Մելիքսեթ Պողոսյան. «Համախմբվենք հայոց բանակի շուրջ եւ ոչ թե խոսքով, այլ գործով աջակցենք մեր զինված ուժերին»

18.09.2022 17:48
4343

Խնածախի սահմանապահ դիրքեր կատարած այցի ընթացքում այսօր հանդիպեցինք ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի Սյունիքի եւ Վայոց ձորի սահմանների պաշտպանության հարցերով խորհրդական Մելիքսեթ Պողոսյանին եւ զրույց ունեցանք մի քանի խնդրի շուրջ:

-Պարոն Պողոսյան, նախ՝ Սյունիքի սահմաններում տիրող վիճակի Ձեր գնահատականը կուզենայինք իմանալ:

-Հրադադարի խախտում է արձանագրվել սեպտեմբերի լույս 17-ի գիշերը՝ Խնածախի եւ Տեղի ուղղությամբ: Հակառակորդի հրազենային հրաձգություններին համարժեք պատասխան է տրվել:

Այս պահի դրությամբ մեր զորամասերը կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները:

Մի կարեւոր հանգամանք եմ ուզում առանձնացնել՝ եթե վերջին երեք-չորս ամիսներին սահմանի երկարությամբ կատարված չլինեին ինժեներական, ամրաշինական մեծածավալ աշխատանքներ, ապա մեր կորուստները (ե՛ւ մարդկային, ե՛ւ տարածքային) ավելի շատ կլինեին:

Մի դիտարկում էլ՝ ճիշտ է, ունենք տարածքային կորուստներ, բայց Հատուկ բանակային կորպուսի զորամասերին հաջողվել է ձախողել թշնամու հիմնական՝ Սյունիքով Նախիջեւանին միանալու ծրագիրը:

-ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավարն եք, ինչպե՞ս արձագանքեցիք ադրբեջանցիների ագրեսիային:

-Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, երբ տեղեկացանք ադրբեջանական լայնածավալ հարձակման մասին, ոտքի հանեցինք ամբողջ երկրապահը: Մի մասն անմիջապես ճակատ է մեկնել, մյուս մասն էլ մարտական հերթապահության է անցել:

Համագործակցում ենք Հատուկ բանակային կորպուսի հետ…

-Դեռեւս 44-օրյա պատերազմի ժամանակ, որքանով տեղյակ ենք, Դուք առաջարկում էիք սահմանամերձ  համայնքներում կազմակերպել մշտապես գործող ինքնապաշտպանական ստորաբաժանումներ՝ կամավորականներից բաղկացած, նաեւ համապատասխան զինանոցով:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ գաղափարը:

-Չէի ցանկանա մանրամասների մեջ մտնել, բայց կարող եմ ասել՝ այն բնակավայրերում, որտեղ եղել է միասնություն եւ հայրենի եզերքը պաշտպանելու վճռականություն, որտեղ ունեցել ենք կազմակերպված եւ մարտունակ ինքնապաշտպանական ջոկատ, այդ գյուղերից (սեպտեմբերի 13-ին եւ 14-ին) որեւէ բնակիչ չի հեռացել եւ, որ գլխավորն է, այդ գյուղերի ուղղությամբ թշնամին չի կարողացել մեկ քայլ անգամ առաջ գալ:

Խոզնավար-Սեւ լիճ պաշտպանական գծի օրինակը՝ ահավասիկ: Ագրեսորը ոչ մի կերպ չկարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծը:

Ուզում եմ նշել մի քանի գյուղի օրինակ, որոնք մինչ այդ ստեղծել էին մարտունակ ինքնապաշտպանական ջոկատներ՝ Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ, Հարթաշեն, Ակներ, Վերիշեն, Քարահունջ, Հարժիս, Տաթեւ համայնք…

-Իսկ ինչո՞ւ նման սկզբունքով ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպման գործը չշարունակել:

-Իհարկե շարունակում ենք, եւ այդ ամենն իրավական առումով կարգավորվել է, մնում է կազմակերպական աշխատանք զինկոմիսարիատի հետ:

Խոսում ենք հրադադարի մասին…

Ես իմ ընկալումն ունեմ այդ ամենի վերաբերյալ՝ հրադադարի եւ խաղաղության ամեն րոպեն պիտի կարողանանք ծառայեցնել երկրի սահմանների պաշտպանությանը: Մեծագույն անլրջություն է, երբ պաշտպանական խնդիրների մասին մեր մտահոգություններն ակտիվ արտահայտություն են գտնում միայն պատերազմի ժամանակ:

Մյուս կողմից՝ կամավորական ջոկատ ասվածն էլ, երբ յուրաքանչյուր կամավորականի հետ արդեն պայմանագիր է կնքված, չի կարող լուրջ գործոն լինել մարտական գործողությունների ընթացքում, եթե կամավորականը նախապես չի անցել մարտական պատրաստություն:

Այսինքն՝ կամավորական ջոկատ կազմակերպելիս պետք է հրաժարվել սիրողական մոտեցումներից եւ կարեւոր նշանակություն տալ մարտական պատրաստվածությանը…

-Եվ, այդքանով հանդերձ, գլխավոր եզրակացությունը, որին հանգել եք սեպտեմբերի 13-15-ի ադրբեջանական ագրեսիայից հետո:

-Ակնկալում եմ, որ պետական համապատասխան օղակներում հանգամանալից վերլուծություն կկատարվի՝ դրանից բխող եզրակացություններով եւ գործողություններով:

Կարծում եմ՝ մեր պաշտպանական գիծը պետք է խտացվի, մեր սահմանի ամեն մի մետրը պիտի պաշտպանված լինի:

Հերթական անգամ համոզվեցինք՝ թշնամին մեր տարածք է խուժում այն վայրերում, որտեղ մեր պաշտպանական գիծը թույլ է, որտեղ մեր շարքերը նոսր են, որտեղ ինքն ակնհայտ գերազանցություն ունի:

-Ամփոփենք մեր զրույցը…

-Մեր զինվորականությունն այդ գործողություններում հերթական անգամ հերոսականություն դրսեւորեց, վերստին համոզվեցինք՝ հայ զինվորականն իր երկրի նվիրյալն է, հայ զինվորականը պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի…

Ուրեմն՝ համախմբվենք հայոց բանակի շուրջ եւ ոչ թե խոսքով, այլ գործով աջակցեք մեր զինված ուժերին:

Դա համարեք իմ կոչը հայրենակիցներիս…

Ժամն է իրերը կոչելու իրենց անուններով. իրավիճակը բախտորոշ է, կանգնած ենք հայ լինել-չլինելու ջրբաժանում:

Կրկնում եմ՝ այս հրադադարի ամեն ժամը պիտի ճիշտ օգտագործենք…

Խոսքս նաեւ թիկունքին է վերաբերում՝ ամեն կրթօջախ՝ մանկապարտեզից մինչեւ բուհ, ամեն մի տնտեսվարող սուբյեկտ պիտի լուծի ապաստարանի հարցը, պիտի իմանա, թե իրադարձությունների անցանկալի զարգացման դեպքում ինչպես է ապահովելու քաղաքացիական բնակչության անվտանգությունը:

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները. Ամստերդամ

21.04.2026 22:05

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

21.04.2026 21:46

Իրանը բանակցություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել․ Բաղայի

21.04.2026 21:21

Ովքեր են ընդգրկված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում

21.04.2026 20:29

Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ

21.04.2026 20:06

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը

21.04.2026 18:54

Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով

21.04.2026 17:21

Կախվածություն կստեղծեն Ադրբեջանի նավթից, հետո կշրջափակեն Ղարաբաղի նման․ քաղաքացի

21.04.2026 16:47

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր՝ միավորելով իրենց ներուժը

21.04.2026 16:23

Թրամփը հայտարարել է, որ Իրանը խախտում է հրադադարը. իրանական կողմն էլ ասում է՝ պատրաստ է ռազմական գործողությունների վերսկսմանը

21.04.2026 16:11

Հայաստանում կիրականացվի միջազգային ծրագիր՝ նվիրված խորհրդային ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին

21.04.2026 15:30

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում

21.04.2026 15:27