ՄԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՊԵՏԸ

12.03.2024 15:28
875

Հիսուն տարուց ավելի է, ինչ Ապետնակ Գրիգորյանին գորիսեցիները «Բանաստեղծ Ապետը» անվամբ են կնքել: Բանաստեղծ բառը Գորիսում չափածո խոսք ասելու մոլուցքով տառապող այլ մարդկանց անունների էլ են երբեմն կցում: Եվ դա տեղի է ունենում հատկապես այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն իր պատմությունն անելիս, ցանկանում է զրուցակցին ճանաչեցնել, թե խոսքը մեր քաղաքում նույն անունն ունեցող մարդկանցից որ մեկի մասին է: Բայց նման դեպքերում գորիսեցիները բանաստեղծ բառը տվյալ անձնավորության անվան կողքին հնչեցնում են հիմնականում հետևյալ ձևակերպմամբ՝ էն սուտ բանաստեղծը:

    Տասնամյակներ ի վեր Գորիսի բնակիչների պատկերացումներում Ապետնակ Գրիգորյանն է եղել իսկական բանաստեղծի կերպար մարմնավորող էտալոն-անհատը:

    Գորիսում չի գտնվի մի մարդ, ով նրա մի տողանի, մեջտեղից ծալած տետրը տեսած չլինի: Ողջ կյանքում նույնիսկ իր այդ սովորությանը նա մնաց հավատարիմ. միշտ մի տողանի, բարակ տետրերի էջերի վրա գրառեց չափածո խոսք դարձրած իր նվիրական ապրումները:

    Գորիս քաղաքի կենտրոնական մասի մայթերին դժվար թե գտնվի մի հատված, որտեղ երբևէ Ապետնակ Գրիգորյանը հանրահայտ իր տետրը ձեռքին՝ կանգնած չլինի և, ստեղծագործական արարումով արբեցած ինքնամոռաց տարերքի մեջ, իր սրտին մոտ մարդկանց համար բանաստեղծություններն ընթերցած չլինի: Համոզված եմ, որ այդպիսի դրվագներից գոնե մեկը Գորիսում ապրողների ենթագիտակցական խորքերում, անկասկած, դրոշմվել է:

    Նա միայն կյանքի ութերորդ տասնամյակը թևակոխելուց հետո, ձեռագրերն ի մի բերելով, սկսեց լրջորեն մտածել գիրք տպագրելու մասին և 2013 թվականին վերջապես հրատարակեց «Անթեղած կրակներ» վերնագիրը կրող իր բանաստեղծությունների ժողովածուն:

    Համարյա նույն ծավալի գիրք կարող էր հրատարակել և խորհրդային տարիներին: Բայց խորհրդային իդեալականացված համակարգում նա գիրք տպագրելու փորձ չարեց: Իսկ եթե նույնիսկ աներ՝ մեկ է՝ հրատարակչությունների գործունեությունը վերահսկող, այդ ժամանակաշրջանի գրական իրողություններն «արժևորելու» իրավասությունն իրենց վրա վերցրած, պետության կերակրամաններին մոտ կանգնած գրաքննիչ այրերը հաստատ կձախողեին Ապետնակ Գրիգորյանի՝ գիրք տպագրելու նախաձեռնությունը, քանի որ այդ տարիներին բանաստեղծությունների վերածված նրա ինքնաճանաչողական խոստովանություններն ու քնարական մենախոսություններն անգամ ներծծված էին խորհրդային սղալված իրականությունը մերժող անհատի քաղաքացիական անհնազանդությամբ:

    Անարարդարության հետ չհամակերպվելու, ճշմարտությունը բարձրաձայնելու, անարժեքությունն արհամարհելու առնական մարդկային որակներն ամբողջ կյանքում նրա ուղեկիցները եղան:

    Եթե մարդն իր ժամանակի ազնիվ, ես կասեի՝ աստվածահաճո քաղաքացին չէ, ապա այդպիսի մարդուն ոչ միայն բանաստեղծություն, այլև նույնիսկ ոտանավորներ գրելու իրավունքից էլ պետք է զրկել:

    Համամարդկային արժեքներին հավատարիմ քաղաքացիականությունը մշտապես եղել է Ապետնակ Գրիգորյանի առօրեական կյանքն իմաստավորող, նրա կեցությանն ուղղորդող անկողոպտելի բաղադրիչը: Նա իր ստեղծագործություններում հաճախակի անդրադարձավ հանրային կյանքն այլասերող, մեր ազգային գոյությանն ու դիմագծին սպառնացող հոռի իրողություններին:

    Անցյալ դարի 90-ականների դժնդակ տարիներին գոյատևող մեր ժողովրդի հուզաշխարհի ներքին պոռթկումներին ունկնդիր՝ Ապետնակ Գրիգորյանը քամահրանքով ու սարկազմով լի պատկերավոր բանաստեղծական խոսքի հեղեղումներով ստեղծեց քաղաքացիական պոեզիայի ուշագրավ նմուշներ՝ իր խառնվածքին բնորոշ կատաղի խռովքով փնովելով հասարակության մեջ նյութականով միայն իրենց արժևորել փորձող, հոգևորից զուրկ, ինքնաբավ մարդկանց սնամեջ գոյությունը («Կարմիր մերսեդես», «Պատեհապաշտներին»):

    Հատկանշականն այն է, որ խորհրդային իրավակարգից շուկայական հարաբերությունների անցման փուլում Ապետնակ Գրիգորյանի ներաշխարհը փոթորկած հենց այդպիսի՝ իրենց պետական այրեր հռչակած մարդկանց անբարո վարքագիծն ու ընչաքաղցությունն ի վերջո ձևավորեցին լղոզված արժեհամակարգերով այն տխուր իրականությունը, որի մեջ հայտնվեցինք ազգովի...

    Ի ծնե ամեն մի ճշմարիտ բանաստեղծի խառնվածք այս կամ այն չափով պարուրված է լինում դոնկիխոտությամբ. ասել է թե՝ իսկական բանաստեղծները մարդկային արժանապատվությունը, վեհանձնությունը, արդարամտությունը, ցնորական երազայինն ու վսեմն իրենց ներաշխարհում խիզախորեն կրելու և այդ արժեքներով մոլեռանդորեն ամբողջ կյանքում ապրելու ասպետական տոկունությամբ են օժտված լինում:

    Թե՛ իր գոյությանն ուղեկից դարձրած վերոհիշյալ առաքինություններով, թե՛ իր անուրջներով սնվելու կարողությամբ, թե՛ իր դավանած սկզբունքներից չշեղվելու համառությամբ և թե՛ իր արտաքին տեսքով Ապետնակ Գրիգորյանն այնքան է Սերվանտեսի կերտած խորհրդավոր կերպարին հիշեցնում, որ նրան, առանց վարանելու, կարելի է իրական կյանքում ապրող Դոն Կիխոտի մերօրյա կրկնօրինակ համարել:

    Եթե հաշվի առնվի նրա ծննդյան թվականը (1935), ապա ըստ մեզանում ընդունված ավանդույթի՝ նրան անցյալ դարի 50-ականների սերնդի ներկայացուցիչ պիտի համարել: Բայց Ապետնակ Գրիգորյանը մեր քաղաքում կարողացավ քայլել թե՛ 60-ականնեը, թե՛ 70-ականնեը ներկայացնող սերունդների հետ նաև ու, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա իր ներաշխարհը խարսխեց 70-ականները խորհրդանշող իմ սերնդակից ստեղծագործողների մտերմիկ միջավայրում: Եվ դա պայմանավորված էր երևի թե այն իրողությամբ, որ նա իրեն մեր ընկերական միջավայրում ավելի ընկալված զգաց:

    Բնավորությամբ լինելով մարդամոտ՝ նա, առանց խտրականության, հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ նստեց ու նրանց հետ խորհրդածեց, իրեն հատուկ զավեշտալի երանգավորումներով ճեպանկարված խոսքի համ ու հոտով նրանց հետ զրույցի բռնվեց, եթե պետք էր՝ լսեց, եթե պետք էր՝ վիճեց, իր որդեգրած արժեհամակարգի պաշտպանության համար հոգևորը քամահրող, տհաս ու նեղմիտ մարդկանց հետ երբեմն անգամ, բառիս բուն իմաստով, ձեռնամարտի մեջ մտավ, բայց կարողացավ, այդ ամենի հետ մեկտեղ, ողջ կյանքում ոգեղեն ոլորտներում ճախրող իր էության հետ ներանձնացած ապրել:

    Ապետնակ Գրիգորյանի ստեղծագործական աշխարհում կան խորապես ապրված քնարական գործեր («Ես ինձ տեսել եմ», «Վերհուշ», «Էլ չթովեք», «Հառաչանք», «Հուշանվագ»...): Նա պոեզիա բերեց իր էության հոգեկանչերով ու հորդաբուխ հուզաշխարհով շաղախված, ասելիքին համահունչ պատկերավոր մտածողության ինքնատիպ մի համակարգ, որի հախուռն գեղարվեստական դրսևորումները չես կարող որևէ մեկի ստեղծագործական աշխարհի մեջ գտնել:

    Առաջնորդվելով հիմնականում դասական պոեզիայի ավանդույթներով՝ անցյալի ոչ մի բանաստեղծի չնմանակելով, ոչ մեկից խոհ ու պատկեր չմուրալով, Ապետնակ Գրիգորյանն արարեց իր բանաստեղծական աշխարհը՝ ոչ մեկին չկրկնելով: Թե կրկնելու թուլությամբ ինքն էլ, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ վարակվեց, ապա կրկնեց ինքն իրեն միայն...

                                                 

     Տիգրան Գրիգորյան

                                                                                      21.04-05.05. 2017թ.

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48