Մենք տեսնելու ենք նրա ճողոպրումը Սյունիքից

20.02.2018 15:42
1726

«Սյունյաց երկրի» դեմ վերջին օրերին ձեռնարկված աներեւակայելի ստորությունների համապատկերի վրա թերթի սկզբունքներն ու դիրքորոշումը նորովի ճշգրտելու եւ հանրայնացնելու կարիք է առաջացել:

Նախ՝ թերթն ու syuniacyerkir.am կայքը ոչ մի օր չեն շեղվել իրենց առաքելությունից: Աշխատում ենք լրիվ ծանրաբեռնվածությամբ ու անդադար, ինչպես նախորդ ժամանակներում: Այդպես կլինի նաեւ այսուհետ:

Մեր սկզբունքներն ու որդեգրած ճանապարհն անշեղ են՝ մենք ենք մեր երկրի ե՛ւ մշակը, ե՛ւ տերը: Ու շարունակելու ենք լինել երկրամասի ընթացքի ճշմարիտ վավերագրողը:

Այս պարագայում նույնիսկ ընդլայնվում է մեր լսարանը. տպագիր օրինակի մի փոքր ուշացումը կամ կայքի նյութերի թարմացման հապաղումն իսկույն տեղիք են տալիս ընթերցողների անհանգստության ու բազում հեռախոսազանգերի:

Ամեն ժամ զգում ենք հազարավոր սյունեցիների աջակցությունն ու զորակցությունը: Հավատացած եղեք՝ մեզ հետ է արժանապատիվ Սյունիքը: Մեզ հետ է Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների մեծագույն մասը. բազմաթիվ մարզպետարանցիներ նույնիսկ պատրաստ են իրենց մեկ ամսվա աշխատավարձը նվիրել թերթին: Մենք ենք մարդկանց խնդրում եւ կոչ անում՝ զուսպ մնալ թերթի հետ համագործակցելիս, ձեռնպահ մնալ թերթի օգտին հրապարակային գործողություններից, քանի որ Սյունիք ներխուժած ասպատակը շատ դաժան է եւ պատրաստ է վնասել յուրաքանչյուրին:

Հայտարարում ենք վերստին՝ մարզպետն իր խմբակով, համայնքապետներով, ենթակա դպրոցների տնօրեններով ու Քաջարանի կոմբինատի ֆինանսական հսկայական ռեսուրսներով չի կարող կանգնեցնել «Սյունյաց երկրի» ազգանպաստ, երկրաշեն ու պետականանվեր ընթացքը: Շատ ամոթ կլիներ թերթի, նրա խմբագրի համար, եթե նրանք միասին, համատեղ ուժերով կարողանային կանգնեցնել մեզ:

Գաղտնիք կարող ենք բացել նույնիսկ. թերթը լրիվ ռիթմով գործելու է ոչ միայն 2018-ին (ինչպես հայտարարել ենք ավելի վաղ), այլեւ 2019-ին. դրա համար բոլոր հիմքերը կան: Ավելին՝ «Սյունյաց երկիրը» առնվազն լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սյունիքի դարպասներից գրողի ծոցը չենք ճամփել Վահե Հակոբյանին:

Մի կարեւոր ճշտում եւս. ստեղծագործական աշխատանքում շարունակելու ենք կատարել միայն ու միայն պատվերներ, ինչպես նախորդ տարիներին, իսկ պատվիրատուն եղել ու կմնա բացառապես Սյունյաց արժանապատիվ ժողովուրդը:

Տեսնելով, որ ձախողվել է թերթի գործունեությունը 2018-ի հունվարից դադարեցնելու երդումի իրագործման հարցում, տեսնելով, որ խոսքի ուժով իր դիմակն ամեն օր նորովի է բացվում ու բացահայտվում, մարզպետը նոր ու ստոր քայլեր ձեռնարկեց խոսքի ազատության սյունիքյան կղզյակը խորտակելու համար:

Հիմնավոր հույս ունենք, որ մարզպետի հրահանգով ու մարզի ոստիկանապետի ջանքով թերթի դեմ հորինված քրեական գործերի քննությունը կիրականացվի հանրապետության այլ վայրում եւ ոչ Սյունիքի մարզում, քանի դեռ մարզի իրավապահ համակարգի միանձնյա ու փաստացի ղեկավարը Վահե Հակոբյանն է:

Վստահ ենք՝ շուլալված քրեական գործերը կհալվեն մայիսյան ձյունի պես, եւ բոլոր վարձկան մատնիչները պատասխանատվության կենթարկվեն սուտ մատնության համար: Հայտնի իմաստություն կա՝ ստի պոչը կարճ կլինի:

Հավատացնում ենք՝ քրեական գործեր կոչվածներից որեւէ մեկի հիմքում գոնե մեկ փաստ կամ ապացույց չկա: Դրանք հորինվել են հանրության ուշադրությունը մարզպետի չարագործություններից, կամայականություններից ու հակապետական արարքներից շեղելու, հանրությանը մոլորության մեջ գցելու ստույգ նպատակով:

Դրանք հորինվել են Վահե Հակոբյանի ֆինանսական ներդրումներով եւ պրիմիտիվ պատկերացումներով: Դրանով մարզպետը փորձել է հավասարության նշան դնել իր աշխատասենյակի, իր գիշերակացի վայր պրոֆիլակտորիայի ու խմբագրատան միջեւ, որը նրան չի հաջողվել ու չի հաջողվի երբեք, քանզի «Սյունյաց երկրի» դավանած եւ գնահատանքի ու դրվատանքի արժանացած արժեքներից առաջինը, թերթի լինելիության կարեւորագույն գրավականը խմբագրի, խմբագրակազմի յուրաքանչյուր անդամի բարոյական վեհ ու ընդօրինակման արժանի նկարագիրն է: 

Ավելին, տասնյակ սյունեցիներ հրաժարվել են Վահեից գումար վերցնել ու նույնիսկ նոր պաշտոն ստանալ եւ դրա դիմաց՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի կեղծ հաղորդումներ տալ ոստիկանությանը. կգա ժամանակը, կլինեն անվտանգության երաշխիքներ եւ կհրապարակենք բոլորի անունները, իսկ առայժմ՝ մեր անկեղծ երախտագիտությունը նրանց՝ քաղաքացիական ու մարդկային ազնիվ պահվածքի համար:                                                                   

                                                                ***

Տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ մարզպետի սազանդարները նրան փառաբանելու նոր ագիտարշավ են սկսել՝ Հայաստանի ամենահզոր մարզպետն է, Սյունիքի նախորդ մարզպետների համեմատությամբ ամենազորավորն է, Հայաստանի ապագա ոստիկանապետն է…

Կենացային ոճի այդ արշավը, սակայն, խղճահարություն է առաջացնում առ մարզպետ:

Դատեցեք ինքներդ՝ մարդուն տվել են անսահմանափակ իշխանություն, քաջնազարականության հեքիաթային պատկերացումները գերազանցող լծակներ… Ի դեպ, Հայաստանում ոչ մի պաշտոնյա չունի այդչափ իրավունքներ: Այո, մարդուն տվել են Սյունիքի մարզպետի լիազորություններ, Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության ֆինանսական հոսքերը վերահսկելու մանդատ, Սյունիքի մարզի իրավապահ մարմիններն ուղղակիորեն ղեկավարելու, ուղղաթիռով աշխատանքի հաճախելու, տարվա մեջ ութ անգամ արձակուրդ մեկնելու, օրերով ու շաբաթներով աշխատանքից փախչելու, արտերկրում ագարակներ գնելու, նախագահի ու վարչապետի՝ հրապարակավ արտահայտած դիրքորոշումներին հակառակ գործելու, ՀՀ սահմանադրությունը եւ գործող օրենքները շրջանցելու, ուժեղացված թիկնազորով պաշտպանվելու, սյունեցիների հանդեպ ատելություն սերմանելու, մարզի մտավորականներին, փոքր ու միջին ձեռնարկատերերին ճնշելու եւ ասպարեզից հեռացնելու, ազատ խոսքի դեմ պատերազմելու իրավունք: Մարդուն պաշտպանելու համար (նախարարությունների, գերատեսչությունների, առաջատար լրատվամիջոցների, գրանտակեր հկ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերով) պողպատակուռ պարիսպ են կառուցել Հայաստանով մեկ:

Եվ այդքանով հանդերձ ու այդքանից հետո մարդը չի կայանում մարզպետի պաշտոնում, մի ամբողջ երկրամասում ընկալվում է իբրեւ թյուրիմացություն, իբրեւ օտարական ու ասպատակ:

Այդքան լիազորություններ ունենալով՝ վեց ամիս շարունակ պայքարում է, որ իր հովանավորյալ մեկին լեռնային հեռավոր գյուղում՝ Դարբասում, դպրոցի տնօրեն նշանակի ու չի կարողանում:

Փորձում է աշխատանքից ազատել Սյունիք գյուղի դպրոցի տնօրենին եւ չի կարողանում անել օրենքով ու ցայտնոտի մեջ է հայտնվում:

Հայցադիմում է ներկայացնում դատարան՝ իբր իր արժանապատվությունը պաշտպանելու համար, բայց վախենում է ներկայանալ դատարան:

Ապօրինաբար աշխատանքից ազատում է Կապանի հիվանդանոցի տնօրենին, բայց սարսափահար փախչում է դատարանից եւ չի կարողանում պատասխան տալ իր արարքի համար:

Խոսում է Սյունիքի անունից, բայց առանց թիկնազորի աշխատասենյակից մի մետր անգամ չի հեռանում:

Այնքան է սարսափած, որ իր աշխատասենյակ մտնողներից պարտադիր կարգով պահանջվում է անձնական իրերը թողնել ընդունարանում…

Դա՞ է հզոր մարզպետը, դա՞ է ուժեղ անհատականությունը: Վերը նշված լիազորությունների մեկ տոկոսը (մարզպետի կարգավիճակով) տվեք որեւէ հաշմանդամ աղջկա եւ կտեսնեք, թե որքան հզոր մարզպետ, որքան համերաշխ եւ ուժեղ Սյունիք ունենք:

Եթե դա է հզորը, ապա ո՞վ է վախկոտն ու ստրուկը, ո՞վ է դավադիրն ու խառնակիչը, ո՞վ է մկան ծակը մտածը: Սերժ Սարգսյանը վերջերս Եվրոպական ամենահեղինակավոր հարթակից հայտարարեց՝ «Այո՛, Թուրքիան հզոր է, բայց Թուրքիայից հզորներն էլ կան»:

Այո՛, Վահեին անսահմանափակ լիազորություններ են նվիրել, բայց բոլոր այդ լիազորությունները ոչինչ են սյունեցու արժանապատվության, սյունեցու պատվախնդրության դիմաց: 

                                                                     ***

Եվ, այդ բոլորով հանդերձ, պարզագույն մի քանի հարց է հետաքրքրում հանրությանը. ինչո՞ւ են, օրինակ, Վահե Հակոբյանին տվել վերպետական, վերսահմանադրական, վերազգային լիազորություններ եւ ինչո՞ւ են արտոնել, որ այդ լիազորություններն օգտագործվի բացառապես անձնական նպատակներով կամ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Խոստովանենք՝ այդ հարցի պատասխանն առայժմ ոչ ոք չի տալիս Հայաստանի Հանրապետությունում:

Բայց մի ուրիշ հարց էլ կա՝ Վահե Հակոբյանի մասին գրվել ու գրվում է բոլոր առումներով ու հանգամանալից, փաստարկված: Նա լիովին դիմակազերծված է: Ինչո՞ւ այդ ամենից հետո  ոչինչ չի փոխվում մարզում, ինչո՞ւ գրված հոդվածներից ոչ մեկը չի քննարկվում պետական մակարդակով: 

Այդ հարցախմբին, թույլ տվեք ասել, այնքան էլ համաձայն չենք:

Լրագրային այդքան հրապարակումներով, նախ՝ բավականին լուրջ զսպաշապիկ ենք հագցրել նրան: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մասշտաբների կհասնեին նրա կամայականությունները, քանի-քանի մտավորականների, տնօրենների նույնպես կհալածեին, քանի-քանի քրեական նոր գործեր եւս կհարուցվեին անմեղ մարդկանց դեմ, եթե թերթը չլիներ:

Մեր հրապարկումներով հույսի կանթեղն ենք անշեջ պահել Սյունիքում եւ հավատը մեր պետական կարգի ու հատկապես դատական-իրավական համակարգի հանդեպ: Տեսեք, թե ինչպես են բոլորը, ում իրավունքը ոտնահարում է անօրեն մարզպետը, գնում դատարան. տարիներ շարունակ Սյունիքում նման բան չի եղել, մարդիկ հազվադեպ են շրջանցել մարզպետի հեղինակությունը եւ դիմել դատարան: Մինչդեռ Վահե Հակոբյանն այսօր դատարանում բազմաթիվ գործերով պատասխանող է: Ընդ որում՝ վստահաբար կարող ենք հայտարարել, որ պարտվելու է բոլոր վեճերում:

Մի՞թե արդյունք չէ իրողությունը, որ պաշտոնավարման 16-րդ ամսում, ի վերջո, մարզպետը սկսել է շաբաթական երեք-չորս օր աշխատանքի հաճախել: Ընդ որում՝ երբեմն ոչ ուղղաթիռով:

Մի՞թե արդյունք չէ իրողությունը, որ գրեթե բոլոր իրավիճակներում (ժողովներ, հանդիպումներ, սեփական աշխատասենյակում մարդկանց հետ զրույցներ) իրեն ոչ միայն տարօրինակ է պահում, այլ անհավասարակշիռ՝ թողնելով ուրիշ բանի տպավորություն:

Մի՞թե արդյունք չէ, որ մեկուկես տարի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությանը սյունիքյան հանրությունը շարունակում է օտարական, վնասարար, անգործունակ եւ դասալիք համարել, շարունակում է ամեն օր սպասել նրա պաշտոնանկությանը:

Հիշենք նախորդ բոլոր մարզպետներին, հիշենք Հայաստանի բոլոր մարզպետներին. ոչ մեկը նրանցից այսչափ չի նվաստացվել ու պարսավանքի ենթարկվել հրապարակավ, որքան այս մեկը: Շարունակությունը պետք է փնտրել բարոյականության, արժանապատվության դաշտում: Ամեն օր թքում են երեսին՝ ասում է՝ անձրեւ է գալիս ու ճակատը նորից դեմ անում:

Չենք էլ հավատում, որ գրված հոդվածները Երեւանում չեն նկատում, չենք էլ հավատում, որ պետական ամբողջ վերնախավը (մեկ-երկու բացառությամբ) զզված չէ նրանից:

Միգուցե եւ մեզ միամիտ ու դյուրահավատ համարեք, բայց մենք հավատում ենք հայրենի պետությանը, այս օրերին տեղի ունեցող համակարգային փոփոխություններին, երկրի ղեկավարին՝ ակնկալելով, որ մի ամբողջ երկրամաս չի կարող մնալ այս վիճակում՝ իբրեւ արոտավայր, իբրեւ ալպյան մարգագետին, իբրեւ զվարճանքի վայր մի հոգու համար: 

Ի վերջո ոչինչ չի կարող հավերժական լինել: Ավելի զորավորներ են եղել ե՛ւ Սյունիքում, ե՛ւ Հայաստանում: Ու նրանք ժամերի ընթացքում ի չիք են դարձել ասպարեզից: 

Անպայման այդպես է լինելու նաեւ մեր հակահերոսի ճակատագիրը: Եվ այդ ժամը մոտեցել է. արդեն իսկ մարզպետափոխության ուրվականն է շրջում Սյունիքում: 

Մենք անպայման տեսնելու ենք նրա մազապուրծ փախուստը Սյունիքից: Մենք նրա խայտառակ վախճանի վկան ենք լինելու եւ արդեն վկան ենք: 

Ինչ վերաբերում է մայրաքաղաքային լրատվամիջոցների, հասարակական եւ իրավապաշտպան կոչված կազմակերպությունների զգալի մասի կուրությանը, ապա դրա պատճառները կիմանանք միայն ու միայն այն ժամանակ, երբ կբացահայտվի, թե «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» անվամբ ընկերությունն ինչ նպատակով եւ ինչ ուղղությամբ է ծախսում ամսական մոտ 100 մլն դրամ աշխատավարձի ֆոնդը՝ ստացված Քաջարանի կոմբինատից: 

                                                            ***

Մեր աչքի առջեւ են նաեւ մարզպետի ստրուկների սյունիքյան շարքը, հայտնի տարփուհիների, հարճերի խրախճանքը եւ մատնիչների գնդի շքերթը: 

Ոչ մեկից նեղանալու իրավունք չենք վերապահում մեզ. նրանք էլ սրբապղծությամբ են իրենց հացը վաստակում:

Մեկ ուրիշ առումով, մինչդեռ, նրանց պահվածքը հետաքրքիր է:

Վահեի նվիրած պաշտոնները, բնականաբար, կորցնելու են շատ շուտով: Նույնիսկ ստիպված են լինելու հաղորդումներ գրել եւ ոստիկանությանը տեղեկություններ տալ ընդդեմ Վահե Հակոբյանի. սովորաբար այդպիսի ճակատագիր են ունենում պալատական ներքինիները, նաժիշտները, ստրուկներն ու ուրացողները:

Խնդիրը, սակայն, դա չէ, այլ…

Ի՞նչ երեսով են մարդամեջ դուրս գալու նրանք: Չէ՞ որ նրանց արարքներն արդեն իսկ գերազանցել են 37 թվականի վերաբերյալ մեր վատագույն պատերացումներն անգամ: Չէ՞ որ պատահական մի Վահե գործիք դարձրեց նրանց եւ օգտագործեց ընդդեմ սյունեցիների, ընդդեմ իրենց երեկվա ընկերների, հարեւանների, բարեկամների, համաքաղաքացիների…                                                                         

                                                                    ***

Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար նկատել է, որ ամեն օր՝ արշալույսից առաջ, աղջամուղջը խտանում է, եւ քիչ հետո խավարը սկսում է նահանջել՝ իր իշխանությունը զիջելով լույսին եւ լուսաբացին: Վերջին օրերի աղջամուղջն ադամամութին բնորոշ մթություն է, որը, անտարակույս, լուսաբաց է ավետում:

Այո, լուսաբացը մոտ է: Մենք միասին ու անպայման տեսնելու ենք Վահե Հակոբյանի շնչակտուր փախուստը Սյունիքից: Եվ նրա անունը հավերժորեն տեղ է գտնելու Սյունիքի պատմության աղբանոցում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57