Մելիքսեթ Պողոսյան. «Տա Աստված՝ ինչքան զինակոչիկ ճանապարհենք, այնքան էլ ընդունենք»

20.06.2017 11:28
3313

ՀՀ նախագահը մայիսի 15-ին հրամանագիր է ստորագրել 2017թ. ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին, ինչի կազմակերպական աշխատանքների համար պատասխանատու են զինկոմիսարիատները: «Ամառային զորակոչի անցկացման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, նրանք, ովքեր պիտանի են ծառայության, ընդգրկվել են ցուցակներում, ովքեր թեկուզ աննշան առողջական խնդիրներ ունեն, ուղարկվել են հետազոտման՝ բժշկական հետազոտության համապատասխան որոշումներ ստանալուց հետո կհստակեցվեն հետագա անելիքները», - նշեց Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը:

Սրտի առիթմիա, բրուցելոզ, գիշերամիզություն եւ այլ հիվանդություններ են տարածված նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների շրջանում: Զինկոմի խոսքով՝ կան ծնողներ, ովքեր մինչեւ պատանիների կցագրումը տեղյակ չեն իրենց երեխաների հիվանդությունից, որի հայտնաբերումից հետո երկու տարվա ընթացքում (16-18 տարեկան) պետության կողմից ուղեգրերով իրականացվում են համապատասխան հետազոտություններ, բժշկական միջամտություններ եւ այլն:

Հուլիսի 1-ից կսկսվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների 2017թ. ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2017թ. հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2017թ. հունիսի 30-ը ներառյալ: Զինկոմից տեղեկացանք նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության մեկնողների մասին. «2007թ.-ից առ այսօր Գորիսի զինկոմ եմ, մեր տարածաշրջանում դեռեւս ոչ ոք չի դիմել այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու համար» (զինկոմ՝ թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ):

Ապրիլյան պատերազմից հետո սահմանից հաճախ եկող գույժը հասարակության շրջանում, թվում է, պետք է փոխեր ծառայության հանդեպ ունեցած վերաբերմունքը, ավելի գերակշռեր բանակից խուսափումը, պատանիների մեջ ինչ-որ առումով վախի զգացում առաջանար եւ այլն: Բայց, ինչպես փաստեց Մելիքսեթ Պողոսյանը, բարեբախտաբար Գորիսի տարածաշրջանում մեր պատկերացրածի հակառակ իրավիճակն է ստեղծվել: Պատանիներն ավելի գիտակցաբար են մեկնում ծառայության, հպարտությամբ կատարում իրենց առջեւ դրված խնդիրները: «Նույնիսկ ծառայության ոչ պիտանի մի երիտասարդ, նրա ծնողը դիմել էր պաշտպանության նախարարին, որ թույլ տան ծառայել, բայց, իհարկե, մերժվել էր: Վերջերս մեր ժամկետային զինծառայողների ծնողների հետ միասին Արցախի հյուսիսային հատված տեսակցության ենք մեկնել. ե՛ւ հրամանատարների, ե՛ւ տղաների հետ հանդիպումներից հասկացանք, որ մեր էրեխեքը «դուխները տեղը» ծառայում են: Ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը՝ թե՛ բանակի գործողությունները, թե՛ կամավորական շարժումը հաշվի առնելով», - նշեց զինկոմը եւ հավելեց, որ այս պահին բանակից խուսափողներ չկան:  Հիմնականում խնդիր է առաջանում նրանց հետ, ովքեր գտնվում են արտասահմանում եւ հաշվառման ժամանակ ՀՀ-ում չեն եղել, բայց այդ հարցն օրենքի սահմաններում կարգավորվում է: 

Պայմանագրային զինծառայողներից խոսելիս գնդապետը նշեց, որ համալրում են առաջին բանակային կորպուսը, եւ այս պահին թափուր տեղ չկա: Գաղտնիք չէ նաեւ, որ պայմանագրային զինծառայության անցնող անձանց մի մասի համար դա զուտ աշխատանք է, իսկ մյուս մասի համար՝ մասնագիտություն, կյանքը բանակի հետ կապելու ցանկություն:

Դպրոցականների, ուսանողների մասնակցությամբ տարբեր մրցումների, դաշտային պարապմունքների, ռազմահայրենասիրական այլ միջոցառումների միջոցով զինկոմիսարիատը ձգտում է բանակ-հասարակություն կապն ամրապնդել: Զինկոմի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին մեծ տեղ է հատկացվում ռազմագիտությանը թե՛ համապետական, թե՛ մարզային ու տեղական իշխանությունների մակարդակով: «Դպրոցների զինղեկների ընտրության հարցում նույնպես փոփոխություններ ենք կատարել. բանակից զորացրված եւ լավագույնս իրենց պարտականություններն իրականացրած պահեստի լավագույն սպաներին ենք նշանակում զինղեկ, ինչի շնորհիվ ռազմագիտություն առարկայի դասավանդման ուղղությամբ բավականին առաջընթաց կա», - տեղեկացրեց Մ.Պողոսյանը՝ հավելելով, որ մրցումներում հաղթող ճանաչված հաստատությունն ու սաները մշտապես առանձնահատուկ ուշադրության են արժանանում: (խմբ.՝ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակազմն ու մի խումբ ուսանողներ եղեռնի տարելիցի նախօրեին այցելեցին ազատագրված տարածքներ եւ հայկական շուրջպար բռնեցին մայր Արաքսի ափերին, ինչն իրականություն դարձավ Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանի խոստման համաձայն):

Վերջերս բարձրդասարանցիների մասնակցությամբ Գորիսի զինկոմիսարիատը նույնպես կազմակերպել էր երկօրյա դաշտային պարապմունքներ, որին մասնակցում էր մոտ 400 հոգի: Զորամասի առօրյային ծանոթանալուց բացի՝ նրանք անցան պրակտիկ պարապմունքներ՝ ուսումնական կետերի բացազատում, կրակային պատրաստականություն եւ այլն: Զինկոմի տեղեկացմամբ՝ խրախուսվել են թե՛ լավագույն աշակերտները, թե՛ զինղեկները: Հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում բանակում կին սպաներ ունենալուն՝ պատասխանեց. «Կուզեմ, որ չհասնենք նրան, որ տղամարդ հրամանատարների թիվն այնքան պակասի, որ կանանց նույնպես ներգրավենք այս գործում: Իմ ցանկությունն է, որ կանայք միշտ թիկունքում լինեն»:   

Հասարակությունը պարբերաբար «ցնցվում» է ոչ միայն հակառակորդի գնդակից զոհ դարձող զինծառայողների մասին լսելով, այլեւ, ցավոք, տարբեր հանգամանքներով պայմանավորված, բանակի ներսում իրականացված սպանություններից, ինքնասպանության դեպքերից: Վերջերս պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ ծնունդով Տեղ գյուղից Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահը կորուստ էր նաեւ ողջ հայ ժողովրդի համար: «Նախ ասեմ, որ Գագիկ Մեսրոպյանը զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից: Դեպքի մանրամասները ծառայողական քննությունը կպարզի, կարող եմ ասել միայն, որ նմանատիպ երեւույթները խիստ դատապարտելի են ու բանակին ոչ պատվաբեր: Միշտ ասել եմ՝ զինվորն ական է, որ ցանկացած պահի կարող է պայթել, պարզապես յուրաքանչյուր հրամանատար պետք է ուժեղ հոտառություն ունենա, ուժեղ լինի, կարողանա վերահսկել եւ առողջ հիմքերի վրա պահել զորքի բարոյահոգեբանական վիճակը: Ինչպես բուսական աշխարհում, մարդկային կյանքում էլ մոլախոտը ծնվում է առողջին վնասելու համար, ուստի պիտի կարողանանք ժամանակին ազատվել դրանից», - նշեց գնդապետը: Նրա խոսքով՝ զինվորը պարապ չպետք է մնա, այլ անընդհատ մարզվի, հարստացնի մարտավարական գիտելիքներն ու տեխնիկան, անընդհատ շարժի մեջ ու վերահսկողության տակ լինի: «Հեռվից բանակը շատ գեղեցիկ է երեւում, բայց ներսում լինում են խնդիրներ, որոնց լուծումը կախված է հրամանատարի ուժից, չափազանց նվիրվածությունից ու պատասխանատվությունից, մի խոսքով՝ ֆանատիկ լինի, - հավելեց Մ.Պողոսյանը, - բանակում լավ տղա չի լինում, այլ պետք է լինի լավ զինվոր, ով պետք է գիտակցի, որ ծառայության է մեկնում  հաղթանակած բանակ: Մեր ունեցածի արժեւորմամբ մեծացնենք մեր զավակներին, որ պատվով կատարեն իրենց պարտականությունները, ինչի շնորհիվ էլ ծնողը քաղի իր դաստիարակության պտուղները»:

Զրուցակցիս խոսքով՝ մեր երկրի համար կորուստ է նաեւ վթարների հետեւանքով ամեն հայորդու մահը, ինչին, կարծեք թե, ավելի հանգիստ ենք արձագանքում. բայց չէ՞ որ դրանով նույնպես կորցնում ենք հայրենիքի պաշտպանին: Ուստի ամեն պարագայում առաջնորդվենք զգոն ու կարգապահ լինելու սկզբունքով: 

18 տարի հրամանատար աշխատելով՝ կարողացել է զինվորների շրջանում այն մտածելակերպը ձեւավորել, որ մի ընտանիք ենք, հիշում է, թե ինչպես մի անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել է՝ եթե զինվոր լիներ, կուզեր Մելոյի հրամանատարության ներքո ծառայել: Իր փորձից ելնելով՝ եկել է այն եզրակացության, որ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում կառավարումը չպետք է կորցնել, եթե կորցրիր, տապալվում ես, գնում ձախողման: «Համազգեստը միայն ցուցադրելու համար չէ, այն ծառայությունից պիտի մաշվի. ամեն պահի հրամանատարն աչքերը փակ պետք է կարողանա ղեկավարել իրավիճակը, նախապես զգա հնարավոր վտանգը եւ կանխարգելի, որ հետո չասի՝ բա…», - նշում է գնդապետը:

Ի դեպ, մայիսի 16-ին լրացավ Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ Թուրուսի խութի գրավման 25-ամյակը, ինչը նշանակալի իրադարձություն էր տարածաշրջանի գյուղերի անվտանգության, նրանց պաշտպանության համար: Մանրամասն ներկայացնելով բարձունքի գրավման նախապատրաստական եւ ընթացիկ գործողությունները՝ հրամանատարը նշում է, որ հայ մնալու, անկախություն ձեռք բերելու հստակ գիտակցությամբ են գնացել այն օրերին կռվի դաշտ՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկը՝ կյանքը:

Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր քաղելուն, ապա նա նշեց, որ բոլոր ժամանակներում էլ առաջնագծում, բանակում միշտ անելիք կա: Համարյա 25 տարի անց կրկին կռվի դաշտ մտնելով՝ մեր բանակն իր մարտավարությամբ, նվիրվածությամբ աշխարհին ապացուցեց, որ ի վիճակի է կատարել իր մարտական առաջադրանքը, կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ ոտնձգությունները: «Հաղթանակած բանակի հիմքերը դրված են, ինչն ավելի ամրապնդեց ներկա սերունդը՝ փառքով կատարելով իր առաջադրանքը. հայրենասիրության, միասնականության եւ խիզախության պոռթկում, աչքերից կրակ թափվող զինվոր տեսա այդ օրերին, ինչն էլ ավելի ոգեւորեց բոլորիս: Ավելին՝ շատերի մեջ տեսնում եմ մեզ փոխարինողներ. փառք ու պատիվ հայ զինվորին եւ շնորհակալություն նրանց՝ կատարած գործողությունների համար», - նշեց Մ.Պողոսյանը՝ հավելելով, որ իր առաջարկությունները ներկայացրել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որոնցից որոշներն արդեն իրագործվել են:

Փորձառու հրամանատարը նշում է, որ Ադրբեջանի նպատակը սահմանին ամեն օր հայ զինվորի զոհվելն է, ինչը չպետք է թույլ տալ: Խրամատներում առավել զգոնություն, կարգապահություն պետք է սահմանել, այնպես անել, որ մեր զինվորը խրամատի ներսից կարողանա վերահսկել հակառակորդի գործողությունները: Երկրորդը՝ դարեր շարունակ պետականություն չունեցած ազգը պետք է գիտակցի, որ թուլանալու իրավունք չունի, առաջնագիծը մեր հանրապետության հրապարակն է, կլինի Տավուշի մարզի սահման, թե Արցախի Հանրապետության: «Ցավալի է, որ շատերը մտածում են, թե իր երեխան ինչու պիտի սահմանին ծառայի, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ սահմանից է սկսվում մեր անվտանգությունը, ուստի ուժեղ եւ միասնական լինենք՝ ազգ-բանակ գաղափարախոսության հիմքերն ավելի խորացնելով, ինչը սկսվում է ընտանիքից ու դպրոցից», - նշում է գնդապետը:

Իսկ թշնամու հետ ուժերի հարաբերակցությունից խոսելիս զինկոմն ասաց, որ քանակը բնավ կապ չունի, եթե քո առջեւ դրված խնդիրը պլանավորված կատարում ես, տարբեր իրավիճակներից դուրս գալու համար ունես հնարավոր բոլոր տարբերակները, ապա հաղթանակը քո ձեռքում է. «Ճիշտ է, հակառակորդը զինված է ժամանակակից տեխնիկայով, բայց դա բնավ չի խոսում նրա առավելության մասին. յուրաքանչյուրս մեր մասով կազմակերպված գործողություններ իրականացնենք, ուրիշի հետ գործ չունենք: Վախկոտներն ու թույլերը միշտ էլ ինչ-որ պատճառաբանություններ են փնտրում իրենց անհաջողություններն արդարացնելու համար»:

Ամառային զորակոչի մեկնող նորակոչիկներին, բոլոր զինծառայողներին ու հրամանատարությանը մաղթում է առողջություն, պատրաստակամություն, նպատակասլացություն, բարի ծառայություն եւ բարի վերադարձ հարազատ օջախներ: «Թող մեր երկրում խաղաղություն տիրի, քանի որ երկրի զարգացման առաջնային երաշխիքը խաղաղության ապահովումն է: Միայն հզոր բանակով կարող ես աշխարհում նշանակալի դիրք ունենալ: Հպարտորեն պահենք մեր սահմանները, թիկունքում ուժեղ ու միասնական լինենք, հստակ գիտակցենք պետականության եւ անկախության արժեքը: Աստված տա՝ յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ինչքան զինվոր ճանապարհենք բանակ, այնքան էլ ընդունենք, իսկ եթե պատերազմ լինի, ապա հաղթանակը մեր ձեռքում պահենք», - ամփոփեց զրույցը Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ    

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04