաշրջանի մասին է, որտեղ բնակչության զգալի հատվածի գոյության միակ միջոցն այգեգործությունն է...

Հ.Գ.

 Շվանիձորում, վերադարձից  առաջ, հյուրընկալվեցինք Հմայակ Վարդանյանի բնակարանում: Տանտիրուհին՝ տիկին Մարիամ Ոսկանյանը մեզ հյուրասիրեց  Շվանիձորի մեղրածոր մրգերով և, իհարկե, տեղի անմրցելի գինով:

                                                                                                                        Սամվել Ալեքսանյան

 

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53